Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Առանց հակակշռի, միակտուր իշխանությունը վտանգավոր երևույթ է»

«Առանց հակակշռի, միակտուր իշխանությունը վտանգավոր երևույթ է»
02.10.2018 | 00:41

Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ռամկավար ազատական կուսակցության մասնակցության, հնարավոր դաշինքների ու ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՌԱԿ ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ հետ:

-Պարոն Ավետիքյան, իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ օր առաջ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դուք նու՞յնպես այդ կարծիքին եք:
-Եթե քաղաքագիտական տեսանկյունից դիտարկենք հարցը, այո, անհրաժեշտ է, որովհետև պետության կառավարման մասով ստեղծվել է անոմալիա, երբ խորհրդարանի մեծամասնությունը վարչապետ չունի: Եվրոպական երկրներում փոքրամասնության կառավարություններ կան, որոնք իրենց խորհրդարաններում ունեն համեմատաբար փոքր ներկայացուցչություն, բայց երկիրը ղեկավարում են իրենք: Դրանք այն երկրներն են, որտեղ խորհրդարանում միմյանց հավասարակշող հիմնական երկու խմբակցություններ կան, ու նրանք հնարավորություն չունեն կառավարություն կազմելու, հետևաբար, ճանապարհ են բացում երրորդ՝ անհամեմատ ավելի փոքր ուժի համար, որն էլ կառավարություն է ձևավորում: Մեզ մոտ, սակայն, այդ հավասարակշռող երկրորդ ուժը գոյություն չունի, և ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած ուժերը մեկ այլ հակադիր ուժի ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանին են հանձնել իշխանությունը: Այսպես հակասությունների մի ամբողջ կծիկ է առաջացել, որը հարթելու, քանդելու, շտկելու համար հարկավոր է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:
-Նման բարդ հանգույցներից խուսափելու համար գուցե կարիք կար, առանց վարչապետ ընտրելու, միանգամից արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞ գնալու:
-Այդ ժամանակ գործնականում դա անել հնարավոր չէր, որովհետև կառավարությունը լիարժեք ձևավորված չէր, ու անհրաժեշտություն կար Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու: Բացի այդ, Փաշինյանն իր ձեռքում դեռևս չէր կոնսոլիդացրել իշխանության բոլոր լծակները, ու այդ օրերին խորհրդարանական ընտրությունների համար տրվող մեկ տարվա ժամանակահատվածն առավել իրատեսական էր: Բայց հիմա տեսնում ենք, որ վարչապետն ուզում է շատ ավելի շտապ կարգով անել դա, որպեսզի կարողանա կապիտալացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցած բացարձակ արդյունքը ու դա պրոյեկտել ամբողջ հանրապետության մասշտաբով:
-Որպես կուսակցության առաջնորդի՝ Ձեզ չի՞ մտահոգում, որ, ասենք, մեկ ամսից կարող են ընտրություններ լինել, ու Փաշինյանի գլխավորած թիմը, ձայների ճնշող մեծամասնությամբ, կրկին հաղթանակ կտանի:
-Ես հարցը դիտարկում եմ ոչ թե մեր կուսակցության, այլ պետության կառավարման դիրքերից: Այդ իմաստով մտահոգիչը, առաջին հերթին, այն է, որ ավագանու ընտրություններում ոչ թե Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ, այլ Նիկոլ Փաշինյանը: Եթե այլ թեկնածու առաջադրեր Փաշինյանը, ապա, վստահաբար, նա էլ կընտրվեր: Առանց հակակշռի, միակտուր իշխանությունը վտանգավոր երևույթ է, ու կարող է ավելի վտանգավոր դառնալ, եթե խորհրդարանում մեկ ուժի կատարյալ իշխանություն լինի: Քաղաքական դաշտում այս ընթացքում հնարավոր է նոր ուժեր ի հայտ գան, որոնք չեն ունենա այն նույն ժողովրդականությունը, որն ունեն ներկա իշխանությունները: Մյուս կողմից, տեսնում ենք, որ դաշտում ձևավորվում է ձախթևայինների մի խումբ, որը պրոբլեմներ է ստեղծելու հանրության, ժողովրդի ու երկրի առաջ: Այդ ուժերը ներկայանում են «Սասնա ծռեր» հայտնի խմբավորմամբ, որ օրերս անդրանիկ համագումարը հրավիրեցին: Ոչ թե նրանց կուսակցություն դառնալն է վտանգավոր, այլ գաղափարախոսությունը, թե, այո, զենքով կարելի է ու պետք է հարցեր լուծել: Քաղաքական դաշտի աջ թևը, որը վերջին 20 տարում եղել է պետության կառավարման ղեկին ու շուտով, ըստ իս, կոնսոլիդացվելու է, դեռևս հստակ չէ, թե ինչ կերպ է ներկայանալու հանրությանը, որովհետև ժամանակին վակուումներ է ստեղծել ու հիմա դրանք լցնելու տարբերակներ պետք է փնտրի: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այն չեն, ինչ էին, իսկ ՕԵԿ-ն ու այլ մանր կառույցներ դժվար թե կարողանան ինչ-որ բան անել: Հետևաբար, այլ ելք չկա, քան հակաշիռ ստեղծելով, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եվ այդ հակակշռող օղակների հարցում մեծ դեր պետք է ունենա նաև իշխանությունը, ինչ-որ առումով նաև ուղղորդի վերևից, որպեզի ոչ թե վարչապետական, այլ, իրավ, խորհրդարանական կառավարման երկիր ունենանք:
-Բայց ինչպե՞ս ուղղորդի գործադիրը, մեխանիզմներ կա՞ն դրա համար:
-Քաղաքական ուժերի ու հասարակության ներսում պետք է ընդհանուր կոնսենսուս լինի: Փաշինյանը, անկախ իր վայելած հեղինակությունից, ստիպված է ոչ միայն խելացի, այլև իմաստուն լինել ու երկրի ապագայի, պետականության համար հենց այսօրվանից ամուր հիմքեր ստեղծել:
-Ինչպի՞ն կլինի ՌԱԿ-ի մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-Եթե նշածս կոնսենսուսային մթնոլորտը ստեղծվի, մեր կուսակցությունը կարող է փոքր, բայց կարևոր դեր ստանձնել: Քանի որ մենք ցանցային կուսակցություն ենք, հետևաբար, պետք է նկատի ունենանք դրսում գտնվող մեր համակիրների ցանկությունները, շահերը և նոր միայն հասկանանք, թե ինչպես ենք առաջ գնում: Այս պահին զբաղվում ենք ընտրություններին երկքաղաքացիների մասնակցությունն ապահովելու հարցով: Ի դեպ, այդ մարդիկ հնարավոր է ու հավանական, որ ՌԱԿ-ի օգտին չքվեարկեն, բայց մեր խնդիրը ոչ թե ամեն գնով նրանց քվեն ստանալն է, այլ վերջիններիս երկրի կառավարման մաս դարձնելը: ՈՒզում ենք ստեղծել մի խորհրդարան, որտեղ սփյուռքահայերը, թեկուզ միջնորդավորված ձևով, նույնպես ներկայացված լինեն:
-Հնարավո՞ր է` ինչ-որ ուժի հետ դաշինք կազմեք:
-Ամենայն հավանականությամբ, հենց այդ ձևաչափով էլ կմասնակցենք: Այս պահին խորհրդակցություններ ենք անցկացնում տարբեր ուժերի հետ, տեսնենք՝ նրանք ինչ են մտածում, ինչպես են պատկերացնում իրենց մասնակցությունը, որից հետո հայտարարությամբ հանդես կգանք: Այս պահին որևէ ուժի հետ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, շփումների ու խորհրդակցությունների շրջան է:
-2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր կուսակցությունը ցանկանում էր «Ծառուկյան» դաշինքի մաս կազմել, բայց, անհայտ պատճառներով, նախնական պայմանավորվածությունները չեղարկվեցին, և հայտարարեցիք, որ ընտրություններին չեք մասնակցելու: Ինչու՞:
-Նախ ասեմ, որ մենք ուզում էինք բոլորովին այլ կառույցի հետ գնալ ընտրությունների, բայց վերջին պահին արգելանքներ դրվեցին այդ ուժի վրա, և նրանք հրաժարվեցին մասնակցելուց: Հետո որոշեցինք միանալ Գագիկ Ծառուկյանին, որովհետև նա հայտարարել էր, որ բաց է համագործակցության համար, բայց պարզվեց, որ նախորդ իշխանությունները կտրուկ դեմ են եղել մեր մասնակցությանը, Ծառուկյանին խորհուրդ էին տվել մեզ չընդգրկել դաշինքում: Առանձին ներկայանալու համար էլ պետք է նվազագույնը 80-հոգանոց ցուցակ ներկայացնեինք, իսկ մեր համախոհները, իշխող կուսակցության վերահսկողությունից վախենալով, չէին ցանկանում գրանցվել ցուցակներում (մեկի կինն էր ուսուցիչ, մյուսի ամուսինը՝ պետական համակարգի աշխատող և այլն): Մի խոսքով, դժվարությունների հանդիպելով՝ որոշեցինք առհասարակ չմասնակցել ընտրություններին:
-«Իրավիճակ փոխվելուց» հետո ձեր համախոհները պատրա՞ստ են առաջադրվելու:
-Այո, այդ վախվորածության զգացումը, բարեբախտաբար, հաղթահարված է: Վախի մթնոլորտ չկա, ու դա նոր ձեռքբերում է Հայաստանի համար, դրական ձեռքբերում, ինչից անպայման պետք է օգտվենք բոլորս:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ