Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այն երկու ամիսը, որ գալիս եմ Հայաստան, ավելի երկար եմ ապրում, քան այնտեղ՝ մեկ տարում»

«Այն երկու ամիսը, որ գալիս եմ Հայաստան, ավելի երկար եմ  ապրում, քան այնտեղ՝ մեկ տարում»
14.09.2018 | 03:31

Նկարիչների միությունում բացվել է չեխաբնակ գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա 70-ամյակին: Ներկայացված են տարբեր տարիներին արված 43 ստեղծագործություններ, որոնք երևանյան ցուցադրությունից հետո կներկայացվեն Արցախում: Նշենք, որ Աշոտ Առաքելյանը արժանացել է Արցախի վաստակավոր նկարչի կոչման:

«Առաջին անգամ չէ, որ ցուցադրվում ես այս դահլիճներում, առաջին անգամ չէ, որ մենք առիթ ենք ունենում տեսնելու քո հրաշալի ստեղծագործությունները: Ոգևորիչ են նաև քո մարդ, հայ տեսակը, ազգանվեր կենսակերպն ու գործունեությունը: ՈՒրախ եմ, որ մենք այլ երկրներում ունենք այնպիսի հայեր, ինչպիսին Աշոտ Առաքելյանն է: Մեկ-մեկ հպարտությամբ ասում ենք, որ աշխարհով մեկ սփռված տասը միլիոն հայություն ունենք, բայց անհատներն են, որ պահպանում են կապը Հայաստանի, Արցախի հետ»,- ասաց նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ:
Բանաստեղծ, նկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԸ նշեց, որ հնարավորություն ունենք տեսնելու լավ արվեստ, հաղորդակցվելու գեղեցիկ աշխատանքների, գույնի, գծի, ռիթմի հետ, նկարների, որոնք նաև երաժշտական հնչողություն ունեն. «Լուսավոր ռիթմերով, գույների երևակումներով Աշոտ Առաքելյանը մեզ ներկայացնում է իր աշխարհը և կարողանում է ստեղծել այն կապը արվեստասերի հետ, որը հոգեղեն բավարարվածություն է հաղորդում մարդկանց: Դրա կարիքը մենք շատ ունենք»: Արևշատ Ավագյանի բնորոշմամբ՝ չեխաբնակ նկարիչը տիրապետում է նաև մարդ լինելու թանկարժեք արվեստին, նա լավ բնավարություն ունի, ընկերասեր է, բարեկամասեր, արվեստասեր:


Ծաղիկների նուրբ աշխարհը Աշոտ Առաքելյանը պատկերում է մեծ ու փոքր երկաթյա գործիքներով: Վրձին քիչ է օգտագործում: Նկարելիս չի շտապում, բայց չի կարող նաև դանդաղ աշխատել: Եթե մի քանի օր թողնի աշխատանքը, յուղաներկը չորանա, չի կարող աշխատել: Մեզ հետ զրույցում նշեց, որ 15 տարուց ավելի է տեխնիկական այդ հնարքը կիրառում է: Նրա կտավները մոդեռն ռեալիզմի ժանրում են, թեև ասում է, որ իրականում դժվար է բնորոշելը: Ծնունդով արցախցի նկարիչը վեց տարեկանից ապրել է Երևանում, հետագայում տեղափոխվել բնակության Չեխիա: Նա չի սահմանազատում Արցախն ու Հայաստանը, հավասարաչափ հարազատ են: Ամեն տարի գալիս է, մասնակցում խմբակային ցուցահանդեսների: Իսկ ահա Չեխիայի համար ասում է. «Կյանքիս կեսն անցկացրել եմ Չեխիայում, ես տնից տուն եմ գնում, բայց Հայաստանն է իմ հայրենիքը: Հին Հռոմում ստրուկներից մեկը տիրոջն ասում է՝ ցանկանում եմ այս տարի ավելի երկար ապրեք, քան անցյալ տարի, տիրոջը դուր է գալիս դա և ազատություն է տալիս ստրուկին: Ասածս այն է, որ այն երկու ամիսը, որ գալիս եմ Հայաստան, ավելի երկար եմ ապրում, քան այնտեղ՝ մեկ տարում: Չնայած Չեխիան էլ իր հետաքրքրությունն ունի»:


Աշոտ Առաքելյանը նկարիչ լինելուց զատ համաշխարհային պատմությանը քաջատեղյակ պատմաբան է, Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց պատմության ամբիոնի պատվավոր անդամ, Չեխիայի, Հայաստանի և Ղարաբաղի նկարիչների միության անդամ։ Հաճախ է ցուցահանդեսներ ունենում Չեխիայում, նաև հանդես է գալիս հրապարակախոսական գործունեությամբ, տպագրում է հոդվածներ, ելույթներ է ունենում հեռուստատեսությամբ` արծարծելով հատկապես Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ:


Հավելենք, որ 2017-ին չեխաբնակ նկարիչը հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվեց մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ