USD485.09
EUR554.26
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Իսկական հեղափոխություն

Իսկական հեղափոխություն
14.09.2018 | 00:08

Մտածե՞լ եք, թե Հայաստանն ինչպես է ընկալվում աշխարհում: Թավշե հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարուցեց աննախադեպ հետաքրքրություն. փորձագիտական ու քաղաքական որևէ կենտրոն չէր կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է նման անհավանական հեղափոխություն: Փաստն արձանագրվեց ու մոռացվեց: Մեր աննախադեպ ձեռքբերումը համաշխարհային ընկալման մակարդակում մենք դանդաղ սպառում ենք, և այլևս ոչ ոք աշխարհում առանձնապես մեծ զարմանք ու հատկապես հրճվանք չի ապրում Հայաստանի Հանրապետության հիշատակումից: Իսկ մենք ակնկալում ենք, որ թավշե հեղափոխությունը ներդրումներ պետք է բերի: Դեռ ակնկալում ենք:

Ակտիվում կոռուպցիայի դեմ պայքարն է, որ ավելի շատ քաղաքական խնդիրներ է լուծում, քան համակարգային ու չի հասել կոռուպցիայի կանխարգելման անհրաժեշտության գիտակցությանը: Իսկ ներդրումների համար սոսկ պայմաններից մեկն է: Գլխավոր պայմանը, որ ներդրված փողը շահույթ բերի, չի աշխատում: Պատճառը շուկայի փոքրությունը չէ: Նույնիսկ լոգիստիկան չէ: Օրենքները չեն` հարկերն ու տուրքերը: Մթնոլորտն է: Մեղմ ասած` կանխակալ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, որ շրջանակվում են օլիգարխ անունով: Հասարակական ընկալման մեջ նրանք կոռուպցիոներ են, թալանչի, խաբեբա ու պոտենցիալ հանցագործ: Եթե այդպիսին դարձրել է նախկին իշխանությունը` ստիպելով աշխատել իր կանոններով, ինչու՞ ներկա իշխանությունը չի ստեղծում պայմաններ օրինական դաշտում հանգիստ աշխատելու համար: Քրեաօլիգարխիկ համակարգը ի՞նչ է, ի վերջո: Բոլոր հարուստները հանցագո՞րծ են: Պիտի նստե՞ն: Հերթով բոլորի նկատմամբ քրեական գործե՞ր պիտի հարուցվեն` այս ու այն պատրվակով ու գրավի դիմաց ազա՞տ արձակվեն` համարելով, որ արդարությունը վերականգնվեց, ժողովրդից գողացվածը վերադարձվեց: Ո՞վ պիտի տնտեսությունը զարգացնի` կարկուտի տակ ընկնող, անջուր ու վարկի տակ գտնվող գյուղացի՞ն: Փոքր ու միջին բիզնե՞սը, որ խրված է առևտրի, պարզ ասած` վերավաճառքի մեջ: Արդյունաբերության մեջ ո՞վ պիտի փող դնի: Տնտեսության կառուցվածք ո՞վ պիտի փոխի:

Բարձր տեխնոլոգիաներո՞վ ենք երկիր պահելու: Բարեգործությա՞մբ` այս ու այն գյուղի պարտքերը փակելով, բերքը մթերելով ու օրվա ապրուստ տալով: Իսկ հետո՞: Մթնոլորտի փոփոխության մասին ո՞վ պիտի մտածի: Ի՞նչ է պետք, որ բարեկեցության որոշակի մակարդակի հասած մարդը դադարի ընկալվել չբացահայտված հանցագործ, այլ մարդ, որ կարողացել է իր աշխատանքով հաջողության հասնել և պատրաստ է հարստանալով` հարստացնել: Աղքատությունը արատ չէ, հանցանք չէ և ոչ էլ պատվաբեր է: Աղքատությունը պետք չէ դրոշակ դարձնել ու պայքարել հանուն ավելի աղքատ լինելու, որ պետությունը նպաստներն ավելացնի ու այնքան գումար տա, որ մարդը մնա աղքատության նույն մակարդակում` ո՛չ ներքև, որ աղետ է, ո՛չ վերև, որ նույնպես աղետ է` նպաստից կզրկվեն: Հարստությունը ևս արատ չէ, հանցանք չէ, ոչ էլ պատվաբեր է հարստությունը դրոշակ դարձնել ու ծառայեցնել միայն սեփական բարեկեցությանը: Դրսում ներդրումներ որոնելու փոխարեն երկրում եղած փողը պիտի աշխատեցնել` դուրս բերածն էլ վերադարձնելով: Իսկ առաջին քայլը մթնոլորտը փոխելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Փայլուն ապագայի համար գոնե փայլող ներկա պիտի ունենաս: Իսկական հեղափոխությունը սիրո ու սիրելու տարբերությունը հասկանալն է, մնացածը քաղաքականություն է:

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao