Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գլխավոր խնդիրներն առջևում են

Գլխավոր խնդիրներն առջևում են
28.09.2018 | 02:01

(Նախորդ մասը)

Լավ, ասենք թե Հայաստանում ԱՄՆ-ի վերահսկողության տակ մահացու վտանգավոր կենսաբանական զենքի հնարավոր գործածմամբ ՌԴ-ի մտահոգությունը վարչապետ Փաշինյանը չի կարևորում: Բայց ինչպե՞ս պետք է նա արդարանա Իրանում, ուր նրան վերջին ամիսներին հրավիրել են 2-3 անգամ: Պատրաստ ենք բազմիցս կրկնելու, ընդ որում, ոչ միայն Փաշինյանի, այլև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Միլզի համար. դժվար չէ կանխատեսել, որ շուտով իրանական դեսպանությունն էլ Հայաստանի իշխանություններից կպահանջի ազատ մուտք այդ ամերիկյան ռազմական օբյեկտներ: Ընդ որում, ոչ թե իրանական անձնագրերով ինչ-որ անձանց համար, որոնք ինչ-որ «մասնավոր ինստիտուտներից մեկի աշխատակիցներ են»: Իրանից կցանկանան գալ և Հայաստանում բոլոր այդ ամերիկյան կենսաօբյեկտները մանրամասն տեսչական ստուգման ենթարկել հենց զինվորական մասնագետները: Կրկին հիշեցնենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անվտանգության ստորաբաժանման, այսինքն՝ Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի գվարդիայի հրամանատար, գեներալ Ալի Նասերիի ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը: Նրանում գեներալը նախազգուշացրեց ամբողջ աշխարհին, որ այսուհետ կենսաահաբեկչության դեմ պայքարի հարցով զբաղվում են հենց ԻՀՊԿ-ի զինծառայողներն ու մասնագետները, և «ԻՀՊԿ-ի ընտիր զորամասերը պատրաստ են դիմակայելու կենսաահաբեկչությանը»: ԻՀՊԿ-ի զինվորականները գիտեն և պնդում են, որ կենսաահաբեկչության դեպքում «որպես զենք են հանդես գալիս միկրոօրգանիզմները կամ նրանց արտադրած թունավոր միացությունները»: Արդյո՞ք Մոսկվայում մամլո ասուլիսում նույն բանը չէր ասում Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Ի. Գիորգաձեն: Ի՞նչ են ասելու Հայաստանի իշխանությունները հետագայում Ռուսաստանի ՊՆ և Իրանի ԻՀՊԿ-ի զինվորական մասնագետներին, որոնք հենց կենսաբանական զենքի գիտակներն են: Փաշինյանին և նրա թիմին, ինչպես և նրանց հովանավորներին, որտեղ էլ նրանք նստած լինեն ու գրպաններում ինչ անձնագրեր էլ ունենան, առաջարկում ենք այդ մասին մտածել հիմա, քանի դեռ միջազգային լրջագույն սկանդալ չի բորբոքվել:


Եվս մեկ հարց, ինչպես մեզ է թվում, ՌԴ նախագահը Երևանում կպարզի ՌԵՈՒ-ի դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈՒ) ՓԲԸ-ի հարցը: Մենք չգիտենք՝ իրականում այդ թեման շոշափվե՞լ է Պուտինի և Փաշինյանի անմիջական շփման ընթացքում: Բայց կրկին կողմնորոշվենք «ԽՏՎՎպՐրՈվՑՅ»-ի հետ նրա հարցազրույցով, ենթադրելով, թե քանի որ այդ մասին բարձրաձայնել է ԶԼՄ-ով, ապա երևի ՌԴ նախագահին էլ է հայտնել ՀԿԵՈՒ-ի ղեկավարության հասցեին իր մեղադրանքների հիմնավորումները: Վերհիշենք ամառը. դա «նոր Հայաստանի» կառավարության գործունեության ծավալման ամենասկանդալային դրվագներից մեկն էր, ՀԿԵՈՒ-ի ղեկավար Սերգեյ Վալկոն նույնիսկ այցելեց Փաշինյանին: Հիշեցնենք. օգոստոսի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ի աշխատակիցները ներխուժեցին ՀԿԵՈՒ-ի գրասենյակ, խուզարկություն կատարեցին և փաստաթղթեր բռնագրավեցին ու քրեական գործ հարուցեցին 9,7 մլն դրամի (19 հազար դոլար) ԱԱՀ չմուծելու կասկածանքով: ՀԿԵՈՒ-ի ղեկավարությունը լիովին հերքեց մեղադրանքը՝ նշելով, որ միշտ կատարել է իր պարտավորությունները Հայաստանի առաջ: Երևանյան «Հրապարակ» թերթը օգոստոսին գրել է. «Թեև կողմերը փորձում էին հարթել միջադեպը, բայց երեկ հայտնի է դարձել, որ կրքերն առայժմ չեն հանդարտվել: Ռուսական իշխանությունները ծանր տարան կատարվածը և գործնականում վերջնագիր ներկայացրին՝ աշխատանքից ազատել ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանին: Նույնիսկ լուրեր են տարածվում, որ վերջինս ուզում է դիմում գրել, քանի որ ինքն էլ է դժգոհ իր լիազորություններից: Բայց առայժմ գործընթացը կասեցված է. հայկական կողմը բանակցում է ռուսական կողմի հետ և փորձում «առանց կորուստների» հարթել կատարվածը»:


Ինչպես տեսնում ենք, խնդիրը լուրջ է: Պարզ է, որ Վալկոն հենց օգոստոսի 15-ին մանրամասնորեն տեղեկացրել է ՌԵՈՒ-ի ղեկավարությանը, նշանակում է, միջնորդավորմամբ, նաև Կրեմլին, հայ հարկահավաքների ներխուժման մասին: Եվ ահա Մոսկվայում հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հանկարծակի հայտնում է. «Այնտեղ (ՀԿԵՈՒ-ում), իմ տվյալներով, նախնական, չարաշահումները մոտ 60 մլն դոլարի կարգի են»: Ըստ Փաշինյանի, ինքն ստեղծված իրավիճակն արդեն քննարկել է Վ. Պուտինի հետ: «Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, Հայաստանի կառավարությունն ունենք ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը: Քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահն էլ է չափազանց շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարով»,- ասել է նա, հավելելով, որ օրինականության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող դիտվել որպես հակառուսական գործողություններ: «Դա չեմ կարող ասել, դա հետաքննության խնդիրն է: Հետաքննություն է լինելու: Կարող եմ ասել, որ այդ հարցում մենք Ռուսաստանի նախագահի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ընդգծել է նա: Ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել վարչապետի այդ պնդումներին: Որովհետև, եթե նույնիսկ ենթադրենք, թե նա Պուտինի հետ քննարկել է ՀԿԵՈՒ-ում «60 մլն դոլարի կարգի չարաշահումները», ապա Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) գնդապետը, նույնիսկ թեկուզ ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին ծառայության փոխգնդապետը, անպայման ապացույցներ կպահանջի: Եվ աջակցություն չի խոստանա «60 միլիոնի կարգի չարաշահումների» մասին հայտարարություններին, մինչև չստանա Փաշինյանի պնդումների արդարացիության անկասկածելի ապացույցներ: Որովհետև իբր «չվճարված հարկերի» 19 հազար դոլարը չափազանց շատ է տարբերվում Փաշինյանի նշած «60 մլն դոլարի կարգի» գումարից: Այնպես որ, Փաշինյանն արդեն հավաքե՞լ է որոնելի և անհրաժեշտ ապացույցները: Թե՞ «հանկարծակի» կբախվենք 2015 թ. ամռանը «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ռուս ղեկավար Եվգենի Բիբինին «դուրս անելու» Հայաստանի համար ամոթալի դեպքի կրկնությանը:

Ո՞րն էր սկանդալն այն ժամանակ: Ամեն ինչ շատ պարզ է. Բիբինին և ընդհանրապես ՀԷՑ-ի ռուսական կողմին հրապարակավ, նույնիսկ ՀՀԿ-ն, մեղադրեցին ՀԷՑ ընկերության «վատ կառավարման» և գրեթե սնանկացման հասցնելու համար: Եվ 2015 թ. ամռանը Երևանի փողոցները թնդում էին «ժողովրդական բողոքներից» իբր սպառողների համար էներգասակագինը բարձրացնելու մասին ՀԷՑ-ի հայտից հասարակ քաղաքացիների դժգոհության կապակցությամբ:


Հետևանքը հայտնի է. Բիբինը փախավ Երևանից դեռ մինչև նրան պաշտոնապես ազատելը, նրա փոխարեն նշանակվեց «յուրային»՝ Կարեն Հարությունյանը: Բայց Բիբինը, Մոսկվա հասնելով, չնստեց և վախից չէր դողում: Այնտեղից նա, առանց ժամանակ կորցնելու, հիշեցրեց և՛ անձամբ Սերժ Սարգսյանին, և՛ հանրապետականներին, հետն էլ ամբողջ Հայաստանին, որ վերջին մի քանի տարում ՀԷՑ-ը նախագահական հիմնադրամին («Սերժի հիմնադրամին») է փոխանցել 12 մլն դոլարի գումար: Արդեն այդ փաստը տարակուսանք էր առաջացնում. Բիբինի կառավարմամբ «վնասաբեր» ընկերությունն այդ ինչպե՞ս է կարողացել 12 մլն դոլար կուտակել, որը հանկարծ «հանգամանքների բերումով» հայտնվել է նախագահական հիմնադրամի հաշվում: Եվ Հայաստանի քաղաքացիները կամա-ակամա մտածում էին. գուցե Հայաստանի նախագա՞հն է անուղղակիորեն մեղավոր, որ, 12 մլն դոլար «կորցնելով», ՀԷՑ-ն ուզում է կորցրածը հետ բերել էներգասակագինը բարձրացնելով: Հետո ավելի վատ եղավ. ՀԷՑ-ի ղեկավարությունը, Մոսկվայի ճնշմամբ, ստիպված էր (արդեն առանց ռուս Բիբինի) գործերը ներկայացնելու արբիտրաժ՝ սպառված էլեկտրաէներգիայի համար չվճարված պարտքերը Հայաստանի մի շարք խոշոր օբյեկտներից բռնագանձելու համար: Եվ ցուցակում էին ոչ միայն այնպիսի կիսասառեցված օբյեկտներ, ինչպես «ԿԱՆԱԶ»-ը կամ «Նաիրիտը», այլև շուրջօրյա աշխատող խոշոր խանութների ցանցեր, որոնք, ինչպես բոլորը գիտեն Հայաստանում, պատկանում են հենց Ս. Սարգսյանի և հանրապետական կուսակցության վերնախավի մերձավոր շրջապատին: Հանգուցալուծումը նույնպես կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, թե տարիներ առաջ ինչպես էին խզվում, մի կողմից, Ս. Սարգսյանի ու ՀՀԿ-ի, մյուս կողմից, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները:

Մամուլում, և ոչ միայն Հայաստանի, լայնորեն նյութեր էին հրապարակվում այն մասին, որ կառավարությունը փոխում է ՀԷՑ-ի սեփականատիրոջը. «ռուսական» ՀԸԿ ժնհ ընկերության փոխարեն սեփականատեր կդառնա Սամվել Կարապետյանը: 2015-ից հետո այդպես էլ պարզ չէր, թե ով է դարձել ՀԷՑ-ի իրական տերը: Բայց 2018-ին Փաշինյանի կառավարությունը հայտարարեց, որ վերջ, «համերգն ավարտված է»: Նախ՝ Փաշինյանը սիրտ առավ և «տեղը ցույց տվեց» Ս. Կարապետյանին (2018 թ. ապրիլ), այնուհետև էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը (մայիս) հայտարարեց, որ կառավարությունը վերացրել է բարձրավոլտ էլեկտրացանցերը (ԲԷՑ) կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին «Տաշիր կապիտալ» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Ըստ նախարարի, դա պայմանավորված է պայմանագրում պետությանը ոչ ձեռնտու դրույթների առկայությամբ: Բնականաբար, դրանից հետո Ս. Կարապետյանի դիրքերն էլ ՀԷՑ-ում երերացին:


ՀԸԿ ժնհ-ի վերաբերյալ «ռուսական» բառը մենք նշեցինք չակերտներում, որովհետև բավական է պարզապես նայել այդ ընկերության պաշտոնական կայքը, և ամեն ոք կհամոզվի, որ ՀԸԿ ժնհ-ը վաղուց ռուսական ընկերություն չէ, այլ «միջազգային հոլդինգ», որում մեծ դեր են խաղում Ռուսաստանի հետ ընդհանուր ոչինչ չունեցող անձինք և ընկերություններ: Բայց չէ՞ որ 2015-ի ամռանը Երևանի փողոցներում բազմիցս է ասվել, որ էներգասակագինը պատրաստվում են բարձրացնելու, «որովհետև ռուսներն են ղեկավարում»: Հետին թվով դա շատերն են ժխտելու: Սակայն ընդամենը պետք է վերհիշել 2015-ի ամռանը փողոցներում տիրող մթնոլորտը, հատկապես Երևանի կենտրոնում, այն նույն պարերով և ասֆալտի վրա ֆուտբոլով, «Սանիթեքի» աղբարկղերը երթևեկելի մաս գլորելով, ու դադարել խաբելուց և՛ իրեն, և՛ աշխարհը. հենց 2015-ի ամռանը, այսպես կոչված, «Էլեկտրիկ-Երևան» շարժման ժամանակ, ինչ-որ մեկը փորձարկեց այն, ինչով մայրաքաղաքն իրար խառնեց «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այս շեղումն էլ կապված է այն բանի հետ, որ ՀԿԵՈՒ-ի ղեկավարության հասցեին արված «60 մլն դոլարի կարգի չարաշահումների» մեղադրանքներով իրավիճակը հար և նման է 2015-ին ԲՀՑ-ի և նրա ղեկավարության շուրջը ծագած իրավիճակին: Եվ հանկարծ այնպես չլինի, որ Փաշինյանի մեղադրանքները 60 մլն-ի հաշվով վերջում դառնան արբիտրաժային հայցեր, որոնք թաքցնեն, թե իրականում ով և ինչ է «չարաշահել»: Ամեն դեպքում, կրկնենք, եթե Պուտինին են հասցրել «60 մլն դոլարի կարգի չարաշահումների» մասին խոսքը, ապա նա կպահանջի ՀԿԵՈՒ-ի կամ անձամբ Վալկոյի մեղավորության աներկբա ապացույցներ:


Փաշինյանի առաջ քաշած հարցերից ևս մեկի մասին: Մոսկվա այցի ժամանակ «Russia Today»-ի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Գազի գինը Հայաստանի համար այժմ էլ բացառիկ է, բայց մենք ակնկալում ենք ավելի ցածր գին»:

Արդեն այցից հետո Փաշինյանն արեց հետևյալ հայտարարությունը. «Ես Պուտինին հայտնեցի, որ 1000 խմ-ը 150 դոլար արտոնյալ գնով ռուսական գազը ստանում է «Գազարդ Հայաստանը», ոչ թե Հայաստանի քաղաքացիները..., արդյունքում մենք որոշեցինք, որ համատեղ ջանքերով ամբողջովին կուսումնասիրենք գնագոյացման ողջ սխեման և կփորձենք հասկանալ, թե ինչ բարելավումներ կարելի է անել»: Ըստ Փաշինյանի, այդ տեղեկությունը Պուտինի համար նորություն էր: Այստեղ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ, հանձն չենք առնում դատելու: Բայց հայտնի է, որ 2017-ին նախկին վարչապետ Կ. Կարապետյանի հետ բանակցության ժամանակ «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը դժգոհություն հայտնեց, որ Հայաստանն այդպես էլ չի իջեցրել գազի սակագինը շարքային քաղաքացիների համար: Եվ «չար լեզուները» պնդում էին, որ «Газпром»-ը Հայաստանի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կամ, կամ: Կասկածում ենք, թե պարոն Միլլերը ՌԴ-ում ոչ ոքի չի տեղեկացրել Հայաստանի գազի գնի հետ կապված չարաշահումների մասին: Այստեղ ամեն ինչ կասկածելի է, բայց ահա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ «Газпром»-ի ներդրումները «ռուսական գազը դարձնում են էլ ավելի էժան»: Բացի դրանից, սահմանն անցնելիս այդ փողերն արդեն Հայաստանի իրավասության տակ են, ահա և սկզբնական գինն իջեցնելու հնարավորություններ: Բայց Փաշինյանը նախընտրում է խղճահարություն հարուցել, թե՝ պարոն Պուտին, Դուք եղել եք Գյումրիում, տեսել, թե ինչքան աղքատ են ապրում այնտեղ մարդիկ, և պահանջում է «էլ ավելի ցածր գներ»: Իսկ մենք հիշեցնենք, որ ՌԴ-ից ավելի էժան գազ առայժմ ստանում է միայն Բելառուսը. ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության գնահատականով, 2018-21 թթ. ԲՀ-ին ռուսական գազը կմատակարարվի 1000 խմ-ը 132,2 դոլարով, կանխատեսվում է, որ 2022-ին այդ գինը կիջնի մինչև 126,4, 2023-ին՝ 125,1 և 2024-ին՝ 122,2 դոլար: Ռուսաստանի հետ Բելառուսի և Հայաստանի ունեցած նույն կապերից բացի Բելառուսը նաև, այսպես կոչված, Ռուսաստանի և Բելառուսի Միութենական Պետության անդամ է, ինչի շնորհիվ էլ ռուսական գազն ստանում է հենց այն «էլ ավելի բացառիկ գնով», որի մասին խոսում է Փաշինյանը: Խոսքն այն մասին չէ, թե որքան է իրական այդ ՌԴ և ԲՀ Միութենական Պետությունը, այլ այն պատճառի, ըստ որի Բելառուսը «Газпром»-ից ստանում է ավելի էժան գազ, քան Հայաստանը: Իսկ մենք կասկած ունենք, որ Փաշինյանի և ՌԴ-ի ղեկավարության երկկողմ հարաբերություններում տարակարծություններն իրականում ավելի շատ են:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ