«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Կո՞ղմ, թե՞ դեմ Սիրիա զինվորական մարդասիրական օգնություն ուղարկելուն

Կո՞ղմ, թե՞ դեմ Սիրիա զինվորական մարդասիրական օգնություն ուղարկելուն
28.09.2018 | 02:43

Հայտնի բան է` եթե երեք հայ մի հարց քննարկեն, ոչ թե երեք կարծիք կհնչեն քննարկվող հարցի շուրջ, այլ առնվազն մեկ տասնյակից ավելի: Համոզված եմ, եթե երեք հայից մեկն անի խելոք առաջարկություն, երկրորդը կամ երրորդը, կաշվից դուրս գալով, խելքին զոռ տալով, կանի «ավելի խելոք» առաջարկ: Վերջերս ՀՀ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց ոչ մասնակցության մակարդակով, այլև մասնագիտական օգնություն ցուցաբերելու բարեկամ Սիրիա պետությանը, և անմիջապես ԶԼՄ-ներում սկսվեց բարձրացված հարցի հաջող տապալման գործընթացը: Մեղադրանքներ հնչեցին վարչապետի հասցեին, որ նա մոսկովյան բանակցություններում Պուտինի համակրանքը շահելու համար է գնացել այդ քայլին, որով, կարծես, աշխարհում տպավորություն է ստեղծվելու, թե ոչ միայն Ռուսաստանն է մասնակցում Սիրիայի պատերազմում հօգուտ Ասադի, այլև ՀԱՊԿ-ը: Ոմանք էլ բերում են «հիմնավոր» փաստեր, որ Հայաստանի նկատմամբ իսլամիստների կողմից կկատարվեն ահաբեկչական ակտեր: Արևմուտքը, ԱՄՆ-ը «կնեղանան» մեր երկրի վարքագծից, ինչը կարող է հանգեցնել ոչ ցանկալի դրսևորումների:


Փորձեմ պատասխանել առաջադրված հարցերին:
Դեռևս տարիներ առաջ, երբ իսլամիստները Սիրիայում հասել էին զգալի հաջողությունների, «Իրատեսում» տպագրված մի հոդվածում գրել էի, որ Սիրիայում լուծվում է նաև Ղարաբաղի հարցը, և մենք՝ հայերս, հանդես պիտի գանք Ասադի ռեժիմի պաշտպանությամբ, դրանով իսկ պաշտպանելով սիրիահայությանը։ Քաղաքականությունից փոքր-ինչ գլուխ հանող մարդը պետք է լավ հասկանար, որ Ռուսաստանը կյանքի գնով է պաշտպանելու Ասադին, որովհետև նրա հեռացումով մեկընդմիշտ զրկվելու է Միջերկրականի տաք ջրերից: Սիրիան կենարար հյութի պես անհրաժեշտ է Ռուսաստանին: Այսօր ԱՄՆ-ը համարյա հեռացել է Սիրիայից, որովհետև հասկացել է, որ Ռուսաստանն այնտեղ կենսական շահեր ունի: Մնացել է մեկ շրջան, որտեղ իսլամիստները դեռևս գոյատևում են: Ճիշտ է, Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Իրբիլում դադարեցվել են ակտիվ ռազմական գործողությունները, բայց կարելի է ասել, որ դա հարցի ժամանակավոր հետաձգում է և ոչ վերջնական լուծում: Սիրիայում ակտիվ է նաև Իրանը, և դա հասկանալի է, որովհետև Ասադի տապալումով պատերազմը կտեղափոխվի պարսկական հող, ինչը երազում է Իսրայելը, և որը չի բխում մեր շահերից: Սատարելով Ասադին` մենք լուծում էինք մեզ համար շատ կարևոր ևս մեկ հարց. քրիստոնյա հայը Սիրիայում պաշտպանում է իսլամ դավանող արաբին: Այդ քայլով մենք մեկընդմիշտ փակում էինք Իլհամ Ալիևի բերանը, որը մեկ անգամ չէ, որ փորձել է իսլամական կոնֆերանսներում Ղարաբաղյան հարցը ներկայացնել որպես քրիստոնյայի պայքար ընդդեմ իսլամի: Արաբական աշխարհում շատ պետություններ լավ հարաբերությունների մեջ են հայերիս հետ: Սնանկ են նաև այն դատողությունները, թե Հայաստանի նկատմամբ կարող էին սկսվել իսլամիստների ահաբեկչական գործողություններ: Թող թույլ տրվի հարցնել` իսկ նրանց հաղթանակի դեպքում կռիվը պարսկական հող տեղափոխվելուց հետո այդ ակտերը լոկ ակտե՞ր էին լինելու, թե՞ ակտիվ ռազմական գործողություններ: Մի՞թե այդ մասին չեն երազել Էրդողանն ու Ալիևը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Քաղաքականության էությունը ինչ-որ տեղ պասիվ սպասելու արվեստ է, բայց ոչ այդ պասիվության պահին բարձի վրա հորանջելու «արհեստ»:

Դիտվել է՝ 8729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao