USD485.09
EUR554.26
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Նարցիսիզմը որպես ուղիղ ճանապա՞րհ

Նարցիսիզմը որպես ուղիղ ճանապա՞րհ
14.09.2018 | 00:09

Սեպտեմբերի 11-ը ծանր ստացվեց Հայաստանում, ոմանք երեքշաբթիի սկանդալն անվանեցին «փոքր ահաբեկչություն», «հարձակում պետության վրա», «դավադրություն», ոմանք անկեղծորեն զարմացան, ոմանք հրճվանքով չարախնդացին: Կատարվածը Հայաստանում էր աննախադեպ, աշխարհում գաղտնալսումները թոփ թեմա չեն` նախագահների ու վարչապետերի են «միանում»: Ժամանակակից տեխնոլոգիաները կիբեռանվտանգությունը ազգային անվտանգության հարց են դարձրել, պետության առաջին ու առանցքային դեմքերի գաղտնալսումները` դաշնակից ու հատկապես հակառակորդ պետությունների հետախուզական ծառայությունների աշխատանքի մաս: Յուրաքանչյուր պետության հատուկ ծառայությունների գործն է ապահովել իր բարձրաստիճան պաշտոնյաների տեսագրման և լսագրման «անձեռնմխելիությունը», կանխել տեղեկատվական արտահոսքը: Հայաստանում սկանդալը երկու մաս ուներ` գաղտնալսման ձայնագրությունը Յութուբում հայտնվելու փաստը, երկրորդը` բովանդակությունը: Սկանդալի երրորդ մաս դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բուռն արձագանքով: Սկսենք առաջինից` ո՞վ կարող էր ԱԱԾ տնօրենին գաղտնալսել: «ՎիվաՍելը» հայտարարել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների իրավասություն ու տեխնիկական հնարավորություն չունի և պահանջել է «դադարեցնել որոշ ԶԼՄ-ների և անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումն ու ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»: Իրավասություն` այո, ՀՀ սահմանադրության մակարդակով երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար ու երաշխիքների պահպանմամբ, իսկ հնարավորություն, ինչպես ցանկացած այլ օպերատոր, ընկերությունն ունի: Եվ դա ուսումնասիրման խնդիր է: Ինչպե՞ս կարող էր արտահոսք լինել` ևս մեկ խնդիր է: Բջջային օպերատորից բացի` կարող էր արտահոսք լինել ԱԱԾ-ի գաղտնալսման բաժնից: Կարող էր լինել արտահոսք «այլընտրանքային անվտանգությունից»` Հայաստանում կան մարդիկ, որ տեխնիկա ու մասնագետ ձեռք բերելու հնարավորություն ունեին, նաև` օրենք խախտելու: Եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթզապ կամ նման մեսենջերով, անմիջական գաղտնալսում հնարավոր չէր։ Գուցե հեռախոսի մեջ տեղադրվել է լրտեսական ծրագիր։ Մասնագետների գործը մասնագետներին թողնենք` հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը կպարզի: Հարցի երկրորդ կողմն է` ինչպե՞ս է ԱԱԾ-ՀՔԾ պետերի խոսակցությունը հայտնվել համացանցում: Դա ևս թողնենք հետաքննությանը` հուսալով, որ տեխնիկապես հնարավոր է հետքը գտնել:


Խոսակցության բովանդակությունը սկանդալի ամենաանհետաքրքիր մասն է. որևէ մտածող մարդու համար գաղտնիք չէ, որ երբ խոսքը վերաբերում է նախկին նախագահին ու ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին, չէին կարող ձերբակալության որոշումներն ընդունվել դատավորի մակարդակով ու առանց վարչապետի: Եվ պետք չէ հիմա անպարագիծ զարմանք ու զայրույթ կեղծել` այ-այ-այ, ի՞նչ է կատարվել: Այո, ցանկացած քրեական գործի քննության ընթացքում անձի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նախաքննության օբյեկտիվությունն ու զերծ լինելը անօրինական ազդեցությունից: Այո, դատական իշխանությունն անկախ է ցանկացած մարմնից կամ անձից: Դատավորն ինքը պետք է որոշում կայացնի՝ առաջնորդվելով ներքին համոզմամբ՝ ապացույցների հիման վրա: Այո, բայց այդպես չի լինում: Առավել ևս` Հայաստանում: Նման մակարդակի ու պատասխանատվության որոշումներ ընդունելու պատրաստ պաշտոնյաներ Հայաստանում չկան, դա իրականություն է, որից ոչ զարմանալ է պետք, ոչ շոու սարքել: Քանի՞ մարդ է հավատացել վարչապետի հայտարարությանը, որ թավշե հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում ու չունի իր գաղտնիքները, նույնքան մարդ էլ թող հավատա, որ դատավորը անձամբ ու մենակ էր ընդունելու նախկին նախագահին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշում: Անկախ դատարանը ևս մի զանգով չի ստեղծվում: Օրինակա՞ն է, թե՞ ոչ, մտահոգի՞չ է, թե՞ ոչ, դատապարտելի՞ է, թե՞ ոչ` իրականություն է:

Եթե եղել են մարդիկ, որ կարծել են` ցնցող բացահայտում են անում, որին հաջորդելու են հրաժարականներ, կամ իրավիճակ է փոխվելու, մոլորված են: Դա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ թուլության ու վախի: Եվ ոչինչ չի փոխի, որ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել առերևույթ Վանեցյանի ու Խաչատրյանի` պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ Եթե հարվածն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին` իբր բացահայտելու, որ նա ստում է, թե չի խառնվում դատական իշխանության գործերին, ստացվեց ոտնձգություն Սահմանադրության ու օրենքների, պետության դեմ: Եվ հիմնավոր փաստարկ տվեց Նիկոլ Փաշինյանին` ինչու՞ պիտի սկսված քրեական գործերը ավարտին հասցվեն ու ինչու՞ պիտի մեղավորները պատժվեն: Յութուբի տեսագրությունը դարձավ իրեղեն ապացույց, որ Հայաստանում գործում է հակահեղափոխություն: ՈՒ՞մ էր դա պետք: Պատասխանը բնավ միանշանակ չէ:
Սեպտեմբերի 11-ի անակնկալները Յութուբով միայն չմատուցվեցին: Ասուլիս հրավիրեցին ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարները: Տրամաբանական կլիներ` խոսեին գաղտնալսման ու հրապարակման մասին, իրենց անելիքների ու խոսակցության բովանդակության, նրանք գերադասեցին… նոր բացահայտումներ անել Մարտի 1-ի գործով` թեման դարձնելով իրենց պաշտպանության միջոց: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց փաստեր, որ գուցե մեծ հայտնություն չէին, բայց հետաքննության մաս են դարձել: Նա հերքեց Ռոբերտ Քոչարյանի պնդումները, թե բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Ասաց` քննությամբ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է, այլև կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Ասաց` կոնկրետ ապացույցներ կան, որ ԶՈւ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեոյի փողոցի պատշգամբների ուղղությամբ, որտեղից վառվող շիշ է նետվել: Ասաց. «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է, որ Երևանում պետք է հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի, և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, արդյունքում եղել է նաև դիվերսիա. սա նույնպես ապացուցված է քրեական գործում: Այսինքն, ազդել է բանակի մարտունակության վրա»:

Բացի այդ. «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ունենք հստակ ապացույցներ: Նա սպանվել է, երբ արդեն Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար»: ՀՔԾ պետն օլիգարխներին էլ չխնայեց. «Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր զինվորներին վարձկաններ սարքելն է, որը քրեական գործով հիմնավորվել է։ Օլիգարխների կողմից, այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որ նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը: Մատյանը առգրավվել է ՀՔԾ-ի քննիչի կողմից, որտեղ հատ-հատ նշված են այն զինծառայողները և գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոնյաների հաշիվներից, որոնք կհրապարակենք հետագայում»: Եթե այս տեղեկությունները նախաքննության գաղտնիք էին, ինչու՞ հրապարակվեցին սեպտեմբերի 11-ին: Խնդիրը ուրիշի մեղավորությամբ սեփական մեղավորությունը երկրորդ պլան մղե՞լն էր: Փաստացի` եթե գաղտնալսվում է ԱԱԾ-ի պետի հեռախոսը, ԱԱԾ-ն չի ապահովում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսակապի անվտանգությունը: ՈՒրեմն` նաև վարչապետի, նախագահի, Աժ նախագահի, պաշտպանության ու ԱԳ նախարարների, այլ անձանց, որ առնչվում են պետական գաղտնիքների: Ինչքա՞ն գաղտնիքներ են դեռ «ուղիղ եթերում» հայտնվելու՝ հարցը ամենավերջինն է: Ի՞նչ երաշխիք, որ տեղեկություններն ընդամենը ուղղվելու են իշխանության, այլ ոչ թե պետության դեմ: Այս հարցերին պիտի պատասխաներ ասուլիսը, փոխարենը ասպարեզ բերվեց Մարտի 1-ը: ՈՒ` ի՞նչ: Հետևելու՞ են նոր ձերբակալություններ` զինվորին վարձկան դարձրած օլիգարխների և հենց այդ զինվորների: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը չի՞ արտահանձնվելու Հայաստանին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դատարանի առաջ չի՞ կանգնելու: Ռոբերտ Քոչարյանի հարցը փակվե՞ց:

Սրանք հարցեր են, որ այս օրերին ստվերվեցին` կորչելով սկանդալի մեջ: Ավելի ստույգ` բոլորին ու ամեն ինչ իր անձով ծածկում է Նիկոլ Փաշինյանը: Եվ այստեղ են սկսվում հիմնական խնդիրները: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը փոխարինում է պետական կառավարման համակարգին և, բոլորի գործողությունների պատասխանատվությունը ստանձնելով, անձամբ դառնում է ամենամեծ վտանգը ժողովրդավարության համար: Նա չի կարողանում ձերբազատվել ընդդիմադիրի վարքագծից և շարունակում է շանթ ու որոտ արձակել հանրահավաքներում, որ վարչապետի կերպարին անհարիր է: Հրամաններ է տալիս, որոնց կատարումը փակուղու մեջ է դնում պետական կառավարման մարմիններին: Օրինակ, ի՞նչ տվեց գաղտնալսման ու Յութուբում խոսակցության տեղակայման փաստի բացահայտմանը Սամվել Ալեքսանյանի ու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների «ասֆալտին պառկացնելը»: Օլիգարխների թիկնազորի ցրման խնդի՞ր կա, օրենքը պետք է փոխվի, ոչ թե ոստիկանապետին հրամայվի` ձերբակալեք: Հետո էլ` բաց թողեք: Որ ի՞նչ: Ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ յութուբյան սկանդալի հեղինակը երկրորդ պետություն չէ: Առավել ևս` մի իրավիճակում, որ այդ երկրորդ պետությանը ձեռնտու է ՀՀ նոր իշխանությունների վարկաբեկումը: Ինչքա՞ն նա պիտի դեռ քաղաքականացնի ամեն ինչ ու ենթարկի իր հախուռն որոշումներին` ժամանակ ու հնարավորություն չտալով մասնագետներին ուսումնասիրելու ու պարզելու կատարվածը: ՀՀ նախկին վարչապետերը հերթով բողոքում էին, որ կախարդական փայտիկ չունեն: Փաստորեն, կախարդական փայտիկն ընդամենը մտքով անցածն իրական համարելու և ուրիշներին համոզելու կարողությունն է, որ լիուլի ունի Նիկոլ Փաշինյանը: Հարցը արդյունքն է: Կամ` ինչու՞ են Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական կատաղի պայքարի կարգավիճակ ստացել` չգիտես ում դեմ, ինչու՞ են վերածվել «սպիտակների» ու «սևերի» պայքարի, որտեղ կա միայն մեկ «սպիտակ»` Հայկ Մարությանը, մնացածները «սև» են: ՈՒ դա հայտարարվում է հրապարակավ` ՔՊ-ի թեկնածուի համար 80-90 տոկոս ձայնի ակնկալիքով: Նիկոլ Փաշինյանն անձամբ է վարում ՔՊ-ի ընտրարշավը ու, որպես քաղաքապետի թեկնածու, Հայկ Մարությանին դիմազրկում է, քաղաքապետ ընտրվելու է վարչապե՞տը: Իրականում կան ավելի բարդ խնդիրներ ու լուրջ վտանգներ, որոնց Նիկոլ Փաշինյանը գերադասում է տալ մեկ ընդհանրական պատասխան` «Իշխանությունը ես չեմ, իշխանությունը դուք եք, ժողովուրդ ջան»: Այս նույնացումն ամենավտանգավորն է: Ժողովրդի աջակցությունը չպիտի դառնա սեփական անսխալականության պատրանք, քաղաքական նարցիսիզմը դառը պտուղներ է տվել միշտ: Թավշե հեղափոխությունը սպառնում է վերածվել ֆենոմենալ բլեֆի, որի հիմքում մարդկանց հավատն էր, իսկ հետևանքը ամեն ինչ փայլուն տեսնելու պատճառով իրականությունից խուսափող վարչապետի ֆիասկոն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նկատե՞լ եք, որ նոր Հայաստանի ամենաբնորոշ հատկանիշը դարձել է կիսատ-պռատությունը: Բացահայտու՞մ են` կիսատ-պռատ: Մեղադրու՞մ են` կիսատ-պռատ: Արդարանու՞մ են` կիսատ-պռատ: Դիմադրու՞մ են` կիսատ-պռատ: Կիսատ-պռատ հեղափոխության հետևանքը կիսատ-պռատ հակահեղափոխությունն է ու նրա դեմ կիսատ-պռատ պայքարը` կիսատ-պռատ շոուներով: Դիլետանտների համաճարակ է:
Բարի լույս, Հայաստան, մնացածը կանցնի:

Դիտվել է՝ 1539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao