Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեռացավ Շառլ Ազնավուրը

Հեռացավ Շառլ Ազնավուրը
01.10.2018 | 19:57

94 տարեկանում Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:վախճանվել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: France-Presse-ի թղթակցի հետ զրույցում գույժը հաստատել է նրա խոսնակը: Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը վերադարձել էր Ճապոնիայում համերգային շրջագայությունից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական տեսաուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Շառլ Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է: Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ: Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի ու մեր երկրի պատմության համար: Մահացել է ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Շառլ Ազնավուրը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ հոկտեմբերի 11-12-ը լինելու էր Երևանում` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը. «Նա մասնակցելու էր «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակում կազմակերպվելիք գալա համերգին»: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924-ին, մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Ազնավուրը hամաշխարհային հռչակ ստացավ 1956 -ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրեց ֆրանսիական մամուլը։ Նա 3000 երգի հեղինակ է, բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա», «Մամա՚ և այլ։ Նրա երգերը կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։ Մինչ այսօր վաճառվել է Ազնավուրի հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։


Լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի մասին նա ասել է․ «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն հայերը»:

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ