ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Առաջ` դեպի արտահերթ

Առաջ` դեպի արտահերթ
28.09.2018 | 00:13

Հաստատ ճակատագրի հեգնանքն է, որ Մոսկվային բազում ու բազմանշանակ «փայլուն» ռևերանսներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագային վերաբերող կարևորագույն հայտարարությունն արեց… Նյու Յորքից: Հայտարարություն, որ անակնկալ չէր և մաթեմատիկական ճշգրտությամբ տեղավորվում է նրա ռազմավարության բանաձևի մեջ, բայց դրանից անհայտներն ու հարցերը չեն պակասում:

Նյու Յորքից հայտարարվեց, որ Երևան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում ԱԺ արտահերթ ընտրությունների: Նա ասում է. «Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քաղաքական անորոշությունները, ըստ էության, արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, և կարծում եմ, որ այս ընտրությունները նաև ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որն այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետև խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին, համենայն դեպս ոչ այնքան ձայն, որը կարելի է բավարար համարել՝ խորհրդարանում գործունեությունն այսպիսի կազմով շարունակելու համար։ Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նա նոր ընտրությամբ լիազորի իր ցանկացած ուժերին, որպեսզի նրանք լինեն խորհրդարան, ձևավորեն խորհրդարանական մեծամասնություն, ընտրեն վարչապետ և, ի վերջո, հայաստանյան կյանքը, հայաստանյան քաղաքական պրոցեսները լիարժեք կենտրոնանան տնտեսական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ»:


Քչերը արձանագրեցին վարչապետի շեշտադրման փոփոխությունը. փաստորեն, նա հիմա «քաղաքական անորոշությունն» է մեղադրում տնտեսության չզարգանալու ու ներդրումներ չլինելու մեջ: Լինելով կասկածելի պնդում` հայտարարությունը փաստացի ԱԺ ընտրությունների ընտրարշավն է նշանավորում նոր հողի վրա` սոցիալական ու տնտեսական` կանխելով ընտրողների դժգոհությունը գնաճից ու իրենց վիճակից: Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն շտապում է: Դա կրկնում է տարածաշրջանի արտահերթ ընտրությունների պատկերը` դրդապատճառների մասով: Սոցիալ-տնտեսական ճգնաժամի պիկի հետ համընկնումից խուսափելով արտահերթ ընտրությունների գնաց նախ Իլհամ Ալիևը, հետո` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայկական ընտրությունների նմանությունը այսքանով գուցե ավարտվում է, իսկ գուցե ոչ:


Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության միակողմանիությունն ու խոցելիությունը. բացահայտ գերակշռում է իրադարձային ու ասիական վեկտորը: Դա չի բացատրվում այն իրողությամբ, որ ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրեց վարչապետը. «Մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում»: Եթե իրոք Հայաստանը վարում է այդ քաղաքականությունը, վատ է վարում, և հասկանալի չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրոպային: Խնդիրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումը չէ, «բազմակողմանիության» հաստատում չէ, որ Նյու Յորքում ՀՀ վարչապետը, բացի հայ համայնքից, հանդիպել է Ռուանդայի, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի (ֆրանկոֆոնիայի շրջանակներում), Լիբանանի նախագահի, Իրանի նախագահի (ԱՄՆ-Իրան գերհակասությունների կիզակետում), Կիպրոսի նախագահի (ավանդական կապերի շարունակություն), ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Յոհաննես Հանի հետ հանդիպումը, դատելով պաշտոնական հաղորդագրությունից, եղել է քաղաքավարական` քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, գործակցության ընդլայնման հարցեր, անդրադարձել համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման հետագա քայլերին: Հանը նշել է, որ ԵՄ-ը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանման ծրագրերն ու միջոցառումները` ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Դիվանագիտական լեզվին տիրապետողները կվկայեն, որ այս հանդիպումը կոնկրետ արդյունք չի ենթադրում և կոնկրետ խնդրի լուծման ուղղված չէ: Այդ խնդիրները լուծող հանդիպումը պիտի լիներ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ոչ թե Հանի: Արդյունքի տեսակետից նույնքան անբովանդակ են մյուս հանդիպումները: Օրինակ, արժե՞ր հանդիպել Հասան Ռոհանիին` նրանից իմանալու, որ երկու երկրների միջև կա վստահության բարձր մակարդակ, որ հայ համայնքն Իրանում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում: Կամ` ԵԱՏՄ-ի հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը: Կամ` Ռոհանիից Իրան այցի հրավեր ստանալու: Թե՞ հանդիպումը հակակշռում է Պուտին-Ալիև հանդիպմանը: Միակ մխիթարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունն է. «Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ քաղաքական փոփոխություններով ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու ներուժը»:


Առանձին վերլուծության նյութ է վարչապետի անգլերեն-ֆրանսերեն ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից` թե՛ ներքին, թե՛ արտաքին հարցերի ու հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: «Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը: Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: ԼՂՀ անկախության, միջազգային ճանաչման հիմքում Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու թեզը նորություն չէր, բայց կարևոր էր հիշեցնել: Ի վերջո, հենց ցեղասպանության գործոնը հաշվի առնելով ճանաչվեց Կոսովոյի անկախությունը՝ ստեղծելով նախադեպ: Ադրբեջանն արդեն պատասխանել է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները կասկածի տակ են դնում բանակցությունները, թեպետ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պայմանավորվել են շարունակել բանակցությունները հոկտեմբերին. «Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»:
Ի՞նչ էր կատարվում Հայաստանում: Օրվա հարցը` ինչպե՞ս է ցրվելու ԱԺ-ն: Երևանի ավագանու ընտրություններից հետո համարյա բոլոր կուսակցությունները (ներառյալ ընտրություններին չմասնակցած ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն) հայտարարություններ արեցին, որոնցից կարելի է եզրակացնել, որ պատրաստ են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել: Միայն ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների հիմքեր չի տեսնում:


Ակնհայտ է, որ ՔՊ-ն միայնակ է գնալու ընտրությունների և հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից մանդատ է խնդրելու այդ ընտրություններում ևս 80-90 տոկոսով հաղթելու համար, թեպետ գործող Սահմանադրությամբ առավելագույնը իշխանության համար 70 տոկոսն է: Օրակարգի հարցերն են` ինչպե՞ս է ԱԺ-ն լուծարվելու, ե՞րբ են լինելու ընտրությունները, ո՞ր ընտրական օրենսգրքով` հի՞ն, թե՞ նոր, ե՞րբ են լինելու սահմանադրական փոփոխությունները: Իր 70 տոկոսը ՔՊ-ն, իհարկե, կստանա, բայց այդ պահից այլևս չեն գործելու վերապահումները` անցումային կառավարություն, քաղաքական անորոշության հետևանքով ներդրումների բացակայություն, կադրերի անփորձություն, հակահեղափոխականների սադրանքներ, և այլն, և այլն։ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ամենադժվարը լինելու են 2019-2020-ը, երբ նույն հեղափոխական ժողովուրդը` Հայաստանի հպարտ քաղաքացիները, միջպետական ճանապարհներ փակելու ու դռներ ջարդելու սովորած, իրենց կենսամակարդակի փոփոխություն են պահանջելու և, արդյունքներ չլինելու դեպքում, մանդատ չեն տալու Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին: Որքանո՞վ է այդ հեռանկարը հավանական: Ժամանակի մեջ կերևա: Ամեն ինչ կարող էր այլ լինել, եթե Նիկոլ Փաշինյանը չսևեռվեր իր անսխալականության ու փրկչի առաքելության վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Անհասկանալի է, թե արդեն բազմամանդատ վարչապետը ինչու՞ է խուսափում հրաժարականի ճանապարհով արտահերթ ընտրությունների տարբերակից ու ինչի՞ց է զգուշանում` թիկունքին ունենալով հեղափոխական ժողովուրդ: Աժ արտահերթ ընտրությունները ամենայն հավանականությամբ, կկայանան նոյեմբերի վերջին` հոկտեմբերը կնվիրվի ֆրանկոֆոնիային և միջազգային աջակցության հարթակ կդառնա ֆրանսախոս վարչապետին: Չի բացառվում, որ հետաձգվեն և՛ Սահմանադրության, և՛ ԸՕ-ի փոփոխությունները, ու արտահերթ ընտրությունը հռչակվի հեղափոխության բացարձակ գերակա շահ: Դատելով ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից` «4 ձայնի» սինդրոմը չի հաղթահարվել, և դարձյալ շեշտը դրվելու է մենիշխանության վրա, խորանալու է սևի-սպիտակի հակադրությունը: Կաշխատի՞ դա Աժ ընտրության պարագայում: Թերևս` ոչ: Երևանի ավագանու ընտրություններում երևանցիների 44 տոկոսը ապացուցեց, որ քաղաքական դաշտը արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունի: Մարմնի հետ անհետանում է նրա ստվերը` ՀՀԿ-ի պահանջարկի բացակայությունը վերացնում է և ԲՀԿ-ի անհրաժեշտությունը: Իրենց գոյության իրավունքն ապացուցելու խնդիր ունեն բոլոր կուսակցությունները, որ անցած տասնամյակներում բարեհաջող բարգավաճել են կամ ինքնաներկայացել ընդդիմություն` լինելով իշխանության շարունակություն: Ստացվում է, որ ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու է «Ելքի» ներսում` ՔՊ-ի ու «Լույսի» միջև, և դա նոր ժամանակների հին պարադոքսն է: Մինչ այդ չի բացառվում, որ կառավարությունում նվազագույնը 2 հրաժարական լինի, թեպետ արժանապատիվ ու քաղաքական կեցվածքը պահանջում է, որ իրենց պորտֆելները վայր դնեն և ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի նախարարները: Հանուն ԱԺ արտահերթ ընտրությունների: ՈՒ` հանուն իրական ժողովրդավարության, որի ստվերը դեռ չի երևում` մարմնի բացակայության հետևանքով: Բայց դա արդեն Նիկոլ Փաշինյանի գործը չէ, միջին վիճակագրական հայի խնդիրն է` ինքնագիտակցության ու ինքնաճանաչման որակի ու մակարդակի փոփոխության:

Դիտվել է՝ 2313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ