Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Առողջ մրցակցությունից չենք վախենում»

«Առողջ մրցակցությունից չենք վախենում»
02.10.2018 | 01:04

Աշխարհում մեծ պահանջարկ ունեցող Philips և Toshiba ընկերությունների նոր սերնդի բարձրտեխնոլոգիական ախտորոշիչ սարքերը արդեն Երևանում են, ինչն իրականացվել է ներդրումային ծրագրով։ Ըստ էության, թավշյա հեղափոխությունից հետո առողջապահության ոլորտում սա առաջին խոշոր ներդրումն է։ Որքա՞ն է ներդրվել այդ սարքերը ձեռք բերելու համար, ինչո՞վ են դրանք տարբերվում մինչ այդ արտադրվածներից. այս և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երևանի 2-րդ բուժմիավորման գլխավոր տնօրեն ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։


-Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է` անընդհատ բարելավել բուժծառայության որակը, և այդ համատեքստում մենք շատ կարևորում ենք հիվանդությունների վաղաժամ բացահայտումն ու ճիշտ ախտորոշումը, ինչն էլ բնակչության առողջության պահպանման կարևորագույն երաշխիքն է,- ասաց պարոն Խաչատրյանը։- Բնականաբար, այդ գործընթացն ապահովելու համար կարևոր է բարձրտեխնոլոգիական սարքավորումներով կլինիկայի հագեցումը։ Մեր այս նոր ծրագիրն իրականացրել ենք` ներդնելով մոտ 224 մլն դրամ և ձեռք ենք բերել Philips ընկերության 3D մոդելի «Բրիլիանս» կոմպյուտերային տոմոգրաֆը (KT)։ Այս նոր սերնդի տոմոգրաֆի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն նախորդների, աշխատում է շատ արագ, իսկ ճառագայթումը շատ չնչին է։ Մի կողմից, սա հնարավորություն է տալիս արագ իրականացնելու հետազոտությունը, ինչի շնորհիվ հերթեր չեն գոյանում։ Մյուս կողմից, այն մարդիկ, ովքեր խուսափում են ճառագայթումից, սակայն ստիպված են տարին մեկ-երկու անգամ պարտադիր անցնելու այդ հետազոտությունը, այս սարքավորմամբ հետազոտվելիս կարող են չվախենալ, քանի որ ճառագայթումը շատ փոքր է։ Ի դեպ, սրանով է պայմանավորված, որ աշխարհի առաջատար կլինիկաները այսօր ձգտում են ձեռք բերել հենց այս մոդելի կոմպյուտերային տոմոգրաֆ։ Այժմ 3D մոդելի «Բրիլիանս» կոմպյուտերային տոմոգրաֆը արդեն Հայաստանում է, և մեր ժողովուրդը ևս հնարավորություն ունի նվազագույն ճառագայթմամբ բարձրակարգ հետազոտություն անցնելու։ Երկրորդ սարքավորումը, որ ձեռք ենք բերել վերը նշված ներդրման շրջանակներում, Toshiba ընկերության արտադրության թվային նոր սերնդի ռենտգեն սարքավորումն է։ Այս սարքավորման ճառագայթումը ևս փոքր է, ի տարբերություն նախորդների, և ռենտգեն նկարի թվայնացումը թույլ է տալիս համակարգչի վրա տարբեր դիտանկյուններից տեսնել նկարահանված հատվածը, մեծացնել և փոքրացնել այն, ինչը հեշտացնում է ախտորոշման գործընթացը։
-Ինչ խոսք, նորագույն սարքավորումները կարևոր նշանակություն ունեն հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու առումով, սակայն Հայաստանում, որտեղ գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, նման բուժծառայությունների մատչելիության հարցը կարևորագույններից է։ Որքա՞ն է մատչելի նորագույն սարքավորումներով հետազոտությունը։
-Ճկուն գնային քաղաքականությունը կարևոր մաս է մեր քաղաքականության մեջ, դրանից ելնելով, փորձել ենք սահմանել ավելի ցածր գներ։
-Օրինակ, գլխի KT-ն ձեզ մոտ ի՞նչ կարժենա այդ նորագույն տոմոգրաֆով։
-Տեսեք, գլխի կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունը տարբեր կլինիկաներում տատանվում է 40-45 հազար դրամի շրջանակներում, մեզ մոտ այն իրականացվում է 38 հազար դրամով։ Մենք փորձել ենք, մի կողմից, բարձրացնել բուժծառայության որակը բնակչության համար, մյուս կողմից, այն համապատասխանաբար ավելի մատչելի դարձնել։ Հասկանալի է նաև, որ առաջին հայացքից տարբերությունը մեծ չէ, սակայն կարծում եմ, որ մարդկանց համար 1000-2000 դրամն էլ նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է Toshiba ընկերության թվային ռենտգեն սարքավորմամբ հետազոտությանը, ապա այն անվճար է մեր պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների և պետպատվերով հիվանդների համար։
-Պարոն Խաչատրյան, որքան գիտեմ, նորագույն սարքավորումներն արդեն մեկ ամիս գործարկվում են։ Ինչպիսի՞ն է դինամիկան։
-Կոմպյուտերային տոմոգրաֆը դեռևս թեստային ռեժիմով է աշխատում, իսկ ռենտգեն սարքավորումը երկու ամիս է արդեն ներդրված է մեզ մոտ, և արդյունքները զգալի են։ Այսինքն, այս մեկ ամսում երեք անգամ մեծացել է հաճախորդների թիվը, ավելացել է հիվանդությունների հայտնաբերման քանակը, մասնավորապես, գոյացությունների և տուբերկուլյոզի հայտնաբերման մասով։
-Մարդիկ միայն ձեր պոլիկլինիկայի բժշկի ցուցումո՞վ կարող են հետազոտվել նորագույն սարքավորումներով։
-Եթե քաղաքացին հաշվառված է մեր պոլիկլինիկայում, ապա` այո, իսկ եթե հաշվառված չէ մեր պոլիկլինիկայում, սակայն ունի հետազոտման անհրաժեշտություն կամ մեկ այլ բժշկի կողմից տրված ցուցում, կարող է ստանալ բարձրորակ ծառայություն մեզ մոտ՝ վճարում կատարելով։
-Ճի՞շտ է, որ անհրաժեշտության դեպքում ձեր կոմպյուտերային տոմոգրաֆի մասնագետը կարող է խորհրդակցություն կազմակերպել արտերկրյա մասնագետների հետ։
-Այո, մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի բարձրակարգ մասնագետների հետ, և բարդ դեպքերի ժամանակ, երբ ծագում է խորհրդակցության անհրաժեշություն, այն իրականացվում է Կոլումբիայի մասնագետների հետ համատեղ։
-Գաղտնիք չէ, որ այսօր փոքր և խոշոր առաջատար կլինիկաները ևս ձգտում են արդիականացնել իրենց սարքավորումները, բացի այդ, մայրաքաղաքում սնկի պես աճում են ախտորոշիչ կենտրոնները։ Մրցակցությունից չե՞ք վախենում։

-Եթե այս վերջին քաղաքական իրադարձություններից հետո մենք ունենանք հավասար մրցակցային դաշտ, այսինքն, բոլորը վճարեն հարկերը, աշխատեն թափանցիկ, ապա այդ մրցակցությունը «հիվանդ» չի լինի, իսկ առողջ մրցակցությունից մենք չենք վախենում։ Բացի այդ, մենք ունենք կադրային մեծ ներուժ, զարգացած նյարդաբանական կենտրոն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, քիթ-կոկորդի, պլաստիկ վիրաբուժության մեծ բաժանմունքներ, ունենք մեր պոլիկլինիկական ծառայությունը։ Եթե սրան էլ հավելենք, որ իրականացնում ենք տարբեր գովազդային ակցիաներ, ներդրել ենք ցածր ճառագայթման նոր սերնդի ախտորոշիչ սարքավորումներ և ապահովել բարձրակարգ մասնագետներով, ապա հույս ունենք, որ մարդիկ այս ամենը կգնահատեն։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ