USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը դեռ չի կայացել»

«Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը դեռ չի կայացել»
11.09.2018 | 00:11

Իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին ավելի շատ է խոսվում ու գրվում, քան երկրի տնտեսական զարգացման կամ ներքին այլ խնդիրների: Հասարակության մի մասը փորձում է «տեղը դնել» Ռուսաստանին, մյուսներն էլ խոսում են դաշնակցային հարաբերություններ խորացնելու մասին: Հետաքրքրիր իրավիճակ է կառավարությունում. խոսքով Նիկոլ Փաշինյանը հավանաբար ամենառուսամետ ղեկավարն է, քանի որ մշտապես հայտարարում է, թե հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի պետք է բարելավվեն ու էլ ավելի զարգանան, էլ ավելի դաշնակցային դառնան։ Սակայն մերձիշխանական քարոզչությունը լիովին այլ բան է ասում: Կայացավ Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը, կրկին խոսվեց հարաբերությունների զարգացման և կնճռոտ հարցերը լուծելու մասին: Հանդիպման և դրան առնչվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Մինչ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի հետ կնքվեցին մոտ մեկ տասնյակ պայմանագրեր, մինչդեռ մեր դեպքում բավարարվեցին ներքին խնդիրների մասին խոսքուզրույցով ու հարաբերությունների հստակեցմամբ: Սա նորմա՞լ է:
-Փաշինյանը հայտարարեց, որ սա ընդամենն աշխատանքային այց էր, երբ լինի պաշտոնական հանդիպում, կլինի փաստաթղթերի ստորագրում: Պետք է հստակ դիտարկել իրավիճակը. Ալիևը շարունակական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ և շահագրգիռ է, որ այդ հարաբերությունները զարգանան, թեև արտաքուստ ցույց է տալիս, թե սեփական քաղաքականությունն է վարում: Այնինչ դա այդպես չէ, որովհետև թուրք-ադրբեջանական ալյանսը լիովին արտահայտվում է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունում: Մեր առումով պետք է փաստել, որ ունենք երկարաժամկետ պայմանագրեր, և գլխավոր հարցն այն է, որ դրանք չխզվեն և ավելի արդյունավետ աշխատեն: Ողջ հարցն այլ տեղ է: Երկու երկրների ղեկավարների միջև առաջացել էր, ինչպես Լավրովն ասաց, պայմանավորվածությունների խաթարում: Եվ ամենակարևորը՝ Խաչատուրովի խնդիրը: Այլ հարց է, թե նա ինչ է արել կամ ինչի համար է մեղադրվում, նա ՀԱՊԿ-ի՝ միջազգային կազմակերպության քարտուղարն է և գործ ունենք այդ կազմակերպության հեղինակության հետ: Մոսկվան սպասում էր, որ նրան հետ կկանչեն, նրա փոխարեն մեկ ուրիշին կուղարկեն, հետո թե իրենց քաղաքացի Խաչատուրովին ինչ կանեն, դա արդեն որևէ մեկին չէր հետաքրքրում: Սակայն վարվեցին շատ կոպիտ, ինչը սկզբում համարվեց անփորձության հետևանք, բայց հետո պարզվեց, որ դրանում դիտավորություն կա: Եթե չեմ սխալվում, վարչապետի օգնականը հենց դրա համար էլ աշխատանքից ազատվեց: Հիմա շատ տարօրինակ վիճակում ենք: Մի մարդ, որն այստեղ հետաքննության մեջ է, որին լուրջ մեղադրանքներ են ներկայացրել, շարունակում է պաշտոնավարել միջազգային կառույցում՝ որպես գլխավոր քարտուղար: Սա նոնսենս է: Հաջորդ նկատառումը. մի բան է, երբ դուք խոսքերով, հայտարարություններով եք ինչ-որ բան վստահեցնում, այլ բան, թե ինչ եք անում, առավել ևս քաղաքականության մեջ: Ժողովուրդն ականջներով է լսում, իսկ քաղաքական գործիչը դատողություններով վերլուծում է: Երբ ասում եք, թե մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դա պետք է արտահայտվի նաև գործողություններով, բայց, օրինակ, երբ կեսգիշերին շատ կոպիտ ձևով գնում եք Հարավկովկասյան երկաթգծի գրասենյակ ինչ-որ ստուգումների, դա էլ է անհասկանալի: Այնտեղ հո կրիմինալը չէ՞ր նստած, որ հանկարծակի կեսգիշերին պետք է բռնեիք: Այդ ամենն արեք ճիշտ ընթացակարգով ու հարգալից: Նույնը նաև Գազպրոմին է առնչվում:
-Ի դեպ, այս հանդիպմանն ամենաշատը կարևորվեց հենց գազի գնի հարցը։ Հնարավո՞ր են որոշակի փոփոխություններ այս առումով:
-Շատերն ասում են, թե դա ռուսական ընկերություն է, և նրանք հատուկ են նման բարձր գին սահմանել: Բոլորն աշխատում են ՀՀ-ի տարածքում, մեր օրենսդրության համապատասխան և պարտավոր են կատարել մեր օրենքների պահանջները: Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը գազ է վաճառում սահմանի վրա 150 դոլարով, սպառողներին հասնում է 350-380 դոլարով: Ինչու՞ չեն գնում ուսումնասիրեն, թե այդ որտե՞ղ, ո՞ր օղակում է այդ 200 դոլարն ավելանում և ինչի հաշվին: Ո՞վ է ձեզ խանգարում այդ հարցը պարզաբանել: Գազպրո՞մը: Համոզված եմ՝ ոչ: Եթե այդպես լինի, ինչու՞ էր Գազպրոմը մեզ գազը 150 դոլարով վաճառում: Նշանակում է, որ այն, ինչ կատարվում է այդ գնի հետ, անում են այստեղի ղեկավարները, որոնց պետք է բացահայտել:
-Ասել է՝ բացառվա՞ծ է, որ Ռուսաստանից միջամտություն լինի գնի նման բարձր սահմանման հետ: Ի վերջո, դա ռուսական ընկերություն է:
-Ոչ: Ի՞նչ կապ ունի, որ ռուսական ընկերություն է, այն աշխատում է Հայաստանի օրենսդրության շրջանակում: Մեր հարկային տեսչությունը բոլոր իրավասություններն ունի ստուգելու նրանց աշխատանքը, քննչական մարմինն իրավունք ունի մտնելու այդ կազմակերպություն, եթե որոշակի կասկածներ ունի: Ի վերջո, աուդիտ կազմակերպեք: Եթե ձեզ պարոն Միլլերը խանգարի, այ, դրա մասին կարող եք բարձրաձայնել Վլադիմիր Պուտինի մոտ: Արեք այդ գործողությունները, որպեսզի ժողովրդի մեջ էլ ավելորդ կասկածամտություն չառաջանա, թե ռուսները մեր դեմ նման բաներ են անում: Կարծում եմ, իսկապես կա մեծ ռեսուրս, որի հաշվին կարելի է գազի գինն իջեցնել, ինչի շնորհիվ հանրապետությունում իրավիճակը զգալիորեն կփոխվի՝ և մարդկանց բարեկեցության, և տնտեսության մեջ: Նույնը կարող է լինել էներգիայի, վառելիքի գների հետ: Մեր ներքին հարցերը եթե կարողանանք պարզաբանել, որևէ մեկին մեղադրելու կարիք չի լինի, հարաբերություններում էլ` ավելորդ լարվածություն: Անհրաժեշտ է, որ քո դաշնակից երկրի հետ հարաբերությունները լինեն փոխվստահելի, չպետք է լինի այն պահը, որ անընդհատ գնաս, բացատրես, թե ինչու ես այս բանն այսպես արել կամ այսինչ հայտարարությունն արել: Սա վատ կամ թույլ քաղաքականություն է:
-Արդեն երեք հանդիպում է եղել ՌԴ ղեկավարի հետ: Ձեր տպավորությամբ ինչպիսի՞ն է պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ: Հիշենք նաև այս ընթացքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, թե Հայաստանը դեռ եռում է, իսկ իրենց կայուն երկիր է պետք, դրան գումարած որոշ ռուս վերլուծաբանների և քաղաքական գործիչների, մեղմ ասած, ոչ բարյացակամ հայտարարությունները:
-Շատ կտրուկ փոփոխություններ են կատարվել Հայաստանում, սա հանկարծակիի է բերել արտաքին աշխարհը: Նրանք հիմա նայում են ոչ թե ինչ է ասում մեր իշխանությունը, այլ ինչ է անում: Եվ դա ճիշտ է, ասելը մի բան է, անելը՝ լիովին այլ: Այդ սպասողական վիճակը բավական երկար է ձգվելու: Բացարձակ անծանոթ մարդիկ են իշխանության եկել, անփորձ են քաղաքականությունում, առավել ևս, արտաքին քաղաքականությունում: Կամաց-կամաց այս ամենը պետք է իր տեղը զիջի հավասարակշիռ քաղաքականությանը, հակառակ պարագայում վտանգները շատ մեծ են: «Արարատի» մարզչին այն ժամանակ բոլորը սովորեցնում էին, թե ինչպես պետք է խաղը կազմակերպել, այսինքն բոլորը ֆուտբոլի մասնագետներ էին: Հիմա քաղաքականության մասնագետներ են և ամեն ինչում փորձում են իրենց ծանրակշիռ խոսքն ասել՝ առանց հասկանալու, թե դրա խորքում ինչ կա: Սրա հետևանքով ստացվել է մի յուրօրինակ իրավիճակ, երբ հասարակության մեջ համերաշխություն, հանդուրժողականություն առաջանալու փոխարեն առաջացել են ծայրահեղ մոտեցումներ, երբ մեկը մյուսի կարծիքը չի հանդուրժում: Առողջ հասարակությունում շատ կարևոր է երկխոսությունը: Երբ մեկը հայտարարում է, թե այսօրվա իշխանության այս կամ այն քայլը սխալ է, պետք է ուղղել, նա ընկալվում է որպես հակահեղափոխական: Սա հիմարություն է: Հակառակը, պետք է գնահատել այդպիսի կարծիքը, եթե դա չարակամությամբ չի ասված և, այսպես ասած, առողջ հուշարարություն է: Ինչու՞ են ռուսները կարևորում կայունությունը, որովհետև եթե այսօրվա իրողություններից մի փոքր վեր բարձրանանք և դիտարկենք տարածաշրջանի գլոբալ խնդիրները, կհասկանանք, որ Հայաստանի նման պետությունն ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն։ Դժվա՞ր է հասկանալ, որ մենք կարևոր նշանակություն ունենք մեր բարեկամ և դաշնակից երկրների համար, դժվա՞ր է մեր ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Մենք չպետք է «մուննաթ գանք» այլ երկրների վրա (մուննաթ գալը դարձել է ազգային բնավորություն)։ Ելնելով մեր իրական կարևորությունից, հստակ պետք է ձևավորենք մեր քաղաքականությունը և չխախտենք պայմանավորվածությունները։ Անընդհատ ասել եմ ու նորից կրկնեմ` մեր հարևան երկու երկրները` Ադրբեջանն ու Թուրքիան, մշտական աշխատանքներ են տանում ամբողջական պետական համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Հիմա եռացող կաթսան Նախիջևանն է։ Այն ամենը, ինչ նրանք Նախիջևանում անում են, շատ վտանգավոր է։
-Նկատի ունեք թուրքական ռազմական հենակետի ստեղծու՞մը։
-Ոչ միայն։ Ի դեպ, վերջերս թուրք պաշտոնյաներից մեկը հետաքրքիր հայտարարություն էր արել, թե ինչի համար են հենակետ ստեղծում, երբ Ադրբեջանն այնտեղ ունի ամեն ինչ, իրենք էլ անհրաժեշտության դեպքում կօգնեն ամեն ինչով։ Այնտեղ ոչ թե հենակետ կա, այլ մի մեծ ու ընդհանուր զորամիավորում, Թուրքիան անեքսիայի է ենթարկում այդ տարածքը։ Սրան գումարած գրեթե ամեն օր Թուրքիան ստուգում է մեր զգոնությունը։ Անընդհատ տարօրինակ ձևով աֆղանցի, պակիստանցի, բանգլադեշցի են փորձում անցնել մեր սահմանը։ Այդ ինչպե՞ս է, որ նրանց կողմից սահմանը հեշտությամբ անցնում են ու հասնում մեր սահմանին։ Այդ ինչու՞ նրանք այդ սահմանախախտներին չեն ձերբակալում, ուրեմն միտում կա, չէ՞։ Կամ ինչու՞ է Նախիջևանում այդքան հարձակողական զենք կուտակված, ու՞մ դեմ է կիրառվելու։ Կարո՞ղ է Իրանի։ Իհարկե, ոչ, պարզ է, որ դա ուղղված է Հայաստանի դեմ։ Տեսնելով, որ այս խնդրին գերատեսչությունները ոչ մի ուշադրություն չեն դարձնում, մեր կուսակցության ու մի շարք այլ կառույցների հետ հոկտեմբերի 19-ին Երևանում նախաձեռնել ենք միջազգային կոնֆերանս` նվիրված Նախիջևանի իրավիճակին։ Եթե Հայաստանում իրավիճակն անկայուն լինի, թուրքերը կօգտվեն այդ իրավիճակից։ Սա է պատճառը, որ պետական քաղաքականությունը շատ հիմնավոր պետք է լինի, որպեսզի հետդարձի ճանապարհը փակվի։
-Փաստորեն, նախկին իշխանությունները քաղաքականություն թելադրելու հնարավորություն այլևս չպե՞տք է ունենան։
-Մեր կուսակցությունը որևէ կերպ չի համակերպվի նախորդ նախագահների քաղաքական «վերակենդանացմանը»։ Երեք նախագահների դարաշրջանն ավարտվել է։ Եթե անգամ այս իշխանությունը չկարողանա իրականացնել այն, ինչ ուզում է հասարակությունը, դա չի նշանակում, որ այդ երեքից մեկը պետք է վերադառնա քաղաքականություն, որովհետև նրանք տապալել են Հայաստանի քաղաքականությունն ամբողջությամբ։ Համամիտ եմ Փաշինյանի այն տեսակետին, որ նրանք չունեն ժողովրդի շրջանում քաղաքական հենարան։
-Սակայն այս իշխանությունն էլ կարծես հին խնդիրներից չի կարողանում ազատվել։
-Այս իշխանության կադրերն ինձ մտահոգում են այն առումով, որ շատ ամփոփ են աշխատում։ Ասում էին, որ մենք ժողովրդի հետ ենք աշխատելու, բայց օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ձայնը լսե՞ց։ Եթե ուզում են ժողովրդի ձայնը լսել, պետք է ականջալուր լինեն ամեն օր այս կամ այն խնդրից բողոքող քաղաքացիների խնդիրներին, որոնք կա՛մ ճանապարհ են փակում, կա՛մ կառավարության շենքի դիմաց ակցիա անում։ Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը դեռ չի կայացել։ Եթե տնտեսությունում նույն հեղափոխական փոփոխությունը չեղավ, այս իշխանության ողջ քաղաքականությունը տապալվելու է։ Կարևոր ուղղություն է նաև ներդրումային քաղաքականության ճիշտ մշակումը։ Ներդրողը չգիտի, թե որտեղ պետք է ներդրում անի։
-Այսինքն, պետք է գույքագրու՞մ անել ու տեսնել` երկրում ինչ է մնացել, քանի գործարան ու արտադրամաս է փոշիացել։
-Այո, տարիներ շարունակ խոսել ենք գույքագրման անհրաժեշտության մասին։ Հրանտ Բագրատյանը ճիշտ է ասում, որ ոչ մի կոռուպցիոն գործարք չի բացահայտվել։ Այն, ինչ հիմա անում են, անօրինական հարստության մի փոքր մասը հետ բերելն է։ Որպեսզի կոռուպցիոն որևէ լուրջ գործ բացահայտեն, պետք է պետական պարտքը աուդիտ անեն։ Այս մասին ասել եմ և՛ ՊԵԿ-ի ղեկավարին, և՛ ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանին, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եթե ուզում են մսխված գումարները վերադարձնել, պետք է վարկային քաղաքականության ողջ արատավոր սխեման բացահայտեն և հասարակությանը ներկայացնեն։ Ի դեպ, այս մասին նամակով գրել ենք վարչապետին դեռ կառավարման առաջին ամսում։
-Որևէ պատասխան ստացե՞լ եք կառավարությունից։
-Ոչ մի։
-Այս իշխանության կառավարման ամիսներին ղարաբաղյան բանակցությունները կարծես դադարեցվել են։ Սա որոշ վերլուծաբաններ մտահոգիչ են համարում, իսկ Դու՞ք։
-Չէին կարող չդադարեցվել, քանի որ փակուղում էին վաղուց։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության մեղքը չէ։ Փակուղում են շատ պարզ պատճառով. Ադրբեջանը հասկացավ, որ ղարաբաղյան ճակատից առավել կարևոր է Նախիջևանը։ Պարզ էր նաև, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող գնալ նրանց ցանկացած զիջումներին։ Այս պարագայում նրանք սպասում են ֆորս մաժորների, որպեսզի որևէ սադրանք իրականացնեն Ղարաբաղում և Նախիջևանում բացեն երկրորդ ճակատը։ Չեմ բացառում, որ անգամ թողնեն մերոնց մի 30-40 կմ իրենց տարածք մտնել, որ ասեն, թե հայերն էլի ագրեսիայով են զբաղված։
-Այս իշխանությունն ունի՞ որոշակի տեսլական այս խնդրի առնչությամբ։
-Եթե անգամ կա էլ, գաղտնի են պահում։ Երբ Լավրովը խոսում է կայունության մասին, նախ և առաջ այս խնդիրները նկատի ունի։ Իր կարգախոսով ասեմ` «քայլ արա, հսկիր Նիկոլին»։ Հիմա նրան պետք է ճիշտ ուղղության վրա դնել, որ սխալներ չարվեն։ Նրա օգտին ենք ասում։ Մինչդեռ այսօր կառավարությունը փակ քաղաքականություն է վարում, բոլորն են խոսում, որ նախարարները «փակվել» են ու ոչ մեկի ասածը չեն ընդունում, մտածելով, թե իրենք ամեն ինչ գիտեն։ Կոնկրետ մի դեպք. առողջապահության նախարարին ասացինք, որ նրան բան ունենք ներկայացնելու, աշխատակազմի ղեկավարը փոխանցեց, թե դուք ձեր տեղեկությունը փոխանցեք, հետո կմտածենք` ձեզ հետ հանդիպե՞լ, թե՞ ոչ։ Եթե իրենց նման պատասխան տային ժամանակին, ի՞նչ կասեին մեզ։


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao