Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ազատեկում կյանքը դժվար ա, բայց չեմ հուսահատվում, գիշեր չի եղել, որ չլուսանա»

«Ազատեկում կյանքը դժվար ա, բայց չեմ հուսահատվում, գիշեր չի եղել, որ չլուսանա»
11.09.2018 | 09:55

Վայք քաղաքից շուրջ 7 կմ ոլորաններով ձգվող ճանապարհը տանում է վեր ու վեր, ու թվում է, թե այն վերջ չունի: Այդ ճանապարհը տանում է քաղաքաբնակի համար աշխարհից կտրված մի բնակավայր՝ Ազատեկ: Տեսնես ի՞նչ են մտածել, որ այս սարերի մեջ տան հիմք են գցել: Լավ է, որ քիչ հեռու Փոռ գյուղն է, հարևաններ են, նեղ պահին մեկմեկու կհասնեն:
Վերջապես երևում է Ազատեկ համայնքը՝ Վայոց ձորի ամենափոքր համայնքներից մեկը: Շուրջ 65 քմ տարածքով համայնքում ապրում է 550-560 մարդ: Բնակչության թիվը տարեց տարի նվազում է: Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների կառավարության հայեցակարգի համաձայն Արին, Զեդեա և Փոռ համայնքների հետ Ազատեկը միացել է Վայքին: Համայնքային կենտրոնը Վայքն է՝ մոտ 7200 բնակչությամբ և 14300 հա տարածքով: Ազատեկն արտագաղթողների գյուղ է, իսկ սակավաթիվ բնակչություն ունեցող գյուղերում ամեն մի ընտանիքի բացակայությունն էլ նկատելի է:
Ազատեկ համայնքի փողոցների տեսքը գյուղ բերող բարեկարգ ոլորանների համեմատ, խղճուկ է, անբարեկարգ, ինչպես բազմաթիվ համայնքներում: Փողոցում հատուկենտ մարդկանց հարցուփորձ անելով փորձեցի հանդիպել համայնքապետին, սակայն նա բացակայում էր գյուղից: Առհասարակ, մարդիկ չխոսկան էին, սիրտ էլ չունեին խոսելու: «Պարտքով հաց առնողը խոսալու սիրտ կունենա՞: Մի լավ փոփոխության ենք սպասում, էն էլ ուշանում ա»,- ասաց ինձ հանդիպած մի տարեց կին:

ԱԶԱՏԵԿՈՒՄ ԼԱՎԱՏԵՍ ՄԱՐԴԻԿ ԷԼ ԿԱՆ

Գյուղում կյանքից գոհ մարդ էլ կա, նայած թե ինչ աչքով ես նայում իրականությանը, հոգով լավատե՞ս ես, թե՞ հոռետես:
Ժանետա Ներսիսյանի ամենամեծ ուրախությունը թոռներն են, երբ նրանց դեմքին ժպիտ է տեսնում, երբ օջախի ջերմությունից տունը լիությամբ է լցվում, ու երբ զբաղված է աշխատանքով: «Մարդն առանց աշխատանքի ինչի՞ է պետք: Էս մեկը չեղավ, մի ուրիշ աշխատանքով զբաղվիր, էն էլ չեղավ, մի գործ գտիր: Քաղաքի նման չի, որ գործից գաս ու պառկես դիվանին: Հողամասն ինձ ա սպասում, ու՞ր պառկեմ: Ճիշտ ա, թվում ա, թե աշխարհից կտրված գյուղ ա, բայց օդն ու ջուրը աշխարհի ոչ մի տեղի հետ չեմ փոխի: Էստեղ ծնվել ու ապրում եմ մինչ էսօր: Ընտանիք կազմեցի, տուն-տեղ դրեցի: Ջահել ժամանակ թղթակցել եմ Ջերմուկի թերթին, հետո զբաղվեցի հողագործությամբ: Ապրի Օքսֆամը, իր աջակցությամբ համայնքում կոոպերատիվ ու ջերմոցային տնտեսություն ստեղծվեց»,- ասում է Ժանետան:


Առաջին տարին արդյունքները գոհացնող էին, աճեցրին 4 տոննա 200 կգ լոլիկ: Կոոպերատիվի 3 կանանց հետ Ժանետան մասնակցեց Երևանում գյուղնախարարության և գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած ցուցահանդեսին և գյուղմթերքի արտադրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար մյուս կանանց հետ արժանացավ «Գյուղմթերքի կին հերոս» կոչման ու պատվոգրի: Ոգևորությունը մեծ էր, սակայն հարկադրաբար դադարեցված գործունեությունն ընկճեց, թեև չկոտրեց Ժանետային: Ծանր ձյան պատճառով կոոպերատիվի շենքի տանիքը փլուզվեց և առայսօր նույն վիճակում է, վերականգնման համար գումար է պետք: Սակայն Ժանետան չի հուսահատվում, գարնանը կգնա խոշորացված համայնքների կենտրոն դարձած Վայքի համայնքապետարան, տարածք կխնդրի ու նորից կսկսի, որովհետև «հողն անտեր չեն թողնի»:


Ժանետայի երկու որդիներն աշխատում են Ռուսաստանում, ապրում է ավագ որդու ընտանիքի հետ, նյութապես չեն նեղվում, սակայն Ժանետան ցանկանում է, որ համագյուղացիները նույնպես լավ ապրեն: «Ես ուզում եմ մեկի փոխարեն երկու ջերմոց ունենանք, պահածոյի, թխվածքի արտադրամաս ունենանք: Մեր հարսներն ու աղջիկները շատ շնորհքով են, ձեռքներից ամեն ինչ էլ գալիս ա, կթխեն, կստեղծեն, կտանենք Վայքում կվաճառենք, ի՞նչ վատ կլինի»:
Մանկուց ծնողներին օգնել է հողագործության մեջ, մանր-մունր գործեր է արել, տեսել է հայրը ինչպես է մշակում ու խնամում հողն ու բերքը, բնությունն էլ առատորեն վարձահատույց է եղել: Պարարտանյութերին շատ չի վստահում, հողը գոմաղբով է պարարտացնում, համոզված լինելով, որ դրանից բերքն ավելի լավ է աճում և հետո մաքուր է, մեջը քիմիա չկա: Նախընտրում է իր հողամասի անարատ մթերքը, քան Վայքից թանկուկրակ գնած բանջարեղենն ու միրգը:


Կենսուրախ ու ժրաջան Ժանետայի տանը իր ու հարևանի ասող-խոսող հարսն ու աղջիկներն էին, դժգոհեցին, որ անգործ են, թեև հողամասում գործ ինչքան ասես կա, աշխատողի համար ձմռանն էլ գործ կգտնվի: Գյուղում աշխատատեղ չկա, Վայք իջնելը պատիժ է, ավտոբուս չի գործում, թե համագյուղացին սեփական մեքենայով Վայք իջավ, կխնդրեն, հետը կգնան, թե չէ օրերով ու շաբաթներով գյուղից դուրս չեն գալիս: Ջահելները կգերադասեին չրեղեն պատրաստել վաճառքի համար, սակայն ու՞ր և ինչո՞վ տանեն:
Հարցրի` ձմռանը, Նոր տարուն ինչպե՞ս են պատրաստվում, գուցե շա՞տ են նեղվում: Տիկին Ժանետան ջահելներից առաջ ընկավ, թե` մենք ամեն ինչով պատրաստվում ենք, տեղը տեղին Նոր տարի ենք անում, բա ամբողջ տարին հողի վրա ինչու՞ ենք տանջվում, մի ուրախություն է, էն է՞լ չանենք:


Հասկացա, որ այս մարդկանց ոչինչ չի հաղթի` ո՛չ ձմռան ցուրտը, ո՛չ փլուզված կոոպերատիվի անհուսալի վիճակը, ո՛չ էլ գյուղի անմխիթար տեսքը:
«Երբեք չեմ հուսահատվել, գիշեր չի եղել, որ չլուսանա, փնթփնթալ չեմ սիրում, որ դժգոհեցի, ո՞վ իր լավը կբերի կտա ինձ, կաշխատենք, կստեղծենք ու կշենացնենք գյուղը: Մեր բերքը ուտողը պիտի օրհնի մեզ, բա ո՞նց, ամեն հողի բերք չի, որ մաքուր ա»,- հրաժեշտ տալով ասաց տիկին Ժանետան:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ