USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Յոթնապատում. քաղաքական կյանքի քրեական քրոնիկոն

Յոթնապատում. քաղաքական կյանքի քրեական քրոնիկոն
18.09.2018 | 01:00

Մինչև 2019-ի մայիս-հունիս, երբ պետք է անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները, մնացել է 7-8 ամիս: Ընտրական օրենսգիրքն արդեն փոփոխված է ու ներկայացվելու է ԱԺ, բայց պարզ չէ` նոր ընտրություններ կլինե՞ն ու ինչպե՞ս` խորհրդարանի ինքնալուծարումո՞վ, թե՞ վարչապետի հրաժարականով: Հայաստանում ծավալվող բոլոր գործընթացները պտտվում են այդ հարցերի պատասխանների շուրջ: Կա երրորդ` գլխավոր հարցը` ուժերի ի՞նչ դասավորություն կլինի արտահերթ ընտրություններից հետո Ազգային ժողովում:
Իսկ մինչ այդ ամեն ինչ Հայաստանում քաղաքականացված է: ՈՒ` քրեականացված:


Շաբաթվա թիվ 1 իրադարձությունը ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի ղեկավարների գաղտնալսումն ու հրապարակումն էր, բուռն քննարկվում էին գաղտնալսման իրավական ու քաղաքական հետևանքները: Չնայած հարուցված քրեական գործերին` պարզաբանում դեռ չկա: Վարկածները մնում են երեքը` բջջային օպերատոր, ներքին դավաճան, արտաքին միջամտություն` գաղտնալսման մասով: Հրապարակման մասով միակ վարկածը պտտվում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ` ուժի ցուցադրություն ու յուրայինների տոտալ զորակոչ: Երկրորդ նախագահը բուռն քաղաքական կյանքով է ապրում` հարցազրույցները հաջորդում են իրար, ընդմիջվելով փաստաբանների ասուլիսներով, որ նրան ներկայացնում են մարդ, որ կյանքում ոչ մի մեղք չի գործել: Բայց օգտակար գործողության գործակիցը մնում է կասկածելի, եթե հարցը վերաբերում է քաղաքականություն վերադարձից հետո վճռորոշ դեր ունենալուն: Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի պահանջարկ չկա հասարակության մեջ: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործչի պահանջարկ չկա քաղաքական ուժերի մեջ. նրանք հայտարարություններով սահմանազատվում են երկրորդ նախագահից: Բացի ՀՀԿ-ից: ՀՀԿ-ի ծառայություններն էլ երկրորդ նախագահին պետք չեն, քանի դեռ չկա «Ռոբերտ Քոչարյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան` ո՞վ է առաջինն ու միակը» հարցի լուծումը: Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի պահանջարկ չկա երկրից դուրս: Ռուսաստանը կարող է նրան իր պաշտպանության տակ վերցնել (ինչպես Միքայել Հարությունյանին ու Յուրի Խաչատուրովին) կարճ ժամանակով ու որոշակի նպատակով, բայց փորձել նրա միջոցով քաղաքականության մեջ փոփոխություններ անել (մեղմ ասած` պետական հեղաշրջում) անիմաստ է` շանսեր չկան, հետևանքներ կլինեն: Ռուսաստանը կգործի ոչ հրապարակային, ուրիշի ձեռքերով (օրինակ, ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսին փոխանցելով, կամ Ադրբեջանին ՀԱՊԿ ու ԵԱՏՄ բերելու բլեֆով), իսկ ինքը կշարունակի մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, գործընկերն ու… բարեկամը: Բայց գործընկերության շրջագծում չգիտես ինչու, չեն լինի Հայաստանի շահերի հետ հաշվի նստելու դեպքեր (օրինակ, Մոսկվա-Բաքու-Թեհրան ձևաչափով կլինեն նոր տնտեսական ծրագրեր, բայց չի ստեղծվի Մոսկվա-Երևան-Թեհրան ձևաչափ), եթե Բաքուն ցանկանա (իսկ Բաքուն Իսրայելին է նախապատվություն տալիս` որակի պատճառով), Մոսկվան ցանկացած զենք կվաճառի, ներդրումներ Հայաստանում չի անի, Միքայել Հարությունյանին ու Յուրի Խաչատուրովին չի արտահանձնի, կշարունակի փորձագետների ու քաղաքագետների մակարդակով կասկածի տակ առնել Հայաստանի «անհասկանալի» իշխանափոխությունը ու խորհրդարանում մեծամասնություն չունեցող վարչապետի լեգիտիմությունը: Նույն այդ փորձագետներն ու քաղաքական գործիչները պարբերաբար կհիշեցնեն Ղարաբաղի հարցը ու Կրեմլի դերը: Այս «փայլուն» հարաբերությունները կպահպանվեն մինչև Աժ արտահերթ ընտրություններ: Կգա՞, թե՞ չի գա Պուտինը Հայաստան: Դա Հայաստանից կախված չէ: ՈՒ` հետո էլ, եվրասիական տարածքում փոխհարաբերությունների այլ մոդել լինել չի կարող` չի գործի, կփլուզվի:


Մինչև Աժ արտահերթ ընտրություններ Հայաստանն ապրելու է հեղափոխություն-հակահեղափոխություն սև-սպիտակի մեջ ու չտեսնելու է տալու այլ գույներ: Այլ գույները պետք չեն, «սևի» նորանոր հասցեատերեր են գտնվելու ու «սևի» դեմ պայքարի նորանոր գյուտեր:

Հները սկսում են ձանձրացնել կամ կորցնում են արդիականությունը: Օրինակ, հազիվ թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ստիպված լինի երկար հետևել «ռեյդեր անելու» հրամանին, որով «ասֆալտներին պառկացնելու» մարդ չի մնա: Գուցե կգտնվի խիզախ մեկը, որ Նիկոլ Փաշինյանին կասի` օլիգարխներն ու նախկին պաշտոնյաները ստեղծել են մասնավոր պահնորդական կազմակերպություններ օրինական ճանապարհով. 2012-ից գործում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, և 500 000 դրամ պետական տուրք մուծելուց հետո հնարավոր է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն: Միանգամայն օրինական հիմքերով են գործում «Ալֆա Դելտան», «Երկրապահ սեքյուրիթին», «Լեգիոնը», «Գրիֆը», «Միհրը», «Սպեցնազը» և մյուսները: Փոխեք օրենքը և զրկեք լիցենզիայից կամ փոխեք պայմանները, զրկեք զենք կրելու ու կիրառելու իրավունքից: Ինչքան էլ Օսիպյանը նրանց կամ այլոց «ասֆալտներին պառկացնի», հետո բաց է թողնելու: ՈՒ ի՞նչ: Հասկանալի չէ, թե ինչպես է «ասֆալտապառկեցումը» ընտրվել ժողովրդավարության չափանիշ` ցույց տալու, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ: Նոր Հայաստանը երկու ոտքից կաղում է չափանիշների հարցում` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում: Արժեքների հեղափոխություն չի եղել` շարունակում են նույն ոգով ու նույն սկզբունքով, ուղղակի ուրիշ անուններ են տալիս: Եվ հայտնի ձայնագրությունը միակ ապացույցը չէ: Իշխանությունը ինքն իրեն խցկում է սև-սպիտակի փակ շրջանակ, քրեական գործի շրջանակներում` իրեն ընդդիմություն հռչակած Ռոբերտ Քոչարյանն ինքնապաշտպանությունը կառուցում է քաղաքական հալածյալի կերպարի մեջ: Աշունն ու ձմեռն էլ հետը` քաղաքական կյանքի քրեական քրոնիկոնի փոխակերպման հետ ենք բախվելու: Ձևակերպումները տարբեր են լինելու` պայքար կոռուպցիայի դեմ, թալանի վերականգնում, արդարության վերահաստատում: Ամբողջ հմայքն այն է, որ այդ ամենը ճիշտ է լինելու: Բայց` ընտրովի: ՈՒ այս ամենի հանրագումարը Հայաստանը դարձնելու է անկանխատեսելի երկիր, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչպես են անցնելու իր առավոտը, կեսօրն ու երեկոն: Ո՞վ ներդրում կանի այս Հայաստանում: Պատկերացնու՞մ եք` Օսիպյանի ենթակաները պատահաբար կանգնեցնեն ու ասֆալտին փռեն հայկական համարանիշներով մեքենաներով երթևեկող այսինչ երկրի այնինչ գործարարի` իր աշխատողների աչքի առաջ: Դե արի ու բացատրիր` ռեյդ ենք անում հակահեղափոխության դեմ, դուք մեր գլխի վրա տեղ ունեք, ձեր դեմ ոչինչ չունենք: ՈՒ սա զավեշտ չէ: Ինչպես զավեշտ չէ, որ Վրաստանի վարչապետը գալիս է Երևան ու մեկ միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության մասին է խոսում (400 միլիոնի համապատկերում), իսկ Հայաստան ցամաքային ճանապարհով ցորենի բեռնատարներով փոխադրումն արգելվում է (ճանապարհներին բեռնատարները 20000 դոլարի վնաս են տալիս): Ճիշտ է, որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից, և դա միակ ձեռքբերումն է: Իսկ հետո՞: Երկաթուղի՞ն: Որ պիտի բացվեր դեռ 2013-ից, երբ Հայաստանն անդամակցում էր Մաքսային միությանը: Լարսին այլընտրանք այդպես էլ չգտնվեց:


Նկատեցի՞ք, որ գաղտնալսումն ու իր ոդիսականը երկրորդ պլան մղեցին Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Թեպետ վարչապետն ասում էր, որ գործը բացահայտված է, որևէ մեկը գիտի՞` ովքե՞ր են սպանությունների մեղավորները:
Ամբողջ շաբաթ Երևանի համայնքներով շրջում էին ավագանու թեկնածուները և առաջարկում իրենց ծրագրերը: Այս ընտրությունները ևս տեղավորվում են Աժ արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ: Ավելի ճիշտ, վարչապետն է տեղավորում, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հեղափոխության հետ այնքանով կապ ունեն, որ առանց հեղափոխության քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական չէր տա, ու նոր ընտրությունների կարիք չէր լինի, իսկ հակահեղափոխության հետ ընդհանրապես կապ չունեն: Ընտրարշավը ավարտվում է (21-ին վերջին օրն է, 22-ին լռության օր է, 23-ին` ընտրության):

Ի՞նչն է բնորոշ.
1. Ընտրությունների համարյա բոլոր մասնակիցները գոհ են ընտրապայքարից ու հայտարարում են, որ իրենք են հաղթելու, ինչը համարժեք չէ իրականությանը:


2. Այս ընտրապայքարի խորհրդանիշը դարձավ… «Սանիտեկը»` բոլոր երևանցիները բոլոր թեկնածուներին անխտիր բողոքում են աղբահանությունից:


3. Ոչ ոք չի բողոքում Երևանի մթնոլորտից, ոչ ոք չի պատկերացնում` ինչպիսի՞ն պիտի լինի մայրաքաղաքը` մաքուր, կյանքի վերելակներով, ժամացույցի պես գործող տրանսպորտով, լուսավորված, բնակֆոնդի հարցը լուծած, հրաշալի ճանապարհներով, կանաչապատ, հետո՞: Քաղաքացու հոգեբանությունը կփոխվի՞:

4. Հեղափոխությունից հետո ավագանու ընտրություններն առաջին ընտրություններն են, համարյա` պատմական: Բայց ի սկզբանե մրցակցությունն անհավասար է: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին ակտիվ մասնակցությամբ մնում է օրենսդրության շրջանակներում, բայց նախ` հեղափոխության բոնուսներն է բերում «Իմ քայլին» և հետո` իր ելույթներով ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ: Փաստացի` երևանցուն նա առաջարկում է վարչապետին ընտրել քաղաքապետ և հնարավորություն չի տալիս Հայկ Մարությանին ինքնադրսևորվել, երևանցուն` հասկանալ` ինչու՞ պիտի «Իմ քայլին» ձայն տա, բացի ՔՊ-ի մաս լինելուց:


5. Ավագանու ընտրությունների գերքաղաքականացումը վկայում է, որ վարչապետը կա՛մ կասկածում է, որ առանց իրեն ՔՊ-ն հաջողության կհասնի, կա՛մ 80-90 տոկոս ձայն հավաքելու կոչով ուզում է ցույց տալ հեղափոխության աներկբա հաղթանակը Երևանում: Բայց ու՞մ է հաղթում, երբ չկա հակահեղափոխության գործոնը: Եվ ու՞ր մնաց քաղաքական բազմակարծությունը: Տոտալ իշխանությունը մայրաքաղաքում փոխարինել հեղափոխական տոտալ իշխանությա՞մբ` սա՞ է միակ խնդիրը:


6. Օրինաչափ էր, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան չգտավ, երբ լրագրողները հարցրին` ովքե՞ր են հակահեղափոխականներն ու հիշեցրին` Արամ Սարգսյանն ասել է, որ ինքը չի ընդունում, թե «Իմ քայլը» դաշինքին չընտրողները հակահեղափոխական են և ասել է. «Չկա հակահեղափոխություն։ Ֆանտաստիկայի ժանրից է, թե Արտակ Զեյնալյանի հաղթանակը կարող է հեշտացնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը»: «Եթե իրենք չեն, ինչու՞ են իրենց վրա ընդունում»-ը` բացատրություն չունենալ էր: Ընդունում են, որովհետև սև-սպիտակի փոխարեն լուսավոր ու գունավոր աշխարհ են տեսնում ոչ միայն իրենց, այլև բոլորի համար, որովհետև վստահ են, որ երևանցիներին պետք չէ «սևացնել» ու «սպիտակեցնել», միավորել է պետք, հակասությունների ու մերժման ճանապարհով սեր չեն սերմանում ու ժողովրդավարական ընտրություններ չեն անում:


7. Եթե ավագանու ընտրություններում «Իմ քայլը» չհաղթի, որ հնարավոր է, ուրեմն «հակահեղափոխությու՞նն» է հաղթել: Նիկոլ Փաշինյանի «սև-սպիտակը» բացառում է մրցակցային ընտրությունները՝ միաբևեռ համակարգ ձևավորելու հեռանկարով։ Այսինքն, վերադառնու՞մ ենք հնին: Հիմա ո՞վ է հակա-«հեղափոխականը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Մակրո՞նը, իսկ Փարի՞զը: Մակրոնը Երևան կգա մեկ ամսից ու ամեն ինչ ինքը կասի: Փարիզը հաստատեց, որ գոյություն ունի մի քանի… Նիկոլ Փաշինյան: Մեկը նյարդային ու ջղագրգիռ ելույթներ է ունենում հանրահավաքներում, անհավասարակշիռ հրամաններ տալիս: Երկրորդը կշռադատված, հավասարակշիռ պատասխանում է հարցերին ու ներկայացնում ծրագրեր, պաթետիկայի մեջ անգամ մնում համոզիչ: Երրորդը վայրկենական որոշումներ է ընդունում ու ինքն էլ խախտում: Չորրորդն ընդունում է սխալները ու փորձում բացատրել: Հինգերորդը իրեն համարում է անսխալ ու մեղադրում ում պատահի: Վեցերորդը կարծում է, որ աշխարհի պորտն է ու ամեն ինչի պատասխանատուն: Յոթերորդը հերքում է վեցին էլ ու… Դա հետաքրքիր է անձնական հարաբերություններում, քաղաքականությանը հակացուցված է, ու մնում է գուշակել` ո՞ր օրը ո՞ր Նիկոլ Փաշինյանը կգերակայի, ու ի՞նչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար: Բայց ինչու՞, եթե կարելի է… մի քիչ մտածել գործելուց առաջ` զսպելով ազնիվ պոռթկումներն ու բնազդը:

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ