USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Դժոխքի առաքյալները. «Կյանքի խոսք»

Դժոխքի առաքյալները. «Կյանքի խոսք»
11.09.2018 | 00:02

Եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին ասել է. «Սատանան Աստծո կապիկն է և կապկում է այն ամենը, ինչ Աստված է անում»:
Եվ նա Եկեղեցին էլ է կապկում՝ սխալ ներկայացնելով Աստծո Խոսքը: Իսկ դա իրագործում է իր անդավաճան հետևորդների՝ զանազան աղանդապետերի, հերձվածողների, անօրեն անաստվածների միջոցով:


Այսօրվա աղանդները իրենց համարում են քրիստոնեական եկեղեցիներ, Եկեղեցին` քրիստոնեական աղանդներ, սակայն իրականում այդ աղանդները խորապես հեթանոսական են՝ իրենց պաշտամունքային համակարգով և ծեսերով: Բոլոր աղանդներն էլ, ի վերջո, իրար նման են, բայց մենք կխոսենք Հայաստանում արդեն քսան տարուց ի վեր գործող «Կյանքի խոսք» աղանդի մասին: Աղանդի հիմնադիրն է շվեյցարացի ՈՒլֆ Էկմանը: Աղանդը իր գործունեության սկզբում ուներ բավական գրավիչ «ճշմարտություն» անունը: Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր նույն կերպ է կոչվում, իսկ աղանդները, սովորաբար, ամենաշատը քսան տարին մեկ, սիրում են թարմացնել իրենց անուններն ու կոչումները:
Նույնիսկ հին հեթանոսական կրոններում չկար այն խայտառակ խելագարությունը, որ կա այժմյան աղանդներում: Նրանց հավաքները դիվական սատանայապաշտություն են, իսկ նրանց հետևորդները կամ, ավելի ճիշտ, զոհերը համոզված են, թե փրկության ուղին են գտել: Բոլոր աղանդապետերն ունեն երեք հիմնական նպատակ. 1. քաղաքական. կա Աստծո ընտրյալ ժողովուրդ, իսկ մնացած ոչ-հրեաները պետք է ծառայեն այդ ընտրյալ ժողովրդին. 2. ֆինանսական. առաջին նպատակի համար պետք է տասանորդ մուծել. 3. մարդկանց հանդեպ իշխանության տենչ: Ինչպես բոլոր խարիզմատիկ ուղղություններում, «Կյանքի խոսք» աղանդում կարևորություն են տալիս «սուրբ հոգով լցվելուն», որի արդյունքում նրանք սկսում են «լեզուներով խոսել», «լցվում են երջանկությամբ» և այլ «շնորհներ են» ստանում: Այս աղանդի հետևորդները նորմալ են համարում այն, որ «շնորհներ» ստանալուց հետո իրենք այնքան էլ չեն գիտակցում, թե իրենց հետ ինչ է կատարվում, այնինչ քրիստոնեությունը սեփական վարքի վերահսկման հիանալի հնարավորություն է ընձեռում: Սուրբ Հոգին մարդկանց չի ծաղրում, նա համագործակցում է նրանց հետ: Այդ համագործակցության արդյունքում ստեղծվեց Սուրբ գիրքը և ոչ թե այն խելագարության, որ այսօր առկա է աղանդավորական «դիվաժողովներում»: Անհնար է հավատալ, որ այդ մարդիկ իրենց հավաքներից հետո նորմալ, մարդկային կյանքով ու կենցաղով են ապրում: Այդ աղանդում շատ են կարևորում լեզվախոսության երևույթը: Տաթևացին դեռ իր ժամանակ ասել է. «Վերջին ժամանակներում չարը մարդկանց կտա իր հոգին, որպեսզի խոսեն տարբեր լեզուներով»: Ակնհայտ են ուղղակի առնչությունները հեթանոսական կրոններում լեզվախոսության երևույթի հետ: Պողոս առաքյալը, խոսելով նախնի եկեղեցում լեզվախոսության երևույթի մասին, ասում է. «Այնչափ լեզուների տեսակներ կան աշխարհում, բայց չկա ոչինչ աննշանակ» (Ա Կորնթ. 14.10): Նույնը չի կարելի ասել աղանդներում առկա լեզվախոսության մասին. նրանք իրենք չեն հասկանում, թե ինչ են խոսում, դա բավական չէ, ուրիշ մեկն էլ չի գտնվի, որ հասկանա ու թարգմանի նրանց «փառաբանություններն» ու «օրհնությունները»: Պողոս առաքյալը անիմաստ է համարում լեզուներով խոսելը առանց թարգմանության, որը առանձին շնորհ է, որից, փաստորեն, զրկված են աղանդավորները: Եվ ընդհանրապես, առաքյալը, որ մի շարք լեզուների էր տիրապետում, համոզված էր. «Կամենում եմ հինգ խոսք ասել խելքով, քան բազում խոսքեր՝ լեզվով» (14.19): Նախքան բուն հավաքներին տանելը, պոտենցիալ զոհերին ենթարկում են հոգեբանական մշակման. «ռմբակոծում» են սիրով, ուշադրությամբ, խորհրդատվությամբ, ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից ազատելու խոստումներով, նրանց և նրանց հարազատների համար աղոթքներով, նույնիսկ կարող են ֆինանսապես օգնել: Այդ ամենից հետո մարդիկ պարտական ու պարտավորված են զգում իրենց «բարերարների» հանդեպ: Իսկ արդեն նրանց սրահներում սարսափելի բաներ են կատարվում: Անընդհատ կրկնվող «աղոթքների»՝ մանտրայի, ռիթմիկ երգերի, լուսային էֆեկտների և այլ մեթոդներով զրկում են մարդուն անհատական մտածողությունից և սովորեցնում են ամբոխային մտածելակերպ, իրենց սեփական հորմոնների մակարդակի բարձրացմամբ հասցնում են նրանց էքստատիկ վիճակի, կեղծ երջանիկ ու անհոգ հոգեվիճակի, որից այլևս մարդը չի կարող ու չի էլ ցանկանում դուրս գալ: Աղանդապետերը և նրանց արբանյակները իրենց սև գործում հաջողում են նաև խարդախության միջոցով. ներկաների 30-40 տոկոսը հատուկ պատրաստված է և անհրաժեշտ ռեակցիան է ապահովում անհրաժեշտ պահին (ասենք, «բժշկվում են», «մարգարեանում են», «պատգամ են ստանում» և այլն), որին արձագանքում են դահլիճի մնացած անտեղյակները: Աղանդի ներսում չի խրախուսվում անդամների ստեղծագործական կամ քննադատական միտքը. Աստծուն պետք չէ քո ուղեղը, պետք չէ մտածել, այլ Աստծուն տուր քո սիրտը և հոգին: Աստծուն պետք է ծառայել երգելով, պարելով և տասանորդ մուծելով: Այս մի վերջին ծառայության կերպը հետևորդները կիրառում են անվերապահ ու անթերի: Անդամներից փողը հավաքագրվում է բավականին պատկառելի տարողություն ունեցող դույլերով և պատկառելի չափերով: Դե, իսկ «ու՞ր է գնում փողը» հարցին «Կյանքի խոսքի» հայաստանյան պարագլուխ Արթուր Սիմոնյանը լկտիաբար պատասխանում է. «Փողը ծախսվում է»: Աղանդը լավ փաթեթավորված փչացած ապրանք է. սխալ, թյուր, կեղծ ճշմարտություն՝ փաթեթավորված Սուրբ գրքով՝ Ճշմարտությամբ: «Կյանքի խոսքի» և մյուս աղանդների մասին դեռևս Պետրոս առաքյալն է ասել. «Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու: Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից. և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի: Եվ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա» (Բ Պետ. 2.1)։

Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 146

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ