«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Արարատի գագաթին հայտնված, Երևանից լուսանկարված լուսեղեն խաչը` հայերիս գլխին կախված մեծ փորձության զգուշացում

Արարատի գագաթին հայտնված, Երևանից լուսանկարված լուսեղեն խաչը` հայերիս գլխին կախված մեծ փորձության զգուշացում
18.09.2018 | 01:45

Մեր ժողովրդի հայաստանաբնակ հատվածի կյանքը հայտնվել է մի փոթորկոտ հորձանուտում և, իմ տպավորությամբ (տա Աստված` այն սխալական լինի), ավելի անապահով է ու վտանգված, քան նախկինում (անհամերաշխ, պառակտված ու գնալով ավելի պառակտվող հասարակություն, պատերազմի վտանգի ակնհայտ մեծացում և այլն): Այս իրավիճակն ինձ դրդեց հիշելու երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած, գիտության կողմից դեռ անբացատրելի մի իրադարձություն, որը կարելի է նաև հրաշք անվանել:


Ի դեպ, մեր երկրում նախկինում էլ եղել են զարմանալի, անբացատրելի բաներ ու նույնիսկ հրաշքներ, որոնք գիտության տեսանկյունից անհնար է բացատրել (մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում անդրադարձել ենք դրանց:
Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից ոմանք հավանաբար դեռ հիշում են, որ Աստված Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն էր հայտնել մեզ և, հավանաբար, ուղարկել ինչ-որ ուղերձ: Այն ժամանակ չգիտեի, չէի կողմնորոշվում` եթե այն ուղերձ է, ապա ի՞նչ բովանդակություն ունի, ավետի՞ս է, թե՞ զգուշացում։ Լուսեղեն խաչն առաջին անգամ նկատվել է 2016 թ. մարտի 20-ին ու Երևանից լուսանկարվել բջջային հեռախոսով: Թե ինչու եմ կարծում, որ նկատվածն աստվածային հրաշք է, կներկայացնեմ քիչ հետո:


Նախ հավաստեմ, որ այս պատմությունը կամ տեղեկությունը հորինվածք չէ, էժանագին սենսացիայով ընթերցողներ գրավելու փորձ չէ, քավ լիցի։ Շատ լավ հասկանում եմ, որ ընդհանրապես, իսկ հայության մերօրյա իրավիճակում հատկապես, անբարոյականություն է և անթույլատրելի մեր հայրենակիցների կրոնական ու հայրենասիրական զգացմունքների վրա խաղալը, «Աստված» ու «Մասիս» բառերի, մեր սրբությունների շահարկումը:
Ավելին, այդպես վարվելը կնշանակի մեղք գործել Աստծո առաջ: Ստիպված եմ նախապես գրել այս մասին, որովհետև մեր տեղեկատվական դաշտում այսօր քաոսային և անպատասխանատու վիճակ է: Ամեն օր ու ամեն ժամ խոսքի ազատության չարաշահում է, բազմաթիվ են իսկապես հորինված, կեղծ տեղեկությունները, այսպես ասած, սարքված լուրերը, թացն ու չորը խառնվել են իրար, և ընթերցողն էլ երբեմն կամ հաճախ դժվարանում է կողմնորոշվել, թե որն է կեղծիքը, որը` ճշմարտությունը:


Ընդգծեմ, որ սա նաև այն դեպքը չէ, երբ հայտնի չէ կամ չի նշվում տեղեկատվության աղբյուրը, այն շատ որոշակի հայտնի է, ստորև կնշենք նրա անունը և այլ տեղեկություններ:
Ի վերջո, կան Մասիսի գագաթին նկատված խաչի լուսանկարները, եթե որևէ գիտական հաստատություն կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշված լուսանկարները համապատասխան փորձաքննության ուղարկելու միջոցով ցանկանան համոզվել` դրանք ֆոտոմոնտաժի միջոցով սարքված կեղծի՞ք են, թե՞ ոչ, համապատասխան հետազոտության համար սիրով կփոխանցենք նրանց:


Հիմա անցնեմ բուն եղելությունը ներկայացնելուն։ Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչն առաջին անգամ 2016 թ. մարտի 20-ին նկատել և Երևանից բջջային հեռախոսով լուսանկարել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Անգելինա Ջանոյանը: Նկատել ու դարձյալ բջջային հեռախոսով լուսանկարել է նաև մեկ ամիս հետո` ապրիլի 20-ին:
Տիկին Ջանոյանն ապրում է Երևանի Քոչարի փողոցի` Փափազյան փողոցի հետ հատվող խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկում: Նրա բնակարանի պատուհանից Մասիսը հրաշալի երևում է: Ինքն էլ, ինչպես պատմեց Անգելինա Ջանոյանի ծանոթներից լրագրող ընկերուհիս (նա վաղուցվանից լրագրությամբ չի զբաղվում և ինձ առաջարկեց գրել Մասիսի վրա նկատված խաչի մասին), շատ հայրենասեր կին է, նաև` հավատացյալ: Ամեն օր, եթե ամպամած չի լինում, պարտադիր նայում է Մասիսին, ողջունում, լուռ խոսում նրա հետ, աշխատանքի գնալուց առաջ մոտենում է պատուհանին, հրաժեշտ տալիս ու նոր միայն դուրս գալիս տնից: Երևի պատահական չէ, որ իր սիրելի Մասիսի վրա աստվածային հրաշքը նկատել-լուսանկարելու և այդ մասին հայտնելու բախտը նրան է տրվել:


«2016 թ. մարտի 20-ին՝ Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, ժամը մոտավորապես 14։30- 15։00-ի սահմաններում գտնվում էի տանը, երբ հայացք գցելով և ողջունելով Արարատին, նկատեցի նրա գագաթին լուսարձակող խաչը,- տողերիս հեղինակի հետ զրույցում պատմեց Անգելինա Ջանոյանը:- Այդ պահին արագ ուղևորվեցի տղայիս սենյակ` փնտրելու իր նվեր ստացած հեռադիտակը: Չնայած անզեն աչքով արդեն իսկ պարզ երևում էր խաչի պատկերը` պառկած Մեծ Մասիսի գագաթին, հեռադիտակով ուսումնասիրելիս, տպավորությունս բազմապատկվեց հոգու ցնծությամբ։ Հաջորդեցին գործնական քայլերս. բնակվելով Քոչարի փողոցի շենքերից մեկում, նախ փորձեցի ճշտել, թե այլ դիտակետերից, մասնավորապես` Կենտրոն վարչական շրջանում գտնվող Անտառային փողոցից, արդյոք երևու՞մ է այդ լուսավոր պատկերն Արարատ լեռան գագաթին։ Ինձ տեղեկացրին, որ տեսնում են ճառագող լույս գագաթին, և քանի որ Կենտրոնը գտնվում է Երևանի համեմատաբար ցածրադիր հատվածում, Արարատը տեսնում են ներքևից և գագաթի վրայի պատկերը չի երևում։ Այնուհետև որոշեցի լուսանկարել հեռախոսով (Sony x-peria), սակայն լուսանկարները, ցավոք, այնպես չեն արտահայտում լուսարձակումը և փայլը, ինչպես իրականում էր։ Կարծում եմ, Գալստյան կիրակին այս երկնային նշանով ինչ-որ խորհուրդ, ինչ-որ ուղերձ է արտահայտում, քանի որ նկատածս արտառոց երևույթ է։ Ես այդ խաչը երբեք չեմ նկատել տարիների ընթացքում Մասիսի իմ ամենօրյա դիտարկումների ժամանակ: Փայլող խաչը լուսարձակեց 30-35 րոպե, որից հետո անհետացավ»:


Եվս մեկ մեջբերում Անգելինա Ջանոյանի խոսքից.
«Մեր Սուրբ Մասիսի Խաչը ոչ միայն փայլում էր, այլև սպիտակ լույսով բոցավառվում։ Լույսը դեղին չէր և խաչի պատկերի երկայնքով շրջանակների նման բորբոքվում էր, նման էր արեգակի մակերեսի վրայի բոցկլտմանը։ Կատարվում էր բուռն գործընթաց, որը հետզհետե դադարեց և անհայտացավ առանց որևէ ստվեր թողնելու։ Իսկ հաջորդ օրերին նույն պարզ երկնքի տակ, նույն վայրում և պայմաններում չկար որևէ նշույլ նույնիսկ գծերի տեսքով։ Հետևել եմ ոչ միայն ես, այլ նաև խնդրել աշխատակիցներիս, մտերիմներիս, որոնք իրենց պատուհաններից ունեն Մասիսին ողջունելու հնարավորություն, հետևել։ Նրանց շատ հետաքրքրեց, քանի որ երբևէ չէին նկատել նման երևույթ»:


ՈՒշադրություն դարձնենք հեռախոսի մակնիշին: Այս դեպքում հասկանալի է դառնում, որ այդքան հեռվից «Sony x-peria» հեռախոսով լուսանկարված խաչը լուսանկարում չի կարող այնքան հստակ երևալ, որքան երևացել է ակնադիտարկման ժամանակ, առավել ևս` հեռադիտակով: Տիկին Ջանոյանի տեղեկացմամբ, խաչի պատկերը Մասիսի գագաթին նորից է հայտնվել մեկ ամիս անց` ապրիլի 20-ին, ավելի վառ լուսարձակմամբ:
«Ապրիլի 20-ին, ժամը 16։00-16։30-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգու մոտի արագընթաց մայրուղով տուն գնալիս, տաքսու պատուհանից դարձյալ նկատեցի Արարատի գագաթին փայլող խաչը,- շարունակեց մեր զրուցակիցը:- Դրան ականատես եղավ նաև վարորդը և արտահայտեց նույն կարծիքը, հավելելով. «Այս ծանր օրերին երկնային նշան է մեր հայ ժողովրդին» (ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից մոտ 2 շաբաթ էր անցել.- Ա. Հ.)։ Տուն հասնելուն պես կրկին զննեցի հեռադիտակով` հավաստիանալու համար, թե արդյոք նույն պատկե՞րն է, ինչպիսին տեսել էի մարտին: Այո, նույնն էր, բայց այս անգամ խաչն ավելի վառ էր փայլում և արտահայտիչ էր»։


Ի դեպ, «Ֆեյսբուքի» օգտատերերից Աննա Պետրոսյանն այն ժամանակ, իմանալով այս մասին, գրեց. «Հայրս նույնպես նկատել է մեծ, լուսավոր խաչը Մասիսի վրա»։ Մուշեղ Գասպարյանն էլ գրեց. «Ես էլ եմ դա նկատել և ավելի լավ որակով»: ՈՒրիշները, փառք տալով Աստծո զորությանը, այն կարծիքը հայտնեցին, որ Աստված հայերիս հետ է, մնում է` մեր ղեկավարները մեզ հետ լինեն: Թեև խաչի երկրորդ երևման ժամանակ ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններն ավելի քան 2 շաբաթ առաջ ավարտվել էին արդեն, նաև այն կարծիքն արտահայտվեց, որ Աստծո օրհնությունն ունենք փորձության օրերին: «Այս խաչին կարելի է հավատալ, որովհետև այս պատերազմի ժամանակ ամբողջ հայ ազգն աղոթում և Աստված էր կանչում մեր զինվորների համար, գուցե Աստված էլ այսպես է արձագանքում, և մենք կշարունակենք աղոթել, որպեսզի այդ լուսավոր խաչն ամեն մի զինվորի թիկունքին շողա ու պաշտպանի նրանց»,- գրել էր «Ֆեյսբուքի» օգտատերերից Նարինե Խաչատրյանը:
«Հավատում եմ, որ պատահականություն չէ սա, մենք` հայերս, շատ մեծ հավատք ունենք, ասպես ասած, Աստծո փեշից բռնած, գնում ենք։ Փա՛ռք քեզ, ՏԵՐ ԻՄ, փառք քո զորությանը։ Պահապան լինես մեր հայ ազգին, պահապան լինես մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, և խաղաղություն տաս աշխարհին»,- գրել էր «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկ ուրիշը` Նելլի Սիմիկյանը, որը տեղեկանալով Մասիսի գագաթին խաչի երևման մասին, ինչպես ինքն էր նշել, ուղղակի չէր կարողացել արցունքները զսպել, ամբողջ մարմնով փշաքաղվել էր։


Կատարվածի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեցին նաև անհավատ և աթեիստ մարդիկ: Նրանցից, օրինակ, Արմեն Մանուկյանն այս ամենը կրոն և շիզոֆրենիա համարեց, թեև վերը ներկայացված եղելության մեջ խոսք չկա կրոնի մասին, որը նշանակում է դեպի Աստված տանող ճանապարհ: «Կրոն» և «շիզոֆրենիա» բառերը միասին գործածելով, նա պարզապես փորձել էր այդ կերպ վիրավորել հավատացյալների կրոնական զգացմունքները, ինչպես կվարվեր աթեիստը, ոչ թե այն մարդը, որը սոսկ անհավատ է, այլ Աստծո դեմ գիտակցաբար մարտնչող մեկը: Երևի բոլորն էլ գիտեն, թե ինչ է սպասում նրանց, իրենք չգիտեն։
Կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան բոլոր մեկնաբանություններից, սակայն, ամենաուշագրավը և իրականությանը մոտը, կարծում ենք, Ալեքսանդրա Ծատուրյանի մեկնաբանությունն է. «Խաչը փորձություն է, որը նշանակում է, որ մեծ փորձություն է կախված քրիստոնյաներիս, հայերս գլխին»: Ընդգծում ենք` Մեծ պահքի Գալստյան կիրակին Մեծ պահքի վեց կիրակիներից վերջինն է, նրանով եզրափակվում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնելու Քրիստոսի Երկրորդ գալստի խորհուրդը: Քրիստոսն Իր առաջին գալստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի»:


Բնականաբար, հարց կարող է առաջանալ` ինչու՞ եմ կարծում, որ Աստված լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն է հայտնել մեզ: Ինչու՞ եմ կարծում, որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելն աստվածային հրաշք է: Այն պարզ պատճառով, որ չնայած ոչ աղքատիկ երևակայությանս, կատարվածին այլ բացատրություն չեմ կարողանում գտնել: Ավելին. չեմ էլ պատկերացնում, թե որևէ մեկը կարող է գտնել այլ բացատրություն, քանի որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելը հնարավոր չէ բացատրել մթնոլորտում օպտիկական հայտնի երևույթով` միրաժով (օդատեսիլով, օդապատրանքով, կրկներևույթով): Եթե կա որևէ գիտնական, որը կարող է այլ բացատրություն տալ և հիմնավորել այն, շնորհակալ կլինենք ու կհրապարակենք այն:


Ավելի վաղ փորձ եղավ բացատրելու, թե Մասիսի գագաթին նկատվածը սառցի վրա արևի ճառագայթների անդրադարձման արտահայտությունն է: Կարելի է կարծել, թե Արևն աստված է ու բանական, իր ճառագայթները հատուկ այնպես է ուղարկել, որ սառցի վրա խաչ պատկերի: Սակայն այդպիսի բացատրությունը լուրջ չի լինի, ինչպես և արևի ճառագայթների անդրադարձմամբ խաչի պատահական պատկերումը, այդպիսի պատահականություն չի կարող լինել, և ահա թե ինչու։


Առաջին. խաչը, որպես երկրաչափական մարմին, որոշակի համաչափություն ունի, պատահականությամբ այդպիսի համաչափ մարմնի պատկեր չէր կարող առաջանալ: Հետևաբար, ինչու՞ է Մասիսի գագաթին հայտնվածը եղել ոչ թե ինչ-որ անկանոն, անհամաչափ պատկեր կամ, թեկուզ, կանոնավոր (օրինակ` հավասարաթև խաչ), այլ հենց քրիստոնեական խաչ: Շրջանակը, եռանկյունը, քառակուսին նույնպես երկրաչափական պատկերներ են, ճառագայթների պատահական անդրադարձմամբ թող դրանցից որևէ մեկը պատկերվեր Մասիսի գագաթին: Սակայն ոչ միայն վերջին շրջանում, այլև մինչ օրս նույնիսկ նման բան չի եղել, չկա Մասիսի գագաթին հավասարաթև խաչի, լուսեղեն եռանկյան, շրջանակի, քառակուսու կամ ուղղանկյան պատկերման վերաբերյալ որևէ տեղեկություն, լուսանկար:


Երկրորդ. պատկերվել է հենց քրիստոնեական խաչ, որը, ի տարբերություն հիշյալ և այլ երկրաչափական մարմինների, քրիստոնեության խորհրդանիշն է, ընդ որում, գլխավոր խորհրդանիշը` հարության ու փրկության իմաստներն արտահայտող, ինչի վրա նույնպես հարկ է ուշադրություն դարձնել: Սա նու՞յնպես պատահականություն է։
Երրորդ. խաչը պատկերվել է ոչ թե մեկ այլ լեռան կամ նույնիսկ Սիսի, այլ հենց Մեծ Մասիսի վրա, որը հայերիս (և ոչ միայն…) սուրբ լեռն է: Սա՞ էլ է պատահականություն։ Չէ՞ որ լուսեղեն խաչը կարող էր հայտնվել հազար ու մի տեղ, այդ դեպքում ինչու՞ է հայտնվել հենց մեր սուրբ լեռան` Մեծ Մասիսի վրա:
Չորրորդ. խաչը պատկերվել է ոչ թե Մեծ Մասիսի ստորոտին, միջին հատվածում, այլ գագաթին: Սա՞ էլ է պատահականություն։
Հինգերորդ. ոչ միայն իր ձևով, այլև գույնով, պայծառությամբ այդ լուսեղեն պատկերը տարբերվել է մինչ այդ, այդ պահին ու դրանից հետո (բացառությամբ ապրիլի 20-ին հրաշքի կրկնության) Մասիսի սառույցներից արևի ճառագայթների ցանկացած անդրադարձից: Սա՞ էլ է պատահականություն։


Վեցերորդ. լուսեղեն խաչը Մասիսի գագաթին առաջին անգամ հայտնվել է հենց Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, որը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին: Սա՞ էլ է պատահականություն։
Յոթերորդ. Մեծ Մասիսի գագաթին, հենց նույն տեղում լուսեղեն խաչի պատկերումը մեկ ամիս անց կրկնվել է, ընդ որում, ապրիլի հենց նույն օրը` 20-ին: Սա՞ էլ է պատահականություն։
ՈՒթերորդ. ի վերջո, պատահականությու՞ն է արդյոք, որ լուսեղեն խաչը նկատած-լուսանկարած և այդ մասին հայտնող անձի անունն Անգելինա է (թարգմանաբար` հրեշտակ): Չեմ կարծում, թե այս ամենը կարող էր պատահական լինել, այսքան պատահականություններ կարող էին լինել: Միաժամանակ հասկանում եմ, որ անհավատները, աթեիստները կարող են տրամագծորեն հակառակ կարծիքն ունենալ և արտահայտել: Կարծիքը` կարծիք, բայց եթե կարող են, թող ապացուցեն, որ այս ամենը պատահականություն է:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao