Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երբ մարդը պատրաստի մի բան նվեր է ստանում, նրա աչքում դա արժեք չի ունենում»

«Երբ մարդը պատրաստի մի բան նվեր է  ստանում, նրա աչքում դա արժեք չի ունենում»
28.09.2018 | 11:50

«Իրատեսի» հյուրը արձակագիր ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ է: Զրույցի առանցքում նրա նորատիպ «Այրված կենդանակերպ» վեպն է, որում արծարծվում են մեզ հուզող համաժամանակյա և նորօրյա հարցեր:

-Տիկին Սաթենիկ, Ձեր դիտարկումների մեջ առանձնանում և շեշտադրվում է այն միտքը, որ հայորդիների արյամբ ներկված հողի ճակատագիրը որոշում են «դիվանագիտության մեջ հմուտ այլերը», որոնց դյուրահավատորեն են վերաբերվում մարդիկ, երկիրն ու ժամանակները: Գրում եք նախորդ դարասկզբի անցուդարձերի մասին. «Երեք-չորս տարում երկիրը երեք-չորս տեր պիտի փոխեր. ռուս, թուրք, բոլշևիկ, դաշնակցական, դարձյալ բոլշևիկ և… հավերժորեն նույնական ճակատագիր ու փորձով խելքի չեկող, խաբվելու պատրաստ հավերժորեն դյուրահավատ մարդի՛կ, դյուրահավատ երկի՛ր, դյուրահավատ ժամանակնե՛ր»: Այս երևույթը ժամանակների՞, թե՞ հավերժության համատեքստում է պետք դիտարկել:
-Հավերժության: Անընդհատ այսպես է եղել. մենք երբեք չկարողացանք դասեր քաղել մեր դառը փորձերից: Եվ անընդհատ խոսում ենք, թե մեզ հետ դաժան վարվեցին, մեզ խաբեցին, մեզ ճնշեցին: է՜, թույլ չտայինք:
-Դուք կարծում եք, որ տասը տարում կառուցված տունն ու հայրենիքը (նվեր ստացածը՝ առավել ևս) քանդվում են արագությամբ, քանզի պետք է նախ մտքում երկար ու մանրամասն կառուցել, հետո միայն տալ դրան նյութական բովանդակություն. «Քանզի տունը, նաև հայրենիքը սոսկ պատ կամ առաստաղ չէ, նույնիսկ տանիք չէ, տունը՝ նրա ու նրա մեջ ապրողներից ամեն մեկի ու ամեն ինչի մինչև վերջին մանրամասն է, քանզի այն սկզբում կառուցվում է մտքում, երկար ու տանջալից՝ հարյուր անգամ վերաձևվելով, մտքի մեջ քանդվելով ու մտքի մեջ վեր հառնելով, սիրով ու սրտով, ուղեղի յուրաքանչյուր բջիջով և նոր միայն ստանում նյութական բովանդակություն»: Մենք հզոր հայրենիքի տեր ենք եղել, որը մաս-մաս քանդվել է: Ինչու՞, հապշտա՞պ է կառուցված եղել: Չէ՞ որ հազարամյակների կենսագրություն ունի այդ հայրենիքը:
-Ո՛չ, հապշտապ չի կառուցվել, բայց մենք չենք կարողացել երկիր հայրենին պաշտպանի նման կառուցել: Բերդաքաղաքներով, ամրություններով չենք կառուցել, որ չկարողանան մտնել ներս, չկարողանան քանդել: Որպեսզի այս երկիրը չքանդվեր, մի նորմալ մարդ պիտի ունենար իր գլխին, որը երկիրն իր անձից շատ ավելի կսիրեր:
-Բայց մեր երկրում այնքա՜ն անառիկ բերդեր են եղել, դրանց վկայություն-պարիսպները մինչ օրս էլ պահպանված են հայոց աշխարհի տարբեր հատվածներում, անգամ՝ օտարի ձեռքն անցածներում:
-Մենք մեր բերդերում, բերդաքաղաքներում նվաճված երկրի մարդուն ենք նշանակել բերդապահ: ՈՒ որոշ ժամանակ անց նա էդ բերդի դռները բացել է իր երկրի զավթիչների առաջ ու ասել. «Բարո՜վ եկաք, ես ձեզ սպասում էի»: Սա է եղել մեր դժբախտությունը: Նվաճված տարածքներից մենք ստրուկներ չենք բերել մեր երկիր: Բերել ենք նրանց որպես մեզ հավասարազոր մարդկանց, որ, օտար լինելով հանդերձ, ստորացված չզգան իրենց մեր կողքին: Դա նրանից է, որ ինքներս երբեք ստրուկ չենք եղել, որ մեզ համար խորթ է ստրուկի հոգեբանությունը: Իսկ հռոմեացիները, հույները, մյուսները ստրուկներ էին պահում: Իրենք հպարտորեն ճեմում էին, իրենց համար ակադեմիաներ էին ստեղծում, խելացի մտքեր բարձրաձայնում, իսկ մենք կառուցում էինք ու ասում՝ եկեք-վայելեք: Այդպես արեցինք նաև հիմա:
-Ի՞նչ նկատի ունեք «հիմա» ասելով: Կոնկրետ ո՞ր ժամանակի մասին եք խոսում:
-Մեր այս ժամանակների, երբ երկիրը տվեցին այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք ոչնչի մասին մտածելու կարողություն կամ ցանկություն չունեցան, բացի սեփական գրպաններից: Մեր անկախության շրջանի նախագահներն էլ այդպիսին էին, թեև յուրաքանչյուրի գործունեության մեջ էլ կան այնպիսի կետեր, որոնցով իրենք այսօր պաշտպանվում են, արդարանում: Բայց ամեն մարդու կյանքում էլ կա իր այս կամ այն արարքն արդարացնող դրվագ, իսկ երկրի ղեկավարի սխալ արարքը քանդում է երկիրը: Այո՛, ես կարծում եմ, որ երբ մարդը պատրաստի մի բան է նվեր ստանում, նրա աչքում դա արժեք չի ունենում: Մարդը հեշտ ձեռք է բերում, հեշտ էլ վատնում: Պետք է հարյուր անգամ մտքի մեջ կառուցի իր ձեռք բերածը, հազար անգամ վերակառուցի, որպեսզի դրա ամեն մի փոշու հատիկը սիրի: Դա միայն հայրենիքին ու տանը չի վերաբերում: Վերաբերում է ամեն ինչին, անգամ թղթի այն կտորին, որի վրա գրում ես մեկ նախադասություն, հետո վերակառուցում, վերանայում, մինչև որ այն դառնում է գիր, գրականություն: Իսկական գրականությունը, իսկական նկարչությունը, իսկական երաժշտությունը, իսկական հայրենիքն այդպես են ստեղծվում:

-Հիմա ի՞նչ, մեր երկիրը քսան տարուց ավելի ջանադրաբար քանդել են, քանդելու բան գրեթե չի մնացել: Ի՞նչ պիտի անեն երկրի այսօրվա ու վաղվա ղեկավարները:
-Ես նոր եկածներին ողջունել եմ և միայն մի բան ցանկացել, որ զարգացումները ճիշտ լինեն: Իսկ զարգացումները մարդիկ պիտի ապահովեն, մարդիկ, որոնք նշանակվել են գործ անելու. սպասում եմ դրան, սպասում ենք դրան: Հնարավոր է, որ հապճեպ նշանակվածները փոխարինվեն ուրիշներով: Որովհետև ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է մարդը աշխատել, ինչպես է աշխատում և ինչպես կաշխատի: Երկիրը շատ լուրջ վերաբերմունքի կարիք ունի: Սիրտս ցավում է մեր երկրի համար:
-Բոլորինս է ցավում: Եվ ոչ միայն գրի, խոսքի մակարդակով է ցավում: Ձեր «Այրված կենդանակերպում» մի մխացող ցավի էլ եք անդրադառնում՝ երկրաշարժին, որը հատկապես գյումրեցու համար չսպիացող վերք է: Կա՞, ի վերջո, սրա բալասանը:
-Կա՝ գյումրեցու «քոքոզ» տեսակը: Միայն գյումրեցին՝ իր ծռված, բայց չկոտրված, չխոնարհված, չտապալված տեսակով կարող է բուժել իր ցավը: Մի քանի օր առաջ լսեցի «Գոհար» համույթի ելույթը, կարդում եմ այսօր ստեղծվող գրականությունը և փառք եմ տալիս Աստծուն: Այսօր մշակույթին պետք է մեծ ուշադրություն դարձնել, տիրություն անել: Պատմության կարևոր փուլ ենք ապրում: Վարչապետ Փաշինյանը նրանց, ովքեր չէին ուզում արդեն քանդված երկիրը տալ տիրոջը՝ ժողովրդին, այսպիսի խոսք ասաց. «Ձեր անունները կգրվեն պատմության էջերում»: Ամեն մեկը պիտի վախենա դրանից, ամեն անգամ պիտի հիշի դա: Անունը թանկ բան է: Մարդն իրավունք չունի իր անունի հետ խաղալու: Եվ Աստված չանի, որ մարդու անունը պատմության մեջ սև տառերով գրվի: Մեր ժողովուրդն այսօր միայն սերիալներ, հումոր, երգ ու պար, խամաճիկներ է տեսնում-լսում: Ամեն ինչ կա, բացի լուրջ մշակույթից: Նկատի չունեմ միայն հայ մշակույթը: Իմ սերունդը աճեց-մեծացավ նաև ռուս գրականությամբ և ռուսերեն թարգմանված համաշխարհային գրականությամբ: Չգիտեմ՝ արդյո՞ք անգլերենին տիրապետելով այդքան կկարդայի:

-Երիտասարդ սերունդն անգլերեն է կարդում համաշխարհային գրականությունը: Սա վա՞տ է:
-Երիտասարդ սերնդի համար անգլերենը հաղորդակցության լեզու է, ոչ թե բարձր գրականություն կարդալու լեզու: Նա ծանոթանում է ադապտացված գրականությանը, ինտերնետային գրականությանը: Մեկ նախադասությամբ՝ ամբողջ մի վեպ:
-Ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ պիտի արագության մեջ անես-հասցնես:
-Այո՜, էնքան որ իմանան՝ ինչի մասին է: Իսկ «ինչի մասինը» այնքա՜ն քիչ է: Ադամից ու Եվայից մինչև այսօր գրեթե ոչինչ չի փոխվել: Նույն մարդն է՝ նույն հոգեբանությամբ, նույն նկարագրով:«Ինչպեսն» է փոխվել: Ինչպես կներկայացնես այդ մարդուն, ինչպես կկարողանաս տեսնել նրան, ինչպես կկարողանաս ուղղորդել որևէ պարագայում. սրանք են կարևոր հարցադրումները:

-Ինչպես էլ պտտվում ենք, պտույտի առանցքը անփոփոխ՝ 1915 սև տարեթիվն է: Ձեր վեպում նույնպես այս առանցքի շուրջն է կատարվում պտույտն ու տրվում պատումի հանգուցալուծումը: Ինչու՞ հատկապես այս տարեթվի վկայակոչումով ամփոփեցիք բազմաթիվ թելերով հյուսված Ձեր վիպական պատումը:
-Պարզապես մայրս այդ թվին՝ 1915-ին է ծնվել: Հայրը կռվելիս է եղել Կարսի, Աղզվանի, Օլթուի, Սուրմալուի ճակատներում: Նրա հետ է եղել նաև եղբոր որդին: Տղամարդիկ կռվել են պատերազմում, մայրս էլ պատերազմին զուգահեռ ծնվել է: Շատ սիրուն մի աղջիկ է ծնվել: Իսկ հորեղբոր կինը տարել-մտցրել է սառը ջրով լի գուռը, որպեսզի մեռնի-պրծնի: Չի մեռել: Սրա մեջ մեծ խորհուրդ կա. 15 թվին նաև պիտի երեխա ծնվեր:
-Թերևս ավելի խոր խորհուրդ կա. նրան պիտի ցանկանային սպանել նոր ծնված պահին, իսկ նա հրաշքով պիտի ապրեր:
-Այո՛, դա էլ իր հերթին: Էդպես պիտի լիներ, որպեսզի այս երկիրն ապրեր: Որովհետև ջահել հայ աղջիկներ էին մահանում աքսորի ճանապարհներին, գետերում, ձորերում, չգիտեմ՝ էլի որտեղ: Բայց երկրում այդ ընթացքում երեխաներ էին ծնվում: Ծնվում էին նրանք, որ պիտի կառուցեին իրենց ավերված երկիրը: Սա հավերժական հայի խորհրդանիշն է: Հայը միշտ բարձրանում է: Յուրաքանչյուր անգամ, ընկնելուց հետո, հայը բարձրանում է: Մեր պատմության, մեր հոգեբանության մեջ միշտ էլ եղել են վայրիվերումներ: Բայց այն, որ այսքան հազար տարի մենք կարողանում ենք վերադառնալ ճիշտ արմատներին, իսկապես շշմեցուցիչ է: Մենք անընդհատ ինքնամաքրվում ենք: Ինքնամաքրման ֆենոմեն ունի այս ազգը: Ոչինչ չես կարող անել սրա դեմ: Ով ուզում է գա, նվաճի, ջարդի-փշրի, ոչինչ չի կարող անել մեր տեսակի դեմ: Եվ հույս չդնի ոչ մեկը, չկասկածի, թե կարող է այս կամ այն հանգամանքի բերումով ընկճված հայ ազգը չվերագտնել իրեն:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ