Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես խեղդվեցի այս կեղտոտ քաղաքում, ուր չկա փրկություն»

«Ես խեղդվեցի այս կեղտոտ քաղաքում, ուր չկա փրկություն»
11.09.2018 | 09:56

Պատկառելի տարիքով կինը հուշիկ քայլերով անցնում է բակամերձ փոքրիկ խաղահրապարակով՝ ձեռքին աղբի տոպրակ: Տեղավորում է աչքից հեռու մի անկյունում ու հեռանում: Երևի նա, չնայած պատկառելի տարիքին, չգիտի, որ երկու մետր ավելի քայլելը և՛ օգտակար է առողջությանը, և՛ աղբը համապատասխան վայրում կհայտնվի, և՛ խաղահրապարակն ու շենքերը բաժանող փոքրիկ այգին չի վերածվի աղբակույտի: Օրը ցերեկով այստեղ շրջում են մարդիկ և առնետները: Երեկոյան ժամերին փակ պատուհանիցս այն կողմ լսվում է խաղով տարված երեխաների ձայնը:

Նայում ես՝ նստարանների շուրջբոլորը ծխախոտի անհաշիվ մնացուկներ են, քիչ այն կողմ՝ աջ ու ձախ՝ փոքր աղբամաններ, որտեղ կարող էր լինել ծխախոտի մնացուկը:
Եվ այն, ինչի մասին պատմում եմ, այնքան տարածված է մեզանում, որ կարիք չկա նշելու օրն ու տեղը:
Վերջին տարիներին քաղաքը մաքուր պահելու կոչերի, ակցիաների պակաս չունենք: Դժվար է ասել արդյունքի մասին, բայց մեզանում քիչ չեն նաև նրանք, ովքեր առանց այդ կոչերի էլ ոչ մի դեպքում իրենց շրջապատը չեն աղտոտի, ավելին, չեն զլանում ուրիշի թափածը հավաքել, վկան՝ տարատեսակ շաբաթօրյակները, վկան՝ թավշյա հեղափոխությունից հետո քաղաքը մաքրող ակտիվիստական շարժումը և այլն: Չգիտեմ էլ՝ տեղի՞ն է այս դեպքում քաղաքը բաժանել սևերի ու սպիտակների: Այսօր արդեն քաղաքում, ուր ապրում են «սևերը» (աղբը թափողներ) ու «սպիտակները» (քաղաքի մաքրությունը պահպանողները), աղբը ամենուր է: Կենցաղային աղբի կուտակումները խելքից դուրս են: Այս մասին խոսում է Երևանը: Խոսում է ֆեսյբուքահայությունը: «Խոսում» են աղբամանները: Խոսում են նաև համապատասխան այրերը: Պաշտոնական լրահոսը հայտնում է՝ «Սանիթեքը» տուգանվել է 12 միլիոն դրամով, ծառայությունները պատշաճ մակարդակով չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:


Քաղաքապետարանը պահանջում է, «Սանիթեքը»` արդարանում, բայց դրանից քաղաքն ավելի մաքուր չի դառնում:
Կար ժամանակ, երբ խոսվում էր աղբի տեսակավորման, վերամշակման, աղբից «փող դուրս բերելու» մասին: Աղբատար խողովակներից ազատում էին բարձրահարկ շենքերը, «Սանիթեքի» կապտականաչ մեքենաներն էլ աչք էին շոյում, քնից էին արթնացնում` աղբը անժամանակ «տնից հանելով»: Մնում էր լուծել բարեփոխումների արդյունքում առաջացած չարափոխումների հարցը: Զօրօրինակ, որտեղ պետք է տեղակայվեն աղբարկղերը, ինչպես պետք է աղբը տանել, որ կեղտաջուրն ու գարշահոտը ճանճերին հաճույք, քաղաքացիներին տհաճություն չպատճառեն: Ճանճերի մասին: Այն, ինչ հիմա կատարվում է մեր քաղաքում, հաճելի է միայն կրծողներին, միջատներին, թռչուններին և թափառող կենդանիներին: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, զգուշացնելով, որ վերջիններս կարող են տարբեր հիվանդությունների տարածողներ դառնալ: Կրծողները կարող են տուլյարեմիայի տարածողներ լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, մոծակները՝ լեյշմանիոզի, թափառող կենդանիները՝ կատաղության: Բացի այդ, աղբի կուտակումները կարող են ինքնայրվել՝ հանգեցնելով մթնոլորտ շմոլ գազի արտանետման:
«Սանիթեքի» ֆեյսբուքյան էջում մի փոքր շրջայց կատարեցի: Գրեթե բոլոր գրառումներին հաջորդում էին քաղաքացիների տարատեսակ դժգոհությունները: 2017-ի հոկտեմբերից այս կողմ գրառումները դադարում են: Չկա գրառում, չկան մեկնաբանություններ (դժգոհություններ):


Իսկ դժգոհությունն, այսօր արդեն «Ֆեյսբուքից» այն կողմ է: Սոցցանցերում ստեղծված նոր նախաձեռնության անդամները զգուշացնում են՝ աղբը տանելու և լցնելու են «Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև:
Մտածում եմ՝ նախադեպ արդեն ունեցել ենք՝ մեկ բաժակ կոյուղաջուր Երևանի քաղաքապետին:
«Ես խեղդվեցի այս կեղտոտ քաղաքում, և չկա փրկություն»,- երգում է Հախվերդյանը:
Աղբով լցված քաղաքում դժվար է տեսնել նոր Հայաստանի փրկությունը, մութն ու լույսը, սևն ու սպիտակը:
Ինչ-որ ժամանակ քաղաքային աղբարկղերը բարիկադների դեր էին կատարում, փողոցներ էին փակում: Հիմա պաշտպանության կարիք ունեն աղբամանները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ