USD484.35
EUR556.13
RUB7.42
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Նոր ահաբեկչություն Իրանում և բազում զոհեր, իսկ պատճա՞ռը

Նոր ահաբեկչություն Իրանում և բազում զոհեր, իսկ պատճա՞ռը
23.09.2018 | 13:00

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ անհայտ զինված անձինք կրակ են բացել շքերթի մասնակիցների ու հանդիսականների վրա: Սպանվել են 25, վիրավորվել 50 մարդ` նաև կանայք ու երեխաներ` հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները: Կրակը բացել են հրապարակի մերձակա զբոսայգուց`զինվորական համազգեստով մարդիկ: Ահվազի ազգային դիմադրություն հակակառավարական արաբական խմբավորումը և երկրում արգելված «Իսլամական պետություն» խմբավորումը միաժամանակ ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացավ կոշտ պատասխան տալ ահաբեկիչներին: «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը կլինի կոշտ, այաբեկիչների համար պատասխանատվությունը կկրեն նրանց ֆինանսավորողները»` ասաց նախագահը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հարձակմանը մասնակցել են ահաբեկիչները, որ ստանում են արտասահմանյան վարչակարգի աջակցությունը: Երկրի անուն չի նշվել: Անցած տարեվերջին Ահվազում հակակառավարական ցույցեր էին կենսամակարդակի նվազման դեմ:


Այս օրերին Իրանը նշում է 1980-1988-ականներին Իրաքի դեմ պատերազմի հաղթանակի տարելիցը և այդ առիթով երկրում բազմաթիվ ռազմական շքերթներ են անցկացվում: Ֆարս գործակալությունը հաղորդել է, որ Ահվազի շքերթի վրա առավոտյան 9-ին ավտոմատներով զինված 4 մարդ կրակ են բացել: Կրակը ուղղվել է և տրիբունայում նստած հանդիսատեսների վրա, հիմնականում զինվորական սպաներ: Այլ տեղեկություններով` սպանվածների թվում են Հեղափոխական գվարդիայի 8 անդամ և 1 լրագրող: Հարձակվողներից երկուսը սպանվել են պատասխան կրակով, երկուսը ձերբակալվել են` հաղորդել է փոխնահանգապետ Ալի Հուսեյն Հուսեյնզադեն: Ո՞վքեր են հարձակվողների թիկունքում: Առայժմ միմյանց հակասող մի քանի վարկածներ կան: Ահվազի ազգային դիմադրության խմբի ներկայացուցիչը, որ իր պնդումով` միավորում է Խուզիստանում արաբական փոքրամասնության շահերը պաշտպանող բոլոր ուժերը, հայտարարել է, որ իր ուժերն են հարձակվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է նաև «Իսլամական պետություն» էքստրեմիստական խմբավորումը` չներկայացնելով որևէ ապացույց: ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարեց. «Իրանը այս հարձակման պատասխանատու է համարում տարածաշրջանում ահաբեկչության հովանավորներին ու նրանց ամերիկյան տերերին»: Ավելի վաղ Իրանը արաբական փոքրամասնության անջատողական տրամադրությունների աջակցության մեջ մեղադրում էր տարածաշրջանում իր գլխավոր հակառակորդին` Սաուդյան Արաբիային: Էր Ռիադը դեռ որևէ արձագանք չի տվել հարձակմանը: Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հաղորդել է, որ հարձակվողները ԻՊ-ից չեն և նախապատրաստություն են անցել Պարսից ծոցի երկու երկրներում: Նրանք կապեր են ունեցել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ:
ВВС


Հ.Գ. REGNUM -ը ավելի ուշ գրել է, որ սպանվածների թիվն անցել է 50-ից և առաջարկել է իր վարկածները: Առաջին` Ահվազի ահաբեկչությունն ուղղված է Իրանում իրավիճակի ապակայունացմանը: Ահաբեկչությունը հաջորդեց Սիրիայում Ил-20-ի կործանմանը: Կապ կա՞ երկու ողբերգությունների միջև` դեռ պետք է պարզել: 2005-ից Իրանում կատարվող ահաբեկչությունների դոսիեն վկայում է էթնիկ ու աշխարհագրական կապի միտումը: 2005-ի հունիսի 12-ին նախագահական ընտրություններից երկու օր առաջ Ահվազի գեներալ-նահանգապետի պալատի առաջ պայթյունից 11 մարդ զոհվեց, վիրավորվեցին 87-ը, Հաջորդ 10 ամիսներին քաղաքում ևս 4 ահաբեկչություն եղավ` 28 զոհով: Պայթյունների կազմակերպման մեջ Իրանի իշխանությունները մեղադրեցին Խուզիստանի անկախությունը պահանջող իրանցի արաբների խմբերին: Պայթյունները դադարեցին ահաբեկչության կազմակերպիչների ձերբակալություններից ու մահապատժից հետո: Գրոհներ եղան և Բելուջիստանում` մեքենայի պայթյունից Իսլամական հեղափոխության պահնորդների գնդից 11 զինծառայող զոհվեց, 31-ը վիրավորվեց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Ջունդալա» խմբավորումը: Ահաբեկչության կազմակերպման համար 6 մարդ մահապատժի ենթարկվեց: Եղել են նաև տարբեր սունիական խմբավորումների զինված հարձակումներ, Փաստորեն` Իրանում ընդհատակ կա, որ պայքարում է իշխանության դեմ` տարբեր նպատակներով:


Երկրորդ` Ահվազի ահաբեկչությունը նախագահ Հասան Ռուհանիի Նյու Յորք մեկնումի նախօրեին էր` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին: Օրերս Վաշինգտոնից տեղեկություն տարածվեց Հասան Ռուհանիի ու Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին: Փսատերի համադրումից կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանի որոշակի ուժեր շահագրգռված չեն իրադաձությունների այդօրինակ զարգացմամբ, թեպետ Թեհրանը հերքում է հանդիպման սցենարը: Ահվազի ահաբեկչությունից հետո Ռուհանիի ու Թրամփի բանակցությունները հնարավոր չեն քաղաքական ու բարոյական նկատառումներով: Երրորդ` Կարող է սկսվել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարման հերթական փուլը, որ ավելի կբարդացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում: Չորրորդ` տեսականորեն կարելի է ենթադրել, որ գործել են Իսրայելի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, որ լավ տիրապետում են հիբրիդային պատերազմի տեխնոլոգիաներին, այդ թվում` ահաբեկչական պրոկսի խմբերի ստեղծմանը: Ահաբեկչություններն Իրանում կարող են ունենալ նաև խիստ ներքին պատճառներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ