USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Իսկ պետությանը կամուֆլյաժ կհագցվի՞

Իսկ պետությանը կամուֆլյաժ կհագցվի՞
12.09.2018 | 14:22

Փաստացի`Կարգին Հայկոն կարգին դերասան չդարձավ, բայց կարգին գուշակի դերը ստացվում է: Կամ էլ իբրև քաղաքապետի թեկնածու նրա բախտը բոլորովին չի բերում` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ գալիս ու նրա ընտրարշավը վերածում է սեփականի: Հայաստանի սեպտեմբերի 11-ը շոկային ստացվեց: Ոչ ավագանու ընտրությունների պատճառով: Հիմա Հայաստանում ամեն ինչ հանգուցում են այդ ընտրություններին` հեղափոխության հաղթանակ-պարտություն պարտադրելով: «Իմ քայլը»հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր ընտրարշավը, հանգամանքերն էլ նպաստում են:


Սեպտեմբերի 11-ին Յութուբում հայտնվեց ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրությունը: Գաղտնալսված: Թեման թողնենք: Փաստացի` կա երեք տարբերակ: Կամ` այդքան բարձրաստիճան պաշտոնյաներն այնքան անփույթ են իրենց պարտականությունների նկատմամբ, իրենց հեռախոսների անվտանգության մասին ընդհանրապես չեն մտածել, շփվել են շարքային քաղաքացու մակարդակում և նույնքան շարքային հեռախոսային օպերատորը կարող էր խոսակցությունները ձայնագրել: Կամ` Հայաստանում իրոք կա զուգահեռ «պետություն», որ ինքն իր համար կատարում է պետական կառույցների մակարդակի գործողություններ և ունի գաղտնալսման հնարավորություններ: Կամ` գաղտնալսումը կատարել ու հրապարակել է երկրորդ երկիր` իր նպատակներով: Երեք տարբերակներն էլ վկայում են, որ գործերը վատ են: Երեք տարբերակներն էլ հարուցում են բազում հարցեր` գաղտնալսելը և ձայնագրությունները հրապարակայնացնելը տարբեր հանցանքներ են: Նույնքան հանցավոր գործողություն է «զուգահեռ»ծառայությունների գոյությունը: Իսկ ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն, եթե այդ ամենը իրականություն է: Շոուին տրվեց շոուի մակարդակի պատասխան, սոցցանցերով հեղափոխությանը` սոցցանցերով պատասխան: Հեղափոխության հինգրերորդ ամսում: Մանկամտություն էր սպասել, որ քաղաքական իշխանությունը մի հրաժարականով հանձնելուց հետո հարցը փակվելու է ու ամեն ինչ փոխվելու է: Միանգամից: Բայց ի՞նչ կատարվեց երեկ: Միանգամից, հախուռն, առանց հետաքննության ու ժամանակ ունենալու իրավիճակը ուսումնասիրելու ու եզրակացություններ անելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու ժամում իրավիճակը շտկելու ու «մայթերին պառկացնելու» հրաման տվեց, հակառակ դեպքում ինքը կհագնի կամուֆլյաժը: Գուցե նա իսկապես ժամանակ չունի մտածելու` անընդհատ հանդիպումների մեջ է ու անընդհատ ելույթներ է ունենում` հանպատրաստից, բայց նույնիսկ այդ դեպքում եթե ոչ ինքը, թիմից պետք է գտնվեր դուխով մեկը, որ ասեր` չի կարելի շուրջբոլորն ամեն ինչ ոչնչացնել, պետությունը դու չես, պետության բոլոր հարցերը դու մենակ չես լուծում, տեղ թող կողքիդ ընկերներիդ, պաշտոնյաներին գործելու հնարավորություն տուր: Մի դիմազրկի բոլորին: «Ես եմ ամեն ինչի պատասխանատուն ու ես կյանքս կտամ ձեզ համար» բանաձևը, որ սկսել է ամեն օր հնչել, վնասում է առաջին հերթին պետությանը:


ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության ձայնագրության հրապարակումը գնահատվեց դավադրություն պետականության դեմ: Դավադրությունն աներկբա է, որին ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարները սեպը սեպով են հանում սկզբունքով` ասուլիս հրավիրեցին ու ներկայացրին տվյալներ մարտի 1-ի գործով ու այլ հանցագործությունների մասով, որ «իրենք էլ չէին ուզում»: Ցույց տրվեց ու չհրապարակվեց ցուցակ օլիգարխների, որ բանակն օգտագործել են իրենց սեփականության պաշտպանության համար` վճարելով որոշակի գումար, և այլն, և այլն: Բայց նրանք առաջին հերթին պիտի պատասխանեին` կատարվածն ու՞մ էր ձեռնտու և ի՞նչ հարց էր լուծում հարցին:


Որքան էլ տարօրինակ է` այդ հարցին պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը` հայտարարելով. «Ես հույս ունեի, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տային, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանավորապես կասեցվեր մինչև ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները: Բայց տեսնենք ինչ զարգացումներ կունենա, որովհետև նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ: Առայժմ զերծ կմնանք որևէ գնահատական հնչեցնելուց»: Փորձված փաստաբանը նման իրավիճակում պետք է ոչ թե «հույսեր ունենա», այլ` իսկապես զերծ մնա գնահատական հնչեցնելուց:


Սեպտեմբերի 11-ը ստեղծեց նոր իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել` ահաբեկչությանը ահաբեկչությամբ պատասխանելու սկզբունքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ազգային անվտանգությու՞նը: Կամուֆլյաժով չես պաշտպանի: Կա՞-չկա՞ ներքին դիմադրություն, անվտանգությունը պետք է առաջին տեղում լինի: Ոչ այն մեթոդներով ու պատկերացումներով, որ հանգեցնում են Յութուբում գաղտնալսված ձայնագրություն տեղակայելուն: Քաղաքական գնահատականը քաղաքականության գործն է, պետք է լինի մասնագիտական գնահատական ու սխալների ուղղում:
Ոչ ինչ-որ մեկը ԱԱԾ-ի ներսում կամ երկրում, ոչ էլ առավելևս երկրից դուրս գործող հատուկ ծառայությունները երկրորդ անգամ նման միջամտության հնարավորություն չպետք է ունենան: Պարզ է, որ կարող են նաև այլ ձայնագրություններ լինել, ոչ պակաս պայթուցիկ, որոնց ի հայտ գալը պետք է բացառվի: Բայց ոչ թե կամուֆլյաժ հագած Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այլ համապատասխան ծառայությունների համարժեք աշխատանքի, որը չի կարող երկու ժամում, ոչ էլ առավելևս «մայթերին պառկացնելով» ավարտվել: Պրոֆեսիոնալիզմը դուխով չի փոխարինվում: Դուխը խելքին չի փոխարինում: Պետությանը կամուֆլյաժ չես հագցնի:

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ