USD485.12
EUR549.84
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի
18.09.2018 | 13:25

Չէ, բանաստեղծության տրամադրություն չունեմ: Անգամ` այդքան սքանչելի: Հացի թեման (գինու հետ) Նիկոլ Փաշինյանը մեջտեղ բերեց երեկ Ավանում: Նոստալժիի ալիքի վրա, որտեղ երբեմն ամեն ինչ մշուշի մեջ է: Նիկոլ Փաշինյանը հիշեց 2017-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, երբ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և Ավանից էր սկսել քարոզարշավը:


«Այս թաղամասում տարօրինակ և խորհրդանշական բան տեղի ունեցավ, անցնում էինք կրպակների արանքով, և չգիտեմ՝ այդ օրը մարդիկ ինչ էին լսել, իմացել, անընդհատ հաց էին հյուրասիրում: Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն պատառը կուլ տալուց ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով։ Ես հիմա այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, որ այդ հացը հարամ չի արված, և դու հաղթել ես, իմ ժողովուրդ: Այդ ուխտը սրանով չի ավարտվել, նոր փուլ է մտնում և գոյություն է ունենալու հավիտյան, քանի որ ՀՀ-ում գոյություն է ունենալու ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն, և սա այլընտրանք չունի. այդ ուխտն այսօր նորոգվում է և նոր թափ ստանում»,- ասաց նա: Իսկական պոեզիա: Բարձրակարգ: Բայց` քաղաքական, ու` անեկդոտանման ավարտով` տեսնելով մեծերի հետ հանրահավաքի եկած երեխաներին, հացը մոռացած` Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշել է, որ ինչ-որ մեկը կասկածի տակ դնելու նրանց ապագան ու պոռթկացել է. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև նրանց պատերով կտանք»:


Մեկը լիներ` բացատրեր` ասֆալտին պառկածներից ու պատերին տվածներից ի՞նչ օգուտ երեխաներին: Թե՞ դա էլ նոր ուխտ է, որ իր գաղտնիքներն ունի ու մեկ տարի հետո (կամ ավելի շուտ, կամ ավելի ուշ) կիմանանք, երբ Նիկոլ Փաշինյանը նորից Ավան մտնի: Կամ այլ տեղ` վարչապետը ՀՀ ողջ տարածքում՝ երկրի ամեն անկյունում, հացով, արցունքով, ժպիտով, համերաշխությամբ ուխտ է կնքել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ. «Ձեր հացի սրբությունը պահված է և պահվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իմ սիրտը բաբախում է»: Էս անկապ պաթետիկան ու՞մ է պետք: Սպիտակների՞ն: Թե՞ սևերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սրբություն պահողը կպահեր նաև ուրիշների սրբությունները` երեկ Մեռելոց էր, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անմահների կառավարություն է` ոչ հանգուցյալներ ունեն, որ հիշատակ հարգեն, ոչ էլ իրենք են հանգելու ի Տեր, ու երեկ աշխատանքային օր էր: Թե՞ դա էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ «ուխտի» դրևորում է: Հացի ուխտը «հարգողների» ականջին ասեք` «Ոչ միայն հացիւ»…

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao