Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քաղաքացին պետք է սովորի տեր լինել իր ընտրությանը»

«Քաղաքացին պետք է սովորի տեր լինել իր ընտրությանը»
28.09.2018 | 01:29

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո ընտրությունների մասնակից ու ոչ մասնակից բոլորն ուժերն անվերապահորեն ընդունեցին դրանց արդյունքները: Վերջիններս դրականորեն են արձագանքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օր առաջ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին: Տպավորություն է, թե կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ցանկանում է արտահերթ ընտրությունների գնալ ոչ թե հաջողություն գրանցելու, այլ հասարակությանն ու, մասնավորապես, Փաշինյանին չընդդիմանալու համար: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ հետ:

-Պարոն Ղևոնդյան, ավագանու արտահերթ ընտրություններից հետո ստվերվեց այն հիմնական գաղափարը, որ կուսակցությունները պետք է իրենց ընտրազանգվածին բացատրեին, թե ինչու չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը: Ինչո՞ւ:
-Ամեն կուսակցություն ինքն է որոշում՝ ինչպես մեկնաբանել ընտրություններին հաջողություն չգրանցելու պատճառները, որոնք տարբեր են: Ֆունդամենտալ պատճառներից ամենակարևորն այն է, որ Հայաստանում կուսակցությունների զգալի մասը գաղափարական չէ: Նրանք տարիների ընթացքում ուծացրել են իրենց գաղափարական ներուժն ու հանրային ընկալման տեսանկյունից դիտվել որպես քաղաքական կազմակերպություններ, որոնք կոմպրոմիսների են գնում իշխանության մաս կազմելու համար, մի մասը դիրքավորվում է ընդդիմադիր դաշտում, սակայն իշխանության հետ գաղափարական դաշտում մրցակցությունից կամ հակադրությունից խուսափում են: Սա ապալեգիտիմացնում է կուսակցություններին, և հասարակությունը, ի դեմս կուսակցությունների, չի տեսնում իր շահերի պաշտպանների:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իշխանափոխություն իրականացրած ուժի հաղթանակը, այսպիսի բարձր ցուցանիշով, մտածելու տեղիք պետք է տա թե՛ ավանդական, թե՛ համեմատաբար նոր կուսակցություններին: Բոլորն էլ շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանում կա էյֆորիկ իրավիճակ, բայց քաղաքական ուժերն իրենց կուսակիցների շահերը պետք է պաշտպանեին պատճաշ քարոզարշավի, ինչպես նաև առկա խնդիրների նոր ու իրատեսական լուծումներ առաջարկելու դիրքերից: Կուսակցությունները, այո, «ռեստարտի» կարիք ունեն:
-Փաստորեն, կուսակցությունների գաղափարական պայքարը խիստ ցածր մակարդակի վրա էր գտնվում:
-Մեր երկրում կուսակցությունները գաղափարական մրցապայքարի մեջ չեն մտել տարիներ ու տասնամյակներ շարունակ: Քաղաքական իրողությունները կուսակցություններին ստիպում են տրանսֆորմացվել և գաղափարական պայքարը փոխարինել քաղաքական շահերի շուրջ կոմպրոմիսով, առևտրով: Մեծ հաշվով, կուսակցությունների առաջարկած ամեն գաղափար իշխանություն ձեռք բերելու և իշխանություն ձեռք բերած իրավիճակում որոշակի շահեր սպասարկելու տեսլականն է: Լիբերալը դա պատկերացնում է ազատական շուկայի, մարդու իրավունքների գործիքակազմի միջոցով, ազգայնականը՝ ազգային արժեքների ու շահերն ավելի կոշտ դիրքերից պաշտպանելու մոտեցումներով: Կուսակցությունների ծրագրերն ընտրությունների ժամանակ մրցակցության նյութ չեն եղել տարիներ շարունակ, քանի որ մեզանում մրցակցությունը հիմնականում մարդ-կուսակցությունների միջև է: Հեղափոխությունից հետո ձևավորված խաղի կանոնները կուսակցությունները շատ լավ հասկանում են, գիտակցելով, որ ռեսուրսապահովման տեսանկյունից ոչ նախանձելի վիճակում են՝ ի տարբերություն գործադիրում իշխող ուժի: ՈՒստի անհրաժեշտ է իրատես լինել և փորձել հասկանալ, թե ԱԺ-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ինչ ռազմավարություն է պետք որդեգրել: Այդ առումով նրանք նախ պետք է ինվենտարիզացիա անեն, հասկանան՝ ով են, ինչ գաղափարի կրող են (եթե ընդհանրապես գաղափարի կրող են), ինչ թիմ ունեն, ովքեր են դրա անդամները, ինչ ընտրազանգված ունեն, և, ամենակարևորը, ինչ են առաջարկելու ընտրողներին ներկա քաղաքական խաղի պայմաններում:
-Ընտրություններից հետո մայրաքաղաքի կառավարումը գրեթե միաբևեռ է լինելու, ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել միայն մեկ ուժի ձեռքում գտնվող կառավարումը:
-Ռիսկ, իհարկե, կա, որովհետև հաշվետվողականության ինստիտուտն է թուլանում: Դեմոկրատիայի պարագայում, անկախ նրանից, թե հաղթած ուժն ինչ աստիճանի լեգիտիմության կրող է, վերահսկման զսպանակները պարտադիր են: Այս ընտրություններում մի կարևոր իրողություն արձանագրվեց. քաղաքացին եզակի հնարավորություն ստացավ լեգալ ընտրության միջոցով պատասխանատվություն ստանձնելու իր ընտրած թեկնածուի համար: Սա կարևոր է հատկապես քաղաքացու գիտակցության աճի առումով:
Մենք նախկինում անընդհատ ասում էինք, թե ընտրությունները կեղծվել են, լցոնումներ են եղել, հիմա ազատ ու արդար ընտրություն է եղել, և քաղաքացին պետք է սովորի վերջապես պատասխանատվություն կրել ու տեր լինել իր ընտրությանը: Ընտրվողն էլ հաշվետու պետք է լինի հենց քաղաքացուն: Ուժեղ պետությունն այս ճանապարհով են կառուցում:
-Արտախորհրդանական և խորհրդարանական կուսակցություննները մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե արտահերթ ընտրությունների գնալը օրվա հրամայականն է, առանց խորամուխ լինելու, թե ինչ ռեսուրսներով են գնալու ընտրությունների:
-Իրականում հայտարարությունները, որ հնչեցվում են, տեղային պոպուլիզմի բաղադրիչներ են պարունակում: Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե այդ կուսակցությունները, էյֆորիկ հասարակության ընտրական վարքի արդյունքում, կհայտնվե՞ն Ազգային ժողովում առհասարակ՝ անկախ ֆինանսական, կազմակերպչական իրողություններից: Քչերն էին սպասում, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը մոտ 81 տոկոս ձայն կհավաքի, ու չի բացառվում, որ նույն պատկերն արտացոլվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մյուս կողմից էլ, մարզերում խնդիրները շատ ավելին են, և դրանց լուծման համար պետք են առարկայական մոտեցումներ, ինչը, իհարկե, չկար Երևանի ավագանու ընտրություններում: «Իմ քայլի» հաղթանակը հիմնված էր կոնկրետ անձի՝ Նիկոլ Փաշինյանի վրա, մյուս կողմից, մարզերում ակտիվությունն ավելի փոփոխական է. այստեղ բնակվող մարդիկ, որոնք շատ ավելի իրական կյանքով են ապրում, հավանաբար կփորձեն հասկանալ ու ընտրել խնդիրների լուծման առավել իրատեսական ծրագրեր առաջարկող ուժին: Որոշ կուսակցություններ նաև ֆինանսական մոբիլիզացիայի խնդիր ունեն, որովհետև ընտրությունները թանկ հաճույք են, արտահերթ ընտրությունները՝ է՛լ ավելի: Կարևոր է նաև կուսակցության լոկոմոտիվը համարվող լիդերի գործոնը: Հաշվի առնելով որոշ կուսակցությունների առաջնորդների անձնական վարկանիշը՝ կարող ենք փաստել, որ բոլորից մի քանի անգամ առաջ է ներկայիս վարչապետը: Բայց եթե ընտրությունների անցկացումը ձգձգվի, հետագա գործընթացները, հարաբերական առումով, կարող են ամենից շատ հարվածել «Քաղաքացիական պայմանագրին»:
-Այդ պարագայում քաղաքական ուժերն ինչու՞ են շահագրգիռ շուտափույթ արտահերթ ընտրությունների անցկացմամբ:
-Կարծում եմ՝ որոշ կուսակցություններ ուղղակի զգուշանում են դեմ արտահայտվելուց արտահերթ ընտրությունների գաղափարին, չցանկանալով, որ իրենց ասոցացնեն ՔՊ-ի մրցակից ուժերի, հատկապես հանրապետականի հետ: Եվ եթե այս ընթացքում արտակարգ որևէ բան տեղի չունենա, կապված հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի սրման, տնտեսական անվտանգության հետ, որ կարող են կասկածի տակ դնել ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի անձնական հեղինակությունը, ապա մյուս ուժերը, մեծ հաշվով, մրցունակ չեն լինի:
-Ստացվում է՝ քաղաքական ուժերը վարչապետին չեն քննադատում, որպեսզի «հակահեղափոխական» ալիք չբարձրանա՞:
-Ցանկացած երկրում, եթե չկա քննադատություն, բացակայում է անկողմնակալ, օբյեկտիվ, տրամաբանության վրա հիմնված երկխոսությունը, ապա իշխող ուժը որևէ հանգրվանի չի հասնի: Դա քաղաքագիտական աքսիոմ է, ու բազմիցս է ապացուցվել տարբեր երկրների օրինակներով: Ներկայումս տարբեր քաղաքական գործիչներ չեն քննադատում ՔՊ-ին կամ վարչապետին քաղաքական նպատակահարմարությունից դրդված: Էյֆորիա ապրող հասարակության մեջ խելամիտ չէ քննդատել մի գործչի, եթե նա երկրի մակարդակով ունի 80 տոկոսից ավելի հեղինակություն: Մյուս կողմից, իհարկե, երկիրն արդյունավետ կառավարելու առաջին պայմանը բազմակարծությունն է: Կարևոր են նաև ինքնաքննադատությունն ու պատասխանատվության զգացումը, ինչը նախկին իշխանությունների մեջ գրեթե բացակայում էր, ինքնաքննադատությունն առարկայական չէր, ընդամենը լեզվաբանական կատեգորիա էր, ոչ ավելի:


Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ