USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Հոռոմցիները զրուցասեր չեն, հատկապես, երբ զրուցակիցը լրագրող է

Հոռոմցիները զրուցասեր չեն, հատկապես, երբ զրուցակիցը լրագրող է
14.09.2018 | 03:08

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչների նախնիների մի մասը գաղթել է 1829-1830-ին՝ Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից: Հոռոմի (Խորում, Խուրում, Օրոմ) անվան ծագման հետ կապված ավանդություններից մեկի համաձայն՝ Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը ժամանակին եկել է այստեղ ամառանոց։ Ղալաչի լեռան վրա հիմնել է մի փոքրիկ ամրոց, և գյուղն էլ կոչվել է Հոռոմ՝ Հռիփսիմե։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ Պարսկաստանում ապրող մի հռոմեացի ժամանակին եկել է այստեղ, գյուղ հիմնել, որը նրա անունով կոչվել է Հոռոմ:

ՀՈՌՈՄՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Հոռոմ համայնքում բնակիչները դժվարությամբ են զրույցի բռնվում օտարի հետ, հատկապես, եթե օտարը լրագրող է: Մի քանիսը խուսափեցին, բայց ի վերջո հաջողվեց զրուցել տաքսու վարորդի հետ: «Հոռոմցիք չխոսկան են, մարդիկ նեղությունից լարվում են, դե, ամեն ինչ ապրելակերպից է: Գյուղի խոպանչիները շատ են, բայց կարծես Ռուսաստան գնալու նախկին ոգևորությունը չկա: Դրսի աշխատանքն էլ հարմար չի, ռուսական ռուբլու կուրսը ընկել ա, ուղարկած գումարից բան չեն հասկանում, դրա համար գնալը նպատակահարմար չի: Գյուղապետն էլ սովորական տղա ա, գյուղամիջում ամեն օր հանդիպում ա մարդկանց, զրուցում հետները: Գյուղի մասին որ ուզում ես բան իմանալ, տաքսիստներին հարցրու: Դե լավ, պատվեր ունեմ»,- ասաց տաքսու վարորդն ու հեռացավ:
Թեև կցկտուր, սակայն հաջողվեց զրուցել ևս երկու-երեք բնակչի հետ, որոնք դժգոհ էին գյուղի կյանքից, իրականացվող աշխատանքներից և էլի հազար ու մի բանից:
«Եթե ինձանից դժգոհ են, բա 1000 հոգուց 800-ը ինձ ինչի՞ են ընտրել: Գյուղի ժողովուրդն էլ է փոխվել, գյուղացին ուզում է քաղաքացու նման ապրել, բայց ինչի՞, եթե գյուղում ես ապրում, ուրեմն գյուղացու նման պիտի ապրես, ուրեմն կարտոֆիլ էլ պիտի ցանես, սոխ ու կանաչի էլ, անասուն էլ պիտի պահես»,- ասում է 2012-ից Հոռոմի համայնքը ղեկավարող ԱՇՈՏ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ:


Համայնքապետը զարմանում է աշխատատեղերի բացակայությունից դժգոհող հոռոմցիների վրա: Նրա խոսքով՝ Հոռոմի շրջակա տարածքներում ոռոգման համակարգի շինարարության համար աշխատող ձեռքի պահանջ կա՝ ամիսը 300 հազար դրամ աշխատավարձով, 4-5 բրիգադ այժմ աշխատում են, սակայն հոռոմցիները 30 հազար դրամ նպաստը գերադասում են աշխատելուց: «Մեր ժողովրդին պետք է վարկ չտան, գիտե՞ս ինչի: Բերեմ համագյուղացիներից մեկի օրինակը. երկու տարի որոշեց վարկ չվերցնել, որ ճիշտն ասեմ, սև ցուցակի մեջ էր ընկել, չէր էլ կարող վերցնել: Հիմա աշխատում, պարտքերը փակում է, դեռ 2 միլիոն դրամի ընդհանուր արժողությամբ էլ անասուն է գնել: Մյուսները որ ուզեն, չեն աշխատի՞»,- ասում է Աշոտ Պասկևիչյանը:


Զրույցն այնուհետև ծավալվեց համայնքի ծրագրերի շուրջ:
Հոռոմն ունի 2100 բնակիչ, ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում 500-600 մարդ: Համայնքում աշխատատեղերը քիչ են՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, նախակրթարան: Համայնքի սեփական եկամուտը 2017-ին կազմել է 13 մլն դրամ, իսկ պետության տրամադրած դոտացիան՝ 50 մլն: Սեփական եկամուտների հավաքագրումը տարբեր աղբյուրներից կատարվել է 60 տոկոսով:


Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրը (խոշորացման ծրագրով ներառված է Աշոցք համայնքում) տարածաշրջանում առավել հայտնի է իր աղբյուրների քաղցրահամ ջրով: Եթե որևէ շիրակցի իր ողջ գիտակցական կյանքում հնարավորություն չի ունեցել այցելելու Ղազանչի, մի բան հստակ գիտի՝ ջուրը, որ օգտագործվում է մարզի շատ բնակավայրերում, ղազանչվա է: Երկար տարիներ ջրազուրկ Հոռոմ համայնքն ադեն ապահովված է Ղազանչիի խմելու ջրով՝ 24 ժամ անընդմեջ: Ոռոգման համար համայնքը սնվում է Վարդաքարի ջրամբարից: Հոռոմ համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրներից է արոտների ջրարբիացումը և անասունների ամառանոցի վերանորոգումը: Ներդրումների շնորհիվ գյուղից 15 կմ հեռավորության վրա հեռագնա արոտավայրերում արդեն կառուցվել են անասունների ամառանոց, հովվի տուն, կատարվել է ճանապարհների հարթեցում, աղբահանությունն իրականացվում է շաբաթը մեկ անգամ, քանի որ մթերքի ավելցուկով գյուղացին կերակրում է անասուններին:


Հոռոմի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են: Գյուղի հողային հարստությունը կազմում է 1600 հեկտար վարելահող, 800 հեկտարը գարի և ցորեն է, 400 հեկտարը՝ ջրովի հողատարածքը, 1300 հեկտարը՝ արոտավայր, մնացածը խոտհարք է: Տնամերձերում և ջրովի հողատարածքներում մշակվում են կարտոֆիլ, բազուկ, ճակնդեղ, կտավատ և այլ մշակաբույսեր: Համայնքը հարուստ է մրգատու այգիներով: Քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, որն էլ թույլ կտա հնդավոր պտղատեսակներիների ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, ուստի Հոռոմ համայնքում սպասում են ծրագրի մեկնարկին:


Համայնքում մսի իրացումը եկամտաբեր չէ: Գյուղն ունի 600 մանր և 2000 խոշոր եղջերավոր անասուն, կաթը վաճառվում է 140 դրամով, մսի գինը որոշում են վերավաճառողները, որոնք հիմնական գնորդն են՝ բնականաբար իրենց համար մատչելի գնով:
Գյուղը գազաֆիկացված է, սակայն բազմաթիվ գյուղերի նման ձմռանը ջեռուցման հիմնական միջոցը վառելափայտն ու գոմաղբն են: Հոռոմի ճանապարհներն էլ երբեմն տուժում են ռուսական ռազմաբազայի ծանրաքարշ մեքենաների անվադողերից: Գյուղն ունի մշակույթի տուն, տարեցների համար նախատեսված հանգստի սենյակ, պարի և սպորտի խմբակներ, գրադարան:


«Գյուղում 100 երեխա կա, 25-ը հաճախում են նախակրթարան: Մանկապարտեզի շենքը ավերված վիճակում է, վերակառուցման համար անցյալ տարի 1 միլիոն դրամի ներդրում ենք արել, շուտով շինարարական աշխատանքները կսկսվեն: Գյուղի խնդիրներն ըստ առաջնահերթության իրականացնում ենք: Համայնքապետի աշխատանքը դժվար է: Մինչ այդ եղել եմ ավագանու անդամ, դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ, դպրոցի տնօրեն, հետո արդեն համայնքի ղեկավար: Իմ աշխատանքային խմբում ընդգրկված են բարձրագույն կրթությամբ 7 երիտասարդներ, որոնք նվիրված են համայնքին և իրոք գործ են անում»,- մեր զրույցի վերջում ասաց Աշոտ Պասկևիչյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao