USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Ո՞վ կամ ի՞նչն է մոլորեցրել Նիկոլ Փաշինյանին

Ո՞վ կամ ի՞նչն է մոլորեցրել Նիկոլ Փաշինյանին
17.09.2018 | 14:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է տեղավորվել վճռական մենակի իմիջի մեջ` նույն նիշայում խցկելով նաև ՔՊ-ին ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքին: Վերջին ապացույցը Փարիզում Le Monde-ին հարցազրույցն է, որտեղ նա հայտարարել է.
«Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն 4 քվեի վրա, այդ թվում և՝ իմ»։ 4 և ոչ թե 9, այսինքն` «Ելքի» ձայներին նա «անվերապահ վստահ» չէր: Թեպետ «Ելքը» նրան անվստահության առիթ չի տվել` միշտ հայտարարելով, որ տարաձայնությունը մարտավարական է` ձևերի, ոչ թե բովանդակության մեջ: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը անվստահության այլ պատճառներ է տեսնում: Ի՞նչ: Ինչու՞ է նա այդքան համառորեն ձգտում Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլի» բացարձակ մեծամասնություն ստանալուն, ի՞նչ է նրան տալու 80-90%-ոց ցուցանիշը, որ որպես նպատակ հայտարարեց Դավիթաշենի հանրահավաքում։ Հնարավո՞ է նման ցուցանիշ: Ըստ Նիկոլ Փաշինյանի` այո, իսկ իրականու՞մ: Նրա ինչի՞ն է պետք նույնանալ եվրասիական տարածքի «ընտրությունների» հետ: Ինչու՞ հեղափոխությոյւն արած վարչապետը չի ընկալում, որ 80-90%-ը հաղթանակ է ոչ թե քաղաքական ուժերի, այլ` ընտրողների նկատմամբ: Ու ի՞նչ է նա ուզում ապացուցել իրեն, ընտրողներին, աշխարհին: Իր խոսքով` «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակն ազդակ կլինի, որ քրեաօլիգարխիկ խորհրդարանը զգա՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակության ուղերձը: Ի՞նչ կապ ունեն ավագանու ընտրությունները և «քրեաօլիգարխիկ խորհրդարանը»: «Քրեաօլիգարխիան» ավագանու ընտրություններին չի մասնակցում: Եթե Նիկոլ Փաշինյանը այդպիսին է համարում ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, շատ ավելի ազդեցիկ կլիներ ոչ թե ավագանու ընտրություններում նրանց դեմ պայքարել, այլ կառավարության կազմից ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներին հեռացնել, այլապես ստացվում է` որքան քրեաօլիգարխիկ է խորհրդարանը, նույնքան քրեաօլիգարխիկ է կառավարությունը` չհաշված ՀՀԿ-ին: Ավագանու ընտրությունների արդյունքները որքանո՞վ են ազդելու ԱԺ արտահերթ ընտրությունների վրա: Այս հարցի պատասխանը պետք է հիմնավորել ոչ պաթետիկ հայտարարություններով, այլ` փաստերով:
Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում. «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի կառավարությունը վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը»: Աշխարհին պետք չէ միամիտի տեղ դնել: Մունիցիպալ ընտրություններում 80-90%-ը աշխարհին վկայելու է ոչ թե բացարձակ մեծամասնության աջակցություն, այլ` ընտրության չգոյություն: Իշխանության լեգիտիմության վկայություն են խորհրդարանական ընտրությունների արդյունքները:


Աշխարհը, եթե ավագանու ընտրություններից ինչ-որ սպասելիք ունի, սպասելիքը ընտրությունների կազմակերպմանն է վերաբերում` օրինականության ու ժողովրդավարականության ապահովմանը, ոչ թե իշխող ուժի բացարձակ մեծամասնություն ստանալուն: Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ընկալելու, որ Արևմուտքի համար լեգիտիմությունը առավելություն չէ` պարտադիր պայման է, Արևելքի համար նույնպես առավելություն չէ` ձևական է: Արևմուտքի համար լեգիտիմությունից բխած քայլերն են կարևոր, որ Հայաստանում չեն արվում: Արևելքի համար լեգիտիմությունից բխած քայլեր չանելն է կարևոր: Ահա այս տարբերության ընկալումը չկա ու չի էլ ուրվագծվում` փոխարենը անվերջ հնչում են հայտարարություններ, ինչպես Le Monde-ին հարցազրույցում. «Մենք պրո կամ հակա չենք ոչ Ռուսաստանին, ոչ Ամերիկային, ոչ Եվրոպային, ոչ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը»:

Ինչպե՞ս է պաշտպանում, ի՞նչ է անում: Հիացմունք արտահայտելով, որ ՌԴ նախագահը «իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաև այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա՞»: Իսկ ի՞նչ արտաքին քաղաքականություն ենք մենք վարում, որ ՌԴ նախագահն էլ միջամտի կամ խանգարի: Ինչի՞ն խանգարի` ռևերանսների՞ն իր նկատմամբ: Միամիտ է սպասել, որ ՌԴ նախագահը ուղղակի ասի` ես խանգարում եմ ու միջամտում եմ, նա խանգարելու ու միջամտելու է գործով, ոչ թե խոսքով:


Արժի՞ թվարկել, թե այս ընթացքում ինչ հայտարարություններ են եղել Ռուսաստանից: Ու` ի՞նչ հայտարարություններ չեն եղել Բրյուսելից, որ հեղափոխության օրերին Ֆրեդերիկա Մոգերինիի մակարդակով օրը երկու հայտարարություն էր անում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Գուցե արժի դրա պատճառը պարզել, ոչ թե ավագանու ընտրություններում «մեր դեմը խաղ չկա» խաղալ` հանուն իշխանության լեգիտիմությունն ապացուցելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վաշինգտոնն էլ, Բրյուսելն էլ ժողովրդավարությունն ու լեգիտիմությունը ընդունում են սովորական, նրանց լեգիտիմության փաստով ոչինչ չես ասի: Մոսկվային լեգիտիմությամբ վանում ես: Եվրասիական տարածքում լեգիտիմության այլ չափանիշներ են գործում և 80-90%-ը Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի համար ոչինչ չի նշանակում: Կհանգեցնի՞ Հայաստանի իշխանության լեգիտիմությունը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի, թե՞ ոչ: Սա է հարցը, որին ոչ ոք Հայաստանում չի ուզում պատասխանել, ավելի հեշտ է պայքարել «ներքին թշնամիների» դեմ, քան բարեկամներ որոնել արտաքին աշխարհում: Այսինքն` Հայաստանը մնում է եվրասիական ընկալումների մակարդակում, բայց հայտարարում է, որ բարեկամ է բոլորին: Իսկ բոլորին այդ «բարեկամը» վստահություն չի ներշնչում` չունենալով ազգային շահի գիտակցման ու պաշտպանության կոնկրետ պատկերացում ու ծրագիր, շարունակելով իրավիճակային լուծումները հընթացս ծագող խնդիրներին: Հակահեղափոխությունը կապ չունի, սա հեղափոխության սխալն է: Եվ որովհետև Նիկոլ Փաշինյանն իրեն է համարում ամեն ինչի պատասխանատու` իր սխալն է, որ ինքն էլ պիտի ուղղի: Եթե լեգիտիմություն է ուզում:

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ