Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երևանի 55-րդը

Երևանի 55-րդը
11.09.2018 | 00:07

12 օր հետո Երևանը կընտրի իր 55-րդ քաղաքապետին: Համարյա` հոբելյարի: Երեկ սկսվեց քարոզարշավը, որ տևելու է մինչև 21-ը: Ոմանք վաղուց էին սկսել` թե «Իմ քայլը», թե ԲՀԿ-ն, իսկ ԿԸՀ-ն լռում է: Տիգրան Մուկուչյանն անձնական ու քաղաքական առաքելություն ունի` այս ընտրություններում ոչ մեկին չխանգարել: Բացի ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից վստահության քննություն է հանձնում ԿԸՀ-ն, և ընտրությունների կազմակերպման ընթացքից ու հաջողությունից է կախված` կմնա՞ ԿԸՀ-ն նույն կազմով, թե՞ կփոխվի: Բազմիցս հրապարակավ անթույլատրելի է համարվել նոր Հայաստանում հին ԿԸՀ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը: ՈՒ հիմա ԿԸՀ-ն խոշորացույցի տակ է աշխատում: Եվ գերադասում է վերաբերմունք չարտահայտել:
Ցնցող էր Գագիկ Ծառուկյանի կազմակերպած «Կայուն և հարմարավետ քաղաքներ» միջազգային կոնֆերանսը, որի մասնակիցներից ոմանք կեսրոպեանոց ելույթներում երդվում էին համագործակցել նոր քաղաքապետի հետ ու իրենց փորձը փոխանցել, համբուրում էին նրա ձեռքն ու Գագիկ Ծառուկյանի այտը: Նրանց երևի ասել էին, որ ընտրություններն ավարտվել են, ու Երևանն առաջին անգամ կին քաղաքապետ ունի: Գագիկ Ծառուկյանը մտքի հերթական մարգարիտը նետեց առ այն, որ «Մարդ ինչքան կամեցող ա, Աստված իրան այդքան տալիս է: Մի մարդու պատճառով ամբողջ Երևանը չպետք է տուժի», որ թարգմանաբար նշանակում էր` Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետ չի ընտրվելու, ու Երևանը տուժելու է:


Հայկ Մարությանը շարունակեց զարմացնել. նա բացահայտեց իր ծրագրի առաջին կետը «Ազատության» ուղիղ եթերում` «բոլոր հանրային կարևորություն ունեցող որոշումները մենք պետք է տեղային հանրաքվեով իրականացնենք»: Նաև խոսեց «գծերի» վերացման մասին` ցանցից դուրս կբերվեն միկրոավտոբուսները և կփոխարինվեն ավտոբուսներով: Կգործեն ժամանակային տոմսեր՝ միասնական տրանսպորտի բոլոր միջոցների համար: Իր մասին համեստորեն ասաց. «Երևանցիները ընտրում են և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ինձ»: Երեկ «Իմ քայլի» քարոզարշավը սկսեց անձամբ վարչապետը, որ վարչական ռեսուրսի օգտագործում է` որ կողմից էլ նայես:


«Լույսի» քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Tert.am-ին ասաց, որ Երևանի խնդիրները պետք է լուծվեն արդարաբար և խելամտորեն, երևանցին պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման մեջ: Նրա ծրագրում Երևանի հայտնի խնդիրներին առաջարկվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ:
10-21-ին լսելու ենք բազում խոստումներ ու երդումներ` իրական ու անիրական, բոլորն ասելու են, որ սիրում են Երևանը ու երևանցիներին ու պատրաստ են ամեն ինչ անել հանուն Երևանի ու երևանցու: Իբրև միջին վիճակագրական ընտրող ու բնիկ երևանցի` ուզում եմ ստանալ 3 հարցի պատասխան.
1. Ի՞նչ կապ ունեն Երևանի հետ:
2. Ի՞նչ են հասկանում ավագանի ու քաղաքապետ ասելով:
3. Ինչու՞ ձայնս պիտի հենց իրենց տամ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ես երբեք շնորհակալության չեմ սպասել ու կարող եմ կանխատեսել, որ ավագանու հիմնական պայքարը «Իմ քայլի», «Լույսի» ու ԲՀԿ-ի միջև է լինելու, խնդիրը դասավորությունն է: Ի՞նչ կարծիքի եք, երևանցիներ:

Դիտվել է՝ 2397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ