USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Բոլոր կուսակցություններում կան գործակալական ցանցեր, անգամ իշխանական կուսակցությունում»

«Բոլոր կուսակցություններում կան գործակալական ցանցեր, անգամ իշխանական կուսակցությունում»
18.09.2018 | 01:21

Քաղաքական հարթակում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնալսման թեմայի քննարկումները, որին զուգահեռ ընթանում է քաղաքապետի ընտրություններին մասնակցող ուժերի կսմթոցը, իսկ ներքաղաքական իրավիճակը դեռ չի զուլալվում։ Քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ Հայաստանում տիրող իրավիճակը դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների տիրույթում։

-Հաշվի առնելով վերջին զարգացումները` մեր անվտանգությունը բոլոր ոլորտներում վտանգված չէ՞։
-Աշխարհակալ ուժերը, որոնց ձեռքում կուտակված է աշխարհի հարստությունը, ճգնաժամի մեջ են։ Նրանք մեր տարածաշրջանը դիտարկում են մի տարածք, որտեղ քաոս պետք է տարածել, որպեսզի պահպանեն հարստության կուտակման մեխանիզմներն ու իշխանությունը։ Սկզբում քաոսը տարածում էին պատերազմներով, ինչպես Մերձավոր Արևելքում էր, հիմա իրավիճակը հետևյալն է` ապստամբ ժողովուրդները դժգոհ են այսօրվա իրավիճակից ու փորձում են կաշկանդել պատերազմող ուժերին։
-Միջազգային իրավիճակի արտացոլու՞մն է Հայաստանում։
-Պատերազմներով ստեղծված քաոսն ավարտվել է, մնացել է երկրներում խժդժություններով քաոս ստեղծելը։ Խժդժություններ արեցին ողջ արաբական աշխարհում, հիմա էլ հերթում են 5 երկրներ` Իրան, Թուրքիա և կովկասյան երեք հանրապետություններ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Վերցնենք Վրաստանի օրինակը, մարիխուանայի հետ կապված պատմությունն ամբողջովին այդ ուժերի ձեռքի գործն էր։ Ադրբեջանում էականորեն հզորացել է իսլամական ընդհատակը։ Եթե վաղն այդ ուժերը սեղմեն «կոճակը», Ադրբեջանը կպայթի։
-Ի՞նչ են անում Հայաստանի հետ։
-Հայաստանում ընտրված է մի այնպիսի գործիք, որը, սկսած 90-ականներից, երկիրն ամբողջությամբ արտաքին կառավարման ներքո է պահում։ Հիմա այս հեղափոխությունը, անկախ իր վայրիվերումներից, թերացումներից, կոպիտ սխալներից, լուծել է մի արմատական հարց` արտաքին համակարգերը զգալիորեն դուրս է դրել։ Սակայն այդ համակարգը շարունակում է դիմադրություն ցույց տալ։ Այն, ինչ մենք տեսնում ենք այս օրերին, դրա լավագույն ապացույցն է։
-Ասացիք, որ նախկին համակարգը փորձում են ոչնչացնել։ Իսկ ի՞նչ է դրա փոխարեն ստեղծվում։
-Ճիշտ հարցադրում է, որը նաև հին համակարգը կրողները դարձրել են իրենց համար հաղթաթուղթ, թե ուր է նոր համակարգը։ Իրավիճակը հետևյալն է` գլորել են հինը, տեղը նստել են հիմնականում անփորձ մարդիկ, բայց համակարգ կառուցողը ժողովուրդն է։ Այսօր ժողովրդի կոնսոլիդացիա չի իրականացվում մի պարզ պատճառով` հինը դիմադրում է։ Երբ դիմադրող հին համակարգը ոչնչացվի, ներսում կորոշեն, թե ով է ոչ կոմպետենտ, ով է անհեթեթ, ով է սխալներ արել, ով է անգամ հանցագործություններ կատարել նոր ուժի անվան տակ։
-Հինը իսպա՞ռ պետք է վերանա։
-Իսպառ վերանալ հնարավոր չէ, շատերը մոլորված են եղել և հնարավոր է վերադառնան նորմալ, մարդկային կեցվածքի։ Կլինեն դատավորներ, քննիչներ, որոնք կխոստովանեն, որ կեղծ գործեր են կազմել։
-Հին համակարգի դիմադրության մե՞ջ են տեղավորվում Ռոբերտ Քոչարյանի, հարցազրույցների շարքն ու հայտարարությունը, թե «կփոշմանեն, եթե իր հետ գլուխ դնեն»։
-Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այդ համակարգի գործիքներից են եղել։ Որքան էլ զարմանալի է, բայց նրանք չեն հիմնականը, առաջին ջութակի դեր ստանձնողը։ Ռոբերտ Քոչարյանը մանիպուլյացիայի է ենթարկվել նախագահականի ապարատում տեղակայված օտար օպերատորների խմբի կողմից։ Նրան թվացել է, թե ղեկավարում է, մինչդեռ իրեն են ղեկավարել այդ խմբի միջոցով։ Նույնը Սերժ Սարգսյանի հետ է կատարել ազգային անվտանգության ծառայությունում գտնվող խումբը։ Հայաստանում ներդրվել է մի մեթոդ, որը մարդկության չափ հին է։ Աշխարհակալ ուժերը գործել են փոքրամասնությունների միջոցով։ Ստեղծվել են հալածյալ փոքրամասնություններ, որոնք դարձել են գործիքներ։ Ըստ այդմ, մեր երկրում երեք նման փոքրամասնություններ են գործում` սեռական փոքրամասնություններ (ի դեպ, խոսքը ոչ թե այդ մարդկանց, այլ նրանց պաշտպանների մասին է, որոնք արտաքին ուժերի օպերատորի դեր են ստանձնել)։ Հայաստանում երբեք չի եղել այնպիսի վիճակ, որ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ հրապարակվի որևէ գործողություն։ Հիմա հանրայնացնում են, դարձնում հասարակության ուշադրության արժանի հարց, դա որպես հալածանք ներկայացնում, դրա հիման վրա նրանց տեղափոխում իշխանական համակարգ ու մանիպուլյացիայի ենթարկում։ Երկրորդ և երրորդ խմբեր են օլիգարխիան և կրոնական փոքրամասնությունները։ Օլիգարխիան Հայաստանում կատարել է բազմաթիվ հանցագործություններ։
-Օլիգարխիան պահպանե՞լ է իր ազդեցությունը։
-Այսօր խմորումներ է առաջացնում Ռոբերտ Քոչարյանը, որը ևս օլիգարխ է։ Այս կարգի օլիգարխները սարսափելի վտանգավոր են։ Նրանք փող կորզելու համար օգտագործում են իրենց իշխանությունը, լծակները, և պետությունը նրանց համար դառնում է ֆիրմա։ Այդպես վարվեցին և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը։ Հիմա, երբ Ռոբերտ Քոչարյանը զարմանում է, որ իրեն կշտամբում են, չի՞ մտածում արդյոք, որ իր ստեղծած ինստիտուտներն ամբողջովին օլիգարխիական էին, սկսած նախարարություններից, մինչև դատարաններ։ Հիմա փորձում են այս համակարգը նորից համախմբել, և Քոչարյանն օգտագործվում է որպես հենման կետ, որպես Հայաստանի դեմ ուժ։ Նա չի գիտակցում, որ սա չի դիտարկվի որպես հանցագործություն, ոչ էլ անգամ մարդասպանություն, այլ երկրի դեմ դավադրություն և դավաճանություն։
-Քոչարյանը չունի՞ վերադառնալու հնարավորություն և հանրային պահանջ։
-Երկրի անվտանգությամբ զբաղվող բոլոր ուժերը և Հայաստանի իրական դաշնակիցները երբեք թույլ չեն տա, որ օտարի գործիքը խառնվի երկրի ներքին գործերին։
-Այսօր անորոշությունը բավականին մեծ է, դա արտաքին մարտահրավերների համար վտանգավոր չէ՞։
-Անկասկած, այս վիճակը որոշակի վտանգներ ունի, քանի որ բոլոր կուսակցություններում կան գործակալական ցանցեր, անգամ իշխանական կուսակցությունում։ Չմտածեք, որ այս իշխանությունների մոտ ամեն ինչ կարգին է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երկու գործ շատ լավ է անում. օլիգարխների վերջն է տալիս և արտաքին հարթությունում փորձում է կարևոր խնդիր լուծել։ Երկրի առանցքը կարողանում է ճիշտ պահել, որպեսզի դաշնակիցներ ունենա` Չինաստանից սկսած մինչև Միացյալ Նահանգներ։ Այսօր կազմակերպիչ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր բողոքում են, թե Փաշինյանն այսինչ քայլը սխալ է անում։
-Նիկոլ Փաշինյանը թույլ տալի՞ս է, որ բացի իրենից այլ կազմակերպիչներ լինեն։
-Դառնալ կազմակերպիչ և նախարար լրիվ տարբեր բաներ են։ Հիմա շատերն ասում են, թե այսինչ կամ այնինչ պաշտոնին նշանակում են ծանոթ-բարեկամի։ Այս պայքարում Փաշինյանը պետք է երաշխավորված լինի ու գոնե ծանոթ-բարեկամով նշանակումներ անի։ Երբ պատերազմի մեջ ես, պետք է իմանաս, թե ում ես նշանակում, որ հետո մեջքիցդ չխփի։ Ընդհանրապես, ամեն ինչ չպետք է թողնել Փաշինյանի վրա, ժողովուրդը, նրա մտավորականությունը պետք է ինքնակազմակերպվեն, պահանջներ ներկայացնեն խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Դա պետք է արվի անկախ իշխանության աջակցությունից։ Եթե չեն խանգարում, արդեն լավ է, իսկ եթե օգնեն, հրաշալի կլինի։


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ