Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչո՞ւ Երևանը դարձավ քավության նոխազ

Ինչո՞ւ Երևանը դարձավ քավության նոխազ
01.10.2018 | 18:14

Երևանի ավագանու` սեպտեմբերի 23-ի ընտրությունների վերջնական գնահատականը տվեց ԿԸՀ-ն. 57 մանդատ`«Իմ քայլին», 5` ԲՀԿ-ին, 3` «Լույսին»: Այսինքն` թվեր, որոնց խնդիրը դրվել էր վարչապետի մակարդակով: Որևէ բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Ավելին` առաջինը «Լույսի» թեկնածու Արտակ Զեյնալյանը, հետո արդեն մյուս քաղաքական ուժերը շնորհավորեցին եթե ոչ «Իմ քայլին» ու Հայկ Մարությանին, ժողովրդին` ազատ, արդար ընտրությունների կազմակերպման առիթով: Մի քանի օրից իրավունքի ուժով քաղաքապետ դարձած Հայկ Մարությանի պարանոցը կզարդարի Հայաստանի 12 մայրաքաղաքների զինանշաններով ու Երևանի բանալիով խորհրդանշական շղթան: Ի նշանավորումն հաղթանակի և աշխատանքի սկզբի:
Իսկ հիմա համեմատեք` 57 և 5+3, որտեղ «+»-ը զուտ մաթեմատիկական գործողություն է և բոլորովին պարտադիր չէ, որ դառնա քաղաքական գործոն: Այսինքն` բոլոր դեպքերում` ԲՀԿ-ն ու «Լույսը» ավագանիում ունենալու են միայն որոշումների քննարկման ընթացքում ներգործելու, բայց բնավ ընդունման վրա ազդելու հնարավորություն: 57-8 հարաբերակցությունը վկայում է, որ քաղաքապետարանում չի ստեղծվելու իշխանությանը հակակշռի որևէ տարբերակ, վերահսկողության մասին մոռացեք:


Ճիշտ է` «Իմ քայլի» 81 տոկոս ձայնը երևանցիների 44 տոկոսի ընտրության հետևանք էր, բայց դա արդեն ոչինչ չի փոխում: Միանշանակ է, որ եթե «Իմ քայլի» քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը չվարեր ու չդներ հեղափոխության վստահության հանրաքվեի խնդիր, ընտրությունների արդյունքներն այլ կլինեին: «Իմ քայլը», իհարկե, կհաղթեր, բայց խելամիտ տոկոսներով` հնարավորություն ստեղծելով քաղաքական միատարրությունից խուսափել, որ հեղափոխական դաշինքին նույն հարթության մեջ է դնում «հակահեղափոխական» հայտարարված ՀՀԿ-ի հետ` ածանցյալ բացասական դրսևորումներով: Համարենք, որ առավելապաշտությունը ցանկացած հեղափոխության ռեցիդիվն է: Ինքը` Նիկոլ Փաշինյանն էլ ընդունում է, որ ՏԻՄ ընտրությունները ծառայեցին քաղաքական օրակարգի հարցերի լուծմանը, իսկ արժե՞ր մայրաքաղաքը քավության նոխազ դարձնել: Կամ` քաղաքապետին, որ հիմա բախվելու է ֆանտաստիկ ընտրության ֆանտաստիկ պատասխանատվության հետ, որ բազմապատկվելու է ՔՊ-ի դիրքերի ցանկացած թուլացման դեպքում ու հանգեցնելու է հերթական արտահերթի:
Չկա՞ր ԱԺ արտահերթ ընտրություններից առաք քաղաքական ուժերի հետ բոնուսով բանակցելու այլ ցատկահարթակ: Կար և կա` ժողովրդի ընտրությունը, բայց չգիտես ինչու վարչապետին դավաճանում է իր իսկ կարգախոսը` «Դուխով»` նրա դուխը անընդհատ հավելյալ լիցքավորում է պահանջում` ժողովրդի մանդատի տեսքով:
Խնդիրն ավելի է բարդացնում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


Երեկ, փաստացի առանց վարչապետին տեղեկացնելու, նա մեկնել է Գյումրի` մասնակցելու Գյումրիի օրվան ու լրագրողներին ասել է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ այս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։ Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջը համախմբվեն»: Հարց` իսկ պատրա՞ստ է ՔՊ-ն ընդունել նրանց, որ իրենց հետ չեն քայլել: Մինչև երեկ քաղաքական բոլոր գործընթացները հաստատում էին` ոչ: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը հայտարարեց Փարիզում ու Նյու Յորքում, հեղափոխություն արեց ունենալով ընդամենը 4 ձայն, որից մեկը իրենն էր: Գուցե արտաքին քաղաքական ասպարեզում դա դիտվում է գեղեցկախոսություն ու տպավորաստեղծություն, ներքին քաղաքական դաշտում նշանակում է` ուրիշ ոտքեր հաղթանակին թող մոտ չգան: Ի՞նչ է, ուրեմն, առաջարկում Արարատ Միրզոյանը: Իրա՞վ «Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջը համախմբվեն»: Թե՞ փորձ է Երևանի ավագանու ընտրությունների սև-սպիտակը ԱԺ արտահերթ ընտրությունների վրա տարածելու: Կամ` ի՞նչ սկզբունքով է լինելու «ներսում ու շուրջ համախմբումը»` մենք կորոշենք, դուք կկատարե՞ք: Այսինքն` առաջարկվում է գերկուսակցության ստեղծում` բացարձակ իշխանությա՞մբ: Բայց մենք դա արդեն անցել ենք` սկսած ՀՀՇ-ից: Ու` ի՞նչ: Նորի՞ց պիտի անցնենք հին ճանապարհը` նորի անվան տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արդեն իսկ ուրվագծվում է, որ Աժ արտահերթ ընտրություններում գործելու է «սպիտակների» ու «սևերի» հակադրության նույն սկզբունքը, և դա արդեն քավության նոխազ է դարձնելու Հայաստանը: Գործնականում ՔՊ-ն նորից նույնացնելու է քաղաքական ու պետական օրակարգերն ու զրոյացնելու է մրցակցությունը ընտրություններում` որքան կարողանա: Կա նաև հակառակ տեսակետը` վերջ դասական քաղաքականությանն ու քաղաքագիտությանը, վերջ կարծրատիպերին ու մահ իներցիային` իրավիճակ է փոխվել, փոխվում են մոդելները: Այո, իրավիճակ է փոխվել ու հենց այս իրավիճակում չի կարելի հին սխալներն անել: Համակարգ պիտի փոխվի, ոչ թե կարկատանվի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքական դաշտում առատ բերք են տվել ու տալիս են իշխանատենչները ու նրանց համար մեկ է` որ կուսակցության ցուցանակի տակ: Դա՞ է ուզում Արարատ Միրզոյանը, որ ՔՊ-ն էլ վարի տա՞ն: Թե՞ կարևորը կա` Գյումրի-Վանաձոր ճանապարհին արդեն Նիկոլ Փաշինյանի արձանը դրել են, ուրիշ ի՞նչ է պետք: Հարցերի հարցը այսօր մեկն է` պատրա՞ստ է ՔՊ-ն երկրի միայնակ կառավարման: Դատելով տարբեր մակարդակների ՔՊ-ականների քայլերից ու հայտարարություններից` ոչ: Սկսած ՔՊ նախագահ նախագահ Սասում Միքայելյանից մինչև ՔՊ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, ՔՊ-ական նախարարներ ու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյան: Ու չի, ստացվում, որ ՔՊ-ն քավության նոխազ է դարձնում …Նիկոլ Փաշինյանին:

Դիտվել է՝ 2914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ