Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են նորագույն պատմության շրջան

Արմեն Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են նորագույն պատմության շրջան
10.09.2018 | 22:23

Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խոր արմատներ ունի:

«Երկու երկրներն այսօր թևակոխում են նորագույն պատմության շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել եղբայրական և գործընկերային: Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու և իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն կա չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», - նշել է նախագահ Սարգսյանը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում: «Այս տարին խորհրդանշական է և Հայաստանի, և Վրաստանի համար, մեր երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաև սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին», - նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:


Նրա խոսքով, առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության լայն դաշտ և երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Նշվել է գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսության այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման կարևորությունը:
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ