Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պարտվել ենք, բայց այդտեղ ի՞նչն է զարմանալին

Պարտվել ենք, բայց այդտեղ ի՞նչն է զարմանալին
11.09.2018 | 10:20

Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում եղավ այն, ինչ պիտի լիներ: Մեր հավաքականը պարտվել է: Սակայն այդ պարտության մեջ լավատեսական նոտա կա, քանզի պարտվել է լավ էլ նամուսով հաշվով: 0:2 հաշվով մրցակցին զիջելը, այն էլ նրա հարկի տակ, մեր հավաքականի համար պիտի լավ էլ պատվաբեր հաշվով պարտություն համարել, քանզի կար ավելի մեծ հաշվով պարտվելու տագնապ, ինչը բարեբախտաբար չի եղել:


Այնպես որ, ձերբազատվենք խաղի բերած անհարկի զգացմունքայնությունից ու մեզ ռետինե խողովակի տեղ չդնենք, թե երեք օր առաջ բոլոր առումներով ֆուտբոլային թզուկի՝ Լիխտենշտայնի հավաքականի հետ հանդիպման մեր տղաների խայտառակ կատարողականը չենք տեսել ու մակեդոնացիների հետ ունեցած այս խաղի առնչությամբ վստահաբար ասենք՝ կեցցեն տղաները, կեցցե Վարդան Մինասյանի գլխավորած մարզական կազմը, կեցցե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, եթե այդ գոզալ կեցցեն ամբողջովին հակառակ իմաստով են հասկանալու:


Այս եռամիասնությունից՝ ֆուտբոլիստներ, մարզչական կազմ, ֆեդերացիա, վերջինս երիցս ու բազմիցս կեցցե, որովհետև ոչ մեկին չհաջողվեց այնպես վարպետորեն դանակ խրել հայկական ֆուտբոլի սիրտը՝ թոք ու ջիգյար այնպես վարպետորեն խառնելով իրար, որքան Ֆուտբոլի ֆեդերացիան իր Ռուբեն Հայրապետյան գլխով, մարդ, որը տասնհինգ տարուց ավելի գլխավորեց հայկական ֆուտբոլը՝ անմնացորդ աղավաղելով ու աղտոտելով այս բնագավառում հնարավոր ամեն բան: ՈՒ պատկերացնու՞մ եք, թե մենք որքա՜ն երջանիկ ազգ ենք, որ ֆեդերացիայի նախագահի այս ընտրություններում իր թեկնածությունն է դնելու Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, այլապես այստեղ իրեն անփոխարինելի ճանաչած ու հռչակած ամենայն հայոց Նեմեցը նորից էր առաջադրվելու ու առնվազն ևս մեկ ընտրական փուլ պատմության հետնախորշեր էր մղելու հայկական ֆուտբոլը:


Ինչևէ: Չտրվենք Ռուբեն Հայրապետյան ավանյան ֆուտբոլային «գործչի» բացառիկ ավերիչ գործունեության լուսաբանմանն ու դառնանք Մակեդոնիա-Հայաստան դիմակայությանը:
Նորից եմ ասում, հարգելի ֆուտբոլասեր, սա մի պարտություն էր, որի համար բնավ չպիտի կարմրել, որովհետև մերոնք ունեին մինչև երեք անպատասխան գնդակ ընդունելու, այսպես կոչված, «զապաս», ու փաստորեն պրծել ենք նվազագույնով:
Հիմա թե այդ նվազագույնի ապահովման գործում որքա՞ն է եղել Մակեդոնիայի ընտրանու ներդրումը, եկեք մեր էս անտեր սրտի վրա մակեդոնական ֆուտբոլի բեռն էլ չբարձենք ու առանձնապես չնեղսրտենք, որ Ազգերի լիգայի այս խաղարկությունը մերը չի լինելու: Այդ ի՞նչ տրամաբանությամբ այն մերը պիտի լինի, երբ հայկական ֆուտբոլում Ռուբեն Հայրապետյանի գահակալության տարիներին քիչ թե շատ նորմալ մի ֆուտբոլիստ չի ծնվել, հասակ առել, երբ Հայաստանի տասնվեց ու մնացած տարիքային խմբերի ընտրանիները ում հանդիպում, պարտվում են, ում հանդիպում…


Կարճ կապենք: Մոտակա տարիների մեր հույսը մնում են արտերկրի ակումբներում հանդես եկող մեր հայրենակիցները ¥եթե, իհարկե այլազգի ֆուտբոլիստներ չենք հրավիրում ու նատուրալացնում¤, մինչև որ ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության գլխավորությամբ կարգի բերվի խուժանության հասցրած հայկական ֆուտբոլային տնտեսությունը, մինչև որ որոմնազերծ արվի այն, բերվի խելքի:
Որքան կտևի դա, ես անկեղծ վախ ունեմ, որ անհետացող մեր սերունդը, չնայած չունեցած առանձնապես դինոզավրային տարիքին, այլևս այդ նորը տեսնելու բախտը չունենա, ու մենք, ցավոք սրտի, վերին Երուսաղեմ կգնանք՝ հայկական ֆուտբոլի անցած դարի յոթանասունականների սկզբի փառքն ու մխիթարությունը մեր սրտում: Հարկավ թույլ մխիթարություն է, բայց դե մխիթարություն է: Տա Աստված, որ եկող սերունդը հաղթանակած հայկական ֆուտբոլը տեսնելու բերկրանքն ունենա ու վայելի այդ գերագույն հաճույքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ