Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեդվեդևան հաճելիորեն զարմացրել է

Մեդվեդևան հաճելիորեն զարմացրել է
14.09.2018 | 04:19

Սեպտեմբերի 9-ը ռուսական գեղասահքում ստուգիչ սահքի օր էր, Մոսկվայում էին հավաքվել այդ երկրի ընտրանին կազմող բոլոր գեղասահորդները: Բնականաբար, հայերիս բացառիկ հետաքրքրության կիզակետում էր մեր հայրենակից, մենասահորդ Եվգենյա Մեդվեդևան, որը վերջին օլիմպիական խաղերից հետո, որտեղ արժանացել էր արծաթե մեդալի, հեռացել էր իր երկարամյա մարզիչ Էթերի Թութբերիձեից ու, մարզչի որակում հանրահայտ Բրայան Օրսերին նախընտրելով, բռնել էր հեռավոր Կանադա տանող ճանապարհը:

Ստուգարքը Մեդվեդևան փայլուն է անցել. մասնագետները միաբերան նշում են նրա սահքին փոխանցված մեղմությունը, շաժումների առանձնահատուկ նրբագեղությունն ու էլի մի շարք ցուցիչներ, որոնք առավել տեսանելի են նեղ մասնագետներին:
Փոխարենը տհաճորեն զարմացրել է վերջին օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ալինա Զագիտովան: Նա երկու անգամ ձախողել է թռիչք-պտույտ վարժություններն ու վայր ընկել, ընդհանուր առմամբ ցույց տալով ոչ չեմպիոնական սահք, ինչի պատճառով էլ արժանացել է մասնագետների, այդ թվում և իր երդվյալ կողմնակիցների սուր քննադատությանը:
Գնահատականների մեջ առանձնակի սուր է եղել հանրահայտ Տատյանա Տարասովան, ով խոսքի համար գրպանը մտնողներից չէ. «Ալինան անվիճելիորեն տաղանդավոր մարդ է, սակայն ես չեմ տեսնում, որ նրա աչքերը փայլում են, ու դա շատ տխուր է: Երբ նա անցած տարի ձեռքերը պարզում էր վեր, աչքերը վառվում էին, իսկ դա գլխավոր հատկանիշներից է այն բանի, որ դու ցանկանում ես հաղթել»:


Չնայած նրա երկրպագուների մեծ բանակի կողմից ցույց տրված աջակցությանը, շատերն են այն կարծիքին, որի Զագիտովայի սահքի բեմականացումը ինչ-որ թարմ տեսք չունի՝ դրա մեջ տեսնելով նրա պարուսույցների մեղքի բաժինը: Անձամբ Զագիտովան բավական հանգիստ է վերաբերվել իր ելույթին՝ նշելով, որ ընդամենը մրցաշրջանի սկիզբն է, և ինքը մտնում է նոր կերպարի մեջ. «Ես այսօր փոքր-ինչ հուզվում էի, որովհետև օլիմպիադայից հետո դա առաջին ցուցադրական մեծ ելույթն էր հանդիսատեսի առաջ: Խաղերից հետո հաջողվել է երկու շաբաթ հանգստանալ, որից հետո սկսվել է նոր մրցաշրջանին նախապատրաստվելու փուլը: Էյֆորիան անցել է, ես շահել եմ օլիմպիական ոսկին, իսկ հետո մտածում էի՝ մի՞թե այս ամենն ինձ հետ է եղել: Մրցաշրջանն օլիմպիական չեմպիոնի կարգավիճակից սկսելը բարդ է, դա պատասխանատու է նաև, ես նկատում եմ, որ հոգեպես հասունացել եմ»:


Ի միջի այլոց նկատենք, որ մոսկովյան այս առաջին ստուգատեսին զուգահեռ շատերի համար հետաքրքրական է եղել, թե հանդիպելիս ինչպես կպահեն իրենց Մեդվեդևան ու Տուտբերիձեն, ովքեր, այնուամենայնիվ իրարից բաժանվել են գրեթե բան չասած: Սակայն թե՛ կազմակերպիչներն էին այդպես ցանկացել, թե՛ այլք, այնպես է ստացվել, որ Մեդվեդևան ու Զագիտովան (այդ թվում, բնականաբար, Տուտբերիձեն) սահադաշտ են ելել միանգամայն իրար հակադիր անկյուններից, ինչը գործնականում բացառել է նրանց առերես հանդիպելը:
Այնպես որ, հարաբերություններ պարզելը առջևում է, եթե, իհարկե, կողմերը ցանկանան դա անել: Այդուհանդերձ ասենք, որ Տուտբերիձեն օլիմպիական խաղերի ժամանակ այնքան էլ ազնիվ չի եղել վնասվածքները մինչև վերջ չբուժած ու այդ պատճառով մրցումային փորձի պակաս ունեցող Մեդվեդևայի հարցում՝ նրա մրցելույթը պլանավորելով այլ կերպ, Զագիտովայինը՝ այլ, դրանով իսկ լրացուցիչ առավելություն տալով հայ աղջնակի ավելի երիտասարդ մրցակցին:


Լրատվամիջոցները վկայում են նաև Մեդվեդևա-Տուտբերիձե հարաբերությունների ավելի կոշտ դրսևորումներ, որոնք էլ վերջնականապես հունից հանել են մարզուհուն՝ ստիպելով մտածել մարզիչ փոխելու մասին (այդ մասին մեկ ուրիշ անգամ ու ավելի հիմնավոր առիթով):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ