Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ինձ համար գլխավորը կատարելապես ինչ-որ բան փոխելու ցանկությունն է»

«Ինձ համար գլխավորը կատարելապես ինչ-որ բան փոխելու ցանկությունն է»
28.09.2018 | 12:16

«Ինձ համար գլխավորը կատարելապես ինչ-որ բան փոխելու ցանկությունն է»Եվգենյա Մեդվեդևան կանադական Օքվիլ քաղաքում մասնակցել է Autumn Classic International («Աշնանային դասական») մրցաշարին ու երկու վարժությունների արդյունքով շահել արծաթե մեդալ: Ընդհանուր հաշվարկում հավաքելով 204,89 միավոր՝ նա զիջել է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Բրեյդի Թենելին, որը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 206,41 միավոր:


Այս մրցումները կայացել են սեպտեմբերի 22-ին. օլիմպիական խաղերից հետո դա մեր մարզուհու առաջին պաշտոնական մրցելույթն էր: Առաջին պաշտոնական մրցելույթն էր, բնականաբար, և նոր մարզչի՝ կանադացի, նախկինում հանրահայտ մենասահորդ, ներկայումս նույնքան անվանի մարզիչ Բրայան Օրսերի գլխավորությամբ: Մրցաշարի ավարտից հետո Մեդվեդևան կիսել է ունեցած տպավորությունները, ինչպես նաև հայտարարել, որ օլիմպիադայից հետո իր համար մարզչին ու թիմը փոխելը պարզապես դարձել էր անհրաժեշտություն:
«Ինձ համար գլխավորը կատարելապես ինչ-որ բան փոխելու ցանկությունն էր: Գիտեք, երբեմն լինում է իրավիճակ, երբ առաջանում է մեջդ ամեն ինչ փոխելու ցանկություն: Այդ իրավիճակն իմ մեջ առաջացավ օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Ինձ թվում էր, թե ես չեմ կարողանա նորմալ ապրել, եթե անհապաղ ինձ չփոխեմ»,- «Նովոստի» ռուսական տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մեդվեդևան ու հավելել, որ Տորոնտոն իր համար «նոր տուն» է դարձել:


Մեդվեդևայի մրցելույթը բուռն արձագանք է գտել ինչպես հասարակության լայն շերտերի, այնպես էլ գեղասահքի երկրպագուների շրջանում: Հանդիսատեսն ուշադրություն է դարձրել ոչ միայն կանադացի մարզչի սանուհու տեխնիկային, այլև արտաքին տեսքին: Կարճ ծրագրում նա ելույթ է ունեցել մուգ կապտավուն բավականին բաց զգեստով: Ինչպես պատմել է Մեդվեդևան, կոստյումի առանձին տարրեր նա ինքն է կարել, զգեստը նախնական տարբերակում այլ տեսք է ունեցել:


Մարզիչ Թրեյսի ՈՒիլսոնը նրա զգեստը բառացիորեն «թեթևացրել» է հանդերձարանում: «Նախնական տարբերակում կիսաշրջազգեստը խիտ գործվածքի պատճառով ստացվել է ոչ միայն ծանր, այլև ծանրագույն: Գեղասահքում այնքան էլ հասարակ բան չէ զգեստի հարցում չսխալվելը, եթե վարպետը ամբողջապես չի հաշվարկել մարզիկի կառուցվածքի նրբությունները: Հիմնախնդիրն այն է, որ իմ կառուցվածքն այնքան էլ ստանդարտ չէ, դրա համար էլ զգեստները, որոնք հրաշալի համապատասխանում են այլ գեղասահորդների, ինձ վրա այնքան էլ չեն նստում: Ինչ-որ մեկը սիրում է ծանր հագուստներ, սակայն դա հաստատ իմ տարբերակը չէ: Ես սիրում եմ, երբ կոստյումը կիպ նստած է մարմնին, սակայն դրա հետ մեկտեղ թեթև է: Դրա համար էլ հարկ եղավ զգեստից հանել քարերի ու ժապավենների կեսը»,- խոստովանել է մարզուհին: Մեդվեդևան նաև ընդգծել է, որ նրա կոստյումի ներկայիս տարբերակը բնավ էլ վերջնական տեսքի չէ, ու այն դեռ մեկ անգամ չէ, որ կփոփոխվի:
Ինչ վերաբերում է ազատ ծրագրին, Մեդվեդևան հանդիսատեսին ներկայացել է վառ կարմիր զզգեստով: Այս զգեստը նա մտադիր չէ փոխելու: «Այն շատ հարմար է, ինձ շատ է դուր գալիս: Հնարավոր է, որ մենք կամենանք փոքր հավելումներ անել՝ լուսավորել, մթնեցնել, քարեր ավելացնել: Բայց սրանք իսկապես մանրուքներ են»,- ամբողջացրել է ասելիքը նա:


Մեդվեդևայի նկատմամբ ուշադրությունը միայն ռուս երկրպագուների ու փորձագետների կողմից չէ, որ եղել է: Կանադական կողմից հետաքրքրվածների թվում է նաև Մեգան Դյուամելը, որն Էրիկ Ռեդֆորդի հետ զույգում աշխարհի կրկնակի, թիմային հաշվարկում 2018-ի օլիմպիական խաղերի չեմպիոն է. «Ես վատ չեմ ճանաչում Ժենյային որպես մարդու, ծանոթ եմ նրա մոր հետ ու շատ եմ սիրում երկուսի հետ էլ շփվել: Միշտ հիացել եմ նրանով, թե ինչպես է Մեդվեդևան պատանեկան տարիներից սահել: Հիմա տեսնում եմ, թե ինչպես է մարզվում Կանադայում ու կարող եմ ասել, որ նա բացարձակ երջանիկ մարդու տեսք ունի ամբողջ օրվա ծանրաբեռնված մարզումներից հետո նույնիսկ: Իմ կարծիքով, սա ավելի քան կարևոր է անգամ ոսկե մեդալներից: Հասկանալի է, որ այն փոփոխությունները, որ կատարվում են Մեդվեդևայի հետ, պահանջում են բավական երկար ժամանակ»:
Բացի այս ասենք, որ կանադացի գեղասահորդուհին ի պաշտպանություն Մեդվեդևայի հանդես եկավ այն բանից հետո, երբ նրա գլխին թափվեցին քննադատություններ Օքվիլում կրած պարտությունից հետո: «Մարդիկ, ովքեր ցանկանում են արդյունք տեսնել այստեղ ու հիմա, մոռանում են, ինչպես ինձ թվում է, այն մասին, որ օլիմպիական խաղերից հետո մի քանի ամիս աղջիկը չի սահել: Ես սա գիտեմ, որովհետև ապրիլին միասին մասնակցել ենք մի շոուի: Այն, ինչ կարողացավ անել Ժենյան, բազային քայլեր են, բազային պտույտներ: Եվ անգամ դրանք էին նրա համար բարդություն ներկայացնում: Երբ մարդ այդքան ժամանակ սահում է առանց ցատկերի, սովորական սահքին վերադառնալը դժվար է: Նա արեց այդ բանը: Արեց փայլուն: Դա ասում եմ ես՝ որպես մի մարդ, որը հետևել է նրա մարզումներին»,- հայտարարել է կանադուհին:


Փհենչհանի չեմպիոնն ասել է, որ Մեդվեդևան պրոբլեմներ է ունեցել ոչ միայն ոտքի վնասվածքի հետ կապված, այլև դիետայի: «Երբ մի երկու ամիս առաջ ես զրուցում էի Մեդվեդևայի հետ, նա ասաց, որ առողջության հետ կապված շատ պրոբլեմներ առաջացել են այն բանից հետո, երբ ամբողջապես հրաժարվել է մսից ու սկսել է շատ բանջարեղեն ուտել: Հնարավոր է, որ շատ բան կապված է եղել ոչ պահանջված չափով բարձրորակ սննդամթերքի կամ դրանց ճիշտ համադրման հետ, սակայն ճիշտ սնվելը մարզիկի համար դատարկ հնչյուն չէ»,- ասել է Դյուամելն ու ընդգծել, որ մարզուհին որոշակի սթրեսային զգացողություններ ունի մրցաշրջանի մեկնարկի առնչությամբ:
Վերջում ավելացնենք, որ մեր հայրենակցուհու համար հիմնական մեկնարկային մրցելույթ կլինեն Գրան պրիի մրցաշարերը: Մեդվեդևան դրանցից կմասնակցի Կանադայում (հոկտեմբերի 26-28) ու Ֆրանսիայում (նոյեմբերի 23-25) կայանալիքներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ