Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը
14.09.2018 | 23:54

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսված զրույցի բովանդակությունից և դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը եզրակացրել է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նկատեց, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունից պարզ է դառնում, որ դատավորը իր անելիքները համապատասխանեցրել է ԱԱԾ տնօրենի հետ, իսկ նա էլ խիստ արհամարհական վերաբերմունք է դրսևորել դատավորի նկատմամբ։ Ըստ փաստաբանի, Քոչարյանի կալանավորման գործընթացը տեղի է ունեցել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի «աննախադեպ խախտումներով»։ «Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները՝ կապված այս գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ։ Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, որոնց իրավունքները կարելի է խախտել, իսկ այդ անձանց պաշտպանությանն ուղղված գործողությունները դիտարկվում են դավաճանություն, դիվերսիա», - հայտարարեց Ալումյանը։ Ներկայացնելով փաստաբանական թիմի հայտարարությունը՝ փաստաբանը նշեց, որ Քոչարյանի պաշտպանությունն ստանձնած անձինք դիտարկվում են որպես սևեր և նրանց նկատմամբ ձևավորվում է անհանդուրժողականության մթնոլորտ։ Ըստ փաստաբանական թիմի, Բարձրագույն դատական խորհուրդը չի պաշտպանում դատավորների անկախությունը այն պայմաններում, երբ նրանց անկախության դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի։

«Մտահոգիչ է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների քար լռությունը։ Տպավորություն է, որ մարդու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ», - հայտարարեց Ալումյանը։ Ըստ փաստաբանական թիմի, բոլոր պատկան մարմինները պետք է կատարվածին համարժեք իրավական գնահատականներ տան։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ