Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հնարավոր է՝ Դիարբեքիր-Երևան ավիաչվերթ իրականացվի

Հնարավոր է՝ Դիարբեքիր-Երևան ավիաչվերթ իրականացվի
16.09.2018 | 16:22

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ընդունել է Դիարբեքիրի նահանգի գործարար պատվիրակությանը՝ նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ և հիմնադիր անդամ Հյուսնու Փերվանեի գլխավորությամբ: Դիարբեքիրցի գործարարն այսպես է բնութագրել հայերի պատմական ներկայությունը նահանգում. «Հայերը ժամանակին մեզ սովորեցրին լավաշ հաց թխել, պղինձ մշակել, գորգ գործել և շատ բան: Հայերի հեռացումով մենք մնացինք անմշակույթ... Այսօր էլ Դիարբեքիրի մասին ցանկացած գովազդային տեսանյութ սկսվում է հայկական երգերով ու մշակույթով»:


Պատվիրակության մյուս անդամները ևս հավաստել են, որ իրենք նախանձախնդիր են Հայաստանի հետ ոչ միայն տնտեսական կապերի ակտիվացմանը, այլ նաև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Բարիդրացիության, հանդուրժողականության և փոխմերձեցման գաղափարի արտահայտությունն է, որ վերջին տարիներին Դիարբեքիրի քաղաքապետարանը երեք միլիոն դոլար է հատկացրել միայն Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնմանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական տնտեսական կապերի հանձնաժողովի համանախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանը կառավարությունը դրական է գնահատում և զորակցում նման նախաձեռնությունները, որոնք յուրովի նպաստում առանձին բարդույթների հաղթահարմանը: «Ցավոք, նման կամ գոնե համեմատաբար մոտ կարծիք ու մտահոգություն այսօր չի դրսևորում Թուրքիայի կառավարությունը, իսկ մեր միակողմանի ջանքերը անպատասխան են մնում թուրքական հանրահայտ դիվանագիտության քաղաքական դաշտում: Հայկական կողմը միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման վերաբերյալ միշտ էլ ներկայացնում է առանց նախապայմանների իր տեսակետը՝ Գնդակը թուրքական դաշտում է... Ահավասիկ՝ այսօր թուրք գործարարները և բեռները ազատ մուտք ունեն Հայաստան հենց թուրքական հասցեով, իսկ հայկականը՝ ոչ: Կարծում եմ՝ ժամանակը այն քավարանն է, որում թուրք հարևանները պատմական ողբերգությունից հոգով ինքնամաքրվելու և Հայաստանի հետ նոր տրամաբանությամբ հարաբերվելու հնարավորություն ունեն: Դարձյալ ժամանակի խնդիր է: Դեռևս 2011-ին Միությունը Դիարբեքիրի նահանգի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, կազմակերպել գործարար հանդիպումներ»,- ասել է Ա. Ղազարյանը:


Դիարբեքիրի գործարարները նշել են, որ «Դիարբեքիր-Երևան» ավիաչվերթ կազմակերպելու մտադրություն ունեն և ակնկալում են Միության աջակցությունը: Այդ նախաձեռնությունը գոհունակությամբ ողջունել է Արսեն Ղազարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Միությունը դեռևս 2009-ին նախաձեռնել էր «Երևան-Վան» ավիաչվերթի ստեղծումը: Նույնիսկ ինքնաթիռի տոմսերը վաճառվում էին, բայց վերջին պահին թուրքական կողմից քաղաքական գործոնը կասեցրեց ավիաչվերթը:


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը Դիարբեքիրի գործարար պատվիրակությանը վստահեցրել է, որ Միությունը այս անգամ ևս ջանքեր կգործադրի ավիաչվերթի ստեղծման համար:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ