Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
16.09.2018 | 07:29

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Վրաստանում հավատարմագրված 15 երկրների դեսպանների հետ: Նրանք համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ։

Դեսպանների հետ էր Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ հայր Խոսե Ավելինո Բետանկուրը։ Ռուբեն Սադոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել դեսպաններին՝ տեղեկացնելով Հայաստան ճանաչողական այցի մասին։ Այնուհետև իր բարեմաղթանքները դեսպաններին փոխանցել է Գարեգին Երկրորդ Հայրապետը՝ ողջունելով նրանց այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով նման այցելությունները, վստահություն է հայտնել, որ դեսպանները, հաղորդ դառնալով հայ մշակույթին և պատմությանը, հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչելու ու հասկանալու Վրաստանում ապաստան գտած հայորդիներին և դարավոր ավանդույթներ ունեցող հայ համայնքին։ Վեհափառ Հայրապետը խոսել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և հայոց կյանքում քրիստոնեական հավատի դերակատարության մասին, որի շնորհիվ հայ ազգը, պատմության ընթացքում դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերներ, կերտել է իր բազմադարյա պատմությունը։


Անդրադառնալով հայոց պատմության տարբեր հանգրվաններին՝ Նորին Սրբությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու կրած ծանր կորուստները և զրկանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել այն երկրներին, որ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ընդգծել է, որ միայն այդ քայլը մարդկային պատմության հետագա էջերից կբացառի նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը։


Հանդիպման ավարտին պրն․ Սադոյանը դեսպանների անունից շնորհակալության խոսք է ուղղել Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի հարկից ներս ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Վերջում դեսպաններն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ, դիտեցին դարերի ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնում հավաքված սրբությունները և մշակութային բացառիկ գանձերը։

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ