Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

N 31-ի ազդականչերը

N 31-ի ազդականչերը
11.09.2018 | 10:06

(Նախորդ մասը)

Մայր Վոլգայի ափը մեր երանությունն էր։ Բայց Կուկուշկինը, միևնույն է, օրվա կեսին անսպասելի անհետանում էր «մի րոպեով»։ «Մի զանգեմ գունդ, տեսնեմ ինչ կա, ինչ չկա»,- սա էր նրա արդարացումը։ Վերադառնում էր կարևոր նորություններով։ Քիթը նման էր անձյուն բակում լքված ձնեմարդու գազարաքթին, փողկապն էլ անպատճառ գունազարդված էր։ Հասկանալի է, օղին խորտակելով և ճարպը համտեսելով շուրթերը սրբել էր համազգեստային փողկապով։ Մեր առաջին շաբաթօրյակի վերջին օրը Վոլգայի ափին հիշարժան էր։ Օրվա վերջում, երբ քեֆը լավ Կուկուշկինը վերադարձավ «դեպքի վայր», նրան դիմավորեցինք աննկարագրելի զվարթ բառաչով։ Վաշտը լուլ հարբած էր, բացի Պետերիսից, ուզբեկներից և թուրքմեններից, որոնք միայն «յաբլոչնի» գինու հոտից ապուշ էին կտրում։ 27 շիշ գինին և հալած պանրիկի մնացորդը կանոնավոր միացված էին մերձափնյա աղբյուրին։ Գինու փողը հայթայթեցինք հանգանակությամբ։ Նախորդ օրը զինվորական նպաստ էինք ստացել` 3 ռ. 80 կ.։ ՈՒ չէինք հասցրել լրիվ մսխել այն։ Ակնթարթորեն «օյաղացած» Կուկուշկինը, ուզբեկները, թուրքմենները և Պետերիսը ստիպված էին մեզ անուն առ անուն բեռնել մեքենան, ընդ որում, բեռնում էին այբբենական կարգով։ Առաջինը ես էի։ Աննման տեսարան էր գնդում։ Կապչյոննին մեզ տեսնելով ճերմակեց, ճերմակեց ու նմանվեց ծովափից նոր վերադարձած սիբիրցի հանքափորի։ Առաջին անգամ նա քթի տակ հայհոյեց... ադրբեջաներեն։ Այս օրգիան, իհարկե, մնաց անպատիժ։ Դե, ինչ պատիժ տալ վաշտի պարծանքը հանդիսացող 30 դանդալոշին։ Առավել ևս, որ այդ օրը շարքայիններ Վասյան, Ֆեդյան և Սպիրիդոնը չհայտնաբերվեցին։ Նրանց հայտնաբերեց միլիցիայի պարեկը։ Թե ուր էին անհետացել, դժվար չէր կռահել։ Սակայն անգթորեն փչում էին, իբր թե փորձել են գետից ձուկ բռնել, ուխա (ձկնապուր) պատրաստել և հյուրասիրել աշխատանքից հոգնած հարազատ ընկերներին։ Եվ հոգնածությունից հուզվել ու անսպասելի քուն էին մտել գետափնյա սրճարանի խոհանոցում։

«ԼԱՎ Է ԼԻՐԲ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱՍ, ՔԱՆ ԵՖՐԵՅՏՈՐ ՏՂԱ»


Հերթագրության ցուցակից աջ պատի թերթն էր։ Այստեղ իրականացավ իմ առաջին լրագրողական նախավարժանքը։ Կարպենկոն թերթը բաժանել էր երկու հավասար մասի։ Աջում նշվում էին շաբաթվա ընթացքում աչքի ընկած կարգապահ զինվորները։ Որպես թղթակիցներ ընտրեցին էստոնացի Մյագիին և ինձ։ Ազգային փոքրամասնությունը, այս հարցում, վճռական նախապայման էր։ Օգտագործվում էր նաև մեր հուշելու հմտությունը։ Մյագին գաղափարական ճակատում լուրջ օգնություն էր ցույց տալիս Միջին Ասիային։ Ես, հիշում եք, լատիշ Պետերիսին։ Մյագին, հասկանալի է, էստոնացի բոլշևիկի թոռ էր, վարժ խոսում էր ռուսերեն, ոչ պակաս վարժ էր հուշելիս։ Միայն օգտակարությունն էր ցածր նիշի վրա։ Երբ Մյագին, ասենք, ուզբեկ Էռնազարովին բացատրում էր, թե ինչ վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ական ոտնձգությունները սոցճամբարի եղբայր պետությունների համար, Էռնազարովը հասցնում էր անաշայի երկու չափաբաժին կլանել ու կուշտ քնել։ Որպես զտարյուն էստոնացի, Մյագին նախ անմռունչ ծանր ու թեթև էր անում ասելիքը, հետո բավականին ծորուն դրանք դուրս էր մղում։ Ընդ որում, որքան թեթևամարս էր միտքը, այնքան ծանր էր մատուցումը։ Եվ հակառակը։ Մյագին ստանձնեց թերթի աջ հատվածը։ Նա հենվում էր գլխավորապես խախոլների և մեկ-երկու այլազգի դդմագլուխների վրա, որոնց համար եֆրեյտորական կոչումով զորացրվելը համազոր էր ուզբեկի համար բամբակի սեփական պլանտացիա կամ վրացու համար մանդարինի անտառներ ունենալուն։ Զորանոցային կյանքից անտեղյակներին տեղեկացնեմ, որ բանակն իր հստակ վերաբերմունքն ուներ եֆրեյտորական ինստիտուտի նկատմամբ, ինչն արտահայտվում էր խորիմաստ մի ասույթով. «Լավ է լիրբ աղջիկ ունենաս, քան եֆրեյտոր տղա»։ Կարգազանցներն ինձ ուսուցանեցին... կաշառք վերցնել։ Կյանքումս առաջին։ Նաև վերջին։ Որպեսզի վրացիներն ու մի երկու կիսագողական ռուսներ արժանի տեղ ունենան ձախակողմյան հատվածում, ինձ պատիվ էին անում տնական ճարպի ու սամագոնի առաջին համտեսումը և վրացական զմայլելի գինու վերջին լիտրը։ Գինին` վրացիները, սամագոնը` ռուսները ստանում էին` շրջանցելով Կատյուկի ստոր սադրանքը։ Ծանրոցներն արդեն վաղուց ծանոթ աղջիկների բնակարանների հասցեներով էին տեղ հասնում։


Ես գերազանցում էի ինքս ինձ։ Յուրաքանչյուր համար զարդանաշխում էի կարգազանցների նոր, զորանոցային կյանքը բարդակի վերածող մանրամասներով։ Ասենք, Ջամիրաշվիլին ընդամենը ուշացել էր տողանից, ես նրան խայտառակում էի ամենատարբեր զանցառություններով։ Օրինակ, որ «Կալաշնիկովը» գրկած քնել է պահակակետում կամ նորեկ ենթասպա Սամոխինին ստիպել իր փոխարեն արտաքնոցի հատակը լվանալ։ Իմ կարգազանցները յուրաքանչյուր թողարկումից հետո էնպիսի ինքնաբուխ երանության մեջ էին հայտնվում, որ կարծես թիվ 1 վաշտի պատի թերթի ձախ հատվածը կարդում էին Ռիոնի հովտի ողջ բնակչությունը, Քութայիսն ու Բորժոմը վրադիր, կամ էլ Նիժնի Տագիլն ու հարակից գյուղերը։ Սա ինքնին իշիքուռակության գլուխգործոց էր, բայց, անկեղծ ասած, ինձ խոր բավականություն էր պատճառում։ Հատկապես նրանց ծանրոցները բացելու մոգական պահը։

«ԱՐԴԵՆ ԽՈՅԱՀԱՐՎԱԾ Է»


Գնդում, ինչպես ողջ սովետական բանակում, միանգամայն հարգի էր միմյանցից ծխախոտ կամ լուցկի պոկելը։ Գնդում դա կոչվում էր «խոյահարել»։ Դիցուք, մեկի ձեռքում ծխախոտն էր ծխարձակում։ «Ես եմ հերթում», իսկույն հերթագրվում էր ամենաաչալուրջը կամ ով ավելի մոտ էր կանգնած։ Հաջորդի հերթագրումը կանոնակարգի խիստ խախտում էր։ Եվ ծխախոտատիրոջ պատասխանն էր վերջնագրային` ի պատասխան վրիպած ուզվորի գրոհի. «Արդեն խոյահարված է»։ Էստոնացիներն առանձնահատուկ ջերմ էին նման փոխշփումներում։ Ճաշից առաջ առհասարակ անվրդով ու անդյուրաշարժ, կարող էին ճաշից հետո անսպասելի աշխուժանալ և ծխախոտ խնդրել։ Եթե նույն օրը ընթրիքից հետո փորձեիր լուցկի ստանալ ծխախոտը վառելու նպատակով, կարող էիր արժանանալ շատ արտառոց վերաբերմունքի. «Մի՞թե ես քեզ համար կրպակ եմ»։ Կարծես թե նրան մի ամբողջ ծխախոտ հյուրասիրող զինվորը Մոսկվայի Ելիսեյան վաճառատունն էր։

ՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ


Զարմանալի չէր գնդի վերաբերմունքը բացահայտված մատնիչների հանդեպ։ Մի բան, որ, հավանաբար, ցարական բանակի ավանդույթներից էր։ Գիշերվա անդորրում մատնիչի վերմակի չորս ծայրերը չորս զույգ հմուտ ձեռքեր կապում էին մահճակալի եզրերին, հետո սկսվում էր գոտիներով գանահարումը։ Մատնիչը ոռնում էր ցավից ու սպառնում բողոքել Կատյուկինին կամ հեռագիր տալ ուղիղ Կրեմլ։ Թքա՛ծ։ Նրա բողոքը հետևանք չէր ունենում։ Դե, ինչ ճանապարհով հայտնաբերես հաշմողներին, եթե որևէ մեկի ոչ դեմքն է տեսել, ոչ էլ ձայնը լսել։ Նրանց հևոցներո՞վ։

ՎԱՂԵՄԻ ԶԻՆԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ


Շատ ավելի մեղմ, բարեկամական բնույթ ուներ որևէ աչքի փուշ դարձածին... շռան սարքելը։ Սա ևս վաղեմի զորանոցային մշակույթ էր։ Սովորաբար նման պատժի էին ենթարկվում զորանոցային կյանքի կանոնակարգը խախտողները։ Ասենք, նրանք, ովքեր տնից ստացած ծանրոցը յուրացրել էին մեն-մենակ, կամ նրանք, ովքեր փորձել էին վեհանձն միայնության մեջ հաշվեհարդար տեսնել մի ամբողջ շիշ պորտվեյնի հետ։ Խոր քնի մեջ մշշացող ախմախի կողքին էինք կանգնած ձեռքներիս երկու մետաղյա մեծ բաժակ։ Մեկից ջուրը քչքչալով ու գլգլալով թափվում էր մյուսի մեջ։ Զուգահեռ հնչում էր մեղմանուշ պատգամը. «Ես շռել եմ ուզում, ա՜խ, էս ոնց եմ ուզում շռել...»։ Գործում էր անվրեպ։ Վերկացին զանցառուն հայտնվում էր զորանոցային անգութ խրախճանքի կիզակետում:

ԹՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԴՊՐՈՑՆ ԱՆՑԱԾ ՏՂԱՆԵՐԸ ԳՐԵՆ ԻՐԵՆՑ ՆՈՐԱՆԿԱԽ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Ավարտին մոտեցավ թռուցիկ հուշապատումս սովետական բանակից։ Անշուշտ, այն Կարմիր բանակ էր, սովետական վարչաբյուրոկրատական համակարգի ուսադիրավոր արձագանքը։ Բայց ինչու՞ և՛ բանակից, և՛, առհասարակ, պետական համակարգից մեր ազատ ու անկախ հայրենիքը միայն արատները ժառանգեց, այն էլ բազմապատկված, լրբացված-հղփացված-նրբացված։


Սակայն` վե՛րջ։ Թող հայկական բանակի դպրոցն անցած տղաները գրեն իրենց նորանկախ պատմությունը։ Շատ ավելի հուզիչ ու վարպետորեն։ Եվ շատ ավելի օգտակար։ Իսկ ես գուցե մեկ այլ առիթով անդրադառնամ 1995-ի սկզբի եռամսյա իմ հավաքին, չքնաղ Արցախի հյուսիսում` «Եղնիկներ» զորամասում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

SP3dtMhqB1TJe6.jpg" alt='Ստա­խո­սը' title='Ստա­խո­սը' width='220' height='163' />
Ստա­խո­սը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն