Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ե՞րբ Ղարաբաղյան խաղի մեջ կմտնի Էրդողանը

Ե՞րբ Ղարաբաղյան խաղի մեջ կմտնի Էրդողանը
01.10.2018 | 10:34

Բաքվի Յասամալի շրջանի մարզաառողջարարական կենտրոնի մարզադաշտում հանրահավաքի մասնակիցները կոչ էին անում «սկսել հակաահաբեկչական գործողություն Ղարաբաղում», «ազատագրել Ղարաբաղը» և «վերադարձնել հարկադրված վերաբնակիչներին իրենց հարազատ վայրերը», զայրանում էին «միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտներից» ու պահանջում էին հրաժարվել «միջազգային կառույցների կանխակալ միջնորդությունից»: Հնչեց նաև մեկ այլ կարգախոս` «Հույսներս միայն քեզ վրա է, ադրբեջանցի զինվոր»: Հանրահավաքը իշխանություններն արտոնել էին: Կազմակերպիչը «Ղարաբաղ» հասարակական կոմիտեն էր, որի կազում են 17 կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, Ղարաբաղյան պատերազմի 13 վետերաններ: Պաշտոնական տվյալներով` հանրահավաքին մասնակցել են մինչև 2000 մարդ, թեև հայտարարված էր 10000 և ավելի: «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագին հայտարարեց, որ հանրահավաքի գլխավոր նպատակը ղարաբաղյան հարցում Ադրբեջանի իշխանության ու ընդդիմության միասնական դիրքորոշման ցուցադրությունն է: Ասենք: Բայց պատահակա՞ն էր, որ հանրահավաքը հաջորդեց Բաքու Վլադիմիր Պուտինի այցին ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններին, որոնց ընթացքում ամենայն հավանականությամբ քննարկվել է և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը: Դրան հաջորդեցին Ալիևի ու Փաշինյանի պայմանավորվածությունները Դուշանբեում:


Ինչպե՞ս երկու պետությունների ղեկավարները հասան համաձայնության: Երեք սկզբունք նշենք` Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների պայմանավորվածության անհրաժեշտությունը` սահմանին միջադեպերը կանխելու շուրջ, կողմերի հակվածությունը երկխոսության ու բանակցությունների, հակամարտող կողմերի միջև օպերատիվ կապի կազմակերպումը: Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա: Այնուամենայնիվ` Դուշանբեի հանդիպումից հետո Ադրբեջանում շշուկներ տարածվեցին, որ «Ղարաբաղը բաժանեցին», որ Ալիևն իբր գնաց կոմպրոմիսի` մտնում է ՀԱՊԿ` ի պատասխան իր վերահսկողության տակ ստանալով Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններից 5-ը: Պաշտոնական Բաքուն ի պատասխան հերքում է: Ադրբեջանի խորհրդարանի շատ պատգամավորներ չաջակցեցին Յասամալի շրջանի մարզադաշտում բողոքի հանրահավաքին:

Նրանք հայտարարում են, որ «Լեռնային Ղարաբաղի հարցով հասարակական կազմակերպությունների անցկացրած միջոցառումը ծառայում է ոչ թե կոնֆլիկտի լուծմանը, այլ հակառակը` մոլորեցնում է տեղական ու միջազգային հանրությանը»: Իրոք այդպես է: Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտարարեց. «Մարզադաշտում կազմակերպված հանրահավաքով չի կարելի ձևավորել վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այդ խմբերը բարձրաձայնում են կոչերը Եվրոպայից ու այլ վայրերից: Ո՞րն է այդպիսի հանրահավաք Ադրբեջանում անցկացնելու անհրաժեշտությունը: Եթե այդ մարդիկ այդքան անհանգստանում են Լեռնային Ղարաբաղի համար, թող ցույցեր ու հանրահավաքներ անեն Եվրոպայում, Հայաստանի դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների առաջ, տարածեն քարոզչական նյութեր Խոջալուի ցեղասպանության մասին, իրենց դժգոհություններն արտահայտեն: Բայց տեղի է ունենում հակառակը: Այդ մարդիկ այնտեղ հակաադրբեջանական գործունեություն են ծավալում, իսկ Ադրբեջանում բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մարդիկ ծառայում են այլ քաղաքականության` փորձելով խաղալ ժողովրդի զգացմունքների վրա: Նրանք ասում են, որ ով հանրահավաքի չի գալիս, իբր չի ցանկանում Ղարաբաղը վերադարձնել: Դա սխալ կարծիք է»: Կան կարևոր նրբերանգներ:

Խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն հայտարարեց, որ «Ադրբեջանը ոչ մի զիջման չի գնա Ղարաբաղի հարցում»: Դուշանբեի պայմանավորվածությունները խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն որակում է. «Վերջ դրվեց Փաշինյանի հավակնություններին, որ Ադրբեջանը պետք է բանակցի ադրբեջանական օկուպացված տարածքների վրա ստեղծված անօրինական վարչակարգի հետ, որ բանակցությունների ձևաչափը պետք է փոխվի և Հայաստանը չպետք է լինի բանակցությունների կողմ»: Այս վարկածին աջակցում է և փորձագետ Գաբիլ Հուսեյնլին` հայտարարելով, որ «Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղի անջատողականներին բանակցությունների սեղանին նստեցնելու իր մտադրությունից և ընդունում է մինչև այսօր գործած, միջազգային հանրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդունած բանակցային ձևաչափը Ադրբեջանի ու Հայաստանի միջև»:


Նիկոլ Փաշինյանն իրոք խոսել է Ստեփանակերտը բանակցային գործընթացում իբրև կոնֆլիկտի կողմ ներգրավելու մասին: Բայց փաստացի Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները, Մինսկի խմբի միջնորդությամբ, բանակցում են նախկին ձևաչափով, և մեծ հաշվով` Ալիևի ու Փաշինյանի պայմանավորվածությունները պիտի լինեին միջնորդների իրավասությունների ոլորտում: Սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, բացի Բաքվի ու Երևանի բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամությունն արտահայտելուց, թեպետ, ինչպես իրադարձություններն են ցույց տալիս, նախագահն ու վարչապետը այդ ճանապարհին բախվում են ներքին դիմադրության, որ գործնականում սինխրոն է: Բուն փաստը, որ Ալիևը ոչ միայն շփման ու բանակցությունների գնաց Փաշինյանի հետ, այլև սկսեց դուրս գալ որոշակի լուծումների մակարդակի, վկայում է, որ Բաքուն սկսում է դիտարկել Երևանի նոր իշխանություններին իբրև քաղաքականապես կայուն ու պայմանագրունակ: Ալիևի ու Փաշինյանի պայմանավորվածությունների գործնական կատարման դեպքում խաղի մեջ կարող է մտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեղմացնելով Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման պայմանները, դուրս գալով, ինչպես ամերիկյան EurasiaNet-ն է գրում «ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակներից»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ինչու՞ չգրել, որ Յասամալի հանրահավաքը հենց իշխանությունների կազմակերպածն էր` քանի՞ հանրահավաք է իշխանությունն արտոնել և ո՞ր դեպքերում: Ալիևին անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչ «մեծ» դիմադրություն կա երկրի ներսում Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը և հույսը ադրբեջանցի զինվորի վրա է: Բոլորի: Ստացվեց` 10000-ից 2000-ի: Դա լուրջ թերացում է: Միլի մեջլիսի պատգամավորների «առարկություններն» էլ առավել քան հաստատում են, որ իշխանությունն է հանրահավաքը կազմակերպել և արդեն ուղղորդում են հետագա գործողությունները: Պատահաբար չի Սիավուշ Նովրուզովը ասում, որ «այդ մարդիկ» պիտի «ցույցեր ու հանրահավաքներ անեն Եվրոպայում, Հայաստանի դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների առաջ, տարածեն քարոզչական նյութեր Խոջալուի ցեղասպանության մասին, իրենց դժգոհություններն արտահայտեն»:

Այսինքն` ինչ-որ պահից վերսկսվելու են նաև այդօրինակ գործողություններ: Եվ արդեն Բաքվի դասական քաղաքականության դրսևորում է մեղադրել Եվրոպային ու «այլ տեղերին»: Իսկ այդ ամենի հանրագումարից բխում է, որ Իլհամ Ալիևը իր համար հարմար պահի խախտելու Դուշանբեի պայմանավորվածությունները ու նորից կրակելու է` մեղքը գցելով «այլ տեղերի» վրա: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ զինված ուժերը 100%-ով պահպանում են շփման գծում լարվածությունը նվազեցնելուն ուղղված՝ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը: Նա, ինչպես բոլորս, վստահ չէ, որ Ալիևը նույնպես պահպանելու է. «Իհարկե, վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը ավելի օպերատիվ վերահսկել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է իրականացվելու: Ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ պայմանականորեն ասած՝ կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել: Մեր զինված ուժերը 100%-ով պահում են պայմանավորվածությունը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ: Պայմանավորվածության մասին անմիջապես տեղեկացրել եմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին։ Նա ասել է, որ պայմանավորվածությունը լիարժեք ընդունելի է նաև իրենց համար»:


Նիկոլ Փաշինյանը նաև ասել է. «Բանակցային գործընթաց Արցախի Հանրապետության վերադարձի հարցը նույնպես քննարկել ենք: Մեր տեսակետները այդ հարցի շուրջ տարբեր են»: Ինչի՞ց են Բաքվում եզրակացրել, որ նա հրաժարվել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մտադրությունից: Առավելևս հանելուկային են «շշուկները», որ «Ղարաբաղը բաժանեցին», և Ալիևը գնաց կոմպրոմիսի` մտնում է ՀԱՊԿ` ի պատասխան իր վերահսկողության տակ ստանալով Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններից 5-ը: Այս հանելուկի պատասխանը պիտի որոնել ոչ թե Դուշանբեում, այլ ՌԴ նախագահի Բաքու այցի օրակարգում: Բայց այդ դեպքում էլ շատ մեծ հարց է` պայմանավորվածությու՞ն է, թե՞ Ալիևի առաջարկը, որին հայտնի չէ` ինչպե՞ս է Պուտինն արձագանքել: Իսկ թե ի՞նչ կանի այս ամենի համապատկերում Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արդեն իր գործն է, բայց ոչ գործոն հայ-ադրբեջանական հարաբերություններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ