USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՀՀԿ-ի այսօրն ու վաղը

ՀՀԿ-ի այսօրն ու վաղը
07.09.2018 | 12:10

Նվազագույնը տարօրինակ է, որ մամուլով, գուցե հասարակության որոշ մասն էլ ներառյալ, դրած զարմանում են, որ ՀՀԿ-ն չի ցանկանում խորհրդարանն ինքնալուծարվի: Ինչու՞ պիտի ցանկանա: Իվերջո` ԱԺ-ն իշխանության միակ օղակն է, որտեղ ՀՀԿ-ն դեռ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա: Ի՞նչն է արտառոց, որ կուսակցությունը, կորցնելով իր բազմամյա դաշնակիցներին, որ այսօր կառավարության հետ են, կառչում է վերջին իշխանությունը ժամանակի մեջ ձգելու շանսից: Եվս մի քանի տարի` մինչև գործող խորհրդարանի ժամկետի ավարտը` 2022-ը: Ինչու՞ ոչ: Նույնքան տրամաբանական է, որ այսօր կառավարության հետ դաշնակցած ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցություններում էլ կլինեն ԱԺ ինքնալուծարմանը դեմ պատգամավորներ` դա ինքնապահպանության ֆիզիկական ու քաղաքական բնազդն է, որ նրանց հուշում է` հիմա պատգամավոր եք, հետո պատգամավոր լինելու հավանականությունը ոչ ոք չի կարող երաշխավորել: Որքան էլ անտրամաբանական է թվում ՀՀԿ-ի պահվածքը խորհրդարանում` քննադատել կառավարության ներկայացրած օրինագծերն ու կողմ քվեարկել, դա նույնպես տրամաբանական է` պահը կգա ու նրանք կասեն` ի՞նչ հիմքով պիտի խորհրդարանը լուծարվի, նիստերը գումարվում են, օրինագծերը քննարկվում ու ընդունվում են, մենք չենք խոչընդոտում կառավարության բնականոն գործունեությանը: Արտահերթ ընտրություննե՞ր եք ուզում, թող վարչապետը հրաժարական տա:


Ինչո՞վ է վտանգավոր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հարցը երկու հարթության մեջ է` իրավական ու իրական: Իրավական հարթության մեջ ՀՀԿ-ն ունի ռևանշի հնարավորություն` Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, նրա հրաժարականն ընդունվում է, վարչապետի նոր թեկնածու է առաջադրվում ու ընտրվում` ձայների մեծամասնությամբ: Իրական հարթության մեջ դա անհնար է` մայիսի 1-ին Աժ-ն վարչապետ չընտրեց Նիկոլ Փաշինյանին, մայիսի 2-ին երկիրը կաթվածահար էր ու մայիսի 8-ին ԱԺ-ն ստիպված էր նրան վարչապետ ընտրել: ՀՀԿ-ի ամբողջ հույսը իրավիճակի վրա է` նրանք ապավինում են այն տարբերակին, որ 2019-ին ժողովուրդը ոտքի չի կանգնի իր հեղափոխության արդյունքները պաշտպանելու համար` հիասթափված Նիկոլ Փաշինյանի մեկամյա իշխանությունից ու իր կյանքում փոփոխություններ չարձանագրելով: Սխալ հաշվարկ է: Նիկոլ Փաշինյանի համար մեկ տարին մահացու չէ քաղաքականության մեջ, նրա ֆենոմենը բացատրվում է ոչ այնքան սեփական, պետության ու պետականության համար անհրաժեշտ քայլեր անելու կարողությամբ, որքան Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին իշխանազրկելով: Միանշանակ` ՀՀԿ-ն ապավինում է նաև արտաքին ներգործությանը` Մոսկվայի: Պատահական չէ, որ ռուս փորձագետները բացահայտ գրում են, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մեծամասնություն չունի, նրա իշխանությունը երերուն է, ապարատային իշխանափոխությունը միանգամայն հնարավոր է, եթե Նիկոլ Փաշինյանը զիջումների չգնա մեծամասնությանը: Կրեմլում փողոցն անվանում են ՙանկայուն տարերք՚, ամբոխ, խաժամուժ, որ քաղաքականություն է բերում անկայունություն ու ապակառուցողական է: Եվ նույնիսկ հարց են բարձրացնում` ու՞մ հետ պիտի Ռուսաստանը բանակցի Հայաստանում: Բնականաբար խաղարկում են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման խաղաքարտը` Ադրբեջանին կբերենք ՀԱՊԿ` իբրև դիտորդ, հետո` ԵԱՏՄ, տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխող որոշումներ կընդունենք, ի՞նչ եք անելու: Իրականում այս տարբերակները բլեֆ են` Բաքուն միայն մի դեպքում կհամաձայնի անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, եթե ստանա Լեռնային Ղարաբաղի հարցը իր սցենարով լուծելու երաշխիք: Իսկ դա միայն Ռուսաստանը չի վճռում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միանգամայն տրամաբանական ու բնական է ՀՀԿ-ի պահվածքը, բայց միայն այսօրվա մեջ: Այսօր նրանք փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը հնարավոր բոլոր տարբերակներով: Շատ ավելի խելամիտ կլիներ ԱԺ-ի ինքնալուծարմանը համաձայնելը` այդ դեպքում արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն կարող էր իր համար ապահովել խորհրդարանում ներկայացվածություն` միանգամայն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններում` առանց ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի: Գործող խորհրդարանի կյանքը երկարաձգելը նվազեցնում է այդ հնարավորությունը: ՀՀԿ-ն պիտի որոշի` իր այսօ՞րն է կարևոր, թե՞ վաղվա օրը: Եվ այդ հարցում նրան ոչ ոք չի օգնի, իսկ խանգարելու են բոլորը` սկսած Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան, մանր-մունր մուտիլովկաները չհաշված:

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao