USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Հռոմն ու Մոսկվան պայքարում են ուղղափառ եկեղեցու վերահսկողության համար

Հռոմն ու Մոսկվան պայքարում են ուղղափառ եկեղեցու վերահսկողության համար
16.09.2018 | 18:12

Ուկրաինայի կոնֆլիկտը շուտով կարող է հանգեցնել ուղղափառ եկեղեցու տրոհմանը: Սեպտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ուկրաինայի ուղղափառ քրիստոնյաներին հանձնեց Դանիել արքեպիսկոպոս Պամֆիլիացուն և Իլարիոն եպիսկոպոս Էդմոնտոնցուն: Դա ուկրաինական նոր ուղղափառ եկեղեցու ստեղծման նախապատրաստություն է: Ուղղափառ եկեղեցին կազմված է 15 ավտոկեֆալ եկեղեցիներից: Ուկրաինան գտնվում է Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ: Բայց հաշվի առնելով փաստը, որ ռուսակա զորքերը ներխուժել են արևելյան Ուկրաինայի տարածք և մինչև հիմա այնտեղ են` աջակցելով ապստամբներին ու սպանելով ուկրաինացի զինվորներին, միլիոնավոր ուկրաինացիներ ցանկանում են ունենալ սեփական անկախ ուկրաինական ուղղափառ եկեղեցի: Ուկրաինացի արքեպիսկոպոսը ստեղծել է այդ եկեղեցին դեռ 1992-ին, բայց ավտոկեֆալ եկեղեցիներից որևէ մեկը չի ճանաչել: Քանի որ Ուկրաինայի ու Ռուսաստանի աջակցությունը ստացող ապստամբների միջև արդեն 5 տարի քաղաքացիական պատերազմ է, Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնապես դիմել է Բարդուղիմեոս պատրիարքին` ճանաչելու ուկրաինական անկախ ուղղափառ եկեղեցին: Նրա նշանակած երկու եպիսկոպոսները կսկսեն ինքնակառավարվող եկեղեցու նախապատրաստությունը` արևելյան ուղղափառության այդ վերակազմավորումը վերջին մի քանի հարյուրամյակում ամենաարամատականն է:

Ռուս ուղղափառ եկեղեցին դժգոհ է Բարդուղիմեոս պատրիարքի որոշումից: Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և նախագահ Վլադիմիր Պուտինը միավորում են ջանքերը` օգտագործելու կրոնը իբրև Ուկրաինայի վրա ազդեցության ու վերահսկողության միջոց: Եթե Ուկրաինայի ուղղափառ բնակչությունը անկախություն հռչակի Մոսկվայի պատրիարքարանից, դա անելը շատ բարդ կդառնա: Բարդուղիմեոսի որոշման հրապարակումից հետո Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի պատասխանատու միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարեց, որ եթե ուկրաինական ուղղափառ եկեղեցին ավտոկեֆալիա ստանա, Մոսկվայի պատրիարքարանը կխզի կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքի հետ: Բարդուղիմեոսի ու Կիրիլի դիմակայությունը պայքար է արևելյան ուղղափառների ապագայի համար: Համարվում է, որ լինելով էկումենիկ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը միակն է, որ ունի «պատվի առաջնություն» 15 ավտոկեֆալ եկեղեցիների մեջ: Սակայն Կիրիլ պատրիարքը ուղղափառ ամենամեծ եկեղեցու գլուխն է ու աշխարհի ուղղափառների կեսից ավելիի հոգևոր առաջնորդը: Թույլ տալ Ուկրաինայի բնակչությանը ձևավորել սեփական ուղղափառ եկեղեցի` նշանակում է ամրապնդել Բարդուղիմեոսի դիրքերը ու թուլացնել Կիրիլինը: Եթե ռուս ուղղափառ եկեղեցին կատարի իր սպառնալիքը ու խզի կապերը Բարդուղիմեոսի հետ, ուղղափառ մյուս եկեղեցիները ստիպված են լինելու ընտրել` ու՞մ հետ լավ հարաբերություններ ունենալ` Բարդուղիմեոսի ու Ուկրաինայի՞, թե՞ Ռուսաստանի: Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքի ու Մոսկվայի պատրիարքարանի խզումից շահում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Արևելյան ուղղափառ եկեղեցին կաթոլիկ եկեղեցուց բաժանվել է 11-րդ դարում: 1970-ականներից Հռոմի կաթոլիկ եկեղեցին փորձում է վերադարձնել արևելյան ուղղափառներին իր հովանու տակ: Սակայն բանակցությունները միշտ փակուղի են մտնում, որովհետև ուղղափառները հրաժարվում են ընդունել պապի իշխանությունը: 2007-ին Բարդուղիմեոս պատրիարքը հավանություն տվեց Ռավեննայի փաստաթղթին, որով պապին տրվում է ՙպատվի առաջնություն՚ քրիստոնյա եպիսկոպոսների մեջ: Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը հրաժարվեց փաստաթուղթն ընդունել: Եթե արևելյան ուղղափառ եկեղեցին խզի կապերն Ուկրաինայի հետ, ռուսամետ խմբակցությունը կգնա դեպի Մոսկվա, իսկ կոստանդնուպոլսամետները`Հռոմ: 40 տարի, մինչև իր մահը` 1986-ին, Plain Truth-ի գլխավոր խմբագիր Հերբերտ Արմստրոնգը կանխատեսում էր, որ վաղ թե ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, հասնելով միավորված Եվրոպայում գերակայության, վերադարձնելու է իր հովանու տակ բողոքական ու ուղղափառ դուստրերին: Plain Truth-ը 1963-ի նոյեմբերին գրում էր. «Կաթոլիկ միասնության հասնելու մասշտաբային խնդիրը երկակի է:

Նախ` պետք է հաղթահարվի խզումը, որ եղել է 1054-ին, երբ Հռոմից առանձնացել են արևելյան եկեղեցիները Հունաստանում, Ռուսաստանում, Բալկաններում ու Մերձավոր Արևելքում: Երկրորդ` ենթադրում է կաթոլիկ հավատի վերականգնում բոլոր բողոքական եկեղեցիներում, որ ձևավորվել են 1517-ից հետո»: Այս կանխատեսման հիմքում Եսայիի մարգարեությունն էր (գլուխ 47), որտեղ եկեղեցին անվանվում էր «Աստծո թագավորություն», որ իշխանություն ունի բազում ժողովուրդների վրա: Սակայն այդ եկեղեցին ապստամբ դուստրեր ունի, որ նրանից հեռացել են: Եսայի մարգարեն հաստատում է, որ ապստամբ դուստրերը կվերադառնան մայրական վերահսկողության տակ: Վերջիվերջո Մայր եկեղեցին նշանակալից դիրք կստանա` մեծ ազդեցություն ունենալով եվրոպական գերտերության վրա:
Աշխարհը և հատկապես Եվրոպան միավորելու իր ձգտման մեջ Հռոմի կաթոլիկ եկեղեցին համաձայնագիր է ստորագրել ուղղափառների, լյութերականների, մեթոդիստների, անգլիկանների և այլ կրոնական խմբերի հետ: Քաղաքական լարվածությունը Ուկրաինայի պատճառով կարող է դառնալ լուրջ խոչընդոտ Վատիկանի առաջ, որ ջանքեր է գործադրում Ռուս ուղղափառ եկեղեցին իր հովանու տակ վերադարձնելու համար, միաժամանակ չի կանգնեցնի Հռոմին մյուս ուղղափառ պատրիարքություններին ներքաշելուց: Այսօր Արևելյան Եվրոպան ոչ միայն բաժանված է Եվրամիության` Գերմանիայի գլխավորությամբ, ու Եվրասիական միության միջև` Ռուսաստանի գլխավորությամբ, նրա նկատմամբ իր իրավունքներն են հայտարարում կաթոլիկ եկեղեցին` Հռոմի գլխավորությամբ, և ուղղափառ եկեղեցին, որտեղ գլխավորը Մոսկվան է:
Էնդրյու Միլլեր, The Trumpet, ԱՄՆ


Հ.Գ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեռ հրապարակավ իր խոսքը չի ասել այս դիմակայության վերաբերյալ: Փոխարենը` ռուս քաղաքական գործիչները գտնում են, որ հարցը 5 րոպեում կարող է լուծել Վլադիմիր Պուտինը, երբ դիմի Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ մեծ ազդեցություն ունի Բարդուղիմեոս պատրիարքի վրա: Ակնհայտորեն` 5 րոպեի ժամանակն անցել է, կամ` Պուտինը Էրդողանին չի դիմել, կամ Էրդողանը անհամարժեք պայման է դրել, կամ` Բարդուղիմեոսը Էրդողանին չի լսել: 11-րդ դարում կատարված բաժանումը ևս քաղաքական անկախության խնդիր էր լուծում, ինչպես Ուկրաինան է հիմա ցանկանում իր անկախությունն ամբողջացնել: Ամենայն հավանականությամբ 15 ավտոկեֆալ եկեղեցիների մեծ մասը դեռ կմնա Կիրիլ պատրիարքի հետ, մի քանիսը կընտրեն անկախության ճանապարհը, որ գուցե ինչ-որ ժամանակ նրանց վերադարձնի Վատիկան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ