«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հուշամատյան սրբոց նահատակաց՝ պատգամ ապրողաց

Հուշամատյան սրբոց նահատակաց՝ պատգամ ապրողաց
25.09.2018 | 02:16

Բարև, Զինվոր: Դու գիտե՞ս, որ հիմա հայրենիքիդ ամենաթանկ հարստությունը դո՛ւ ես: Գիտե՞ս, որ հայրենի հողը բյո՛ւր անգամ մաքրագործվել է քեզանով, որ քո շիրիմն ամենասրբազան վայրն է մոլորակի, որ դու ապրում ես բյուր հազարավոր պատմական հերոսների նվիրական ընտանիքում: Դու՛, որ զոհաբերեցիր կյանքդ հանուն միլիոնավոր հայրենակիցներիդ՝ և ո՛չ միայն, Դու՛, որ պատմական ճշմարտության արդարադատը եղար բոլոր ժամանակների և ի՛նքդ քեզ երդվեցիր ինքնակամ, երդվեցիր մտովի, հիշողությամբ՝ նախնյացդ պատգամի մեջ մղկտացող կարոտի, ցավի ու վիրավորանքի վրեժով, ո՛չ գրքի ու խորհրդանշանի առջև, ո՛չ ցուցադրաբար, այլ խղճի՛դ, մարդու և մարդկության խղճի՛, աստծո տիեզերական ոգեղենությա՛ն խորհրդով, որ անսասան ես հավատամքիդ առջև, որ Քո հոգևոր մոր, քրոջ, դստեր, որը կոչվի Գոհար Մարտիկյան, արտահայտությամբ՝ պատրաստ ես համալրելու անմահների երկնային կացարանում հանգրվանած Արդարների զորաբանակի մարտական շարքերը:
Իմ քաջ ու անպարտ Զինվոր, Դու հիմա ավելի կենսունակ և ողջ ես, քան ես, քան երկրի վրա քայլող ու դեգերող շա՜տ շատերը: Դու անմահ ես, և քո հավերժության հուշարձանը, քո անմահության վկայագիրն է «Ապրելու բանաձևը» հուշամատյանը, որը տարեցտարի վեր է բարձրանում դեպի հարատևության անծայրածիր տարածքներ՝ քար առ քար՝ սրբատաշ, հատոր առ հատոր՝ հեղինակի տքնաջան ու հոգեհան նվիրումով:


Դու իմաստավորեցիր ծնունդդ քո հանճարեղ վեհությամբ՝ մահվան գիտակցական արժևորմամբ: Դու աշխարհ էիր եկել ապրելու և արարելու, բարության և լույսի հունդեր շաղ տալու և քո տեսակի պտուղներով հարստացնելու ու գեղեցկացնելու այս աշխարհը, իսկ դու նախընտրեցիր առավելագույնը, կատարյալը՝ անցյալ և գալիք սերունդների ընտրյալների հետ արյունդ խառնելն ու միաձուլվելը պատմական հավիտենականությանը: Դու բացակայում ես ընդամենը նրանց հայացքում և ունկերում, ով կույր և խուլ է, ով իր օրն իմաստավորում է արծաթագողության չափաբաժնով, իսկ մենք տեսնում ենք քեզ ամեն օր, ամեն ժամ, ամենուր, լսում ենք քո ձայնը, զգում ենք շնչառությունդ, տեսնում ենք անհանգստությունդ՝ սրբազան երկրիդ բախտի ու ճակատագրի հետ անպատիվ խաղացողների անպատկառ վարքի համար, սպասում ենք հորդորիդ՝ հայրենապաշտությունը, որպես այս վերջին հողակտորի բոլոր բնակիչների ապրելու հիմնական ձև ու իմաստի սկզբունք ամրակայելու համար: Մնացյալն անծանցյալ է՝ եսամետ: Գիտեմ, համոզված եմ, որ դու տեսնում ես քո բարձունքներից այն ամենը, ինչ կատարվում է քո երկրում, և անհանգիստ ես, քանզի զոհել ես քեզ հանուն նրա երջանիկ կյանքի…


Իմ փառապանծ Զինվոր, դու ծլարձակում ու բողբոջում ես ամեն ծառ ու ծաղկի մեջ, դու ծագող արևի ճառագայթների և աստղազարդ երկնքի գիշերային լույսերում ես: Դու՝ հավիտենական Զինվորդ, ի՛մ հպարտ հրամանատար, սպանեցիր պատերազմը հանուն խաղաղության, հանուն ազգիդ բարօրության, իսկ ես երբեմն ամաչում եմ, որ կենաց գնով հաստատված խաղաղությունն ու հաղթանակը, ավա՜ղ, շատերն այլ կերպ ընկալեցին, ձախողեցին ու խեղաթյուրեցին ճիշտ ապրելու իմաստն ու բովանդակությունը: Դավադիր կրակոց թիկունքից… Հիշողության կորու՞ստ էր հանցագործ անլրջությունը՝ նեռի մշտարթուն գոյությունն արհամարհելը՝ քաղաքակրթությունն ու արնաերախ վայրագությունը դեմ հանդիման, կողք կողքի, անհամատեղելի: Ճակատագրի տխուր ընծան, որից շարունակում է կաթիլ-կաթիլ արյուն ծորալ, ինչպես բաց վերքից: Այդ մասին է ահազանգում և զգոնության կոչում Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը»՝ ժամանակն ու՞մ շունն է, որ սպիացնի ցավը, մորմոքը, դարմանի վիշտը: Ընդհակառակը, ժամանակն այլ խորհուրդ ունի:
Իմ քաջ Զինվոր, դու կատարելապես կատարեցիր քո պարտքը կյանքի նկատմամբ, դու նայեցիր մահվան աչքերին անթարթ և հաղթեցիր նրան, դու իրավունք վաստակեցիր հրամայելու շարքային մահկանացուներիս և պահանջելու տիրապետել ապրելու բանաձևին: ՈՒրեմն, օգտվիր գեթ մեկ անգամ քեզ ընձեռված հնարավորությունից, հրամայիր, որ մարդն ապրի իրեն վերապահված բարձրության վրա՝ քո օրինակով, քո վճռականությամբ և ոգեղեն ուժով, ապրելու քո փիլիսոփայությամբ, որը մեկ բառով կոչվում է՝ անանձնականություն: Հրամայի՛ր, Զինվոր, դու ես խաղաղության իմ գլխավոր և գերագույն հրամանատարը: Հրամայի՛ր, որ այլևս պատերազմներ չլինեն, որ որդեկորույս մայրերն այլևս չկծկվեն վշտից, որ կանայք չայրիանան, որ մանուկները չորբանան, որ արժանապատիվ և իր անվանն անդավաճան լինի մարդը, հրամայի՛ր և պահանջի՛ր, մենք ազգովին ենք քո պարտապանը: Ա՛յս է հուշում և պարտադրում Հուշամատյանը:


Իմ խե՜նթ Զինվոր, դու վերածնեցիր երանելի մահվան գաղափարը, որը ճիշտ և իմաստալից ապրելու գրավականն է, և ինքդ քեզ վրա վերցրիր այն կյանքի կոչողի գլխավոր դերը, քանզի միայն դու՛ էիր տիրապետում ապրելու բանաձևի գաղտնիքին, քանզի քեզ էր վերապահված այն իրագործելու մեծագույն պատիվն ու վստահությունը, որովհետև տիեզերական անչափելությունից անդին էր քո սերն առ հայրենիք և կյանք, որովհետև դու քաջ պատկերացնում էիր, որ մոլորակի կենտրոնը մարդն է, և այդ մարդը դու ես, քո եղբայրներն ու քույրերը, քո զինակից ընկերները, տեսակն անփոխարինելի և եզակի՝ իր բարոյակամային, գիտակցական անզուսպ սիրահարությամբ առ իր նմանը, անքննելի՝ հավատով և հզորությամբ, հանց հաղթանակների հաղթանակի անխուսափելիության հավատարմատար ու դրոշակակիր, որն արհամարհեց կյանքը, մահը, պերճանքն ու թշվառությունը և մարտահրավեր նետեց ճղճիմ մարդագելին ու տղամարդավարի ծնկի բերեց նրան, վռնդեց իր պապենական կալվածներից և զգուշացրեց՝ այլևս, հանկարծ քո կեղտոտ ոտքը չտեսնեմ իմ սրբազան տաճարում՝ սա է մեր ընդհանրական շահը, որի ճգնավորն ու մունետիկը, որի պահապան հրեշտակը Ե՛ս եմ: Անկեղծ ասած, քո կյանքի խորհուրդն ամենևին վառոդաբույր չէ, այլ խնկավետ, խնկաբույր, խնկահոտ, քանզի քո անհաշտ կռվով նորոգեցիր կյանքը հանուն խաղաղության. տարեցը՝ իր կենսափորձով և իմաստությամբ, երիտասարդը՝ իր խենթ ու անզուսպ կենսալիցքով: Կարևորը, իհարկե, առաջին կրակոցը չէր, այլ վերջինը՝ վերջին փամփուշտն ու արկը, վերջին նռնակն ու հրաժեշտի հայացքդ առ երկինք՝ ինձ բացակա չդնեք, հիշեք ինձ, ես գնում եմ դեպի անմահություն, որ ապրեմ հավիտյան ձեր մեջ, թեկուզ քամու և անձրևի, լույսի և մթան հոլովույթներում, որպես տարերք, որն ամենուր կհայտնվի՝ տիեզերքից մինչև Երկիր մոլորակ, երկնքից մինչև գետին՝ և՛ հողեղեն, և՛ եթերային:
Իմ անպա՛րտ Զինվոր, դու ուժի և համարձակության անօրինակ մարմնավորումն ես, օգնիր, որ մարդը խաղաղության հետ խնամքով և հոգատարությամբ վարվի: Չէ՞ որ դու հանուն այդ ապահովության չխնայեցիր կյանքիդ ամենանվիրականն ու անգնահատելին՝ ապրելու իրավունքը, որ խաղաղության մեջ չպարտվեն արյամբ նվաճված անպատմելի հաղթանակներդ, որ քո վերանվաճած հողի վրա քայլողները համարձակություն ունենան անթարթ, անվախ, աներկյուղ նայելու աչքերիդ մեջ՝ ակնարկելով, թե գործդ, սխրանքդ կիսատ չի մնացել և պատվավոր շարունակություն ունի՝ ի դեմս ապրողաց, և մեր վերջին հաղթանակն ամենևին վերջինը չէ տակավին, իսկ խաղաղության մեջ հաղթանակի պարտվողականության մասին խոսելն ընդամենը գետնաքարշության մելամաղձոտ ծկլտոց է:


Իմ հարազա՛տ եղբայր, որդի՛, ընկե՛ր, ի՛մ Զինվոր: Քո բնակավայրը հիմա մեր կողքին չէ, անհասցե է, իրականում՝ յուրաքանչյուրիս սրտում, հոգում և մտքի մեջ է: Գուցե դու ապրում ես երկնամետ ու երկնասլաց քերծերի արծվաբներից վեր, աստվածային եթերական բարձունքներում, Հոգիների մոլորակում, որն ընտրյալների բնակավայրն է, չգիտեմ, բայց բարեխոս եղիր տիկին Գոհարի և ընկերներիդ միջև, որ գրքի հաղթանակն իր նպատակին ծառայի՝ պատմագիտական, ճանաչողական, դաստիարակչական և բոլոր դրական նպատակներով, որ հետապնդում է Աշոտ Չախոյան հրաշամարդու մայրը՝ 1994 թվականի այն հերոսական օրվանից ի վեր, երբ նրա որդին գիտակցական մահվան, ասել է, թե անմահության ուղին բռնեց Քարվաճառի Բիզ բարձունքում, քանզի ամեն օր ու ժամ նա կռվում է իր գրչով, որպես զինակից ու մահապարտ, միայն թե գրիչն ընդամենը գործիք է, որը չի կարող արտահայտել այն խմորումներն ու ալեկոծությունները, որ տեղի են ունենում նրա կանացի և մայրական նրբազգաց ներաշխարհում՝ ամեն մի նոր կենսագրություն ուսումնասիրելիս, հարազատների հետ զրուցելիս, փաստերի պատմականությունը վերականգնելիս և, իր հերոսի հետ, խիզախության և անմահության դուռը թակելիս: Այս ասքն ամբողջությամբ եզակի է իր տեսակի մեջ, տար Աստված, որ նման գիրք գրելու պատմական հրամայականն ու անհրաժեշտությունը չլիներ, բայց փաստն այն է, որ Գոհար Մարտիկյանը, որպես ձեր զինակից, անմահության և հիշատակի ամենախոսուն հուշարձանն է կառուցում՝ ի փառս հերոս նահատակաց և ի դաս, ի պատգամ ու խորհուրդ գալիք սերունդների: Ձեր կենսագրություններն այնքան տարբեր են, ինչպես մարդ արարածն ինքնին, իսկ Մատյանի հազարից ավելի հերոսներին միավորում և նույնացնում է մեկ նվիրական նպատակ, երազանք և գաղափար՝ հայրենիքը, որի համար արժե ապրել ու մեռնել, իսկ ապրողներին, հատկապես ճակատագրի դառնությունը ճաշակած անձանց, որպես պատգամ, հուշում է պաշտպանված զգալ մեր կյանքին ձեր խորհրդավոր և ոգեղեն ներկայությամբ՝ դուք հերոսների ծնողներ եք, եղեք հզոր և հպարտ ձեր զավակներով:
«Ապրելու բանաձևը» հանրագիտարանային մի աշխատանք է, որտեղ անձնական կենսագրական տվյալներին զուգահեռ, ներկայացվում է իրական փաստանյութ այն մասին, թե որտեղ, ինչպես, ինչ պատճառահետևանքային պայմաններում, իրադարձությունների ինչպիսի զարգացումներում, մարտերի ինչպիսի հաջորդականությամբ են ծավալվել այս հաջողությունները, կամ տեղի ունեցել ձախողումներ, թե ինչ դերակատարություն է ունեցել տվյալ փաստանյութի, ակնարկի հերոսն այդ ամենում:


Հիշի՛ր, իմ հաղթակա՛ն Զինվոր, դու հավերժության ազատամարտիկն ես, ում մասին պատմում է Գոհար Մարտիկյան մատենագիրն իր Մատյանում՝ հավերժացնելով, հաճախ պեղելով և հայտնագործելով անուններ, որոնք կարող էին և դուրս չգալ ընտանեկան, ընկերական տնամերձից, եթե չլիներ հեղինակի խորազնին դիտողականությունը: Մինչդեռ դուք կամրջում եք հավիտենականությունն ու ներկան, տիեզերական անսահմանությունն ու մարդու կյանքը: Սա մի եզակի և բացառիկ հանրագիտարան է՝ իր գեղարվեստական, պատմագիտական բարձր արժանիքներով, ժանրային առանձնահատկություններով, որը դարձել է վիրավոր և հպարտ մոր կյանքի նպատակը: Գիրք՝ ի խորոց սրտի, որի դերն ու նշանակությունը, ըստ էության, կարող է գնահատվել ժամանակների հեռավորությունից, որպես ստեղծագործական մի ուրույն որակ, որպես մտահղացում և գրական հայտնություն, նորովի մեկնաբանությունների և նյութի հրամցման ինքնատիպ հորինվածք, որպիսին, նաև գրականության և լրագրության միաձուլվածքի վարպետությամբ, բնորոշ է միայն Գոհար Մարտիկյան գրողին, հրապարակախոսին, լրագրողին, համբերատար, միևնույն ժամանակ անհանգիստ քաղաքացուն և մարդուն՝ մեր գրականության մեջ և միայն մեր գրականությանը՝ գոնե ինձ ծանոթ համաշխարհային արձակում:


Եվ վերջում, սիրելիդ իմ Զինվո՛ր, ամեն մեկի մեջ չէ, որ ապրում է Եռաբլուրն իր ոգեղեն ընդերքային բովանդակությամբ, ցանկալի է, որ այս մեծարժեք հրատարակությունն այդ բացը լրացնի, բայց նրանք, ովքեր խոնարհվել ու խնկարկել գիտեն, աղոթում են քո հիշատակի առջև, մաղթում, որ Աստված երկա՜ր տարիների կյանք տա ձեր հավերժ անմռունչ մարտնչող հոգևոր մորը՝ «Ապրելու բանաձևը» գրքի հեղինակ Գոհար Մարտիկյանին, ավարտին հասցնելու իր սուրբ և նվիրական գործ-պատմագիրքը և վերադառնալու իր երբեմնի, նախասիրած մանկական գեղարվեստական ստեղծագործություններին:
Ցտեսություն, Զինվո՛ր: Հիշիր, որ մենք միասին ենք՝ անկախ մեր զբաղեցրած տեղից, դիրքից և ավելորդ այլ պայմանականություններից: Մնա՛ մեր արյան, հիշողության և էության մեջ և հիշի՛ր, որ դու կենաց ուժ, անկոտրում կամք ու ոգի, ազգային արժանապատվություն և լավատեսության հավատ ես ներարկում հինավուրց և բազմատանջ մի ամբողջ ժողովրդի՝ թումանյանական՝ զարկվա՜ծ, զրկվա՜ծ, ողբի՜, որբի՜, հույսի՜, լույսի՜, նո՛ր ու հզո՛ր հայրենիքում և ի սփյուռս աշխարհի: Իմ վե՛հ ու վսե՛մ Զինվոր, մինչ նոր հանդիպում Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևի» հերթական հատորներում:


Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6892

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao