Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞րն է իշխանություն-ընդդիմություն լավագույն կոմբինացիան

Ո՞րն է իշխանություն-ընդդիմություն լավագույն կոմբինացիան
02.10.2018 | 00:25

Կամաց մտանք հոկտեմբեր. ամսվա գլխավոր իրադարձությունը Ֆրանկոֆոնիայի նիստն է լինելու ու հընթացս՝ ֆրանկոֆոն երկրների բիզնես ֆորումը: ՈՒրիշ ի՞նչ առիթով Հայաստան կգան Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը, մյուսների մասին կիմանանք հետո: Ամսվա կեսից մեզ ռեալ սպառնում է ֆրանսախոս դառնալու երջանկությունը, առավել ևս, ֆրանսախոս վարչապետի պարագայում: Բայց քանի դեռ այդքան չենք երջանկացել, դառնանք օրվա ուրախություններին:


2018-ը անակնկալների տարի է: Անակնկալ թավշե հեղափոխություն: Անակնկալ իշխանափոխություն: Անակնկալ խոսակցություն Դուշանբեում, որ ոչ մի փորձագետ ու քաղաքագետ չէր կանխատեսել: Մինչ երկրում ու երկրից դուրս միաձայն Աժ արտահերթ ընտրություններից հետո էին թողնում Փաշինյան-Ալիև հանդիպումը, պաշտոնապես հայտարարում էին, որ բանակցելու համար օրակարգ ու բովանդակություն է պետք, պարզվեց, որ առանց օրակարգի՝ ու «բովանդակության» էլ հնարավոր է պայմանավորվել: Նախապատմությունը բոլորդ էլ գիտեք, գիտեք` ինչ ասաց ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հարցով ու Ադրբեջանի մասով, իմացաք նաև` ինչ հակադարձեց Իլհամ Ալիևի բացակայությամբ Նյու Յորքում Ադրբեջանը ներկայացնող ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նոր ոչինչ, հին երգը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրագործումը», որ՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի», որ՝ «եթե հայկական նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավարական է անվանում, պետք է գործի՝ համաձայն օրենքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների»: «Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կայունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հենց իրենք են հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման ամենաշահագրգիռ կողմը:

Փաստորեն` կամ Մամեդյարովին չէին հասցրել տեղեկացնել, կամ Ադրբեջանի երկակի քաղաքականությունը շարունակվում է: Մամեդյարովի ՄԱԿ-ի ելույթին զուգահեռ Ալիևը Դուշանբեում համաձայնում էր Փաշինյանի հետ, որ խնդրի բանակցային եղանակով լուծման, շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմը պիտի պահպանել: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։ Մինչ այդ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք», հավելելով, որ Ալիևի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։ Փաստացի` չծրագրված հանդիպման ընկալումներում տարընթերցումներ չկան, երկու կողմերն էլ հրապարակել են նույն հանձնառությունները: Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ արդեն տեղեկացրել է պայմանավորվածության մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և հրաման է տվել ՊՆ նախարարին: Պայմանավորվածությանը հաջորդած առաջին գիշերը խաղաղ էր, ինչպե՞ս Ալիևը կպահպանի խոսքը: Չցանկանալով նրան չհավատալ, նույնքան հիմքեր կան կասկածելու` առաջին անգամ չի Ադրբեջանի նախագահը խոստումներ տալիս, ի՞նչ երաշխիք, որ հիմա կկատարի:

Միակ երաշխիքը, որքան էլ արտառոց թվա, ապրիլից հետո հայկական կողմից հնչած համարժեք մարտական պատասխաններն են Բաքվի սպառնալիքներին: ՈՒժի դեմ ուժ տեսնելով` Իլհամ Ալիևը առանձնապես մանրևների դաշտ չունի: Ճիշտ է` նա շարունակում է սպառազինվել, ու դա արդեն այլ բանակցության թեմա է, բայց նույնիսկ Իլհամ Ալիևը, ում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր ռացիոնալ գործիչ, պարտավոր է հաշվի առնել փոփոխությունները տարածաշրջանում ու Հայաստանում: ՈՒ մինչ ամբողջ Հայաստանը Դուշանբեում բացված սեղանն էր քննարկում` ԱՊՀ կարկառուններից ով որտեղ է նստել, Հայաստանի վարչապետը` որտեղ ու ինչու, տեղի էին ունենում ավելի կարևոր իրադարձություններ, որոնց զարգացումը կարող է իրավիճակ փոխել տարածաշրջանում: Ի՞նչ պիտի անի հիմա Լուկաշենկոն, որ իր «Պոլոնեզները» Ադրբեջանին վաճառելուց հետո մտահոգ դեմքով հարցազրույց էր տալիս ու ասում էր, որ Ղարաբաղի ու մյուս կոնֆլիկտների գորդյան հանգույցը պիտի քակվի: Դուշանբեի պայմանավորվածությունը գուցե անակնկալ էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, հատկապես Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած նրանց հայտարարությունը հաշվի առնելով: Ի թիվս այլ հարցերի` քննարկման թեմա դարձավ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը` հիմա ի՞նչ, ջրվե՞ց կտրվածքով: Իրականում Դուշանբեի պայմանավորվածությունը չի հակասում, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները շարունակելու համար առաջադրված պայմաններն ու պայմանավորվածությունները պիտի կատարվեն: Թեպետ Բաքուն չի ստորագրել այդ փաստաթղթերը` պնդելով, որ այդպիսով դեֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Երկու տարի և ավելի Բաքուն դա չի արել: Վիեննայում այդ համաձայնությունները պնդում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ԱՄՆ-ում նախագահ ու պետքարտուղար է փոխվել, ընդհանրապես այնքան փոփոխություններ են եղել, որ նույնիսկ դժվար է բոլորը թվարկել` իրենց համախումբ ներգործությամբ:


Համախումբ ներգործության ներքաղաքական հարցը խորհրդարանի լուծարումն ու Աժ արտահերթ ընտրություններն են: Դուշանբեից վերադարձած վարչապետը Ֆեյսբուքով ազդարարեց. «Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում (իհարկե՝ ոչ ափալ֊-թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում), պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարենք և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը»: Մնում է հասկանալ` ո՞րն է «հնարավորինս կարճ ժամկետի» ու «ոչ ափալ-թափալի» տարբերությունը: Տրամաբանական է համարել, որ «հնարավորինս կարճ ժամկետը» նշանակում է մինչև տարեվերջ, «ոչ ափալ-թափալը» ենթադրում է, որ մինչ այդ կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը: Ի՞նչ կփոխվի: Ռեյտինգային ընտրակարգը կվերանա, ՏԻՄ մարմիններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանու, Աժ ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմի՝ 4 ու 6 տոկոսների նվազեցում, փոփոխություններ կլինեն կուսակցությունների՝ կոալիցիաներ կազմելու կարգում, նախընտրական քարոզչության ու ֆինանսավորման կանոններում` ըստ վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի մշակած Ընտրական նոր օրենսգրքի: Հանվում է կոալիցիայի ձևավորման սահմանափակումը` կուսակցությունների թվի և բանակցությունների ժամկետի: Կընդունի՞ ԱԺ-ն այս փոփոխությունները: Հիանալի հասկանալով, որ ընդունում է իր լուծարման և շատ շատերի չընտրման օրենքը:


Աժ-ի լուծարման մասին. Նիկոլ Փաշինյանը Աժ արտահերթ ընտրությունները պայմանավորում է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քաղաքացիներից ստացած 81 տոկոս քվեներով. «Եթե հարց կհնչի, կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը, բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»: ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում նա այլ տեսակետ էլ հնչեցրեց` սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման անհրաժեշտությունը ու ներդրումներ չանելը պայմանավորեց քաղաքական անորոշությամբ: Դա, իհարկե, ավելի հնչեղ պատճառաբանություն է, քան կոնկրետ տնտեսական ծրագրերի ու անհրաժեշտ քայլերի բացակայությունը հիմնավորելը: Իրականում կա պարզ ու տրամաբանական անհրաժեշտություն` խորհրդարանական հանրապետությունում հեղափոխությունը կարող է համարվել ամբողջական ու ավարտված ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ կձևավորվի ուժերի ռեալ դասավորությունն արտահայտող օրենսդիր մարմին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ քաղաքական ուժե՞րը: Տասնամյակներով ով չի ալարել, խոսել է համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին` իրավիճակի փոփոխության համար: Ինչպե՞ս եք պատկերացնում համակարգի փոփոխություն ՀՀԿ-ով, ԲՀԿ-ով, ՀՅԴ-ով, ՕԵԿ-ով, այլևայլ կուսակցություններով, որ մասն են եղել համակարգի, գլխավորել կամ սպասարկել են: Օրինաչափ է, որ հենց ՀՀԿ-ն է դեմ արտահերթ ընտրություններին, իսկ ԲՀԿ-ն դեռ ինքն էլ չգիտի` ինչ է ուզում, ինչպես մյուս կուսակցությունները` իրենց ցավի չափ ծանոթ ու անփոփոխ դեմքերով: Մշտապես` անփոփոխ: Պարզ տրամաբանությունը թելադրում է, որ առաջինը ՀՀԿ-ն պետք է կողմ լիներ խորհրդարանի լուծարմանն ու նոր ընտրությունների` միայն այդ կերպ կարող էր հավակնել ինչ-որ տոկոս ձայների, միշտ չէ, որ դիմադրության ճանապարհը արդյունքի հասնելու կարճ ուղին է: Ընտրություններից առաջ պայմանավորվածությունների, ստատուս քվոների, հետընտրական կոալիցիաների նախապես կազմավորման ժամանակներն անցել են: Յուրաքանչյուր կուսակցության համար միշտ գալիս է իրականության ու ճշմարտության հետ առերեսման պահը: ՀՀԿ-ն պետք է իր ներսում ոչ թե որոշում կայացնի` ում է ընտրում վարչապետի թեկնածու ու ինչ պայմաններ է առաջադրում` Ընտրական օրենսգրքի ընդունման կամ խորհրդարանի լուծարման դիմաց, այլ մտածի իր ճակատագրի մասին: Վստահաբար ԱԺ արտահերթ ընտրությունները վերջինը չեն լինելու, պատմությունը չի ավարտվում այս կետում, և ամեն կուսակցություն ինքն է որոշում` ինչպես իր պատմությունը շարունակել: Երկրորդ քաղաքական ուժ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում հազիվ ձգեց 8 տոկոսի, դա ֆիասկո էր, որից եզրակացություններ պետք է անել, մինչդեռ կուսակցությունը գնում է տրորված ճանապարհով` հովանավորներ փնտրել դրսում կամ մեղադրել ուրիշներին, բայց ոչ սխալներ գտնել իր ռազմավարության ու մարտավարության մեջ: ԲՀԿ-ն լավ հասկանում է, որ առանց ՀՀԿ-ի իր պատմական դերն ավարտվում է, բայց ի՞նչ պատրվակով ցրել կուսակցությունը: ՀՅԴ-ն, որ Երևանի ավագանու ընտրություններին ներկայացել էր իր երբևէ ունեցած ամենաանդեմ թեկնածուով, պատճառաբանում է, որ նախկինում էլ Երևանում հաջողության չի հասել և պատրաստվում է Աժ ընտրություններին: Մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ն անցողիկ շեմը չհաղթահարի: Դա օրինաչափ պատասխանը կլինի կուսակցության վերջին տասնամյակի գործունեության: Գործոն կդառնա՞ Ռոբերտ Քոչարյանը, որ մի քանի ուղղություններով սկսել է նախընտրական նախապատրաստությունը: Նրան է տրված իր կյանքի ամենակարևոր դերը` համախմբել արդեն մերժված ու իրենց առաքելությունը սպառած ուժերին ու անձանց` նաև հեշտացնելով ընտրողների գործը: Երկրորդ նախագահը չի ընկալում ամենակարևորը` կան իրավիճակներ, որտեղ որոշիչը ոչ ֆինանսներն են, ոչ անձնական հավակնությունները: Հանրությունը նրա նախագահության երկու ժամկետներն էլ չընդունեց, առավել ևս չի ընդունի որևէ կարգավիճակով վերադարձը: Նույնիսկ «քաոսին» վերջ տալու համար: Պետք չէ այդքան տիրաժավորել նրա քայլերը` բուռն դիմադրության տպավորություն ստեղծելով: Օբյեկտիվորեն ասպարեզում մնում են ՔՊ-ն ու «Լույսը», և գուցե դա է այս քաղաքական պահի իշխանություն-ընդդիմություն լավագույն կոմբինացիան: Իսկ ամենամեծ վտանգը հեղափոխությանը «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծումն է` Արցախում մասնաճյուղով ու… Քուռ-Արարատյան հանրապետության հեռանկարով:

Դիտվել է՝ 2407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ