USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Այդ գնահատականը չի խարխլում պետության հիմնասյուները»

«Այդ գնահատականը չի խարխլում պետության հիմնասյուները»
14.09.2018 | 03:02

Կադրերի փոփոխությունը բոլոր ոլորտներում «արյան փոխներարկման» դեր է խաղում, սակայն դրա իրականացումը պրոֆեսիոնալ կադրերի հաշվին նմանվում է «իմունային» համակարգի խախտման։ Գաղտնիք չէ, որ զարգացումն ապահովում են կադրերը, և դա հնարավոր է հին ու նոր կադրերի համադրմամբ։ Վերջին շրջանում նոր իշխանությունները կարծես որդեգրել են բոլոր ոլորտներում վերից վար կադրերի փոփոխության քաղաքականություն։ Այդ մոտեցումը կօգնի՞ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թե՞, այնուհանդերձ, ճիշտ էր պրոֆեսիոնալ կադրերին պահպանել իրենց տեղերում։ Ի վերջո, այնպես չէ, որ բոլոր պաշտոնյաները խաբեբա են եղել և կոռումպացված։ Այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։

-Չգիտեմ` որտեղի՞ց է նման քաղաքականության մասին Ձեր տեղեկությունը. իշխանությունները նման բանի մասին չեն հայտարարել,- ասաց մեր զրուցակիցը։
-Չեն հայտարարել, սակայն ԶԼՄ-ները հետևում են գործընթացներին։
-Այսինքն, կառավարության գործելաոճի՞ց եք եզրակացնում։ Եթե ելնենք գործելաոճից, ապա կարելի է այն դիտարկել այսպես. այն ոլորտներում, որոնք տնօրինում են, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվոտայով պաշտոն ստացած կադրերը, տարիներ շարունակ պաշտոնավարողներն իրականացրել են սոսկ հնամոլական աշխատանք։ Դրա արդյունքում ոչ միայն առաջընթաց չենք ունեցել, այլև արձանագրվել է հետընթաց։ Ճիշտ կլինի խոսել կոնկրետ իմ օրինակով. մեր մարզում նույն խնդիրն է։ Բացի հայեցողական և քաղաքական պաշտոններից մնացած բոլոր քաղծառայությունների աշխատակիցները իմ նշանակման պահից մինչ օրս, կարելի է ասել, չեն փոխվել, քանի որ ընդամենը երկու-երեք աշխատող է ազատվել, այն էլ` իրենց դիմումի համաձայն։ Ինչ վերաբերում է հայեցողական և քաղաքական պաշտոններին, այդտեղ կադրային փոփոխությունները պայմանավորված են քաղաքական իրողությունների փոփոխությամբ։ Ելնելով մեր քաղաքական թիմի նպատակահարմարությունից, իմ նշանակման առաջին երկու շաբաթում վերը նշված պաշտոններում նոր նշանակումներ են եղել։
-Դուք գրեթե երեք ամիս Կոտայքի մարզպետն եք, մարզի բնակիչներին որքա՞ն ժամանակ անց կարող եք հավաստիացնել, որ իրենց կենցաղի բարելավմանն ուղղված Ձեր ծրագրերը ոչ թե գովազդային են, այլ կոնկրետ ժամանակահատվածում կիրականացվեն։
-Կարծում եմ` դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ ծրագրերը գովազդային են։
-Ոչ, ես հետևում եմ գործընթացներին, շփվում մարդկանց հետ, և իմ այս հարցադրումը մարդկանց գնահատականների հիման վրա է ձևավորվել։ Իհարկե, կոռուպցիոն դաշտում մեկը մյուսի հետևից աղմկահարույց բացահայտումները կարևոր են, սակայն այս պահին խոսքը մարդկանց, մասնավորապես, Կոտայքի մարզի, բնակիչների կենցաղի բարելավման մասին է։ Իհարկե, երեք ամսում շատ բան չէիք հասցնի բարելավել, սակայն կարո՞ղ եք ասել, թե երբ մարդիկ իրենց վրա կզգան դրական փոփոխությունները։
-Խոսք տալու փոխարեն ավելի ճիշտ եմ համարում մատնանշել արդեն իրականացված գործերը։ Տեսեք, 2,5 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է կյանքի կոչել մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կամ էլ ստեղծել դրանց իրականացման համար լավ նախադրյալներ։ Մասնավորապես, շուրջ մեկ տասնյակ գյուղերում վերանորոգվելու են նախակրթարանների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների շենքերը։ Այս գործն արագ գլուխ բերելու համար մի քանի համայնքների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնելու այդ ծրագրում։ Բա ինչու՞ տասնամյակներ շարունակ այդ պատրաստակամությունը չի եղել. հետևությունը թողնում եմ ընթերցողին։ Որպես կենտրոնական իշխանությունների կողմից նշանակված իրավասու անձ, մասնագիտական և իրավական հսկողություն եմ իրականացնում մարզերում` աշխատանքային շրջայցերի ժամանակ առաջնահերթ մատնանշում եմ այն ոլորտների կարգավորումը, որոնք ուղղակիորեն նշանակություն ունեն մեր մարզի բնակիչների կյանքի որակը բարձրացնելու հարցում։
-Պարոն Պետրոսյան, այնուհանդերձ, որպես ՏԻՄ ղեկավար, գործնականում ի՞նչ եք արել այս 2,5 ամսվա ընթացքում մարզի բնակիչների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ։
-Այս պահին շուրջ 11 համայնքում մշակույթի և արվեստի դպրոցների համար մշակում ենք սուբվենցիոն ծրագրեր։ Մի շարք համայնքներում շենքերն արդեն պատրաստ են։
-Այո, բայց այդ շենքերը վերջին 3-4 ամսում չեն հիմնանորոգվել, դրանք արդեն կային։
-Այո, սակայն կար գույքի և կահավորման խնդիրը, որը լուծվում է մեր կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։ Շուտով երեք մանկապարտեզ ևս կկահավորվի և դռները կբացի երեխաների առաջ։ Մինչ իմ նշանակումը գործում էր ՄԱԿ-ի պարենային ծրագրով նախատեսված «Տաք սնունդ» ծրագիրը, իմ նշանակումից ի վեր իրականացված աշխատանքի արդյունքում 80 դպրոցում այս ծրագիրը կգործի, այսինքն, ծրագիրը ներդրված էր 40 դպրոցում, և հիմա դրանց թիվը կավելանա։
-Ինչպես նշեցիք, «Տաք սնունդ» ծրագիրը նորություն չէ մարզերում, այն Հրազդանում գործում էր մեկ տարուց ավելի։
-Այո, այն նախկինում հռչակված ծրագիր է, սակայն այստեղ կարևորն այն է, որ կարճ ժամկետում շուրջ 40 դպրոց միանգամից ընդգրկվեց այդ ծրագրի մեջ։ Իմ ղեկավարման ժամանակահատվածում տրանսպորտի, կապի և տեղեկատվության նախարարության հետ համատեղ աշխատանքներ ենք իրականացրել Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգման ընթացքում առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։
-Իսկ Հրազդանի ներքաղաքային ճանապարհները կբարեկարգվե՞ն, կասֆալտապատվե՞ն և ե՞րբ։
-Այս պահին առնվազն փոսալցման մակարդակով ճանապարհները բարվոք վիճակում են, այդ խնդիրը այսքանով ենք լուծել, սակայն նպատակներն ավելին են։ Մի շարք համայնքներում լուծված է խմելու և ոռոգման ջրի խնդիրը։ Այո, Դուք ճիշտ եք, 2,5-3 ամիսը բավականին քիչ ժամանակ է մարզում կուտակված խնդիրները լուծելու համար, սակայն մենք դրանք հաղթահարելու և լուծելու հարցում ոչ միայն մարտական ենք տրամադրված, այլև գիտենք մեր անելիքը։
-Դրա համար եմ հարցնում` ե՞րբ Ձեր մարզի բնակիչները փոփոխությունը կտեսնեն։
-Տեսնողն այսօր էլ է տեսնում` մարզպետի այցելությունները, բաց և թափանցիկ աշխատելաոճը, նրա հասանելիությունն արդեն Ձեր հարցի պատասխանն են։
-Մարզպետի հասանելիությունը ի՞նչ է տալիս մարդուն, լուծու՞մ է նրա հացի խնդիրը։
-Եթե մարդը խնդիր ունի և չգիտի, թե ում դիմի, ավելին, տասնյակ տարիներ անընդհատ բախվել է պատին, ապա մարզպետի հասանելիությունը, այո, կարող է լուծել այդ մարդու խնդիրը։
-Ի՞նչ եք կարծում, եթե մարդն անընդհատ Ձեզ մոտ գա իր խնդիրներով, Դուք նրան համբերատարությամբ լսեք, սիրալիր լինեք, ինչպես ասում են, ջան-ջիգյար անեք, բայց նրա խնդիրները չլուծվեն, նա կշարունակի՞ Ձեզ ընկալել ու ընդունել։
-Եթե այդպիսի բան լինի, ես կխուսափեմ այդ մարդու հետ երկրորդ անգամ հանդիպելուց։
-Այսինքն, բացառում եք, որ հասանելի լինեք, բայց մարդկանց խնդիրները չլուծեք։
-Բացառում եմ։ Տասնյակ տարիներով կուտակված խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ մարդկանց ականջալուր չեն եղել, և այդ խնդիրները բարձրաձայնելու «խողովակները» չեն գործել։ Մարզպետը պետք է լսի իր ժողովրդին և նրա խնդիրները պատվիրակի իրավասու անձանց։
-Պարոն Պետրոսյան, այն, որ վաղուց ժամանակն էր Հայաստանում լուրջ փոփոխությունների, երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն մյուս կողմից ասել, որ նախկին բոլոր իշխանությունները ոչինչ չեն արել, կնշանակի, որ մենք պետություն չենք ունեցել. չե՞ք կարծում, որ դրանով կարող ենք հարվածել ոչ թե ՀՀ-ին 2-րդ կամ 3-րդ նախագահներին, այլ մեր պետականությանը։ Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում սևին ասել սև, սպիտակին` սպիտակ։
-Մենք չենք ասում, որ ոչինչ չի արվել։ Ասում ենք, որ շատ վատ է արվել։ Դուք հիմա հիպոթետիկ հարց եք հնչեցնում։ Եթե ամեն ինչ սևացվում է սուբյեկտիվորեն, ապա շատ վատ է։ Եթե այդ ամենի տակ խորքային վերլուծություններ, ուսումնասիրություններ և փաստեր կան, ապա այդ գնահատականն ինչ-որ տեղ օբյեկտիվ է հնչում և չի խարխլում պետության հիմնասյուները։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao