«Իրատես» թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին, իսկ irates.am-ը կթարմացվի սեպտեմբերի 1-ից:               
 

«Մեր գրադարանի դեպքում ոչ միայն գրականության առկայությունն է կարևոր, այլև խորհրդատվությունը»

«Մեր գրադարանի դեպքում ոչ միայն գրականության առկայությունն է կարևոր, այլև խորհրդատվությունը»
18.09.2018 | 02:00

«Ֆոկուս» արվեստի հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, libraries.am-ի ներքո, ստեղծվել է անկախ գրադարանների ցանց՝ ընդհանուր օգտագործման Էլեկտրոնային հաշվառման համակարգով, որն արվեստի և հարակից ոլորտի անկախ գրադարաններին հնարավորություն կտա անվճար սկզբունքով ներկայացնելու իրենց ֆոնդերն ու կապ հաստատելու ընթերցողների հետ:

«Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի նախագահ ՆՈՐԱ ԳԱԼՖԱՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ վաղուց էր այս գաղափարը հասունացել. ««Ֆոկուսն» ունի արվեստի գրադարան, որից օգտվում են կազմակերպության հետ համագործակցող ուսանողները, արվեստագետները, հետազոտողները: Մենք կարիք ունեինք ավելի համակարգված կազմակերպելու գրադարանի աշխատանքը, որ գրքերը չկորչեն, ընթերցողներն ավելի հեշտությամբ փնտրեն անհրաժեշտ գրականությունը: Նաև հարկ է գրադարանը տեսանելի և հասանելի դարձնել բոլոր այն ուսանողներին ու հետազոտողներին, որոնք աշխատում են արվեստի և հարակից ոլորտներում»:


Երբ ընձեռվել է նախագիծը կյանքի կոչելու հնարավորություն, ՀԿ «Դեպո» ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ որոշել են էլեկտրոնային հաշվառման այս համակարգը տրամադրել նաև այլ կազմակերպությունների, ստեղծել փոքր, անկախ գրադարանների ընդլայնված ցանց: «Ֆոկուս» արվեստի գրադարանից զատ ներկայումս արվեստի անկախ գրադարանների ցանցում ընդգրկված են «Միրզոյան գրադարանը», «Արվեստ Հայաստան» հիմնադրամի մեդիակենտրոնը, «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի գրադարանը, «Հովհաննիսյան հետազոտական գրադարանը», «Ֆեմ գրադարանը»: Վերջիններս իրենց հերթին ներգրավվել են ցանցի կազմակերպման աշխատանքներում:


Ընթացքի մեջ են կայքի ձևավորման, գրքերի կատալոգավորման ու թվայնացման աշխատանքները. «Կատալոգների զգալի մասը թվայնացվել է: Ընթացքում ավելացումներ կլինեն, քանի որ ոչ բոլոր գրադարաններն են լիարժեք ներմուծել իրենց ֆոնդերը: Դա երկար գործընթաց է՝ կախված նրանից, թե ինչ ֆոնդեր ունեն: Այս պահին կարևոր է, որ մարդիկ տեղեկանան գրադարանի մասին ու սկսեն օգտվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը, տեղեկացնելով, որ ցանցում կլինի որոնման համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոնել-գտնել անհրաժեշտ գրքերը, առցանց գրքեր պատվիրել, տեսնել առկայությունը, ճշտել՝ գիրքը հասանելի՞ է ընթերցասրահում, թե՞ կարող է նաև տուն տանել, հնարավոր կլինի նաև ծանուցել, որ ժամանակն է վերադարձնելու գիրքը:


Անդրադառնալով մեր «Ի՞նչ պահանջվածություն ունեն անկախ գրադարանների ֆոնդերը» հարցին՝ Նորա Գալֆայանը նշեց, որ դրանք բոլորը հիմնականում նեղ մասնագիտական գրադարաններ են, իրենց դեպքում դա վիզուալ արվեստն է, մյուս դեպքում՝ լուսանկարչությունը: Այդ գրադարաններից հիմնականում օգտվում են կամ նեղ մասնագետները, կամ տվյալ կազմակերպության շահառուները: Սակայն նպատակ ունեն տեղեկատվական մի փոքր արշավ սկսելու՝ անկախ գրադարանների ցանցի մասին տեղեկացնելով հետազոտողներին, համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, որոնք գուցե ունեն այս գրքերի կարիքը, բայց չգիտեն դրանց առկայության մասին:


«Կոնկրետ մեր գրադարանի դեպքում ոչ միայն գրականության առկայությունն է կարևոր, այլև խորհրդատվությունը: Եթե դու ոլորտային ուսումնասիրություն ես անում ու գալիս ես մասնագիտական գրադարան, համապատասխան մասնագետները քեզ կարող են խորհրդատվություն տրամադրել, հուշել, թե ինչ գրականությունից կարող ես օգտվել: Մենք պարբերաբար համալրում ենք գրադարանը ժամանակակից արվեստի և հարակից ոլորտներին վերաբերող դասական և ամենավերջին հրատարակութուններով, անընդհատ թարմացնում ենք ֆոնդը, բայց պետք է մեկը, որը կլուսաբանի, եթե կա ակտուալ թեմա, դրա վերաբերյալ ընթերցողին գրքեր կառաջարկի»: Հետազոտողներին գրքերը տրամադրվելու են 2 ամսով, ուսանողներին՝ 2 շաբաթով: Գրքերի եզակի արժեքավոր օրինակներից կարելի է օգտվել բացառապես ընթերցասրահում:
Հարկ է նշել, որ գրադարաններից յուրաքանչյուրն ինքն է սահմանում իր գրադարանից օգտվելու կարգը:


Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մասնագիտական գրականության թարգմանության խնդրին, նշելով, որ ցանցում առկա գրքերը հիմնականում «մայր» լեզվով են, օրինակ, փիլիսոփայության դեպքում՝ ֆրանսերեն, գերմաներեն, և, բնականաբար, ընթերցողների լայն շրջանակ չեն ենթադրում: Փորձում են նույն գրականության ռուսերեն կամ հայերեն թարգմանությունը ձեռք բերել կամ իրենք են նախաձեռնում կարևորագույն հոդվածների թարգմանությունը: Կան հրատարակություններ, որոնք հանձն են առնում նման գրականության թարգմանությունն ու հրատարակումը, բայց «Ֆոկուսի» նախագահը նկատում է, որ դա տարիների աշխատանք է: Նրա խոսքով՝ մասնագիտական գրականությունը հայերեն հասանելի դարձնելու համար պահանջվում են երկարատև աշխատանք և որոշակի քաղաքականություն:


Գրադարաններն ունեն նաև տարածքի խնդիր: Դրանք գործում են կազմակերպություններին կից, կարելի է ասել, ձևավորվել են ինքնըստինքյան, մինչդեռ բոլորն էլ ունեն տարածքի խնդիր, ինչը, մեր զրուցակցի պարզաբանմամբ, թույլ չի տալիս երկարատև պլանավորում իրականացնել և մեծապես խոչընդոտում է կազմակերպությունների կայունությանն ու զարգացմանը:


Հարկ է նշել նաև, որ անկախ գրադարանների ցանցի գրադարանավարները աշխատելու են կամավորության սկզբունքով:
«Մենք վերապատրաստել ենք յուրաքանչուր գրադարանից մեկ հոգու, որը տիրապետում է ծրագրին, կամավորության սկզբունքով, բայց երկար ժամանակով պատրաստ է ներգրավվելու այս համակարգում: Ամեն դեպքում, համալիր լուծման անհրաժեշտություն կա: Գոնե երկու մշտական հաստիքը՝ գրադարանավարի և տեխնիկական աշխատողի, պարտադիր է: Եթե գրադարանային ցանցը նկատելի դառնա, գուցե գտնվեն ուղիներ: Այս պահին փորձում ենք մշակույթի նախարարության հետ բանակցել, համագործակցության եզրեր գտնել: Իրենց կողմից նույնպես կա հետաքրքրություն»:


Հավելենք, որ նորաբաց ցանցի միջոցով ընթերցողին հասանելի կլինեն նաև էլեկտրոնային գրքեր, հոդվածներ: Թվայնացման գործընթացը, սակայն, երկարատև աշխատանք է պահանջում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ