«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Երկիրը բնակչով է ամուր և պատկանում է նրան, ով ապրում և արարում է այդ հողի վրա»

«Երկիրը բնակչով է ամուր և պատկանում է նրան, ով ապրում և արարում է այդ հողի վրա»
28.09.2018 | 12:02

Զրուցում են գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ և Թորոնթոյի հայ համայնքի ղեկավար, ազգային, հասարակական գործիչ ՀԱԿՈԲ ՃԱՆՊԱԶՅԱՆԸ:

ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Պարոն Ճանպազյան, Դուք ամեն տարի մեկ-երկու անգամ, ավելի ճիշտ, հարմար առիթը բաց չթողնելով, Ձեր տիկնոջ, ընտանիքի անդամների հետ այցելում եք Հայաստան…
ՀԱԿՈԲ ՃԱՆՊԱԶՅԱՆ- Պետք է ընդհատեմ և մեկ ճշտում կատարեմ. մենք չենք այցելում մեր հայրենիք, այլ գալիս ենք մեր տուն: Տարիներ ի վեր իմ, քրոջս ընտանիքները և շատ ու շատ մեր մտածողության տեր անձինք, համախոհներ, ովքեր հայրենիքին վերաբերվում են ոչ իբրև զբոսաշրջության վայրի կամ բիզնես գործունեության տարածքի, ինչպես Արամ կաթողիկոսը նկատեց իր հայտնի ելույթում, այլ հարազատ տան, ձեռք են բերել հարկաբաժիններ՝ մայր հայրենիքում ապրելու նպատակով: Մենք մեկն ենք նրանցից:


Դ.Մ.Ս.- Իսկ ինչպիսի՞ զգացողություն է պարուրում մարդուն տնից տուն գնալիս:


Հ.Ճ.- Մենք հիմնականում աշխատում և գործում ենք Կանադայում, բայց ժամանակի պարգև մի հատված ունենք, որ ապրում ենք Հայաստանում: Ի դեպ, այնտեղ ևս մենք կտրված չենք հայկական և հայաստանյան իրականությունից, այնտեղ ևս, ի թիվս բազմաթիվ աշխատանքային, կենցաղային, կենսական խնդիրների, ապրում ենք Հայաստանով, հայության հիմնահարցերով, ուշի ուշով հետևում մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Անձամբ ես ձգտում եմ ամեն անգամ Հայաստան գալիս իմ առջև ունենալ որևէ կարևոր, մեծ կամ փոքր առաջադրանք՝ ի նպաստ մեր երկրի, մեր ժողովրդի, որպեսզի իմաստավորվի Մայր հայրենիքում գտնվելս նաև գործնականորեն:


Դ.Մ.Ս.- Չե՞ք կարոտում Հայաստանում գտնվող տանը Կանադայում և` հակառակը:


Հ.Ճ.- Իհարկե կարոտում եմ: Բայց պետք է ասեմ, որ իբրև մուսալեռցու զավակ, որը ծնվել է Լիբանանի Այնճար հայավանում, կարոտում եմ նաև այնտեղի տանը, որի ծուխն այսօր ծխեցնում է քույրս: Կարոտում եմ նաև մեկ այլ տան՝ պապենական, որը գտնվում է Մուսա լեռան Բիթիաս գյուղում և, շարունակաբար, ասես, կանչում է, թեև ոչ ծնվել, ոչ ապրել եմ այնտեղ: Թվում է, թե այդ տան ոգին հեռու հեռուներից մոտեցնում է մեզ իրեն, թե տան պատերը ձգողականության և կարոտի զգացողություն ունեն իրական տանտերերի՝ պատերը կանգնեցնողների և նրանց ժառանգների նկատմամբ: Դա հոգեկան անբացատրելի և անդիմադրելի վիճակ է։ Կարոտը, ընդհանրապես, ծանր զգացում է, որը կեղեքում է մարդուն, և վստահ եմ, որ անհրաժեշտ է այն ամբարել քո ներաշխարհի, հիշողության մեջ, որպես դեպի սրբազան նպատակ տանող խթան, չտրվել նրան միայն զգացականորեն, չինքնամփոփվել նրա ճնշումից, այլ ընդհակառակը, ջանք չխնայել այն փարատելու գիտակցական գործունեությամբ՝ օր օրի նպատակային քայլերով ընդառաջ գնալ նրան, մարել կարոտի աղբյուրը որպես այդպիսին՝ տիրելով այն ծնող և ապրեցնող թիրախին: Այս ամենով հանդերձ, ես հաստատակամ եմ հայրենիքում վերջնականապես հաստատվելու իմ մտադրության մեջ: Շատ եմ ցանկանում Օհանավանի տունս դարձնել ստեղծագործական աշխատավայր, որտեղ կհաջողեմ առանձնանալ և օրնիբուն աշխատել, նկարել և քանդակել, իրականացնել մշակութային բազմաթիվ մտահղացումներ, որոնք կրում եմ իմ մեջ, և որոնք ինձ հանգիստ չեն տալիս։


Դ.Մ.Ս.- Անկեղծ ասած, կարոտն ինձ միշտ պատկերվել է իբրև բաց վերք, որի վրա աղ ենք ցանում, փոխանակ դադարեցնենք արյունը և սպիացնենք, ապաքինենք և կարոտելին իրականության վերածելու գործնական քայլեր կատարենք: Հիշեցիք Մուսա լեռը, Ձեզ պատուհասել է նույն ճակատագիրը, ինչ ունեցան մեր հազարավոր մուսալեռցի հայրենակիցները և սփռվեցին ամբողջ աշխարհում, իսկ Դուք հասաք մինչև հեռավոր Կանադա։


Հ.Ճ.- Պատմությունը երկար է, լեցուն բազմաթիվ դժվարություններով և փորձություններով: Ճանպազյանների գերդաստանը սերում է Լեռան Բիթիաս գյուղից: Մեր տոհմածառն ունի չորս հիմնական ճյուղ՝ Ճանպազյան, Թյիլքյան, Ռենճիլյան և Քերքեզյան: Մեր ընտանիքն իր խորքում ապրել է ազգային և հոգևոր ըմբռնումներով: 1915-ի նշանավոր ինքնապաշտպանական հերոսամարտին մասնակցել են հորեղբայրներս: Հայրս այդ ժամանակ եղել է ընդամենը յոթ տարեկան: Ազատատենչ մուսալեռցիներին ֆրանսական ռազմատորմով տարհանումից հետո, մինչև 1919 թվականը, մերոնք բնակվել են Պորտ Սաիդի վրանաքաղաքում, այնուհետև ֆրանսացիների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել վերադառնալու հարազատ բնօրրանը, և նրանք 20 տարի ապրել են այնտեղ: 1939-ին, երբ ֆրանսացիները թուրքերին են հանձնել Սանջակը, մեր ընտանիքը հաստատվել է Լիբանանի Այնճար ճահճոտ և տատասկոտ տափաստանի ժամանակավոր կացարաններում, մինչև որ հընթացս, մուսալեռցիներիս ջանադրությամբ, այն վերածվեց շքեղ և ծաղկուն բնակավայրի, որպիսին այսօր է: Հայրս և մայրս՝ Պողոս և Ագնես Ճանպազյանները, ունեցել են ինը զավակ, որոնցից երեքն իրենց մահկանացուն են կնքել գաղթի ճամփաներին տակավին մանուկ հասակում՝ արտաքսման տարիներին մոլեգնող համաճարակների հետևանքով: Վեց զավակներս Այնճարում ստացանք նախնական կրթություն: Արժե հիշել ծնողներիս անսահման նվիրումն ու նպատակայնությունը իրենց զավակներին լավագույն կրթութուն տալու ուղղությամբ: Ինչ-ինչ պատճառներով նրանք չէին կարողացել ուսում ստանալ Անտիոքում և կրթությունը համարում էին գերնպատակ՝ լիարժեք, բանիմաց և պիտանի սերունդ դաստիարակելու գործում: Ասես վրեժ ունեին լուծելու կյանքից՝ իրենց կորցրած հնարավորության դիմաց, և այդ բացը ձգտում էին ամեն կերպ լրացնել մեզ լավագույն կրթության տալով: Հայրս հրաշալի տիրապետում էր հայերենին և խոսակցական ֆրանսերենին: Նա նույնիսկ թղթին է հանձնել իր տարագրության հուշերը: Մորս փափագն էր, որ իր որդիներից գոնե մեկը նվիրվի հոգևոր անդաստանին, մյուսը՝ ազգային, հեղափոխական կառույցների ծառայությանը: Նրա աղերսները հետագայում, կարծեմ թե, իրականացրինք եղբայրս՝ վերապատվելի Մովսես Ճանպազյանը, և ես: Բոլորս ստացանք անհրաժեշտ բարձրագույն կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում։
Նախքան Լիբանանի քաղաքացիական պատերազմը, ես ընդունվեցի Լոնդոնի Ealing համալսարան, այնուհետև,1975-ին, հաստատվեցի Թորոնթոյում և ուսումս շարունակեցի տեղի O.C.A. Արվեստի կաճառում՝ համատեղելով այն աշխատանքի հետ: Հետևում էի քաղաքական գիտություններին, միաժամանակ ծառայում Թորոնթոյի ՀՕՄ-ի Ամառային վարժարանում որպես ուսուցիչ: Այստեղ ամուսնացա իմ սիրելի տիկնոջ՝ Ջուլիեթ Թորիկյանի հետ: Տակավին Այնճար հայավանի հայաշունչ մթնոլորտի մեջ ես հակում էի ցուցաբերում դեպի հոգևոր, ազգային և գաղափարական ոլորտներ, ինչն առավել ամրապնդվեց և շոշափելի դարձավ իմ հետագա գործունեությամբ: Ոգեշնչումս այնքան մեծ և ազգասիրական գաղափարներս այնքան բուռն էին, որ 1972 թ. անդամագրվեցի ՀՅԴ կուսակցությանը: Հպարտորեն նշեմ, որ կնքահայրս եղավ ճանաչված մտավորական և հայրենասեր, ազգային գործիչ Կարո Սասունին, որի վառած կրակն իմ ներսում ցայսօր անշեջ է։ Շատ կցանկանայի, որ կյանքի կոչվեր այն փափագելի գաղափարը, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների, հասարակական կազմակերպությունների, միությունների, ընկերությունների և մյուս կառույցների առաջին և կենտրոնական նպատակը լինի հայրենանպաստ գործունեությունը բոլոր առումներով, դրանք պետք է գործիք և միջոց ծառայեն ազգային, պետական խնդիրների լուծմանը, մնացյալ ամեն ինչ՝ անձնական, խմբային և այլ շահեր երկրորդական և ածանցյալ են։


Դ.Մ.Ս.- Ձեր հայանպաստ և ազգապահպան գործունեությունն էական բովանդակություն և կարևորություն ստացավ մասնավորապես Կանադայում: Կարծում եմ, մեր հասարակությունը բավարար տեղեկացված չէ կանադահայ գաղութի մասին: Ցանկալի է այդ մասին իմանալ անձամբ Թորոնթոյի հայ գաղութի ղեկավարից:


Հ.Ճ.- Ընդհանրապես, ըստ պատմաբան Իզաբել Գաբրիելյանի, առաջին հայը, որ բնակություն է հաստատել Կանադայում, եղել է Գաբրիել Ներկարարյանը՝ Վանի Գըղի բնակավայրից: Նա 1870-ական թվականներին հանգրվանել է Օնթարիոյի Փորթհոփ քաղաքում և, որոշ ժամանակ անց, Կանադա հրավիրել իր բարեկամներին ու ազգականներին՝ աշխատելու, դրամ վաստակելու նպատակով, որից հետո նրանք պետք է վերադառնային իրենց հայրենական օջախները: Բայց Հայաստանում իրավիճակի սրման և ողբերգական իրադարձությունների հետևանքով նրանց ծրագրերը ձախողվել են, և մնացել են Կանադայում՝ դառնալով կանադահայ կյանքի հիմնադիրները: Նրանք հիմնականում աշխատել են երկաթուղագծերի ձուլարաններում, իսկ հետագայում ցրվել այլ քաղաքներում և շրջաններում: Գաղութն ավելի մեծացել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Հիշատակեմ միայն մեկ հանգամանք. 1920-ական թվականներին կանադական կառավարությունը, համագործակցելով Հայ բարեսիրական միության հետ, նախաձեռնում է հայորդիների որբահավաք և Օնթարիո նահանգի Ջորջթաուն քաղաքում ընդունում Ցեղասպանությունից փրկված 120 որբերի, որոնք հետագայում միատեղվեցին գյուղական համայնքների մեջ:
1930-ական թվականների կեսին արդեն Սենթ Քեմբրիջ քաղաքում կառուցվում է հայկական առաջին եկեղեցին: Կարծում եմ, պարզ է նրա դերն ու նշանակությունը ճակատագրի բերմամբ օտարության մեջ հայտնված հայության համախմբման, նրանց հիմնախնդիրները հոգալու, ինքնությունը և հայրենիքի հետ կապը պահպանելու առումով: Այդ շրջանում խմբված է մեծ թվով հայություն, իսկ, առհասարակ, մեր հայրենակիցների կեցության հիմնական վայրերը Բրելդֆըրդ, Համիլթոն և Գալթ քաղաքներն են:
Թորոնթոյի հայկական գաղութը համեմատաբար երիտասարդ է, որպես համակարգված կառույց իր գործունեությունը սկսել է 1960-ական թվականներից: Այստեղ խմբված է շուրջ քառասուն հազար հայություն, գործում է չորս եկեղեցի՝ երեք հարանվանությամբ: Որպես քաղաքական կառույցներ, ներկա են մեր ավանդական երեք կուսակցությունները՝ հնչակյան, ռամկավար և հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնց հովանու ներքո գործում են բարեսիրական և մշակութային մի շարք միություններ: Գաղութը, մինչև վերջին ժամանակները, ուներ երեք վարժարան. պոլսահայության հովանավորությամբ՝ Սուրբ Խաչ, Հայ բարեգործական ընդհանուր միության և Հայ օգնության միության կրթօջախները: Ցավ ի սիրտ, առաջին երկուսը փակվեցին մեկ տասնամյակ առաջ: Ներկայումս գործում է միայն ՀՕՄ-ի վարժարանն իր 650 աշակերտով, որը հովանավորվում է մեր՝ ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրյան» կոմիտեի կողմից երկու շաբաթօրյա վարժարաններ՝ մեկը՝ Հայ կաթողիկե համայնքի և մյուսը՝ Սուրբ Երրորդության հայաստանյայց առաքելական եկեղեցու հովանու ներքո: Թորոնթոյում հաջողությամբ է գործում Հայ կենտրոնը, որը բարի համբավ և հեղինակություն է վայելում և հովանավորվում դարձյալ մեր կոմիտեի կողմից։


Դ.Մ.Ս.- Մենք տագնապով էինք հետևում Սիրիայում ծավալվող կործանարար իրադարձություններին, ռազմական գործողություններին՝ մտահոգ և՛ մեր հայրենակիցների, և՛ արաբ ժողովրդի ճակատագրով: Մեծ քանակությամբ գաղթականներ ապաստանեցին Կանադայում և Թորոնթոյում, համայնքի հոգևոր և հասարակական կազմակերպությունների անմիջական ջանքերով համակարգվեցին գաղթականության ընդունման, տեղաբաշխման ու տեղավորման աշխատանքները։


Հ.Ճ.- Այո: 2014 թվականի վերջերին Կանադայի պետությունը հիմնեց գաղթականության ընդունման գրասենյակ, այս անգամ Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության նպատակով: Հայ համայնքը, կանադական պետական կառույցի համագործակցությամբ, ստանձնեց ավելի քան հինգ հազար հայորդիների թղթածրարների ապահովումը: Ներկայումս նրանք բնակվում և աշխատում են Մոնթրեալում և Թորոնթոյում, բավարարվել են նրանց կեցության, աշխատանքի, հոգևոր, ընկերային հիմնախնդիրները: Կարևորում եմ Թորոնթոյի Սուրիո օգնության գրասենյակի անվերապահ դերակատարությունն այդ գործընթացներում, անձամբ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանի և Թորոնթոյի Հայ կենտրոնի գրասենյակի պատասխանատու Աբգար Միրաքյանի անմիջական մասնակցությամբ:


Դ.Մ.Ս.- Պարոն Ճանպազյան, հասկանալի են այն բարդությունները և ծանրաբեռնվածությունը, երբ մարդն իր բոլոր հնարավորություններն ու կարելիությունները, բացի իր բուն աշխատանքային գործունեությունից, ներդնում է հասարակական կյանքում: Դուք միաժամանակ գաղութի ղեկավարը, կուսակցական կոմիտեի նախագահն եք, միջեկեղեցական հարանվանական մարմնի ցարդ ղեկավարը, զբաղված եք նաև մշակութային-ստեղծագործական գործունեությամբ, չեմ խոսում անձնական կյանքի և հանգստի համար ժամանակ գտնելու մասին:


Հ.Ճ.- Ես այդ խնդրին մոտենում եմ այլ տեսանկյունից, որ այն ամենը, ինչով ես զբաղված եմ, հենց ա՛յդ է իմ անձնական կյանքը, անում եմ այն, ինչ ի վերուստ հանձնարարված է ինձ, և ես պարտավոր եմ լիարժեք կատարել: Դա է իմ Խաչը, որ պիտի կրեմ, որքան էլ ծանր ու դժվար լինի: Բայց ես բավականություն եմ ստանում, երբ, ինչ-որ ձեռնարկ ավարտին հասցնելուց հետո, գոհունակություն եմ նկատում մարդկանց դեմքին: Դա արդեն ամենամեծ հանգիստն ու վայելումն է: ՈՒրեմն, ճիշտ ես ապրում, ուրեմն, քո առաքելությունն իմաստավորել ես ևս մեկ անհրաժեշտ և բարի գործով: Մի՞թե դա չէ մեր կյանքի իմաստն ու ապրելուց ստացած վայելքի բուն նշանակությունը: Ի դեպ, հիշատակածդ միջեկեղեցական հարանվանությունը եզակի երևույթ է սփյուռահայ իրականության մեջ: Մեր գաղութի հայորդիները համախմբված են հայ առաքելական, հայ ավետարանական և հայ կաթողիկե եկեղեցիների շուրջ, երեք տասնամյակ առաջ կազմավորվեց նրանց համատեղ գործունեության խորհուրդը, որի օրինակին, կարծեմ, փորձում են հետևել նաև այլ ազգերի եկեղեցիներ տարբեր երկրներում: Սա իսկապես բացառիկ է հոգևոր խնդիրներին միասնական մոտեցում ցուցաբերելու հարցում, որը սիրով է ընդունվում ազգային, հոգևոր և մշակութային համագործակցության ծիրում զբաղված գաղութային կառույցների կողմից։


Դ.Մ.Ս.- Դուք նաև որպես արվեստագետ եք Ձեր տաղանդն ու բարոյական, սկզբունքային կարողություններն ի սպաս դնում ոչ միայն Թորոնթոյի ազգային, մշակութային, հոգևոր և քաղաքական կյանքում, այլև Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել վայելելու Ձեր ստեղծագործական տաղանդի արգասիքները: Ձեր գեղանկարչական աշխատանքների և քանդակների շարքն ամենևին չի մատնում Ձեր ոչ մասնագիտական կրթությունը, ընդհակառակը, տպավորություն է ստեղծվում, թե այդ ստեղծագործությունների հեղինակն արհեստավարժ վարպետ է: Կարծում եմ, դրանք կարող էին բազմապատիկ լինել, եթե բավեր բազմազբաղ ժամանակը, կամ ամբողջովին նվիրվեիք քանդակին ու գեղանկարչությանը:


Հ.Ճ.- Կյանքի այդ ուղին երանելի կլիներ, սակայն կյանքն ունի իր հանձնարարականներն ու պարտադրանքը, որոնք անհնար է շրջանցել: Իմ կյանքը հեշտ չի ընթացել, դժվար ու ծանր օրեր են եղել, և բոլոր ձեռքբերումներս եղել են քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների արգասիք: Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, որ բնությունն իմ մեջ ներդրել է այդ տաղանդը, և ես չեմ կարող երբևէ շեղվել նրանից: Ստեղծագործելու անհրաժեշտությունն իմ երևակայության մեջ արթնանում է անկախ ինձանից, ինքնաբերաբար, և ես գերված մոտենում եմ կապարագրչին կամ կավին: Ինչևէ, ունեմ այն, ինչ ունեմ՝ թե՛ առարկայական, թե՛ հնարավորությունների առումով։


Դ.Մ.Ս.- Կանադահայ գաղութը, մասնավորապես Թորոնթոյի հայ համայնքը, լայնածավալ գործունեություն է իրականացնում Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անկեղծանամ` այս խնդրում ես անհանգստություններ ունեմ: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` արդյոք արժե՞ այսչափ միջոցներ, ջանքեր և ժամանակ վատնել, որ ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ի իր ճառում բարձրաձայնի Ցեղասպանություն եզրույթը, և ի՞նչ է տալու դա պատմական արդարության վերականգնմանը, մանավանդ որ այն ակնհայտ է դեռևս Վուդրո Վիլսոնի ժամանակներից, որքանո՞վ է գործնականորեն շահեկան և անհրաժեշտ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, և եթե գա մի օր, երբ բոլորը ճանաչեն, դարձյալ պահպանելով հարաբերությունները Թուրքիայի հետ, առանց պատժամիջոցների կիրառման, զգացական չե՞ն արդյոք համահայկական այդ անկեղծ և արդարության հաղթանակ ակնկալող ճիգերը այս բիրտ ու խելացնոր աշխարհում: Գգուցե առավել ճիշտ և արդյունավետ ճանապարհն անցնում է իրավական դաշտով, ասենք, դիմելով միջազգային դատական ատյաններին։ Եվ վերջապես, ենթադրենք մի երանելի օր Թուրքիան ընդունի այդ փաստը, հանրորեն ներողություն խնդրի Հայաստանից և հայ ժողովրդից՝ ընդունելով իր նախնիների հանցագործությունը, պատրաստականություն հայտնի վերադարձնելու իր բռնազավթած տարածքները, նաև մեծ դրամական տուգանքներ վճարի, իրավիճակի փոփոխության նման ընթացքի պատրա՞ստ ենք մենք, նման իրավիճակում ունե՞նք հետագա գործողությունների ծրագիր, ունե՞նք մեր դիվանագիտական, իրավագիտական, պատմագիտական զինանոցում նման մարտահրավերների դիմակայելու հակաքայլերի հստակ ծրագիր, որ ճանաչումը հակառակ բնույթ չկրի և սպառնա մեր ինքնությանը և այլն: Գուցե սա մի յուրատեսակ շեղու՞մ է իրական պահանջատիրությունից, և մենք չե՞նք գիտակցում այդ: Չէ՞ որ պատմությունը, նաև ժամանակակից իրականությունը արձանագրում են, որ մենք երբեմն այնքան էլ իրատեսական և հեռանկարային վերաբերմունք և հոգատարություն չենք դրսևորում նույնիսկ մեր պետականության, մեր ազատ և անկախ հանրապետության հանդեպ:


Հ.Ճ.- Ես ևս անկեղծանամ: Ինձ նույնպես մտատանջում են այս հիմնախնդրի մի շարք կնճռոտ երանգներ, որոնց պատասխանը չունեմ, բայց մեր պետական ատյանները և այդ գործին կոչված հասարակական բոլոր կառույցներն ի սփյուռս աշխարհի պարտավոր են պատրաստ և զգոն լինել քաղաքական սցենարի ցանկացած զարգացման: Վստահ եմ, որ այդ հիմնախնդիրն առկա է նրանց օրակարգում, սակայն խոսքի ազատության իրավունքն ամենևին չի ենթադրում մտադրությունների, ծրագրերի բարձրաձայնում ի լուր աշխարհի:
Մեր գերխնդիրը, ըստ իս, ներկայիս Հայաստանն իր Արցախ աշխարհով շենացնելն ու հզորացնելն է, որի համար անհրաժեշտ է կենտրոնացնել համայն հայության ճիգերը: Միայն հայրենի հարկի տակ պետության շուրջ համախմբվելով կարելի է մտածել միացյալ Հայաստանի երազանքն իրականություն դարձնելու մասին:


Դ.Մ.Ս.- Ձեր շնորհիվ վերելք ապրեցին ազգապահպանության և հայապահպանության հարցերը Կանադայում, նաև Հայաստանում իրականացվեցին և ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նկատի ունեմ Ձեր անմիջական ներդրումն ու մասնակցությունը Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Երևանում՝ վերապատվելի Մովսես Ճանպազյանի անվան հիմնական դպրոցում Ձեր կերտած բրոնզաձույլ կիսանդրու նվիրատվությունը, նաև մի շարք գործիչների՝ Արամ Մանուկյանի, Սիմոն Զավարյանի, Նիկոլ Աղբալյանի դիմաքանդակները Հայաստանին, մասնավորապես առաջին երկուսը Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանին ընծայելը և այլ ձեռնարկներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Ձեր քրոջ՝ Անիի հետ եղաք Արցախում, որտեղ նա իրականացնում է բժշկական-առողջապահական ծրագիր՝ ատամնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու ուղղությամբ, կազմակերպում եք տարբեր օգնություններ և այլն:


Հ.Ճ.- Մեր ազգային կյանքը հուզող նյութերի շուրջ հայրենիքի և սփյուռքի զանազան վայրերում բազմաթիվ ազգաշունչ դասախոսություններ ու բանախոսություններ եմ կարդացել, հեղինակել եմ 50-տարիներ Թորոնթոյի ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրյան»՚ կոմիտեությանը նվիրված հատորը, երկար տարիներ գործել եմ Թորոնթոյի միջհարանվանական մարմնի մեջ, որի մասին արդեն հիշատակեցի: Այն մաս է կազմում Կանադական բարեսիրական, ընկերային և քաղաքական հաստատությունների ու կազմակերպությունների, ստանձնել եմ վարչական մի շարք պաշտոններ: Ջանացել եմ միշտ օգտակար լինել անխտիր՝ իմ հնարավորությունների շրջանակում: Ստեղծել եմ հայոց նշանավոր դեմքերի քանդակների ընդարձակ մի շարք: Իմ նշանավոր գործերից են Քեմբրիջ Օնթարիոյի մեջ կոթողված Մուսա լեռան հերոսամարտի հուշակոթողը, Նյու Ջըրսիի, Մոնթրեալի և Թորոնթոյի Հայ Ավետարանական եկեղեցիների շրջափակի մեջ կանգնեցված Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշակոթողները, Թորոնթոյի Հայ Կաթողիկե համայնքի եկեղեցու բակում կառուցված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող խաչքարը, նաև Canada Jewish հաստատության (The Association For The Soldiers of Israel) նախաձեռնությամբ կառուցված 6 միլիոն ողջակիզված հրեա նահատակներին նվիրված պատկառելի հուշակոթողը, Bathurs Lawn-ի գլխավոր մուտքին տեղադրված Prayer monument «Դավիթի Աստղը» ներկայացնող հուշակոթողը: Հեղինակել եմ 2010 թվականին Vishnu տաճարի առջև կանգնեցված՝ Աֆղանստանում նահատակված կանադացի զինվորների հիշատակին նվիրված հուշարձանը, Մոնթրեալի Ազգային առաջնորդարանի բակում կանգնեցված գրանիտե պատկառելի խաչքարը, Էջմիածնական թեմի Թորոնթոյի Ս. Երրորդություն եկեղեցու Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող խաչքարը և այլն:


Ստեղծագործելու հնարավորության և պայմանների համար պարտական եմ մեծապես տիկնոջս՝ Ջուլիեթին, և զավակներիս, ովքեր ամեն կերպ նպաստել են տանը ստեղծագործական մթնոլորտը ապահովելուն: Լոռին և Ռուբենը նույնպես գործուն մասնակցություն ունեն Թորոնթոյի Հայ Կենտրոնի միությունների և կազմակերպությունների աշխատանքներին: Ջուլիեթը բիզնես ադմինիստրատոր է և արդեն քսան տարի ՀՕՄ-ի վարժարանի ուսումնական վարչության անդամ: Զավակներս մեր հարստությունն ու հպարտությունն են: Լոռին զբաղեցնում է նախարարություններից մեկի գրասենյակի վարիչ-տնօրենի պաշտոնը, բայց ամենակարևորն այն է, որ նա մեզ պարգևել է երկու հրաշալի թոռնիկներ, որոնք հաճախում են Թորոնթոյի ՀՕՄ-ի հայկական վարժարան: Ռուբենը խմբագրապետ է աշխատում Բոսթոնի «Արմինիեն ՈՒիքլի» պարբերականում, վարժ տիրապետում է հայերենին և անգլերենին, սահուն և գեղեցիկ շարադրանքով հրատարակում է իր հոդվածները: Ինչ վերաբերում է ինձ, ես արվեստագետ-ճարտարապետ եմ: Այժմ հանդիսանում եմ Stone Graft monument հուշակոթողների հաստատության գործընկերը:
Դ.Մ.Ս.- Ձեր կարծիքով, ի՞նչ առաջնահերթ պայմաններ են անհրաժեշտ, որ հայությունը ներգաղթի Հայաստան, ապրի իր տանը, շենացնի իր երկիրը: Բազմիցս ասել և հիմա ցանկանում եմ կրկնել, որ մենք մեր պետության ներսում մի քանի անգամ ավելի քիչ ենք, քան ամբողջ աշխարհում: ՈՒնենք լավագույն մասնագետներ թե՛ ձեռնարկատիրության, թե՛ գործարարության, թե՛ գիտության, մշակույթի տարբեր բնագավառներում, և եթե ճիշտ ու խոհեմ դրվեին մեր պետության հիմքերը, չսանձազերծվեր այն խայտառակ ավերածությունն ու վայրի թալանը, փորձառու և բանիմաց մասնագետներին չվանեին, մեր այս փոքր հողակտորն այսօր, հիրավի, երկիր դրախտավայր կլիներ։ Սակայն չարանենգ ուժերը, առաջնորդվելով իրենց ճիվաղային կրքերով, ձախողեցին անկախացած Հայաստանի վերելքն ու զարգացումը, նպաստեցին երկրի թուլացմանը՝ իր բոլոր բաղադրիչներով:


Հ.Ճ.- Հարցդ պարունակում է նաև պատասխանը: Նախ և առաջ՝ օրենքի գերակայություն բոլորի և, առաջին հերթին, կառավարման լծակներ ունեցող անձանց համար, և խիստ պատիժների սահմանում օրինազանցների նկատմամբ: Վստահ եղեք, որ շատերը պատրաստ են, նույնիսկ երազում են Հայաստանում ապրել, բայց մտահոգ են արդարության և ապահովության համար: Նրանցից շատերը կայացել են իրենց գործով օտարության մեջ, իսկ որքան դյուրին և առավել արդյունավետ կլիներ մեր հայրենիքի և ժողովրդի համար նրանց ներկայությունը: Հուսամ` վերջին փոփոխություններն ու վստահեցումները Հայաստանում, որոնց ականջալուր է համայն հայությունն ի սփյուռս աշխարհի, դրական ներգործություն կունենան:


Ինչ վերաբերում է ինձ, իմ որոշման մեջ ես անդրդվելի եմ՝ մեր հետագա կյանքը ես և տիկինս տեսնում ենք Մայր հայրենիքում, որը նաև ամենամոտն է մեր Մեծ երազանքի աշխարհին: Իմ ընտանեկան դաստիարակությունը և ՀՅԴ «Դեպի երկիր» կարգախոսի խորհուրդը մշտապես համարել եմ կյանքիս առաջնահերթությունը և ոչ միայն այդ, այլև իմ համոզմունքների ներքին մղումով հետևելով այդ ճշմարտությանը, կողքիս ունենալով հավասարապես գաղափարակից ոգեշնչող տիկնոջս, ապրելու եմ Օհանավանի առանձնատանս մեջ՝ հայոց գեղատեսիլ բնության չնաշխարհիկ այդ անկյունում: Երկիրը բնակչով է ամուր և պատկանում է նրան, ով ապրում և արարում է այդ հողի վրա: Այլևս ե՞րբ, եթե ոչ այսօր մենք պետք է մեր գործուն ներկայությունն արձանագրենք մեր երկրում: Հայաստանի տունը նաև պորտալար պիտի դառնա թոռներիս և մեր տոհմը շարունակող բոլոր սերունդների համար՝ հայրենիքի հետ: Մենք ընտանիքի պաշտամունքը մեր ներաշխարհում ենք կրում: Ինձ համար ընտանիք են նաև մեր ապրած գյուղը, քաղաքը, երկիրը: Գյուղական տունը նաև հոգուս և արյանս կանչն է, որտեղ՝ վսեմաշուք Արարատի և Արագածի փառահեղ պատկերի առջև ես ինձ հաճախ կարողանում եմ երևակայել Մուսա լեռան լանջերին գտնվող մեր պապենական տանը՝ հորս ներշնչանքի և կարոտների վերարթնացմամբ։


Զրույցը գրի առավ
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ