Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտին-Ալիև` Անդրկովկասը ուղղահայաց ու հորիզոնական

Պուտին-Ալիև` Անդրկովկասը ուղղահայաց ու հորիզոնական
28.09.2018 | 11:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատև աշխատանքային այցով Ադրբեջանում էր: Պաշտոնապես այցի պատճառը Բաքվում ռուս-ադրբեջանական միջհամայնքային 9-րդ համաժողովին մասնակցելն էր, որի ձևաչափում ստորագրման էին պատրաստվել կարևոր համաձայնագրեր: Պուտինն ու Ալիևը նաև առանձնազրույց ունեցան: REGNUM –ը այցին հետևում էր ադրբեջանական հեռուստաալիքներով: Լուրերի թողարկումներում Պուտինի այցն առաջին լուրն էր, բայց սյուժեն չէր զարգանում: Բաքվի համար գլխավոր նորությունը Ֆրանսիական Գվինեայի Կուրու տիեզերակայանից ադրբեջանական երրորդ հեռուստահաղորդակցային аAzerspace-2 հրթիռի արձակումն էր ու Ալիևի հեռուստաուղերձն այդ առիթով: Գուցե Պուտինի այցի ու ադրբեջանական հրթիռի արձակման համընկնումը պատահականություն էր: Բայց հանրապետության ավագ սերնդի բնակիչները տիեզերքի յուրացումը հոգեբանորեն կապում են Ռուսաստանի հետ: Առավել հանգամանալից ՌԴ նախագահի այցն Ադրբեջան լուսաբանում էին կայքերը ուղիղ միացումներով: Դա Բաքվում Պուտինի այցի տեղեկատվական համապատկերին որոշակի առանձնահատկություն էր հաղորդում: Համապետական ԶԼՄ-ներում աչքի էր զարնում ռուս փորձագետներին արտահայտվելու հնարավորություն տալու պատրաստակամությունը ռուս-ադրբեջանական հարաբերությունների նշանակալից ու նկատելի ակտիվացման նշանակության մասին, որ ընկալվում է իբրև նոու հաու ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության մեջ: Հասկանալի է ինչու` որոշ ռուս քաղաքագետներ իրավիճակին ինտրիգ էին հաղորդում` հայտարարելով, որ երբ «Վաշինգտոնն ու Բրյուսելն ուժեղացնում են իրենց դիրքերը ոչ միայն Թբիլիսիում, այլև Երևանում ու Ստեփանակերտում, Մոսկվային ուրիշ ոչինչ չի մնում` Բաքվի հետ հարաբերություններն ամրապնդելուց բացի»: Սակայն ամեն ինչ մի քիչ այլ է: Բաքուն սկսում է գիտակցել հարևան Մերձավոր Արևելքից ներթափանցող սպառնալիքը և ձգտում է վերականգնել հավասարակշռությունը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, որի հետ համագործակցությունը գնահատվում է իբրև ռազմավարական:

Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը մտադիր չէ հետևել Վրաստանի մոդելին, որ հաստատում է իր հակառուսական ու արևմտամետ դիրքորոշումները տարածաշրջանում: Այս տեսակետից Մոսկվայի ու Բաքվի դիվանագիտության ձեռքբերումները նշանակալից են: Ռուս-ադրբեջանական միջհամայնքային համաժողովի բացմանը ելույթ ունենալով` ՌԴ նախագահը հայտարարեց, որ «մեր պետությունների միջև հարաբերությունները, անկասկած, կառուցվում են բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա» և մենք «միշտ որոնում ու գտնում ենք շահերի հավասարակշռություն»: Դա իրոք այդպես է, եթե հիշենք, որ բոլորովին վերջերս Պուտինն ու Ալիևը բանակցում էին Սոչիում, որտեղ ստորագրվեց 17 համաձայնագիր, որոնք լրացուցիչ հիմք են ստեղծում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջպետական կապերի կառուցման համար ամենատարբեր ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական ու մարդասիրական: Նպատակ է դրված մինչև 2024-ը ապրանքաշրջանառությունը հասցնել 10 մլիարդ դոլարի: Այդպիսով` Բաքուն դարձավ Սոչիի շարունակությունը հաշվի առնելով ինֆրակառույցների համատեղ նախագծերը, մասնավորապես` «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, որ ինչպես Պուտին ասաց` «կոչված է մերձեցնել եվրոպական ու ասիական շուկաները»: Մի խոսքով` ռուս-ադրբեջանակամ հարաբերությունները դառնում են բազմաշերտ, երկխոսությունը` առավել արդյունավետ: Դա, անկասկած, իր ազդեցությունը կունենա և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համատեղ ջանքերում, որի նկատմամբ նախկինում Բաքուն տեսանելի ձգտումներ չէր դրսևորում: Բայց դա` ուղղահայաց: Հորիզոնական` Ադրբեջանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունն ու հեռանկարն է: Պետք է ենթադրել, որ այս թեման այս կամ այլ կերպ արծարծվել է Պուտինի ու Ալիևի առանձնազրույցում: Հրապարակային հայտարարություններ չեն եղել, թեպետ ինչ-որ նախնական եզրակացություն հնարավոր է անել: Եթե Բաքուն հետագայում էլ հաջողության հասնի նոր արտաքին քաղաքականության մեջ, իրավիճակի փոփոխությունն Անդրկովկասում անխուսափելի է: Բայց հիմա Ռուսաստանն ու Ադրբեջանը փակագծից դուրս են բերել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և իրենց փոխհարաբերությունները չեն ծանրացնում ինչ-որ նախնական պայմանավորվածություններով ու հանդես են գալիս իբրև ինքնաբավ սուբյեկտներ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Նվազագույնը տարօրինակ է, որ օրը մեկ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող Ադրբեջանը հանկարծ սկսում է Ռուսաստանի հետ կառուցել տարածաշրջանի անվտանգության երաշխիքները` հրապարակային մակարդակում նախապատվություն տալով Իսրայելից գնված սպառազինությանը, որ գնահատում է առավել տեխնոլոգիական ու որակյալ: Շատ մեծ հարց է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության դեպքում Բաքուն կընտրի Մոսկվային: Ի՞նչ նոր արտաքին քաղաքականության մասին է խոսքը և ինչո՞վ է արտահայտվում Բաքվի նոու հաուն: Որ Պուտինն ու Ալիևը Նյու Յորք չէի՞ն գնացել: Կամ` Պուտինը Բաքվում մի քանի ժա՞մ է անցկացրել` անմիջապես Դուշանբե մեկնելով: Ռուս փորձագետների հացը չկտրելու համար ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռուս-հայկականին հակադրելը տեղեկատվական պատերազմի շրջանակներում է: Ակնհայտ է, որ Հայաստանն Ադրբեջանի ու Ռուսաստանի համար մնում է անհասկանալի ու երկուսն էլ դեռ չեն կողմնորոշվել ինչպես վերաբերվել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին: Հենց այդ պատճառով Պուտինը պաշտոնական այցով Երևան կգա միայն խորհրդարանական արտահերթ ընտրություններից ու նոր իշխանություն ձևավորվելուց հետո: Ու հազիվ թե Ալիև-Փաշինյան հանդիպում էլ կայանա մինչ այդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ