Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԻՊ-ը Հայաստանի սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծության ենթարկելու վերաբերյալ կհրապարակի արտահերթ զեկույց

ՄԻՊ-ը Հայաստանի սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծության ենթարկելու վերաբերյալ կհրապարակի արտահերթ զեկույց
12.09.2018 | 16:19

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների և հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները: Պաշտպանը նաև անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաև գյուղի դպրոցի ուղղությամբ:
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ:


Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի և առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաև Ոսկեպար - Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթևեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար:


Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաև Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաև բնակիչների տներում առկա կենցաղային իրեր:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:
Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ