USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Ինչո՞ւ է Պուտինը գնում Բաքու

Ինչո՞ւ է Պուտինը գնում Բաքու
13.09.2018 | 13:30

Օրերս Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հաղորդեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կմեկնի Բաքու: Տեղեկությունը հաստատեց նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը: Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում ընդունել էր Ալիևին: Կողմերը ստորագրել էին տնտեսական ու քաղաքական 17 փաստաթուղթ, ընդունել էին հուշագիր 5 «ճանապարհային քարտեզների», որ մինչև 2024-ը համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման գործողությունների ծրագիր են նախատեսում, քննարկել էին երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման խնդիրները, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակը:

Այնուամենայնիվ, ինչպես ասել է Կալաշնիկովը, Բաքու այցի ընթացում նախագահը «հղկելու է այն հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են կամ չեն պայմանավորվել Սոչիի բանակցություններում»: Կոնկրետ ո՞ր հարցերը` չի նշվել: Որ կան այդպիսի հարցեր, վկայում է ռուս-ադրբեջանական երկխոսության անսովոր ինտենսիվությունը, որ ընդգրկում է ռազմատեխնիկական համագործակցությունը, էներգետիկան և, որ առավել հավանական է, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման խնդիրները: Սուր խնդիրներ կան և տարածաշրջանային անվտանգության համակարգի կառուցման հարցում` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրայում ու Իրանում զարգացող բարդ գործընթացները: Բոլորը հասկանում են, որ Իրանում ցանկացած ապակայունացում առաջին հերթին կանդրադառնա Ադրբեջանի վրա` սերմանելով քաոս անդրկովկասյան ողջ տարածքում: Այլ հարց է, եթե Բաքուն ձգտի նվազեցնել տարածաշրջանում բացասական գործընթացների զարգացումը, դառնա զարգացման իրական հենակետ: Վերջապես` չի կարելի թերագնահատել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գործոնը աշխարհաքաղաքական ենթատեքստում: Ուստի ռուս-ադրբեջանական ակտիվ երկխոսությունը, հյուսիսում «թեժ կետ» չունենալու Թեհրանի ցանկությունը դառնում են զսպող գործոններ այդ ուղղությամբ «թեժ սցենարի» կանխման համար: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանում կհանդիպեն ՌԴ, ԻԻՀ և Ադրբեջանի նախագահները և բանակցություններում շատ հարցեր կորոշարկվեն:


Աչքի է զարնում ևս մեկ կարևոր իրողություն` բազմաթիվ առևտրատնտեսական ու այլ համատեղ նախագծերով ռուս-ադրբեջանական երկխոսության ակտիվացման համապատկերում սպառվում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ռեսուրսները կովկասյան ուղղությամբ: Պատճառներն ակնհայտ են` Անկարան ինքն է իրեն պատել իր տարածքային ամբողջականության համար վտանգավոր աշխարհաքաղաքական խնդիրներով սահմանի ամբողջ տրամագծով ու Ռուսաաստանի աջակցության կարիքն ունի: Այդ պատճառով Մոսկվա-Բաքու ակտիվ երկխոսությունը Անկարայում չի ընկալվում, համենայն դեպս առայժմ, իբրև Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության թուլացման տրենդ: Բայց Անկարան մեծ ուշադրությամբ է հետևում իրադարձությունների զարգացմանը: Պուտինի այցի նախօրեիյն Բաքվում է լինելու Էրդողանը` մասնակցելու թուրք գեներալ Նուրի փաշայի գլխավորած բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակի տոնակատարությանը: Վերջին անգամ Էրդողանը Թուրքիայում էր հուլիսին: Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսում գտնվող Անկարան` այս ու այն կողմ է նետվում Իդլիբի խնդրի լուծման համար: Էրդողանը Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների Թեհրանի հանդիպման ժամանակ պահանջեց այդ նահանգում հրադադար հայտարարել: Հետո հայտարարեց, որ մտադիր է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինին, իսկ հիմա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային է կոչ արել միանալ Իդլիբի գործողությանը: Էրդողանի խաղը` փոխզիջումների խզման սահմանագծին, վկայում է միանգամից մի քանի աշխարհաքաղաքական հարթակներում գործելու բարդությունները:

Հեռանկարում մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի` ադրբեջանական ուղղությամբ Իրանի տարածաշրջանային հակառակորդի, շահերը կարող են փորձաքար դառնալ Անկարա-Թեհրան փոխհարաբերություններում: Մոսկվան ու Բաքուն դա տեսնում են ու լավ հասկանում են: Այդ պատճառով էլ` միմյանց ընդառաջ նրանց քայլերը` երկարամյա համագործակցության սահմանների ուրվագծումով, կարող են առանցքային նշանակություն ունենալ: Իհարկե, պետք չէ մոռանալ տարածաշրջանում Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակցի` Հայաստանի շահերը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Եթե ավելի պարզ` Մոսկվան փորձում է Բաքվին կտրել Անկարայից` ռուս-թուրքական հարաբերություններում Անկարայի անհնազանդության դրսևորումներից հետո և հնարավորինս կապել Իրանին: Իսկ ի՞նչ է տալու ի տրիտուր: Փաստացի` Հարավային Կովկասում Պուտինը ուզում է ձևավորել նոր առանցք` Մոսկվա-Թեհրան- Բաքու` դուրս թողնելով ոչ միայն Երևանին, այլև Անկարային: Եվ դա նոր գործընթաց չէ, պարզապես հիմա ստեղծվել են բարենպաստ պայմաններ ու շահերի համընկնումները թույլ են տալիս ավելի ազատ գործել: ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկու երկրների` Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցության խորացման խայծը Բաքուն կուլ կտա՞` աչքի առաջ ունենալով նաև Անկարա-Վաշինգտոն խնդրահարույց հարաբերությունների պատճառով` ԱՄՆ-ի հետ իր հարցերը լոբբինգ անելու Անկարայի անկարողությունը: Իսկ ո՞րն է Թեհրանի դիրքորոշումը: Եթե Մոսկվային հաջողվի առաջ մղել իր գաղափարը և փաստաթղթային տեսք տալ` ի՞նչ ազդեցություն կունենա նոր ալյանսը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում` լուրը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այցի ժամկետները հստակեցված չեն: Ակնհայտորեն` տեղեկությունը պարիտետը պահելու նպատակ ունի, իսկ ժամկետը կախված է Բաքվում հաջողությունից կամ անհաջողությունից և Անկարայի դիմադրունակության մակարդակից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ