USD484.35
EUR556.13
RUB7.42
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Ընտրվողների՞, թե՞ ընտրողների ընտրություն

Ընտրվողների՞, թե՞ ընտրողների ընտրություն
19.09.2018 | 13:41

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Երևանի ավագանու ընտրությունները ԱԺ արտահերթ ընտրությունների նախերգանքն են, միայն խիստ խորաթափանց կամ խիստ տեղեկացված մարդիկ կարող էին հասկանալ, որ խոսքը վերաբերում է ոչ թե հեղափոխությունից հետո առաջին ընտրությունների` ժողովրդավարական չափանիշներով կազմակերպմանը, այլ` քաղաքական դաշտում հաշվեհարդարին: Նույնիսկ երբ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը առաջին իսկ ելույթով սևի ու սպիտակի բաժանում դրեց, մեծամասնությունը համարեց անհաջող ձևակերպում` անփորձության հետևանքով, խիստ տեղեկացված փոքրամասնությունը դեռ լռում էր: Քարոզչության ավարտին ունենք իրավիճակ, որ բնավ համարժեք չէ խնդիրներին, որոնք պիտի լուծվեին.


1. Իսկզբանե վարչապետի թեթև ձեռամբ «մոռացվեց», որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է և ավագանու ընտրությունները վերածվեցին … նախագահական ընտրությունների: Փաստացի: Որտեղ լուծվում է իշխանության հարցը: Խնդիր դրվեց ոչ թե ընդամենը մայրաքաղաքի ավագանի ընտրել, այլ` հեղափոխության հաղթանակը հաստատել հակահեղափոխության դեմ: Թեպետ որևէ «հակահեղափոխական» ուժ ավագանի դառնալու հայտ չէր ներկայացրել:


2. Ոչ ընտրվողները, ոչ էլ առավելևս ընտրողները դեռ չէին հասկանում` ի՞նչ է կատարվում: Արվեց հաջորդ քայլը` դարձյալ վարչապետի թեթև ձեռամբ: Պարզվեց սպիտակը միայն ՔՊ-ն է, որ հեղափոխություն է արել, սև են բոլորը, որ ՔՊ-ի հետ չեն քայլել Գյումրի-Երևան ճանապարհը: Եվ արդեն բոլորին հասկանալի դարձավ` ինչու՞ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին նոր քաղաքապետ չընտրեց ու կառավարությունը կարճեց նրա լիազորությունները` արտահերթ ընտրությունների հեռանկարով, ինչու՞ էր պետք Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ: Փաստացի` վարչապետն ու իր թիմը գնացին դեմագոգիկ ճանապարհով` ոչ մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց առաջ, ոչ հետո Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները չեն հայտարարել, որ «Ելք» դաշինքն այլևս ավարտել է իր առաքելությունը ու կուսակցություններից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Ավելին` հաճույքով հեղափոխության գիրկն են առել և ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Քաղաքական կոնյունկտուրան էր պահանջում, քաղաքական շահը հիմա էլ պահանջում է համագործակցություն քաղաքական դաշտում, և ՔՊ-ն ընտրեց իր մենիշխանության հարցի լուծումը ժողովրդի վրա գցելու տարբերակը: Մենք չենք ձեզ սևացնում, մենք չենք ձեզ մերժում` ժողովրդի կամքն է: Հաշվարկի հիմքում բացարձակ վստահությունն է, որ ավագանու ընտրություններում հաղթելու է «Իմ քայլը»` 80-90 տոկոսով, որից հետո արդեն ՔՊ-ն ավագանու ընտրության արդյունքները մատի փաթաթան կդարձնի իր հետագա գործունեության մեջ: Հենց այդ պատճառով «Իմ քայլի» քարոզարշավը ու շռնդալից հաղթանակը անփորձ Հայկ Մարությանի հույսին չթողնելով` Նիկոլ Փաշինյանն անձամբ վարեց: Սա իսկապես ժողովրդավարության նոր տեսակ է, որ բոլորովին կապ չունի ժողովրդավարության հետ: Մենիշխանությունը, ավելի ստույգ` անձիշխանությունը այն համակարգն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր թավշե հեղափոխությամբ այնքան փայլուն տապալեց: Ո՞ր ինչ: Ի՞ր իշխանության հաստատման համար:


3. Ինչպիսին էլ լինեն ավագանու ընտրության արդյունքները, ակնհայտ է անհավասար մրցակցությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը` հօգուտ իշխանության թեկնածուի: Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հարցերը լուծելու համար զրկեց Հայկ Մարությանին ինքնարտահայտվելու, ընտրողին` ազատ ընտրության հնարավորությունից:


4. Երևանի ավագանու ընտրություններում Երևանը խաղից դուրս մնաց` մրցունակ թեկնածուներին ներքաշեցին քաղաքական պարզաբանումների մեջ, ոչ մրցունակները մնացին քաղաքական պարզաբանումների ստվերում: Լրատվամիջոցները հաճույքով, գուցե նաև ստիպված էին տիրաժավորել ոչ թե ընտրությունների մասնակիցների ծրագրերն ու ելույթները` քարոզարշավը, այլ` ՔՊ-ի քաղաքական կռիվը քաղաքական դաշտի դեմ, որտեղ ժողովուրդն օգտագործվեց իբրև բիոզանգված:


5. Քարոզարշավի վերջնագծում ՔՊ-ն արդեն սկսեց իբրև սպիտակ` հանդես գալ պետական մեղադրողի դիրքերից, բոլոր սևերին ներկայացնելով դատավճիռը` հաղթողները մենք ենք ու մենք չենք ուզում մեր հաղթանակին մոտ թողնել որևէ մեկին: Ժողովուրդը ընդհանրապես հաշվարկից դուրս էր: Իսկզբանե ելակետ էր ընդունվել, որ 95 տոկոսը հեղափոխության հետ է, իսկ 5 տոկոսի հետ հարցերը այլ հարթության մեջ են լուծվում: Ապրիլին-մայիսին` այո: Իսկ հիմա՞: Անգամ այս հարցը որակվում է հարձակում հեղափոխության վրա ու հակահեղափոխություն:


6. Տրամաբանական էր, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանքի այս կատարման գլխավոր հարվածը ուղղվելու էր «Լույսի» ու ԲՀԿ-ի դեմ: Պարզ էր ամենասկզբից, երբ ՔՊ-ն որոշեց «Ելքի» մյուս 2 կուսակցություններից առանձին գնալ ընտրությունների, բայց ՔՊ-ն չէր սպասում ոչ «Լույս» դաշինքի ձևավորմանը ու մրցունակ պայքարին, ոչ էլ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի` կառավարության գործող անդամի քաղաքապետի թեկնածու առաջադրմանը, որ անցած ճանապարհով, կառավարման փորձով, գիտելիքներով ու հեղինակությամբ համեմատության եզր չունի Հայկ Մարությանի հետ: ԲՀԿ-ի հետ հարցերն ավելի հեշտ էր լուծել` հին մեղքերի ձևաչափում: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի դեմ սկսված արշավը անձնական ենթատեքստ չունի` նա պատասխան է տալիս Գագիկ Ծառուկյանի ու կուսակցության համար: Ի վերջո` եթե ՔՊ-ն ռազմավարական ու մարտավարական հարցերում գնում է նախորդ իշխանության, ում դեմ պայքարում է իբրև հակահեղափոխության, նվիրական ոտնահետքերով, ինչու՞ պիտի թողներ, որ ժանգոտի քաղաքական հակառակորդների դեմ պայքարի հին ու հրաշալի գործիքը, որ այնքան հմուտ օգտագործում էր ժամանակին ԲՀԿ-ն` հայտնի ֆեյքերը:


7. Ժողովրդավարական ընտրություններն են հեղափոխության տրամաբանական ավարտը և ժողովրդավարական ընտրություններն են կասեցնում հակահեղափոխությունը: Այս պարզ, նույնիսկ պարզունակ ճշմարտությունը մղվել է 64-րդ պլան` պահանջարկ չունենալով ՔՊ-ի խիստ գործիմաց, խիստ մարտունակ ու խիստ հայրենասիրական շրջանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամենաանհեթեթը` ինքնահոսի է թողնված ընտրողը: Առաջ կար երկու բաժանում` գաղափարականներ ու պրագմատիկներ: Գաղափարականները գնում ու ընտրում էին ընդդիմությանը, պարտվում էին ու բողոքում էին պրագմատիկներից: Պրագմատիկները ընտրում էին` ում պետք է, մի քանի օրում ծախսում էին փողն ու բողոքում էին …ընդդիմությունից, որ հաղթելու բավարար վստահություն չի ներշնչում: Ո՞վ է հիմա ընտրողը.
1. Գաղափարական, կայուն, անկաշառ, որ հստակ գիտի իր նպատակը ու նպատակին հասցնող ճանապարհը:
2. Մտածող ու պայքարի պատրաստ, որ ուզում է ու պատրաստ է իրավիճակ փոխել:
3. Անպատասխանատու ու պնակալեզ, ընդամենը տեր փոխած, որ ամեն իրավիճակից ուզում է իր բաժինը` ինչ տեսքով էլ լինի:
4. Կարծրատիպերի մեջ խրված ու տգետ, իրականության զգացում չունեցող, որ ամեն ընտրության նույն երգն է երգում` միացեք, որ հաղթեք, միավորվեք, կապ չունի` ով ում հետ:
5. Ինքնամփոփ ու անտարբեր` խորապես զզված ու հոգնած ամեն ինչից ու բոլորից, որ չի հավատում ոչնչի ու ոչ մեկին:
6. Միշտ իշխանության շուրջբոլորը պտտվող` իշխանություն ունեցողին Աստծո փոխանորդ ընդունող` միայն այդ կերպ ինքն իր կարևորությունը զգացող:
7. Մի քանի օրում ՀՀԿ-ին դուխով ՔՊ-ով փոխարինած, որ հետայսու իր կյանքի, ուսման, աշխատանքի, բուժման ու ամեն ինչի հարցերը վազելու է լուծել ՔՊ գրասենյակ:
Սա է իրավիճակը, արժեքների փոփոխություն չի եղել, եղել է իշխանության պահպանման ձևերի փոփոխություն: Եվ գուցե շատ լավ է, որ Աժ արտահերթ ընտություններից առաջ է իրավիճակը պարզվում, ժամանակ կա արժեքները տեղը բերելու: Եվ` ընտրողին բացատրելու` ի՞նչ է նշանակում Հայաստանի հպարտ քաղաքացի լինել ամեն օր, ամեն տեղ ու ամեն ինչում:

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ