«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»

«Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու»
25.09.2018 | 01:42

(Նախորդ մասը)

Ասես ի վերուստ էր որոշված, որ սիրելի կրթօջախը մեզ պետք է նեցուկ լինի նաև ընտանիք կազմելու պատասխանատու խնդրում: Ես ու եղբայրս հարսնացու ընտրեցինք Գարակէօզեանի պարի խմբի պարուհիներից:
Այսօր էլ կապված ենք վարժարանի հետ: Չենք մոռանում մեր սիրելի ուսուցիչներին: 2013 թ. Ամերիկայից Ստամբուլ եկավ վարժարանի մեր ուսուցչուհի Անի Բոստանջյանը: Օրիորդ Արաքսյային ասել էր. «Կարո՞ղ ես մեր աշակերտներից գտնել, հավաքվենք մի սրճարանում, զրուցենք»: Օրիորդ Արաքսյան զանգահարեց ինձ, ես՝ ընկերներիս: Հիսուն հոգի հավաքվեց: ՈՒսուցիչների հետ գնացինք, ինչ պետք էր՝ գնեցինք, ճաշ եփեցինք, սեղան գցեցինք։

ՈՒսուցչուհիները նայում էին ճանապարհով եկողներին և ասում՝ սա այսինչն է, սա այնինչն է...: Հարցրի. «Օրիորդ, 40 տարի է անցել, ո՞նց եք հեռվից ճանաչում»: Ասաց. «Ամեն բան փոխվում է, մարդու ճակատը չի փոխվում»: Այնքան ջերմ էր մեր հանդիպումը, որ ընկերոջս կինը հիացած ասաց. «Տասնամյակներ են անցել, բայց ասես մեկ օր առաջ եք բաժանվել իրարից»: Վեց ամիս անց օրիորդ Անին կրկին եկավ, և մենք կրկին հանդիպեցինք: Վարժարանի տնօրենուհի Քլեմանս Չելիքն ասաց. «Այսուհետև շարունակենք հանդիպել»: Տարին մի քանի անգամ հանդիպում ենք: Եվրոպայում ապրող մեր դասընկերները, ֆեյսբուքում մեր լուսանկարները տեսնելով, գրեցին. «Մենք էլ մի օր կվայելենք ձեզ հետ լինելու ուրախությունը»: Հիմա կրկին օրիորդ Անին եկել է, նորից հանդիպում է լինելու: Մինչ այդ Ստամբուլի ամենահայաշատ Թաթավլայի՝ ներկայիս Քուրթուլուշի թաղամասերից մեկում, որն այդտեղի հույն բնակչուհի տիկին Ֆերիի անունով կոչվում է Ֆերիգյուղ, Սուրբ Վարդանանց եկեղեցում մասնակցելու ենք արարողության և Գարակէօզեան վարժարանի ուսուցչուհի օրիորդ Շնորհիկ Գյուլեգեչի եղբոր կնոջ թաղմանը: ՈՒրախություն լինի, տխրություն՝ միասին ենք: Գարակէօզեանի ուսուցչուհիները մոր պես սիրում էին մեզ, և երախտագիտությունը նրանց հանդեպ երբեք չի խամրի: Գիտեինք, որ որբ ենք, բայց որբ չենք, Գարակէօզեանի երեխաներն ենք։

«ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ՉԿԱ»


Տիգրան Գյուլմեզգիլը (Գյուլմեզեան) նախագահն է «Գարակէօզեան որբանոց» կոչվող հիմնադրամի, նաև այդ հայկական միջնակարգ վարժարանի խնամակալության ատենապետն է: Ինչպես Պետրոս Շիրինօղլուն, նա ևս բանկային գործունեությամբ է զբաղվում, բայց ավելի սակավ է հանդես գալիս հանրությանը, հայությանը վերաբերող հայտարարություններով, և եթե հանդես է գալիս, ապա ավելի զգայուն ոճով:

ՊՈԼՍԱՀԱՅԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄԻՑ


Գարակէօզեան վարժարանի երբեմնի սան, երկար տարիներ այդ վարժարանի խնամակալության ատենապետ, ճանաչված գործարար Տիգրան Գյուլմեզգիլի հետ զրուցելու համար Ստամբուլի քաղաքաշինության առումով խայտաբղետ, տարաոճ անվերջանալի տիրույթում, ուր ժամանակի վերջին շնչով կառուցված շքեղ նորակառույցների կողքին մի կերպ կցմցված, ներկ ու շաղախով քողարկված հին շինությունների խլյակներն անգամ «երկրաշարժ» բառի վանկարկումից երերում են, կիլոմետրերով ձգվող փողոցներ անցանք: Սուրացող մեքենայի պատուհանից աչքս չէր հասցնում ընկալել, մտապահել ասես դեպի անեզրություն ձգվող փողոցների իրարամերժ, բայց ներդաշնակության ձգտող շինությունների բոլոր դրվագները: Զարմանալի ու հաճելի էր քաղաքի հեռավոր խաչուղին հասցնող վարորդի անդորր, հանգիստ պահվածքը, ասես ոչ թե խցանումներով լի փողոցներով էինք անցնում, այլ ազատ-արձակ տարածքներով: Երբ տեղ հասանք, ամբողջ ճանապարհին լուռ՝ նա, պարտականությունն ավարտված համարելով, ժպտաց ջերմ ու հպանցիկ՝ իր պարտականությանը համահունչ: Նույն սիրալիր ժպիտով վերելակի մոտ ինձ ու տիկին Ռիտա Համանջյան Արաքսին դիմավորեց աշխատակցուհին և ուղեկցեց հարկաբաժինը, ուր գտնվում էր պարոն Գյուլմեզգիլի գրասենյակը: Առաջին իսկ ակնթարթից տպավորվեց շուրջբոլորը տիրող զուսպ, վայելուչ շքեղությունը, որ խոսում էր այդ տիրույթի ղեկավարի նուրբ ճաշակի մասին: Ասես հին հայկական ժամանակներից մեր այսօրը եկած, կյանքի լավն ու վատը ճաշակած և վաղուց արդեն ոչնչից չզարմացող երևույթով մեզ ընդառաջ եկավ Գարակէօզեանի երբեմնի սանն ու այսօրվա հովանավորը։ Սուրճի սեղանի շուրջ սրտաբաց զրուցում էինք աշխարհի, հայոց անցյալ ու ներկա եղելությունների մասին: Խոսակցության ընթացքում մարդկային բնույթի հակասություններից վաղուց չզարմացող այդ մարդու հայացքի թախծերանգ կայծկլտուքները երբեմն ավելի էին ընդգծվում: Անգամ դժվար, դառը բաների մասին նա այնքան խաղաղ, հաշտ էր խոսում, որ մի պահ մոռացա նրա հասցեին պոլսահայերի շլացուցիչ բնորոշումները և ինձ զգացի պարզ ու պայծառ մի հայի օջախում, ում հետ հաղորակցվելը նոր իմաստ էր ավելացնում արդեն վաղուց հայտնի ճշմարտություններին:
Չընդմիջելու համար մինչև հոգու գաղտնարանները հայկականությանբ շնչող, ապրող նրա խոսքը, գերադասեցի հանել նրան ուղղված հարցերս, որոնք առկա են պատասխաններում: Սրտառուչ, ուսանելի զրույց, որում, համոզված եմ, ամեն հայ իր սրտի գեթ մի զարկը կզգա։

«ԹՈՂ ՄԱԿԱՆՈՒՆՍ ՄՆԱ ԳՅՈՒԼՄԵԶԳԻԼ»


Թուրքերից ոմանք ինձ հարցնում են. «Որտեղի՞ց եք, ի՞նչ արինք ձեզ 1915 թ.»: Ասում եմ. «Դուն գիտե՞ս որտեղ է դեդեիդ գերեզմանը»: Ասում է՝ այո: Ասում եմ. «Ես, դժբախտաբար, չգիտեմ ուր են պապերիս գերեզմանները՝ ծովի մեջ, անտառում... Ինչու՞ ես հարցնում»: Թուրքիայում մականուն (ազգանուն) փոխելու ժամանակ՝ 1939 թ., պապիս հարցնում են. «Ի՞նչ մականուն դնենք քեզ»: Պատասխանում է. «Մենք ընտանիքով ուրախություն չտեսանք, չխնդացինք, այսինքն, գյուլմեզգիլ ենք՝ չխնդացողներ: Մականունս Գյուլմեզգիլ դրեք»:
(1930 թ. վերջին նացիստական Գերմանիայում և ընդհանապես Եվրոպայում ու աշխարհում, ազգայնականության ալիքի ազդեցությամբ, Թուրքիայում ոչ թուրքական՝ արաբական, հունական, հայկական և այլ փոքրամասնությունների ազգանուններին բնորոշ, տիպական մասնիկները վերացրին, որի հետևանքով ոչ բոլոր, բայց շատ հայերի ազգանունների «յան», հույների՝ «իս», «ուս», «փուլոս» վերջավորությունները փոխարինվեցին «օղլու» և այլ վերջավորություններով (Ծանոթ. Ռ. Հ. Ա.):
Հայրս` Պարույրը, ատաղձագործ էր, մայրս՝ Արշալույս Ջիվելեքյանը, տնային տնտեսուհի: Ես նրանց առաջնեկն եմ: Քույրերս՝ Սիլվան, Աիդան, ամուսնացել, ապրում են Պոլսում: Մորս մայրը՝ Հռիփսիմե Ջիվելեքյանը, աշխատում էր Գարակէօզեան որբանոցում: Ծնողներս ուզում էին, որ ես այդ վարժարանն ընդունվեմ, բայց այնտեղ սովորելու համար պետք է որբ լինեիր: Մեծ մայրս գնացել, ասել էր. «Սեբաստիայից ենք եկել: Լավ չենք ապրում: Ընդունեք, խնդրում եմ»: Դեռ տան միակ երեխան էի: Վարժարանից եկան մեր տուն, տեսան, որ աղքատ ընտանիք ենք, և ես 1959 թ. ընդունվեցի Գարակէօզեան վարժարան: Երբ ավարտեցի, ուզում էի ուսումս շարունակել Դպրեվանքում, բայց այնպես ստացվեց, որ գնացինք Կեդրոնական: Հայրս ասաց. «Մանչս Դպրեվանք չառին: Կուզեմ այստեղ սովորի»: Տնօրեն Անդրեասեանը (պրոֆեսոր, ժամանակին Պոլսի ամերիկյան «Ռոբերտ քոլեջում», ներկայումս՝ համալսարանում, գոյություն ունեցող հայերենի ամբիոնի դասախոս, հայտնի հայ գործիչ (Ծանոթ. Ռ. Հ. Ա.) ասաց. «Այստեղ սովորելը դրամով է, վճարովի»: «Դրամ չունիմ,- ասաց հայրս,- ես ատաղձագործ եմ: Դպրոցի այդպիսի բոլոր գործերը կանեմ»: Եվ իմ կարդալու համար նա դպրոցի նստարաններն էր նորոգում-սարքում: Այնպես որ, կարդալս դյուրին չեղավ: Այդ է պատճառը, որ ուզում եմ մեր համայնքի բոլոր երեխաները սովորեն: Դրամը չպետք է խանգարող հանգամանք լինի: Հիմա արդեն հայկական դպրոցներում սովորելն անվճար է:


Մեր ժամանակ Գարակէօզեան վարժարան գալիս էին աղքատ ընտանիքների երեխաները: Այսօր պոլսահայ համայնքը 16 դպրոց, 32 եկեղեցի ունի: Ամեն տարի «Սիրո սեղաններ» կազմակերպելով՝ գումար ենք հավաքում մեր դպրոցների, սանոց միությունների, մարզական ակումբների, եկեղեցիների գործունեությունն ապահովելու համար: Արդեն 27 տարի այդ աշխատանքն եմ կազմակերպում: Կարևոր, հույժ կարևոր աշխատանք է: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի բան չկա: Երբ Ամերիկայում էի, ինձ տարան դպրոց՝ ճաշկերույթի: Երբ 5000 դոլար նվիրեցի, ամենքը զարմացան: Հարցրի՝ ինչու՞ զարմացաք: Ասացին. «Ամենքը 100 դոլար կուտան, ամենաշատը՝ 500»: Եթե այդպիսի ճաշկերույթի ժամանակ 10000 դոլար է հավաքվում, ասում են՝ հրաշալի է:


Այստեղ մենք ձմեռներն ամեն կիրակի մատաղի ճաշ ենք տալիս: 300000 դոլար հավաքվում է մեկ տարվա համար: Բայց անգամ այս գումարը բավարար չէ: Ծախսերը շատանում են, մուտքերը՝ քչանում: Արդեն 17 տարի է, որ Գարակէօզեանի ատենապետն եմ: Վարժարանը շատ քիչ եկամուտ ուներ: Որոշ կալվածքների իրավունքներ ետ առինք: Նյութական և բարոյական մեր որոշ իրավունքներ կարողացանք վերադարձնել: Վարժարանին պատկանող հողերը, որ տարիներ առաջ օգտագործվում էին որպես մարզադաշտ, Կարպիս Օղուրեանի ժամանակ վարձով էին տրվել: Վարձակալող մարդը հրաժարվում էր վերադարձնել: Այնտեղ շինություններ էին կառուցել, խանութ. 220 խնամակալ կար, սակայն իրենց օգուտներից վարժարանին ոչինչ չէր հասնում, փող չէին տալիս: Ես դատ բացեցի նրանց դեմ: Բոլորը հեռացվեցին: Եվ այդ վարձակալողները թշնամացան իմ դեմ: Դժվարին շատ օրեր ապրեցի, բայց հրամանով այդ հողերը վերադարձվեցին Գարակէօզեան վարժարանին: (Այն կալվածքները, շենքերը, շինությունները, խանութները, բնակարանները, որոնց եկամուտը ծառայում էր ազգային փոքրամասնությունների (ոչ իսլամ) հիմնադրամների մատակարարմանը, հանրապետության տարիներին զանազան առիթ-պատճառներով զավթվել էին: Հիշատակենք, որ Էրդողանի օրոք դրանց գոնե 10-15 %-ը վերադարձվեց հայերին, հույներին, հրեաներին, ասորիներին: Անգամ այս նվազ օժանդակությունը խթան հանդիսացավ, որ պոլսահայ և մյուս փոքրամասնությունների համայնքները շունչ առնեն (Ծանոթ. Ռ. Հ. Ա.): Օրինական ճանապարհով և հայերի որոշ թուրք բարեկամների կարգադրությամբ բռնագրավված տարածքները վերադարձվեցին: Այսօր Գարակէօզեան դպրոցն այնքան է ապահովված, որ կարողանում է ուրիշ վարժարանների օգնել: Իմ խնամակալ լինելուց առաջ միայն աղքատ ընտանիքների երեխաներ էին գալիս, հիմա համայնքի և՛ աղքատ ընտանիքներից են գալիս, և՛ հարուստ: Հարուստները դրամ տալիս են: Վերիվար 200 աշակերտ է: Հպարտությամբ կարող եմ ասել՝ Գարակէօզեանը ոչ միայն Ստամբուլի, այլև Թուրքիայի լավագույն դպրոցներից մեկն է: Հիմակվա դպրոցի տնօրեններն իդեալական չեն. օր են մաշում: Ես ուզում էի, որ Գարակէօզեանի տնօրենը նվիրյալ մեկը լինի. Արուսյակն այդպիսին է: Ֆերուխանին հիշեցի: Լինելով պոլսահայության լավագույն հայերենի ուսուցչուհիներից մեկը՝ կամավոր, մինչև կյանքի վերջը, հայերենի լրացուցիչ դասեր տվեց հայերենի երիտասարդ ուսուցչուհիներին:


Գարակէօզեան ընդունում ենք երեք տարեկանից: Մայրենին ամենակարևորը պետք է լինի: Հայերեն երեք տարեկանից են սովորեցնում: Հայ մանուկը պետք է հայերեն սովորի: Կյանքն այստեղ բարդ է: Այս երկրում՝ Թուրքիայում, ի՞նչ է լինելու՝ չգիտենք: Ոմանք հեռանում են: Փախչող ընտանիքներ կան: Շատ հայեր Ստամբուլից Երևան են գնում, տուն առնում: Մի վատ բան եղավ, Հայաստան են գնում: Հայաստանը ձգում է: ՈՒ գնալով պոլսահայ համայնքը փոքրանում է: Ցավալի է, ցավալի է կորցնել դեմք ու նկարագիր և անցյալի հարուստ պատմություն։


Հայաստանում աշխատանքի տեղեր չկան: Աշխատատեղերի մասին պիտի մտածել: Ինձ համար ցավալի է, որ Հայաստանից 30000 կին է աշխատում Թուրքիայում: Աշխատում են իրենց զրկելով ու փողը Հայաստան են ուղարկում: Եթե Հայաստանում լավ կառավարություն լինի, գործատեղեր բացվեն, կյանքը կլավանա, և կանայք ստիպված չեն լինի հեռանալ իրենց ընտանիքներից: Նրանց ամուսինները չեն աշխատում: Խորհրդային ժամանակ աշխատավարձ են ստացել, պետությունից գողացել ու ապրել: Հիմա ծույլ են: Փոփոխության համար պետք է, որ սերունդ փոխվի:
Նոր սերնդին շատ եմ հավանում: Փայլուն սերունդ է, աշխատասեր. լավ վիճակի կհասնի: Հայաստանն աղվոր ապագա կունենա, եթե կառավարության մեջ լավ մարդիկ լինեն: Փոփոխություններն աչքովս եմ տեսել: Քսաներկու տարի է, որ Հայաստան եմ այցելում: Քսաներկու տարի առաջ ես և կնոջս քրոջ ամուսինը Երևանի «Արմենիա» պանդոկը գնեցինք և անվանեցինք «Մարիոտ»: Այդ օրերին պանդոկի մի նստարանի վրա նստած՝ սուրճ էի խմում: Երեք ժամվա ընթացքում երեք օթո անցավ: Հիմա տարին երեք-չորս անգամ եմ գալիս: Սրճարանում նստում, նայում եմ. շա՜տ շատ մեքենաներ են անցնում, հրաշալի մեքենաներ: Հայաստանում շատ փող կա, լյուքս մեքենաներ կան, բայց գործ չկա: Մարդիկ հեռանում են Հայաստանից՝ այլ տեղերում աշխատանք փնտրելու, փող վաստակելու: Հայաստանում կինը երեխաների հետ մնում է մենակ: Ոմանք ընդհանրապես չեն վերադառնում ընտանիքի գիրկը: Ցավալի է, ողբերգություն: Այդ խնդիրն այստեղ էլ կա: Քառասուն տարի առաջ թուրքերը գնացին Գերմանիա, շատերը պսակվեցին գերմանուհիների հետ, և այստեղի խեղճ կիները մնացին մենակ: Հիմա Գերմանիայում հինգ միլիոն թուրք կա:


Ապագայի՞ մասին: Իմ ապրած երկրի վիճակն ազդում է իմ ապագայի վրա, իմ ազգայինի վրա: Մեզանից ավելի շատ թուրքերն են անհանգիստ: Մինչ այս կառավարությունը լավ է վերաբերվել, սակայն խնդիրը կառավարությունը չէ, այլ՝ թե ինչ է լինելու երկրի վիճակը: Այդ պատճառով է, որ թուրքերը փախչում են այլ երկրներ:
Գարակէօզեան վարժարանով շատ եք հետաքրքրված։ Էրդողանի օրոք ետ տրված կալվածքների և ցուցաբերված դյուրությունների շնորհիվ Գարակէօզեան դպրոցին կից կառուցվել է հսկա բարձրահարկ «Մարիոտ» հյուրանոց, որի եկամուտները տրվում են դպրոցին: Պիտի շարունակենք հոգալ, որ հայ մանուկն իր մայրենին չմոռանա, որքան էլ որ դժվար է, դժվարանում է այդ խնդիրը՝ խառն ամուսնությունների և այլ պատճառներով: Հայի երևու՞յթը. այս մասին մտածելիս առաջինը միտքդ եկողն ի՞նչ է` որ աշխարհով մեկ սփռված ազգ է: Որ երկիրը գնում ենք, անպայման հայ ենք տեսնում, դժբախտաբար: Ասում են՝ աշխարհի մեջ 11 միլիոն հայ կա. երեք միլիոնը՝ Հայաստանում, մնացյալը՝ աշխարհով մեկ սփռված: Հայի՝ հայ լինելու պայքարն անվերջ է: Ես հավատում եմ Հայաստանի ապագային: Հավատանք, որ մի օր հայը և Հայաստանը միասին են լինելու։

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 7840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao