USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նիկոլ Փաշինյանի սև-սպիտակը

Նիկոլ Փաշինյանի սև-սպիտակը
11.09.2018 | 15:05

Ի՞նչ իմացանք «Իմ քայլի» երեկվա առաջին հանրահավաքից, որի մեխը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր: Որ երևանցին պարտադիր պետք է ընտրի հեղափոխական Հայկ Մարությանին, որովհետև մյուսները հակահեղափոխական են: Որքանո՞վ է սա համապատասխանում սիրո ու համերաշխության սկզբունքներին` մեկ, որքանո՞վ է համարժեք իրականությանը` երկու, և որքանո՞վ է նպաստում հեղափոխության նպատակների իրականացմանը` երեք: Բոլոր այս հարցերն ունեն մեկ պատասխան` բնավ: Ինչու՞ է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը ընտրել հենց այդ ճանապարհը: Նրա հրապարակային ելույթները դառնում են ջղաձիգ, այնքան, որ ձայնն էլ չի դիմանում, անհավասարակշիռ, հակասական ու անհամոզիչ: Նա ասպարեզ է նետում կարգախոսներ ու հայտարարություններ, սպառնալիքներ, որ սահմանակցում են դեմագոգիային ու հիմքում ունեն էյֆորիան, բայց ոչ իրավիճակի սթափ գնահատականը:


Բացարձակապես անհասկանալի է Երևանի ավագանու ընտրությունների նույնացումը համապետական ընտրությունների հետ` տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը չի կարող և համարժեք չէ խորհրդարանական ընտրությանը: Ոչ քաղաքական, ոչ իրավական տեսակետից: Դա ոչ միայն դեմագոգիա է, այլև անհեթեթ է: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստովանում է իր վախը, անփարատելի վախը ինքն էլ չգիտի ինչից, որ անվանում է«հակահեղափոխություն»: Ո՞վ է«հակահեղափոխականներին» գրկաբաց ընդունել հեղափոխության գիրկը: Եթե նրա խոսքը վերաբերում էր ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որ ինքնամոռաց ինքնակցվեցին հեղափոխությանը և այսօր իրենց համարում են համահեղափոխականներ, ոչ ուղիղ եթերում Գագիկ Ծառուկյանի ու Հրանտ Մարգարյանի հետ ո՞վ էր բանակցում, կառավարության կազմում ո՞վ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի նախարարներ նշանակեց, ո՞վ էր նրանց ձեռքը սեղմում ու հմայիչ ժպտում: Եթե խոսքը վերաբերում է«Լույս» դաշինքին,«Ելքի» որևէ ուժ կամ անդամ չի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի հետ է Գյումրի-Երևան նրա քայլերթի ժամանակ կամ նրա հեղափոխության մաս է, փոխարենը հենց ելքականներն էին վազվզում ձերբակալվող ՔՊ-ականներին ազատ արձակելու համար ու առաջինը դուրս եկան ի պաշտպանություն չգիտես ինչու փշալարերը մագլցող Փաշինյանի: Նրանք երբևէ, ի տարբերություն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի, թիկունքից չեն հարվածել հեղափոխությանը հետհեղափոխական գործընթացներում: Նրանք չեն Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել, նրանք չեն պատրաստվում անձնական ֆինանսական ներդրումների խոստումներով գնել երևանցու ձայնը, ոչ էլ նրանք են նետվում ՔՊ-ի հաշվին իրենց վարկանիշը բարձրացնելուն: Ուրեմն` ու՞մ է դիմում Նիկոլ Փաշինյանը, ու՞մ նկատի ունի: Ո՞վքեր են ուզում ՀՀԿ-ի «ընտրակեղծարարական ռեսուրսով» հաղթել: Որևէ քաղաքական ուժ այսօր այնքան հիմար չէ, որ ՀՀԿ-ին խոստանա` դուք մեզ օգնեք հաղթել Երևանի ավագանու ընտրություններում, մենք ձեզ համար կապահովենք խորհրդարանի չլուծարվելը, որ պատգամավոր մնաք ևս մի քանի տարի` հասկանալով, որ չի կարող դա անել, ոչ էլ ՀՀԿ-ն է այնքան հիմար, որ հավատա նման խոստումին, առավելևս չունենալով ավագանու ընտրություններում ինչ-որ ուժի հաղթանակի բերելու ռեսուրս: Ունենար` ինքը կմասնակցեր ընտրությունների: Ուրեմն ի՞նչ տվայտանքների մեջ է Նիկոլ Փաշինյանը,«խորհրդարանի սենյակներում» ի՞նչ դավադրություններ է տեսնում` ի՞նչ են ասել նրան«ժուչոկները», որ այդքան վախեցած է: Իսկ որ վախեցած է` երևում է սպառնալիքների քանակից ու որակից: Եվ վերջապես` ի՞նչ մոլուցք է Երևանի ավագանու ընտրություններում 80-90 տոկոս ձայն հավաքելու ձգտումը, ՀՀԿ-ի նվիրական ոտնահետքերով ու՞ր է հասնելու Նիկոլ Փաշինյանը: Այդ ընթացքով նա ինքն է նույնանում հակահեղափոխությանը` չնկատելով անգամ: Այս իրավիճակում Հայկ Մարությանը համառ ու հետևողական պիտի խնդրի Նիկոլ Փաշինյանին այլևս չմասնակցել իր ընտրարշավին, որովհետև նա ոչ միայն ավելի է խորացնում իր սև-սպիտակի տեսությունը, այլևս ամեն ինչ սևացնում է` սպիտակի տեղ չթողնելով անգամ ինքն իրեն: Առավելևս` Հայկ Մարությանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացնելը և հեղափոխության հաղթանակին հավասարեցնելը բումերանգ է, որ ընտրություններից հետո ուղղվելու է Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ քաղաքացին ընտրատեղամասերում պարտավոր չէ վերահաստատել հաղթանակը, որ տարել է Հանրապետության հրապարակում, ընդամենը ընտրություն է կատարելու այն կուսակցությունների միջև, ում ուզում է վստահել Երևանի կառավարումը: Բացառապես Հայկ Մարությանին ձայն տալու վարչապետի կոչը վարչական ռեսուրսի բացարձակ շահարկում է ու ուղղվելու է հենց Հայկ Մարությանի ու Նիկոլ Փաշինյանի դեմ` առանց «հակահեղափոխականների» դավադրությունների:

«Գժուկները» մեղավոր չեն, որ դուխովները ադեկվատության խնդիր ունեն: Հակահեղափոխության դեմ պայքարելու ամենաարդյունավետ ճանապարհը հեղափոխության հնարավորությունները գործի վերածելն է` սկսած«Սանիտեկի» դեմ հոխորտալուց բացի քաղաքը մաքրելը` վերջացրած երևանցու համար աշխատատեղ ստեղծելը, ոչ թե սեփական ձայնալարերը խզելու հաշվին նրա ականջները սղոցելը: Ավագունու ու քաղաքապետի գործը չէ արգելել, որ«գողերը դուրս գան իրենց ծակերից` այսօր ու հավիտյանս»` ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում: Իսկ Հայկ Մարությանը նախօրեին հայտարարել էր, որ այդ խնդրի լուծումը իրավապահներինն է: Բայց դա մանրուք է: Ամեն ինչ գուցե ավելի հասկանալի լիներ, եթե Նիկոլ Փաշինյանը իր կյանքի ամենասակավամարդ հանրահավաքին գար Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Երևանի կոնյակի գործարան գնալուց հետո, ոչ թե առաջ:

Դիտվել է՝ 1441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ