Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեղքի պղծությունը մաքրվում է զղջման արտասուքով

Մեղքի պղծությունը մաքրվում է զղջման արտասուքով
28.09.2018 | 09:52

Արխիմանդրիտ Իոան Կրեստյանկին


Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5; 8)։
Սրտի մաքրության վտանգավոր թշնամիները հայհոյալից ու պոռնկական մտքերն են: Կան մտքեր, որոնք ծնվում են աստվածային շնորհից, որը քրիստոնյայի մեջ ներդրված է Սուրբ Մկրտությամբ:
Իսկ մյուսները ներշնչվում են անկյալ հոգիների` դևերի կողմից: Մենք բոլորս խորհուրդների ու մտքերի գերի ենք լինում, որ անկախ մեր կամքից ներխուժում են մեր գիտակցության մեջ՝ աղտոտելով այն անպետք, դատարկ, անգամ վնասակար ու անվայել երևակայություններով, պատկերներով ու հիշողություններով: Հատկապես` երբ մենք եկեղեցում կանգնում ենք աղոթքի: Կարծես հակառակ լինի, նույն պահին առատ անձրևի պես կլցվեն մեր գլուխը տարբեր օտարոտի մտքեր` ապագայի ծրագրեր, մանր հոգսեր, անցյալի մտահոգություններ, երբեմն ատելի մտքեր ուրիշի նկատմամբ, այս կամ այն բանն անելու անհրաժեշտություն և այլն, և մեր աղոթքը սկսում է խաթարվել, արդեն խանգարում է մեզ, ուշացնում է, և ուզում ենք արագ ավարտել այն ու զբաղվել մեր գործերով: Իհարկե, ամենից առաջ դա մեր խորհուրդների անկարգությունից է, մտքերը սանձահարելու սովորությունը չունենալուց: Բայց ոչ միայն դրանից: Զարգացած 21-րդ դարում կիրթ մարդկանց շրջանակներում գուցե քմծիծաղով խոսեն այն արտաքին դիվային ուժի մասին, որը ամեն կերպ ձգտում է ապականել մեր միտքն ու սիրտը` իր իշխանությանը ենթարկելու նպատակով, խլել մեզնից մտքի պայծառությունն ու մաքրությունը և բաժանել մեզ Աստծուց: Եվ մենք հաճախ, չգիտակցելով ու չցանկանալով գիտակցել այն, խաղալիք ենք դառնում այդ արտաքին չար ուժերին:
Սուրբ Եկեղեցու աստվածատես ու հոգեկիր հայրերը առաջարկում են մեզ մեր մտքերն ու սիրտը այդ աղտեղությունից մաքրելու հավաստի և դարերով փորձված միջոցն ու ուղին:
Մենք այնքան հեռու ենք հոգևոր կյանքից, որ անգամ չարիք էլ չենք համարում այս ավերիչ և պիղծ մտքերի գունդը, որն ընդունակ է անխնա ոչնչացնելու այն, ինչ ստանում ենք Տիրոջից: Ժամանակն է արդեն կտրվելու աշխարհիկ սնոտի գործերի անվերջ շրջապտույտից և հոգալու հոգու անմահության և մեր սիրտը մաքրելու մասին: Մաքուր սիրտը այն հարսանեկան զգեստն է, որի մասին ասում էր Տերը մեծ խնջույքի առակի մեջ:
Լավագույն շնորհատու ժամանակը պահքի շրջանն է, եթե ջանանք հատկացնել մեր ուշադրության մի փոքր մասը խեղճ, անտեսված, սոված ու սառած մեր հոգուն, նայենք հոգուց ներս, մեր սրտի մեջ և փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում նրա հետ, ո՞վ է բնակվում այնտեղ:


Եկեղեցու սուրբ հայրերը ապականիչ մտքերով մեր հոգու գերվածությունը նկարագրում են այսպես.
1. Սկզբից գալիս է մտքի առաջադրանքը: Սա սովորական միտք է, որևէ առարկայի պատկերացում կամ որևէ այլ միտք, որ ծնվում է մարդու ուղեղում: Այն կոչում են անմեղ, ոչ նախատելի, ոչ էլ դրվատանքի արժանի, քանի դեռ չի բորբոքում մեր մեջ որևէ ուշադրություն և վերաբերմունք իր հանդեպ:


2. Մենք նկատում ենք այդ միտքը կամ առարկան, սկսում ենք զննել այն, կամ, սուրբ հայրերի խոսքերով ասած, զրուցում ենք նրա հետ կրքոտ կամ անկիրք: Մենք արդեն չենք քշում միտքը, թույլ ենք տալիս մնալ, բայց դեռ չենք ընդունում այն: Սուրբ հայրերը այս վիճակն արդեն չեն համարում անվտանգ, սակայն գովասանքի է արժանի, երբ այդ մտքի դիտարկումը կատարվում է աստվածահաճո կերպով. երբ նկատում ենք, որ մեղսական է, իսկույն այն մերժում ենք:
3. Առաջացած մտքի հանդեպ սկսում ենք վերաբերվել հետաքրքրությամբ, ենթարկվում ենք և պատրաստ ենք հետևելու նրան: Սա կոչվում է արդեն մտքի համաձայնություն: Այս դեպքում երկու ելք կա:

ա. Միառժամանակ մեղսածին մտքին համաձայնելով` մենք կարող ենք սթափվել, և զղջալով ու խոստովանելով Աստծու առաջ մտավոր մեղքը, մենք հաղթահարում ենք մեղսահակ մտքի առաջադրանքը:

բ. Սբ Գրիգոր Սինայեցու խոսքով. «Երբ մեկը իր կամքով ընդունում է թշնամուց եկող մտքերը` համաձայնելով ու ընկերանալով նրանց հետ, հաղթահարվում է նրանցից, այնպես, որ արդեն ոչ միայն չի հակառակվում դրանց, այլև որոշում է անել ամեն ինչ նրանց թելադրանքով և եթե գործնականորեն չի կատարում, ապա միայն հարմար տեղ կամ ժամանակ չունենալու կամ իր դիտավորությունը արգելող այլ պատճառով»: Դա արդեն բացահայտ մեղք է:


4. Միտքը ստիպողաբար, թե ակամա գրավում է մեր սիրտը, ձուլվում է նրա, կարծես դառնում մի էություն, տեղ գտնելով սրտի մեջ` ավերում է նրա մեջ ամբարված լավն ու բարին: Այս պահը կոչվում է գերություն: Բայց նաև այս դեպքում մտքերով գերված սիրտը Աստծո օգնությամբ կարող է ազատվել այդ գերությունից:


5. Մտքի գերության վերին աստիճանը կիրքը, մոլությունն է: Դա լինում է, երբ երկար ժամանակ մեր հոգում արմատացած չար միտքը դառնում է կարծես մեր մշտական սովորությունը: Այս վիճակի մեջ մարդ ընկնում է իր սեփական կամքից և միշտ սնվում ու տաքանում է թշնամուց ներշնչված կրքոտ մտքերով:


Սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է, որ մեր ամբողջ կյանքում պիտի հսկենք մեր սրտի դուռը և պահպանենք այն աղտեղի խորհուրդներից, որպեսզի չզրկվենք Աստծո հետ հաղորդակցությունից: Մենք ապրում ենք այնպես, կարծես չպիտի մեռնենք: Մենք բոլորս, առանց բացառության, ենթարկվում ենք անմաքուր պոռնկական մտքերի ներշնչանքին, պահում ենք նրանց մեր սրտում, դիտում ենք անվայել նկարներ, տեսանյութեր համացանցում, հագնվում ենք կիսամերկ` գայթակղության պատճառ դառնալով: Մեղքի պղծությունը մաքրվում է զղջման արտասուքով, այնպիսի ապաշխարությամբ, երբ մեղանչած սրտին ամոթ է և մեծ ցավ՝ հիշել, թե ինչ է արել, ցավալի է կորցնել Աստծո հետ հաղորդակցությունը, սոսկալի է մեռնել չապաշխարած մեղքերով: Այս պահից սկսած պիտի խոստանանք Տիրոջը սրբերի և Եկեղեցու կողմից առաջարկած բոլոր հնարավոր միջոցներով մաքրել մեր սրտերը, անտրտունջ ընդունենք բոլոր նեղություններն ու զրկանքները՝ որպես բուժիչ սպեղանի` Աստծո նախախնամությամբ ուղարկված, քանզի մենք բոլորս էլ հոգեպես ծանր հիվանդ ենք, որպեսզի, Աստված մի արասցե, չմեռնենք սրտի մեղսական անմաքրության մեջ, որովհետև զարհուրելի է Տիրոջ այս խոսքը. «Ինչ վիճակում գտնեմ, այդպես էլ պիտի դատեմ»:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
Տեր ընծա քհն. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ