«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Բարսելոնը» պարտվում է, նրան ձայնակցում է «Ռեալը»

«Բարսելոնը» պարտվում է, նրան ձայնակցում է «Ռեալը»
28.09.2018 | 12:14

Եվրոպական թոփ առաջնություններն աշխատում են թարմ լիցքերի մեջ պահել հանդիսատեսին: Անակնկալների պակաս չկա, որքան էլ դրանք հաճո կամ անհաճո լինեն հանդիսատեսի քիմքին:

ԱՆԳԼԻԱ


Մառախլապատ Ալբիոնում այս օրերը եղել են գավաթային հարաբերությունների պարզման օրեր: Հիշատակենք մի քանիսը: Լիգայի գավաթի խաղարկությունում «Օքսֆորդը» միանգամայն օրինաչափորեն չի կարողացել դիմակայել (քաշային կարգերի տարբերության հարց կա) «Մանչեստր Սիթիին»՝ 0:3, իսկ «Մանչեստր Յունայթեդ»-«Դերբի Քաունտի» և «Վուլվերհեմպտոն»-«Լեստեր» դիմակայություններում մրցակցության ելքը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով: Հաղթել են «Դերբի Քաունտին» ու «Լեստերը»: Սրանք եղել են նախորդ օրը: Երեկվա հանդիպումներից ուշագրավը «Չելսիի» կամային հաղթանակն էր «Լիվերպուլի» նկատմամբ նրա իսկ դաշտում՝ 2:1: Ծանր հանդիպում է անցկացրել «Տոտենհեմը» «ՈՒոտֆորդի» հետ: Մանրամասների մեջ չմտնելով ասենք, որ 11-մետրանոցների իրացումից հետո պայքարը շարունակում է «Տոտենհեմը»: Պայքարը շարունակողների թվում է և «Արսենալը»: Զինագործները «Բրետֆորդին» հաղթել են 3:1 հաշվով:

ԻՍՊԱՆԻԱ


Լալիգայի վեցերորդ տուրը կատարյալ դժբախտության է վերածվել առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող «Բարսելոնի» ու Մադրիդի «Ռեալի» համար: Երկուսն էլ զիջել են արտագնայում: Կատալոնցիները 1։2 հաշվով տանուլ են տվել «Լեգանեսին», «արքայականը» կատարյալ անատամ վարքագիծ է դրսևորել Անդալուզիայում՝ տեղի «Սևիլիային» տանուլ տալով 0։3 հաշվով: Մադրիդցիների միակ մխիթարությունն այն կարող է լինել, որ գոնե երկրորդ խաղակեսում սեփական դարպասը պահել են անառիկ:
Մրցաշարային իրավիճակն է փոքր-ինչ կարգի բերել տնային խաղում «ՈՒեսկային» երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնած ու աղյուսակի երրորդ հորիզոնական բարձրացած «Աթլետիկոն»: Ասենք, որ 13-ական միավոր ունեցող Բարսելոնին» ու Մադրիդի «Ռեալին», ինչպես նաև «Աթլետիկոյին» (11 միավոր) կարող է ընկերակցել տասը միավոր ունեցող «Ալավեսը», որը երեկ ուշ երեկոյան սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» հետ:

ԳԵՐՄԱՆԻԱ


Բունդեսլիգայում առաջին միավորները կորցրեց «Բավարիան»՝ այն էլ սեփական հարկի տակ, այն էլ մի թիմի հետ մրցակցությունում, որից պիտի որ հեշտությամբ երեք միավոր պոկեր: Սակայն սա այն դեպքերից է, երբ տեսությունը բախվում է պրակտիկային ու եթե ոչ հիմնիվեր, ապա գոնե շոշափելիորեն կազմաքանդվում: Երկրորդ տասնյակում գտնվող «Աուգսբուրգը» ողջախոհության ուսուցողական դաս տվեց մյունխենցիներին ու զուտ դրա համար արժե, որ նրանց ասենք՝ կեցցեք:
Առանձնապես արտառոց ոչինչ չպիտի տեսնել «Վերդեր»-«Հերտա» դիմակայությունում տանտերերի տոնած հաղթանակի մեջ՝ 3:1, պարզապես մինչ այդ աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվելն էր, հնարավոր է, ընթերցողի մեջ ավելի ակնածալից վերաբերվելու զգացողություն առաջացրել «Հետայի» նկատմամբ, որն այս պարտությունից հետո միանգամից նահանջեց չորրորդ հորիզոնական՝ այդ նույն երկրորդը զիջելով Դորտմունդի «Բորուսիային», որն անպատշաճորեն խոշոր՝ 7:0 հաշվով պարտության է մատնել «Նյուրնբերգին»: Դորտմունդցիների պես 11 միավոր ունի երրորդ տեղում հայտնված «Վերդերը»:

ԻՏԱԼԻԱ


Տուրը համեմատաբար անցնցում է անցել սկուդետեում, որտեղ «Յուվենտուսը», «Բոլոնիային» հաղթելով 2:0 հաշվով, շարունակում է իր անպարտելի խաղերի ընթացքը: Հաղթական է եղել նաև արդեն 15 միավորով երկրորդ հորիզոնականում ամրակայված «Նապոլիի» մրցելույթը: Նեապոլցիների մրցակիցն է եղել «Պարման»՝ 3:0: «ՈՒդինեզեի» նկատմամբ արտագնայում «Լացիոյի» տոնած հաղթանակը ¥2։1¤ թիմին 12 միավորով հնարավորություն է տվել հայտնվելու առաջին եռյակում: Իհարկե, տուրի ավարտով կարող է «Լացիոյի» համար հայտնվել «կոնկուրենտ ֆիրմա», սակայն դրա համար նախ անհրաժեշտ է, որ «Սասուոլոն» կարողանա արտագնայում կոտրել ՍՊԱԼ-ին:

ՖՐԱՆՍԻԱ


«Պարի Սեն Ժերմենը» շարունակում է գոլառատ հանդիպումներով թունդ հանել սեփական երկրպագուի սիրտը: Այս անգամ մայրաքաղաքցիների «ոտքի տակ» ընկածը «Ռեյմսն» էր՝ 4:1: Գնդակների 24:6 հարաբերակցությամբ, յոթ խաղից հետո 21 միավորով ՊՍԺ-ն վայելում է իր հպարտ մենակությունն աղյուսակի գլխամասում: 13 միավորով միանգամից երեք թիմ է հաջորդում ֆրանսիական դիվիզիոնի չեմպիոնին: Դրանք են արտագնայում «Դիժոնին» 3:0 հաշվով հաղթած «Լիոնը», «Ստրասբուրգի» հետ տնային անհաշտ պայքարում 3:2 հաշվով հյուրերին ծնկի բերած «Մարսելը» և ունեցած 13 միավորով մնացած «Լիլը», որը հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել հաղթանակի հասնելու «Բորդոյի» կամքը՝ 0։1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ