Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
11.09.2018 | 22:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»,-նշել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը և տարվում են ակտիվ կազմակերպական աշխատանքներ, որ գագաթաժողովն իր մթնոլորտով և կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին: Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարևոր դերակատար և գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17-րդ գագաթաժողովը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջև լայն համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ:


Զրուցակիցները քննարկել են գագաթաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ի թիվս գագաթաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարևորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Ընդգծվել է նաև գագաթաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարևորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը և ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը կարևորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման և ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում:
Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ